Գարեգին Նժդեհ

ԱՆՁՆԱՎԿԱՅՈՒԹԻՒՆ*

 * * *

Կրելով կնիքը Հայաստանի բնութեան ու պատմութեան` հա՛յ եմ ես:

Մտածումով եւ ապրումներով, սակայն, ես մարդ եմ, համամա՛րդ:

Ես ընկերն եմ անիրաւուածի, եղբայրը` հալածւողի, եւ զինակիցը` բեւեռէ բեւեռ աւելի արդար աշխարհի համար մարտնչողների:

Դաւանանքս է — մարդկայնութի՛ւն, աւելի՛ մարդկայնութիւն:

 * * *

Ոգու մարդ եմ, եւ իբրեւ այդպիսին, միանգամայն անյարմար այն բոլոր պաշտօնների համար, որոնք ենթակայից որոշ աստիճանաւորութիւն են պահանջում:

Ինձ տրւած չէ քայլել մարդու հետեւից, եթէ նա թագաւոր իսկ լինի:

Ոգու մարդուն վայել չէ` նւաստանալ անգամ իր աստծու առջեւ:

 * * *

Խղճմտանքէս զատ ես ճանաչում եմ երկու գերագոյն դատաւորներ եւս — Աստւած եւ Ժողովուրդ:

Առաջինի դէմ գուցէ եւ մեղանչել եմ, իսկ երկրորդի դէմ` երբե՛ք:

 * * *

Հերոսական գործերից ոչ նւազ ներշնչող է մահը հերոսական: Ապա ուրեմն, մեռիր այնպէս, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ:

Ահա՛ իմ դաւանած հայրենասիրութիւնը:

 * * *

Ների՛ր, Տէ՛ր, ների՛ր ինձ, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու մտօք մեղանչեմ կամքիդ դէմ:

Արդա՛ր է հայրենիքին ծառայել ամէն ինչով, բացի ստորութիւնից:

 * * *

Կեանքիս գարնան` պատանու իմ միտքն ու սիրտը իրենց սնուցիչներն ունէին.

— Արարա՛տը, որ թէեւ քանիցս խլւեց մեզնից, բայց երբեք չեղաւ օտարին, եւ չի՛ լինելու.

— Հայ լեզուն, որ օտար լուծ ու նւաստութիւն չճանաչեց, ու մնաց ստեղծագործ անգամ պատմութեան ամենամթին դարերում, երբ օտարը կ’իշխէր Հայաստանում.

— Եւ շինարարական խանդը հայու, որը դէպի իրեն յարգանք ու հիացմունք պարտադրեց իր գոյութեան ե՛ւ բարեկամին, ե՛ւ թշնամուն:

Սրբազա՜ն երրորդութիւն…

Այժմ, երբ մահաշունչ զնդաններում կեանքիս աշունն եմ բոլորում, դարձեալ նոյն իդէալական արժէքներն [են] սնուցանում հայ մարդու իմ սէրն ու հպարտանքն արդար:

 * * *

Ըստ իս` ամէն մարդ — անինքնաճանաչ մի Պրոմեթեիդ է, որով` մարդկային ամէն մի էութիւն — մի շղթայւած զօրութիւն:

Իր կարողական ուժերից առաւելագոյն չափով օգտւում է նա միայն, ով, ինձ պէս, յաջողում է ոգու լարւածութեամբ շղթայազերծել իր էութիւնը:

 * * *

Ինձ յատուկ է ազգային մտքի կրքոտութիւնը, իբրեւ արգասիք խոր հաւատի ու համոզւածութեան, թէ հայը, իբրեւ ուրոյն ստեղծագործ ազդակ, նոյնչափ պէտք է մարդկութեան, որքան եւ թւապէս եւ քաղաքականապէս հզօրագոյնն ազգերից:

 * * *

— Ինչպէ՞ս կ’ուզէիք, որ վարւենք ձեզ հետ` հարցրին ինձ:

— Որպէս ռազմիկի, որը տմարդներին, թէեւ յաղթական լինեն, իրեն արժանի թշնամի չէ համարում:

 * * *

Մէկն սպառնաց ինձ:

— Մահւամբ չեն վախեցնում նրան, որից — ինչպէս գիտէք — յաճախ վախեցել է մահը` ասացի ես:

Եւ… լռութիւնը կնքեց մեր կարճ փոխասացութիւնը:

 * * *

Չեմ սիրում միջակութիւնը նպատակի, զոհաբերութեան, տառապանքի:

Միջակութեամբ չես աճի, չես հսկայանայ հոգեպէս:

Հերոսանում է նա, ով ընթանում է գերպարտականութեան ճամբով:

 * * *

Անիծեցի ես աշխարհավար մեծերին.

— Չկա՛ն մեծեր, կայ մեծութիւն, հոգո՛ւ մեծութիւն: Կա՞յսր ես` եղիր Աւրելիոս. իմաստասէ՞ր ես` Սոկրատ եղիր. զօրավա՞ր ես` Աւարայրի Վարդա՛ն:

Մեծ անունները առանց հոգու մեծութեան նման են կաւէ անդրիի` դրւած ոսկէ պատւանդանի վրայ` Մասիսն ինձ ասաց:

 * * *

Սո՞ւրը թէ գրի՞չը: — Թէ՛ մէկը, թէ՛ միւսը — ես սիրեցի ու գործածեցի երկուսն էլ:

Սակայն, դրւած երկընտրանքի առջեւ` ես պիտի նախընտրէի առաջինը, քանզի լինում են ժամանակներ, երբ գրիչը, խօսքը, ճշմարտութիւնը իրենց ճամբան հարթելու համար կարիք են զգում սրի:

Սիրո՜ւմ եմ գրիչը, որը, միաժամանակ, ե՛ւ սուր է, որ գիտէ ի պաշտպանութիւն արդար դատերի հազար սրազէն բազուկներ բարձրացնել:

Սիրո՜ւմ եմ սուրը Հայոց արքայի, որը «գետին չընկաւ», այլ իբրեւ հրեղէն կանթեղ, մնաց կախւած Սեպուհ լեռների վրայ, եւ պատմութեան անաստղ գիշերներին հայու դարաւոր ճամբան լուսաւորեց:

Սուր եւ գրիչ — աստւածայի՜ն զէնքեր, տրւած մարդուն` պաշտպանելու իրաւունքն ու սրբութիւնն աշխարհում — իմ ձեռքում էլ յաճախ փոխարինեցին իրար:

Եւ… չպարտւեց, «գետին չընկաւ» ե՛ւ իմ սուրը…

 * * *

Մի յաղթանակի օր Սիւնեաց իմ արծիւ զինակիցները ասացին ինձ.

— Երբ մեռնես` գլխիդ տակ կը դնենք սուրդ, եւ կը քանդակենք գերեզմանաժայռիդ վրայ` Այստեղ հանգչում է նա, որ գործեց իբրեւ կենդանի սուր…

 * * *

Հոգիս վերստին արդար հզօրանքի է ծարաւի եւ ահա՛ անճառելի հպարտանքով կրկնում եմ մի տողը ստոիկեան իմաստասէրի*. «Արքա՛ն Հայաստանի անտառների — կատաղի առիւծը ոսկէբաշ»…

Ի՞նչ, Թրովադան երբեմն է՞ր, ստւե՞ր մեծ անցեալի, թէ գրական մի յուշ միայն:

Ո՛չ, ո՛չ, դեռ այսօր էլ` մեր պատմութեան բարձունքից դիտելով` Հայաստանում ես տեսնում եմ աւելին, քան այն, ինչ որ դա ներկայացնում է իբրեւ հողային տարածութիւն, եւ իբրեւ թիւ բնակչութեան:

Թէեւ մեզնից խլւած են առիւծաբնակ մեր երկրամասերը, հայ էութեան ներյատուկ առիւծութիւնը, սակայն, մնում է, եւ պիտի մնայ:

Սպանւում է ե՛ւ առիւծը, առիւծութիւնը` երբե՛ք:

*«Անձնավկայություն» եւ «Ռազմիկը չէ՛ մեռնում» ձեռագրերը, որ գրվել են բանտում, Նժդեհը նվիրել է իր երիտասարդ զարմիկին (եղբոր տղային)` «Հրանդիս ալբոմում» մակագրությամբ, եւ տեսակցության ժամանակ հանձնել հարազատներին:

**Սենեկա