Նամակ Անդրանիկին

Սիրելի Անդրանիկ,

Ահաւոր մօմենտի առջև ամէն մարդ պէտք է ընդհանուրի սեղանին բերի, ինչ որ ունի և կարող է, թէ վերահաս վտանգը կանխելու և թէ բաղձալի խաղաղութեանը հասնելու համար։

Ես չորս տղայ ունիմ, չորսն էլ երկրի կառավարութեան, Ազգային Խորհրդի և Քո տրամադրութեան տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին ինչի որ ընդունակ կը լինեն։ Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայիր, միայն թէ կարողանանք բոլոր ազնիւ ժողովուրդների և ազատասէր հոգիների հետ միասին յետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամէնքիս սրբազան իրաւունքներն ու  ազատութիւնը։

Ես անսասան հավատարիմ Քո՝ շատ փոթորիկների մէջ ձեռք բերած փորձառութեանը, վառ հայրենասիրութեանն ու ազատասիրութեանը, այլև բնական մարդասիրութեանը ու զինւորական բարձր տաղանդին, և պատրաստ գալու ե՛րբ և ո՛ւր կը կոչի Քո եղբայրական ձայնը՝ համբուրում եմ հերոսական ճակատդ։

                Միշտ Քո Յովհ․ Թումանեան

 

Յ․ Գ․  Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամէն մի հայ այժմ պէտք է իրեն դնի կամաւոր տուրքի տակ, պարտաւորւում եմ ամսական հարիւր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին։

«Արմէնիա», ԼԳ Տարի, Թիւ 46, 1918 Յունիս 12

Կարդալ Նաև ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՈՉԸ ԹԻՒՐՔԱՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒՆ