ՈՒԺԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ

Նիցշէն իմաստասիրութեան մէջ մտցրեց կենագործ ա՛յն ըմբռնումը, թէ ճշմարտութիւնը մի տեսակ մոլորութիւն է, առա՛նց որի, սակայն, որեւէ էակ անկարող է կենսաբանօրէն նպատակայարմար մի քայլ առնել:

Ելնելով այս վճռից` կենսաբան իմաստասէրները եւ գործնապաշտութեան (պրագմատիզմ) հետեւող մտածողները զարգացրին եւ ընդ- լայնեցին ա՛յն տեսակէտը, թէ ճշմարտութիւնը գործունէութեան մի միջոց է, աշխատելու եւ նւաճումներ անելու մի եղանակ (մեթոդ):

Ըստ «գործիական ճշմարտութեան» (ինստրումենտալ ճշմարտութիւն) այս ըմբռնումի` էակները եւ նրանց խմբաւորումները ձախողում կամ յաջողում են, շնորհիւ իրենց որդեգրած ճշմարտութեանց կենա- գործ կամ կենասպան ներբնակ յատկութեան:

Ըստ այսմ` մարդիկ եւ մարդկային խմբաւորումները — ցեղ, ազգ, ժողովուրդ — ապրում են իրենց կառուցած ճշմարտութեանց ոյժով եւ մեռնում` սրանց անուժական, անգործնական նկարագրի հետեւանքով:

Կան առաջատար ճշմարտութիւններ, որոնք դրդում են ենթակա- յին` օրհնել անցեալը, սիրել` ներկան եւ այսել` ապագան, եւ, ընդհա- կառակն, այնպիսիներ, որոնք անցեալը դարձնում են անէծքի, ներկան` ցաւի եւ ապագան` սարսափի աղբիւր:

Առաջինները լաւատեսութեան, ասել է` յաղթանակի հոգեւոր զէնքեր են, երկրորդները` յոռետեսութեան, պարտւողականութեան նա- խադրեալներ:

Ամէ՛ն վերելքի կամ անկման մէջ, սակայն, դեր ունեն ո՛չ միայն մեր որդեգրած ճշմարտութեանց բովանդակութիւնները — «ի՛նչ»-ը — այլեւ մեր ըմբռնելակերպը նրանց մասին — «որպէ՛ս»-ը:

Ըստ գործնապաշտ մտածողների-Ջէյմս եւ համախոհներ-«ճշմարտութիւններն ապրում են վարկով», իսկ ամեն «վարկ» նախատեսում է վարկաւորող մի աղբիւր, արժէքաւորող մի «ես»:

Ինչպէս որ առա՛նց արժէքաւորման` չկայ արժէք, այդպէս էլ` առա՛նց ճշմարտագրման` չկայ ճշմարտութիւն, իսկ ամէ՛ն ճշմարտա- գրում արդիւնք է «ես»-ի, ենթակայի, ճշմարտագրողի ներհոգեւոր ոգորումների, դեգերումների, գործունէութեան:

Ճշմարտութիւնը խտացեալ մի յօրինոյթ է, իսկ առա՛նց կառուցումի չկայ յօրինոյթ, որով` ճշմարտութիւնը կառուցւում է — նա կա- ռոյց է, իսկ ամեն կառոյց հնարաւոր է մի կառուցողի միջոցով:

Ճշմարտագրելիս` իւրաքանչիւր ոք վարւում է այնպէս, ինչպէս Նա- րեկացին` իր «Ողբերգութեան Մատեան»-ը կազմելիս («Ստացեալ հիմնեցի, կառուցի, կարգեցի, դիզի, բարդեցի, կառուցի, ցուցի»):

Ինչպէս ամէ՛ն երկ, այնպէս էլ ամէ՛ն ճշմարտութիւն, նախ մեր էութեան դրսեւորումն է: Բայց երկասիրելիս` մենք ազատւում ենք ներքին տանջանքից, մինչ ճշմարտագործելիս` կապւում ենք մեր կռահումնե- րի ձեւին եւ բովանդակութեան: Երկասիրելիս` մենք թօթափում ենք անցեալը, ճշմարտագործելիս` սպառազինւում ենք ապագայի համար:

Մենք ենք ստեղծում, կառուցում մեր ճշմարտութիւնները, ապա` դրանք դարձնում մեր գլխին պատուհաս կամ օրհնաբեր նւաճումների միջոց:

Ճշմարտութիւնները մի՛շտ էլ ընդհանրացումներ են, այսինքն` բա- նականութեան ընձեռած բանաձեւումներ: Նրանց ճակատագիրը, սա- կայն, որոշւում է ա՛յն դրդապատճառներով, որոնց ներազդեցութեամբ կամ պարտադրումով բանականութիւնը մղւում է վերացման, ընդհանրացման, բանաձեւումի, կարճ` ճշմարտագործման:

Ճշմարտութեանց կազմաւորման խնդրում վճռական դեր են խա- ղում յատկապէս երկու տարբերորակ ազդակներ: Դրանցից մէկը կերպ- զգացութեան գործօն միտքն է, միւսը` գոյզգացութեան զինակիր կամքը: Առաջինով պայմանաւորւում է մեր ճշմարտութեանց ձեւական կողմը, երկրորդով` բովանդակայինը:

Ըստ այսմ` ճշմարտութիւնը մտային եւ կամային որակների փոխադարձ ազդեցութեամբ եւ կապակցութեամբ առաջ եկած մի համադ- րոյթ է:

Առաջատար եւ կենագործ են ա՛յն ճշմարտութիւնները, որոնց հա- մադրոյթը տեղի է ունեցած մտային եւ կամային որակների — ձեւի եւ բովանդակութեան — բնաչափ ներգործութեամբ, չափի զգացումով, որոնցում առանց միակողմանի չափազանցումի հաշւի առնւած են ճշմարտագործ ենթակայի բանական իրաւունքներն եւ կենսաբանական շա- հերը, եւ վերջապէս` որոնք ո՛չ սոսկական մտորոշումներ են, ո՛չ էլ` սոսկական կամավճիռներ, այլ վճռորոշումներ:

Նման ճշմարտութիւնները մենք անւանում ենք ամբողջականութեան ճշմարտութիւններ, որովհետեւ նրանցով միա՛յն ենթական հրա- պարակ է գալիս իբր ամբողջական անձնաւորութիւն, իբր «բանական» եւ «կենսաբանական» էակ, միաժամանակ:

Կենսաբանական մի էակ մի՛շտ էլ շահեր է որոնում, որով` նրա  ճշմարտութիւններն անխուսափելիօրէն օգտապաշտական (ուտիլիտարիստական) նպատակադրութիւն ունեն:

Որքան էլ մարդկային մեր բանականութիւնը յաճախ «գերերկրա- յին»-ի սնապարծութեամբ է համակում մեզ, այնուամենայնիւ, մեր ճշմարտութիւնների գործնական արժէքը չափորոշւում է նրանով, թէ ի՞նչքան եւ ո՞րպէս նրանք ծառայում են մեր կենսաբանական նպա- տակներին:

Արժէքաւոր է ամէ՛ն ճշմարտութիւն, որ կենսաբանօրէն նպատակա- յարմար է: Անարժէք եւ անիմաստ է ամէ՛ն ճշմարտութիւն, որ կենսաբա- նօրէն նպատակայարմար չէ:

Կենսաբանօրէն նպատակայարմար ճշմարտութեանց ամենացայտուն յատկանիշն ա՛յն է, որ նրանք կրում են բարձր խառնւածքի (տեմպերամենտ) եւ ներքին ուժականութեան (դինամիկա) դրոշմը:

Ուժական ճշմարտութեանց հեղինակը մի հանճար է, որ ինչպէս Նիցշէն է ասում` «դարերի սիրտը բռնում է ձեռքը եւ ճմլում` մեղրամոմի պէս»:

* * *

Դաւիթ Անյաղթը հերքելով Պիւռհոն «իմաստակ»-ի թերհաւատութիւնը` յանգեց իմացաբանական լաւատեսութեան — կարելիապաշտութեան: Ըստ նրա` իմաստունը նա է, ո՛վ ընդունում Է կարելիութիւնը, այսինքն` լաւատեսօրէն ձգտում է հնարաւորի իրականացման:

Դարեր յետոյ` Դաւիթ Անյաղթի ժողովուրդը կանգնած իր գոյութեան ահարկուօրէն սրւած կնճիռի առջեւ, այլ մի դատելակերպ որդեգ- րեց — մեծապէս բացարձակապաշտական:

Այսօր, մեր կեանքի գերագոյն կնճիռը մեր հայրենիքի վերանւաճ- ման խնդիրն է:

Բայց ի՞նչ ենք մտածում այդ մասին —

— Մեր ճակատագիրը կախւած է միմիայն Ռուսաստանից, իսկ մե- ծամասնականների ճակատագիրը` կ’որոշւի միմիայն Մոսկւայում: Ինչո՞ւ:

— Մեր ճակատագիրը կախւած է միմիայն թուրքական եղելոյթնե- րից: Ինչո՞ւ:

Այս «ինչո՞ւ»-ները կարեւոր չեն, որովհետեւ բացարձակապաշտը միակողմանիօրէն կոյր է եւ հասկացողութիւն չունի կարելիութիւնների մասին. նա չի ըմբռնում, որ, օրինակ` մեծամասնականների բախտը կարող է որոշւել մի աննշան լերան ստորոտում, մի գետակի ափին, մի լճի եզրին, մի մարդու մահով, աղիտաւոր մի արկածով, ռուսական գիւղում ծայր տւած մի շարժումով, արտաքին մի պատերազմով, իսկ հայկական խնդիրը կարող է լուծւել մեծամասնականների քաղաքակա- նութեան փոփոխմամբ, Թուրքիոյ դէմ պայթող արտաքին մի պատե- րազմով, հայերի մի ընդվզումով եւ այլն, եւ այլն:

Դրա հանդէպ անչափելիօրէն նշանակալից է խնդրի հոգեբանա- կան կողմը: Եթէ, իրօք, մեր ճակատագիրը կախւած է Ռուսաստանից կամ թուրքական եղելոյթներից, էլ ինչո՞ւմն է մեր հայկական գործօնի դերը: Ի՞նչ արժէք ունենք մենք իբր պատմագործ ոյժ: Ոչի՞նչ: Կամ, եթէ մեծամասնականների ճակատագիրը միմիայն Մոսկւայում պիտի որոշւի, ի՞նչ արժէք ունեն մեր սէրն ու ատելութիւնը, մեր հիացումն ու դժգոհութիւնը` նրանց նկատմամբ: Ոչի՞նչ:

Այս ապրումները ներհոգեւոր բովանդակութիւններ են, իսկ նման ամէն բովանդակութիւն խտացեալ մի ոյժ է եւ հակամէտ պատմական ձեւ ստանալու: Սակայն, բացարձակապաշտն ասում է, որ այս ձեւը տալիս է մի ուրիշը, անդրզգացական մի ոյժ, բայց ո՛չ ինքը, տառապող, յուսացող ու մարտնչող «ես»-ը:

Ծուլութեան իմաստասիրութիւնն է սա: Դրա կրողները նրանք են, որոնք օրինակ թուրքական եղելոյթների մասին խորհրդածելիս ասում են.

— Թուրքիան անյաղթահարելի է, մանաւանդ որ բարենորոգումնե- րը նրան անհրաժեշտօրէն կազդուրում են:

Կամ`

— Թուրքիան անխուսափելիօրէն գնում է դէպի կործանում, բարե- նորոգումներն էլ աւելի պիտի խախտեն նրա դիրքը եւ նա անհրաժեշտօրէն պիտի ենթարկւի քայքայումի:

Ծոյլի մտածումը մի՛շտ էլ նենգ է եւ գիտէ բացարձակապաշտա- կան բանդագուշանքներով ինքնամխիթարւել կամ արդարացնել սե- փական «ես»ի տկարութիւնները:

Ո՞վ ասաց, թէ մի ժողովուրդ անյաղթահարելի է, ո՞վ` թէ որոշ օրէնքների կիրարկմամբ նա անպայման ուժեղանում է, կամ ո՞վ` թէ բնական որոշ օրէնքների պարտադրումով նա անխուսափելիօրէն գնում է դեպի անկում:

Սո՛ւտ է, թէ ծնունդների նւազումը կամ յաւելումը տեւական երեւոյթներ են, կամ թէ նրանց հետեւանքով մի ժողովուրդ կարող է սպառւել կամ անբնականոն չափով աճել, սո՛ւտ է, թէ տնտեսական տագնապի կամ փարթամութեան հետեւանքով մի ազգի քաղաքա- կան կառոյցը կարող է իսպառ փլչել կամ յաւիտենապէս ամրա- պնդւել, սո՛ւտ է, թէ բարենորոգումները կարող են մի երկրի անթիւ բարիքներ տալ եւ ո՛չ մի չարիք կամ անթիւ չարիքներ եւ ո՛չ մի բարիք:

Ճի՛շդ է միայն մի բան — ա՛յն, որ քաղաքականօրէն մենք բացարձակապաշտ ենք, միայն նրա համար, որ գործելու, մարտնչելու տրամադ- րութիւն չունենք:

— Թուրքիան անհրաժեշտօրէն հզօրանում է:

— Թուրքիան անհրաժեշտօրէն կործանւում է:

Ի՞նչ է այս բանաձեւումների հոգեբանական աստառը — ո՛չ այլ ինչ, քան`

ա) Եթէ Թուրքիան անհրաժեշտօրէն հզօրանում է — ապա` ինչո՞ւ կռւել, ինչո՞ւ մաքառել, ինչո՞ւ նորանոր զոհեր տալ, երբ նա անյաղթա- հարելի պիտի մնայ:

բ) Եթէ Թուրքիան անհրաժեշտօրէն կործանւում է — ապա` ինչո՞ւ աճապարել, ինչո՞ւ աւելորդ արիւն թափել, ինչո՞ւ չսպասել իրերի բնա- կան ընթացքին, մինչեւ որ նա տրամաբանական օրէնքով բոլորովին կը քայքայւի:

Աղաչո՛ւմ ենք, հայրենակիցնե՜ր, խռովքոտ այս օրերին, ձեզ պա- հէք ձեր իմաստութիւնները եւ եթէ կարող եք, տւէք մեզ երկաթ, վառօդ, ցեղի ցաւից ցնցւած վրիժառու ոգիներ, նրա գոյութեան հրամայակա- նով առաջնորդւող կամքեր, ինքնափրկումի հաւատով սպառազէն սրտեր եւ մենք կը դառնանք կարօտի սլաք, յաղթանակի նետ, բացարձակապաշտութեան օրէնքները խորտակող ոյժ, պատմութեան անիւը դարձնող գործօն:

Հոդվածը 1932թ. «Բացարձակապաշտության եւ կարելիականության տեսության գործնական նշանակությունը» վերնագրով` ընդարձակ կերպով տպագրվել է «Խռովք» ամսագրում:

Այն, թեեւ բավականին կրճատված, սակայն պահպանելով հիմնա- կան էությունը` 1939թ. «Ուժական ճշմարտություն» վերնագրով արտա- տպվել է «Տարօնի Արծիւ»-ում (թիվ 12):