Մի Դրուագ Ղարաքիլիսէի ճակատամարտից

Կապիտան՝ Սուրէն Մէլիքեան

1917 թուականի աշնան երբ Ռուսաստանում բոլշեւիկները տապալեցին Կերենսկու ժամանակաւոր կառավարութիւնը և բանակցութիւնների մէջ մտան կենտրոնական պետութիւնների հետ խաղաղութեան դաշն  կապելու համար, Հայոց Ազգ․ Խորհուրդը յայտարարեց ընդհանւր զինակոչ բոլոր չափահաս հայերի համար։

Հայկական բանակի կազմակերպումը և հրամանատարութիւնը յանձնուեց Զօրավար Նազարբէգեանին, որը պատերազմի ընթացքում բազմաթիւ ապացոյցներ էր տուել իր ռազմական կարողութեան և որը իրաւամբ ճանաչուած էր իբրեւ լաւագոյն զօրավարներից մէկը կովկասեան ճակատի վրայ։

Երկրում տիրում էր կատարեալ անիշխանութիւն։ Ռուս զինուորները լքելով դիրքերը, անկազմակերպ խմբերով շտապում էին վերադառնալ Ռուսաստան, յարձակում էին պահեստների վրայ, թալանում ու ծախելով զէնքերը առաջին պատահածին՝ լեցւում էին երկաթուղային կայարանները, բռնում էին գնացքները, որով մեծապէս դժուարացնում էին նոր կազմուող մասերի տեղափոխութիւնը։

Թաթարները արդէն առանց քաշուելու հրաժարւում էին մասնակից լինելէ թուրքերի դէմ կազմակերպուող դիմադրութեան։

Վրացիները, չ՛ուզենալով զէնքով պաշտպանուիլ Թիւրքիայի առաջխաղացութեան դէմ, գերադասեցին հրաւիրել իրենց երկիրը գերմանական զօրքեր և մտնել նրանց հովանաւորութեան տակ։ Ահա այս անբարեյաջող ու մանաւանդ վարակիչ մթնոլորտի մէջ էր, որ պիտի կազմակերպուէր մեր բանակը։

Այդ ժամանակ վրացիները վաղուց արդէն լքած էին Արտահանը, Ախալքալաքը և Բաթումը, ուր պինդ բստած էին թրքական զօրքերը։ Միւս կողմից, թուրքերը անցել էին Արփաչայը, գրաւել էին Ալեքսանդրապօլը ու արդէն  մտել էին Փամբակի սահմանները։

Դաշնակից պետությունները թողել էին մեզ մեր բախտին։

Մեր միակ յոյսը մեր սեփական փոքրաթիւ բանակն էր, հապճեպով կազմուած, վատ զինուած և վատ ապահովուած ռազմամթերքով ու պարէնով։ Զօրավար Նազարբէգեանին ուրիշ ելք չէր մնում, բայց միայն մէկ անգամ եւս կոչ անել հայ զինուորի քաջութեան, նրա անձնուիրութեան և ազգասիրութեան — այն զինուորին, որ չորս տարի տեւող պատերազմից յոգնած ու տանջուած երազում էր վերադառնալ վերջապէս տուն և մի քիչ շունչ քաշել։

Եւ հայ զինուորը արդարացրեց իր հրամանատարի հաւատը․ ուժասպառ ու արիւնաքամ նա կանգնեց Օսմանեան Կայսրութեան լաւագոյն դիվիզիօնների առաջ և կասեցրեց նրանց յաղթական առաջխաղացումը․․․։

Ինչ ինձ է վերաբերում, ես կը բաւականանամ յիշատակելով մէկը միայն այն բազմաթիւ դէպքերից, որ տեղի են ունեցել Ղարաքիլիսէում և որի հերոսը, կապիտան Տէր Մովսէսեանը․ այլ եւս չի կանգնած աւաղ թնդանօթների չորրորդ բատարիայի գլխին։

Երիտասարդ սպան — հազիւ քսանուչորս տարեկան էր նա արդէն նկատուած էր Բէգլի Ահմէտի եւ Կարսի կռիւների մէջ և բարձր գնահատուած իր զինուորական արժանիքների ու կըրակի տակ իր գեղեցիկ կացութեան համար։

Ղարաքիլիսէի կռւում Չորրորդ բատարիան, որի հրամանատարն էր նա, տեղաւորուել էր գիւղից հիւսիս – արեւմուտք, մի բլրակի գագաթին, որ իշխում էր սարալանջի երկարութեան վրայ։ Այստեղից, երեք օր ու երեք գիշեր շարունակ, որոտում էին Տէր Մովսէսեանի թնդանօթները, ահաւոր արձագանքներ արթնացնելով ձորերի խորքերում և մահ ու աւեր սփռելով թշնամու շարքերի մէջ։

Երրորդ օրը թուրքերը ուժեղացան նոր զօրամասերով, դիմեցին ընդհանուր յարձակումի։ Հետեւակների երկու գունդ իջաւ հովիտ, ճիշտ չորրորդ բատարիայի դիմաց։

Կռուի վերջի շրջանն էր, կատաղի ու վճռական։ բատարիան ուժեղացրեց կրակը, թնդանօթաձիգները ճշտութեամբ, հանգիստ կատարում էին իրենց գործը, մահուան անխուսափելի վտանգին տակ շնչելով արեան ծանր հոտը, որ բարձրանում էր շուրջը ընկած դիակներից։ Ծուխի մէջ նկատւում էր երիտասարդ Կապիտանի ուրուագիծը, որ անցնում էր թնդանօթից թնդանօթ, այս տեղ ռումբ էր հասցնում, այնտեղ արագ կարգադրութիւնն անում ու ամէնքի համար մի քաջալերական խօսք գտնում ասելու։

Եւ յանկարծ չորրորդ բատարիան լռեց, վերջի ռումբը արդէն արձակուած էր թնդանօթները այլեւս չէին խօսել։

Խրախուսուած այդ լռութիւնից, թուրքերը նետուեցին բատարիայի վրայ՝ բլուրն ի վեր։

Մեր զինուորները մնացել էին տեղերը անշարժ, անզօր բռունցքները սեղմած, դէմքերն այլայլուած։ Սպասում էին լռութեան մէջ։

Եւ յանկարծ լսուեց Տէր Մովսէսեանի հրամանը, պարզ եւ կտրուկ․

-Հեծի՛ք ձիերը։ Սուրերը մե՛րկ։

Մի վայրկեան եւս, ու ահա թնդանօթաձիգ զինուորները վերածուեցին հեծելազօրքի։

Երբ հնչեց երրորդ հրամանը․

-Յառա՛ջ։

Ամբողջ խումբը, մէկ մարդու պէս, ասպանդակեց ձիերը ու քշեց սարն ի վար։

Ու առաջին արշաւողը ինքը Տէր Մովսէսեանն էր։

Վերջին ճիգն է որ կատարւում էր, չորրորդ բատարիան կամ պիտի խորտակէր թշնամուն կամ մեռնէր։

Այս անակնկալ յարձակումը շփոթութիւն մտցրեց թուրքերի մէջ, շարքերը խառնուեցին, իրար անցան և ահա սկսուեց անկանոն փախուստը, երբ յանկարծ մի գնդակ վզզաց ու խրուեց, այս անգամ ոչ չոր հողին մէջ, այլ Տէր Մովսէսեանի կուրծքը։

Մահացու վիրաւորուած, նա գլորուեց գետին։

Զինուորները վազեցին օգնութեան։

Հաւաքելով վերջին ուժերը, նա կիսով չափ բարձրացաւ տեղից, ձեռքը պարզեց թշնամու ուղղութեամբ ու ասաց․

-Յառա՛ջ տղերք, յառա՛ջ ․․․

Իր վերջի խօսքերն էին սրանք։

«Յեղափոխական Ալպոմ» (Բ․ շարք, բացառիկ թիւ 1)

նուիրուած Հայաստանի հանրապետութեան Բ․ տարեդարձին , Հալէպ

1 reply

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով