Արաբոյի (վերջին) Կռիւը

Արաբոյի վերջին կռիւը

Ընդհարումը տեղի է ունենում Խնուսի եւ Մուշի միջև գտնուած գիւղերից մէկում։ Դորա հետեւանքը շատ կորստաբեր է եղել մեզ համար։ Կռուող խմբից ազատւում է մի մշեցի երիտասարդ, որը վիրաւորուած է եւ այժմ գտւում է ապահով տեղում, տաճկաց սահմանից դուրս։ Ահա նրա պատմածն այդ դէպքի մասին․

«Ես Տամատեանի  եւ Մ․-ի ¹ մարդն եմ։ Յունաստանից վերադառնալով, անցայ Խնուս եւ սպասում էի Մ․-ին։ Լսեցի Արաբոյի Խնուս գալն իր 17 ընկերներով, Լեւոնի մահը․ — գնացի միացայ նրա հետ, յայտնելով կատարեալ պատրաստակամութիւն՝ հնազանդիլ նրա բոլոր հրամաններին։ Միեւնոյն է՝ Մ․ն թէ Արաբոն, կամ Վարդանը․ ամէնքն էլ գործին են ծառայում։

Արաբոն Ղոզլի սարից ազատուելով՝ իջնում է համանուն գիւղը, այնտեղից անցնում Շաբատին, ուր եւ ինձ ընդունեց իր խմբի մէջ։ Անցանք Խպլեաքէօփրու, Ղարաչոբան, Համզալէյխ գիւղերը (իբրեւ թէ մահմետականութիւն ընդունեղներ են եղել այդ տեղերում․ սուտ է բոլորովին) եւ հասանք Խոշգելդի։ Այստեղ մենք մտանք վեց ընկերներով․ — Վարդանն էր, Արաբոն, Աւոն, Մարտոն, Բուլղարն եւ ես։ Մնացած տասին տուինք տասը հրացան ու ցրուեցինք ամէնքին իր գիւղը։ Մութն ընկել էր, մտանք Խոշգելդի գիւղ եւ աննկատելի կերպով մտանք մի մարագ՝ գիշերն անցկացնելու։ Գիւղացիք իմացան։ Տանտէրը խնդրում, աղաչում էր սարսափած՝ հեռանալ մարագից։ «Տնով տեղով ինձ կկորցնեն», կը պոռար նա։ Նրան մի կերպ հանգստացրինք։ Գիւղի տանուտէրը վախից ձի նստաւ եւ գիւղից հեռացաւ, որ եթէ մի բան պատահի, ինքն արդարանայ իր բացակայութեամբ։ Նստել էինք մարագում,զէնքեր էինք սրբում եւ քաղցած՝ հացի վրայ մտածում։ Գիւղում ամէն մարդ սարսափած՝ իր տունն էր քաշուել, դողում էին վախերիցը։ Մարագի երդքիցը մի կտոր թուղթ ներս գցեցին։ Վարդանը կարդաց․ «Զգոյշ եւ արթուն կացէ՛ք, զէնքերդ պատրա՛ստ։ Աստուած գիտէ, թէ ինչ կարող է պատահիլ։ Վախեցած քէօխվան՝ որ գիւղից փախաւ, կարող է մատնել։ Չորս կողմերս էիւրտեր են»։ Քիչ անցած, մարագը մտաւ մի երիտասարդ, մեզ կերակուր բերեց հօրից գաղտի։ Արաբոն պատուիրեց մի քանի ընկերներով գիւղից դուրս, շրջակայքում հսկել եւ հէնց որ մի կասկածելի բան նշմարեն, իսկոյն մեզ իմաց տան, մինչև որ մենք մի քիչ հանգստանանք։ Քիչ հանգստացանք․ կէս գիշերին ճանապարհ ընկանք։ Ոչինչ չպատահեց։ Երբ լուսացաւ, արդէն մտել էինք Կէօլ Առաչու ձորը․ աւազակներ՝ մտել էին աւազակնոցը։ Այդ ձորի երկարութեամբ շարունակեցինք ճանապարհներս։ Հասանք մի մացառոտ տեղ, նստանք աղբերակի մը մօտ, հանգստացանք։ Կէսօրն անցել էի։ Արաբոն վեր կացրեց մեզ, շարունակելու ճանապարհներս նոյն գծով, ձորի երկարութեամբ, որ բացւում է Մշոյ դաշտի մէջ։ Աւոյի վրայ բարկացաւ Արաբոն, երբ նա խորհուրդ տուեց սպասել մինչև մթնելը։ Քիւրտերի Կէօլ Առաշ գիւղը մօտ էր, նրա միջով էր ընկնում ճանապարհը։ Դէ՛հ, Արաբոն է, ու՞մ կը լսէ։ «Լեչէք ծածկեցէ՛ք գլուխներդ, եթէ քիւրտերից այդքան կը վախնաք», բարկացաւ Արաբոն։ Ճանապարհ ընկանք։ Հագնուած էինք Համիտիէի ձեւով։

-Հու՞ստ կու գաք, — հարցրեց մեզ մի քիւրտ կին, երբ մենք արդէն Կէօլ Առաշ գիւղով էինք անցնում։

-Խնուսու, — պատասխանեց Արաբոն։

Անցանք։ Քիչ էինք հեռացել գիւղից, պատահեցինք մի հնձւոր քիւրտի։ Արաբոն նրա հարցին եւս բաւականութիւն տուեց, ասելով, որ մոտքցի (սասունցի) ենք։ Աւոն, որ խմբից մի քիչ յետ էր մնացել, մօտեցաւ Արաբոյին․

-Այդ քիւրտը մեր հայ լինելը հասկացած է․ քո պատասխանից վերջը, երբ դուք անցաք, նա քթի տակից փնթփնթաց, թէ սոքա հայեր են, ով ինչ կ՛ուզէ ասէ։

-Ոչի՛նչ, թո՛ղ հասկանայ, — եղաւ Արաբոյի պատասխանը։

Շարունակում ենք առաջ գնալ։ Յանկարծ Աւոն ձայն է տալիս , թէ քիւրտերը հրացանները ձեռքերին , դուրս են գալիս գիւղից դէպի մեր կողմը։ Հազիւ նա վերջացրեց իր խօսքը, երբ սլուեց հրացանի պայթում։ Քիւրտերը, թեթեւ հագնուած, թարմ, մեզ պէս ճանապարհից, անքուն գիշերներից չյոգնած, արագութեամբ մօտենում էին։ Լսուեց երկրորդ գնդակի շուոցը։ Այս անգամ Արաբոն պատասխանեց նոյն կերպով։ Քիւրտերն արձակելով գալիս էին․ մենք պատասխանում էինք եւ շարունակում ճանապարհներս։ Քիւրտերը քանի գնում շատանում էին ու մօտենում։ Հեռուից երեւում էր , թէ ի՜նչ իրարանցում կար․ բոլորը դէպի մեզ են վազում։

-Տղէ՛ք, դէպի սա՛րը, — կանչեց Արաբոն։

Ճանապարհներս փոխեցինք․ բարձրանում էինք մացառների  միջով։ Հրացանաձգութիւնը տաքանում է։ Մենք բարձրանում ենք սարի լանջով, իրարից բաւական հեռու։ Քիւրտերն աչքերիս չեն երուում․ հրացանի ծուխը բռնել է ձորը․ մենք կրակում ենք դէպի այն կողմը, որտեղից ծուխ է երեւում։ Քիւրտերի մի մասը, ակներու է, բարձրացրել է ձորի մեր հակառակ, հանդիպակ լանջը,․ ծուխեր են երեւում մեզ հաւասար բարձրութեան վրայ ձորի ստորոտից։ Հրացանների որոտը միախառնւում է արձագանքի հետ։

-Ոտքիցս վիրաւորուեցի, տղէ՛ք, — կանչեց յանկարծ ետեւից Աւոն եւ կանգ առաւ։

— Հրացանդ շարունակիր նստած գցել, — եղաւ Արաբոյի պատասխանը, — եթէ չես կարող քայլել կամ քայլիր առաջ, քանի որ դեռ վէրքդ տաք է։

Աւոն յետ մնաց։ Յանկարծ ծխի քուլաներ երեւացին եւ հրացանների պայթոց լսուեց մեր գլխի վրայից․ մեզ շրջապատել էին անիրաւները։ Գնդակները կարկուտի պէս տեղում էին չորս կողմից․ ձորը կրակիմէջ էր։ Ցնցուեցի յանկարծ․ ձեռքս ջուլի պէս կախ ընկաւ, երկրորդ հրացանս ընկաւ գետին (ես երկու հրացան էի տանում)․ վիրաւորուած էի ձախ թեւիցս։ Շարունակեցի աւելի արագ բարձրանալ։ Վարդանն ու Արաբոն ցատկում էին մացառից մացառ, քարից քար բարձրանալով սարն ի վեր։ Ես հրացանս ու ձախ թեւս աջովս բռնած, հետեւում էի  նրանց , երբ գնդակի տարափից, որ բռնկեցրեց ամբողջ ձորը, ընկան Մարտոն, Բուլղարն ու Աւոն, որ կաղալով վազում էր յետեւից։ Ես էլ ընկայ, բայց յոգնածութիւնից եւ արիւն գնալուց։ Գլխիս վրայից անցնում էին իրաի յետեւից ջուխտ-ջուխտ գնդակներ։ Գնդակնե՜ր, գնդակնե՜ր ․․․ Դատարկ մի՛ գնաք, սրտեր պատռեցէ՛ք ․․․ մրմնջում էի ես։ Եթէ հնարաւոր լինէր, ես կը ցանկանայի, որ մի վայրկեան կանգ առնեն այդ ջուխտ ջուխտ գնդակները, մօտենան ինձ, որ իրանց համբուրեմ ու ձեռքովս աւելի ուժեղ հրեմ, որ արագանան, քիւրտեր տապալեն։ Այդ ջուխտ գնդակներն Արաբոյի ու Վարդանի գնդակներն էին, ես այդ ակներեւ զգում էի․ շատ մօտից էր դրանց ե՛ւ ձայնը, ե՛ւ ուղղութիւնը․․․

Կորուստն ինձ համար աներկբայելի էր։ Պայուսակս քանդեցի, մէջը թղթեր, շիշերով դեղեր կար՝ մացառների մէջ պահեցի, որ անիրաւներն ինձ սպանելիս՝ պայուսակիս չտիրանան։ Մի ձեռքով մի կերպ դուրս շպրտեցի հրացանի միջի դատարկ փամփուշտը, նոյնպէս մի ձեռքով մի լիքը փամփուշտը դրեցի մէջը, հրացանի փողըբարձրացրի, մացառների ճիւղքերին դրի եւ կիսապառկած սպասում եմ, թէ ե՞րբ պիտի գան քիւրտերը, եւ թէ ո՞վ պիտի լինի ինձ դիակի տեղ ընդունող քիւրտը․․ Գուցէ մի գազան էլ աղասի, մի բէյ, մխիթարւում էի ես։

Գլխիս վերեւից սլանում են շուալով իմ բարեկամ գնդակները։Նոյնպէս անբաժան, մէկը միւսի ետեւից․ զոյգ են սիրելի գնդակները, — կենդանի են նոքա, կենդանի են Արաբոն ու վարդանը։ Որքան շարունակուեց այդ՝ չգիտեմ։ Յանկարծ լռեց ամէն ինչ։ Մութն է ․․․ Բարձրանում եմ տեղիցս, վեր առնում պայուսակս, թալում եմ ուսիս, հրացանս էլ ուսիս գցում․ ձախ ձեռքս բռնած՝ չորս կողմս եմ նայում, ականջ դնում։ գերեզմանային լռութիւն է տիրում։ Առաջ եմ գնում դէպի վեր․ տրեխներս կանաչից հարթուած՝ սլացնում եմ ինձ բարձրացած մի քայլի փոխարէն տասը քայլ ներքեւ․ նորից բարձրանում եմ, նորից ցած գլորւում․ անօգուտ է․․․ Դարձնում եմ երեսս դէպի ձորը, իջնում եմ զգուշութեամբ։ ձայներ եմ լսում, սիրտս տրոփում է, կցկթում եմ։ Ոտքի ձայներն իջնում են ձորի լանջից ցածր։ Վա՜յ, վա՜յ ․․․ Քիւրտ կանանց լացի ձայնն էր այդ․ տեսնես, ու՛մ են կորցրել, ու՛մ են ողբում, մտածում էի ես եւ ուրախանում։ Անցնում են, հեռանում։ Հասնում են վերջապէս ձորի ստորոտը։ Ոտքերի ձայներ եմ լսում․ լուռ գնում են։ Ովքե՞ր են։ Տէ՛ր Աստուած, Արաբոն, Վարդանը չլինե՞ն ․․․ Սիրտս թփթփում էուրախութիւնից, քիչ է մնում պատառուի․․․։ «Բքե՛լ, բքե՛լ», լսուեցին յանկարծ զզվելի ձայներ, գարշելի քիւրտական կոկորդային հնչիւնով։ Անցան մօտիցս․ 5-6 ձիաւորներ էին, որ շտապով գնում էին ձորով, Մշու ուղղութեամբ։ Գնում էին Մուշ, եղելութեան մասին կառավարութեան յայտնելու, ինչպէս տեղեկացայ վերջը, երբ ռաւոտեան լուսադէմին զգուշութեամբ մտայ «Փիլ», հայ եւ քիւրտ գիւղը եւ այնտեղից մօտիկ գիւղը, բարեկամիս տունը։ Նոքա զարմացան, ուրախացան տեսնելով ինձ եւ սարսափեցին վրայիս արիւնից։ Այստեղ կազդուրուեցի կերակրով եւ քնով։ Մնալով բարեկամիս տանը մի քանի օր, փորձեցի անցնել Սասուն, բայց անհնարին եղաւ․ սասունցոց եւ քրտերի մէջ մեծ կռիւ էր սկսուել․ ճանապարհները, կիրճերը բռնուած էին քիւրտերով։ Վտանգը սաստիկ էր․ ստիպուեցայ կրկին վերադառնալ․ Վէրքս հոտել էր։

Խնուս վերադառնալիս՝ ճանապարհին լսեցի զանազան տեղեր, թէ Մշու գիւղերից մէկում 4-5 դիակ են դարսել եւ գնացեղ եկողին ցոյց են տալիս։ Նրանցից երեքին ճանաչել են․ դոքա Աւոյի, Մարտոյի և Բուլղարի դիակներն են եղել․․․ Մնացած երկուսին, իսկ ոմանց ասելով՝ մէկին ոչ ոք չի ճանաչել։ Շատերը ասում են, որ Արաբոն դեռ ողջ է եւ ման է գալիս դաշտում, Տամատեանին ազատելու․․․»։

 

Մարտիրոս Մարգարեան

«Դրօշակ», N: 6, թ․ 1894

 

«Յեղափոխական Ալպոմ» 8-րդ հատոր, 1971, թիւ 12

1․ Հաւանաբար խօսքը վերաբերւում է Միհրան Տամատեանին և Մեծն Մուրատին (Համբարձում Պօյաճեան)

 

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով