ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ 5
ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ
(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ )
Մաս 5
(1920 թ․ օգոստոս 1 — 30)
1 օգոստոսի
Ինձ զարմացնում է մի հանգամանք, որ մեր զորամասերը կանգնել են Նախիջևան քաղաքից 13 վերստի վրա, բայց ցարդ չեն կարողացել մտնել քաղաք, չնայած, որ մեր զրահապատ գնացքը հետախուզության համար հասել է Նախիջևանի կայարանը և դիտել է, որ քաղաքը արագ կերպով պարպվում է թշնամուց. ոմանք անցնում են Արաքսը՝ ուղևորվելով Մակու, իսկ ուրիշները դեպի Ջուլֆա: Ինչ- որ խորհրդավոր գործողություններ են տեղի ունենում այնտեղ, որի բնույթը դեռ հայտնի չէ, և որը ինչպես երևում է այնքան էլ նպաստավոր չէ մեզ համար: Սովետական այն գունդը, որ հաջողել է անցնել Նախիջևան, անշուշտ որոշ և նախորոշված նպատակով է, որ մեզ նույնպես անհայտ է մնում: Համենայն դեպս նրանց ներկայությունը Նախիջևանում երբեք մեզ համար նպաստավոր չի կարող լինել: Այսօր երեկոյան ժամը 7-ին ամեն բան պարզվեց…
«Օգոստոսի մեկի նախարարական նիստում որոշվեց վերացնել բոլոր արտոնությունները և 20-32 տարեկան հասակ ունեցողները ենթարկել զորակոչի՝ ի նկատի ունենալով Հայաստանին սպառնացող վտանգը:
Կառավարությունը առաջարկում է բոլոր պետական, հասարակական, ինքնավար հիմնարկություններին և ազգաբնակչությանը օգոստոսի երկուսից հաշվել ծառայությունից ազատ 1899 թվին ծնվածները, հաշվելով մինչև 32 տարեկանը՝ ուղարկելու համար ռազմաճակատ, իսկ նրանց փոխարինել ավելի բարձր տարիք ունեցողներով և կամ կանանցով: Այն բոլոր երիտասարդները, որոնք սույն հրամանը արձակելուց հետո 48 ժամվա ընթացքում, այսինքն մինչև օգոստոսի 3-ը ժամ 12-ին չեն ներկայանա զինվորական ատյանին, կհամարվեն դասալիքներ»:
Ահա այն հեռագրի պատճենը, որ մենք ստացանք երեկոյան: Մեր Հայրենիքին սպառնացող վտանգի պատճառը չի ասված հեռագրում, դրա համար էլ շատ ենթադրությունների առիթ տվեց ինձ: Մեկ մտածում եմ, որ նոր արշավանքներ ենք սկսելու դեպի Տաճկահայաստան կամ մեր բանակի պակասը լրացնելու համար է, կամ երևի ուզում են պահեստի բանակ կազմել: Մեր ներկա ուժերը շատ են հոգնել՝ այս ու այն ճակատ շպրտելով: Բայց այս ենթադրություններից գուցե և ոչ մեկը ճիշտ չէ, սակայն հույս ունեմ, որ շուտով պիտի պարզվի այդ մեծ վտանգի պատճառը: Եվ ես չէի սխալված: Մի ժամ չանցած պառլամենտի անդամ Արշակ Հովհաննիսյանի անունով ստացվեց մի հեռագիր, որով հաղորդվում է, որ Դրոն Սիսիանում ջարդելով բոլշևիկյան երկու էշալոն (երևի զորասյուն -խմբ.) գրավել է Անգեղակոթը, Բազարչայ և Բորիսովկա գյուղերը, այսպիսով նա կտրել է Նախիջևանում գտնվող սովետական գնդի ճանապարհը: Կարմիրները, Խալիլ Բեյի ջարդված բանակի հետ միանալով, վերջնագիր են ներկայացրել մեր հրամանատարությանը, որ անմիջապես պարպենք Շարուր-Նախիջևանի ամբողջ գավառը, որ այնքան զոհերի գնով ձեռք ենք բերել: Սովետական նենգավոր իշխանությունը կամաց-կամաց իր ժանիքները բաց է անում Հայաստանի հանդեպ: Աննպատակ չէր, որ նրանք մոտ երկու ամիս է, որ բանակցում են մեր պատվիրակների հետ, բայց ցարդ հաշտություն չկապեցին, հիմա էլ ուզում են բանակցությունները Մոսկվայից տեղափոխել Երևան, այդ մասին լիազորել են Լեգրանին, որ Աղստաֆայից արդեն Թիֆլիս է հասել: Զուր հույսեր, նրանք ձգձգում են բանակցությունները, որպեսզի կարող լինեն իրենց արածն անեն և մեզ դնել կատարված փաստի առաջ: Սակայն լավ իմացեք ցարական հոգով և «կոմունիստական» վերարկու հագած աշխարհակալներ, հայ ժողովուրդը ձեզ ևս արժանի պատասխան կտա իր բազուկով, որ տասնյակ տարիների անընդհատ կռիվների ընթացքում այնքան ջլապինդ և ճկուն է դարձել: Մխիթարականն այն է, որ Դրոյի կողմն են անցել հայ գյուղացիները, որոնք շատ կարճ ժամանակում ճաշակեցին «կոմունիստ» տարրերի բռնակալական լուծը:
Դաշնակցական կենտրոնական կոմիտեն հայտարարել է Հայաստանում կուսակցական զորահավաք, որ է՛լ ավելի նշանակալից է և ապացուցում է այն, որ իրոք մեր հայրենիքին սպառնացող վտանգը իսկապես լուրջ է: Ես անձնապես հոռետես չեմ, և չգիտեմ ինչու հաստատ համոզված եմ, որ փորձության այս բաժակն ևս կանցնենք: Հաց ունենք, ռազմամթերքը իր ժամանակին հասավ, փառք մեր իմաստության, կառավարությունը վերացրեց բոլոր արտոնությունները, որի շնորհիվ դասալիքների ահագին լեգեոններ էր ստեղծել և նոր առիթ էր տալիս տրտունջների, թե ինչու՞ անխտիր բոլորը չեն մտնում բանակ:
Այս դժբախտ լուրը ստանալուց անմիջապես հետո մի ուրիշ դժբախտություն եկավ մեր շտաբի գլխին: Բանն այն է, որ Սեպուհը, տուն գնալիս ձիուց վայր է ընկնում և ոտքը ցավացնում է այն աստիճան, որ ուռել է և ստիպված է անկողին ընկնել, որից անկասկած տուժում է այս շրջանի զորահավաքը: Օգտվելով այս հանգամանքից, մեր շտաբի պետ փոխգնդապետ Պալյանը և մյուս անպարտաճանաչ սպաները ընկած քեֆերի ետև մեկ-մեկ երևում են և իսկույն կորչում: Շտաբում մնացել են Սեպուհի համհարզ Մուշեղ Թամրազյանը և մի քանի երկրորդական ծառայողներ. փաստորեն Մուշեղն է վարում շտաբի ամբողջ գործերը: Ես զարմանում եմ, որ Սեպուհը այս բանի վրա ուշադրություն չի դարձնում, չնայած, որ մի քանի անգամ այդ մասին նրան ասված է: Սպարապետի շտաբից նոր միայն պաշտոնական հաղորդագրություն ստացանք զորաճակատների մասին. համարյա ամեն տեղ անփոփոխ է, բացի Զանգեզուրից, ուր մեր զորքերը Դրոյի գլխավորությամբ ամսի 1-ին գիշերը, համառ կռվից հետո, գրավել են Էրիմ թափան, Ահմեդյուրդը և Անգելաոտ գյուղը, որոնք ռազմական հսկայական նշանակություն ունեն: Մեր առաջխաղացությունը շարունակվում է:
2 օգոստոսի
Շամշադինում Մանևի զորամասի պահակներից չորս հոգի հրացաններով անցել են թշնամու կողմը: Այս առաջին դեպքն է, որ պատահեց հուլիսի 31-ին: Սովետականները, ինչպես երևում է, շփում են մեր պահակների հետ, որ մեր սպայությանը դեռ ծանոթ չէ:
Սեպուհը կարգադրեց, որ Մանևը մեր կողմից պրոպագանդիստներ ուղարկի կարմիրների մեջ նրանց նույն ձևով կազմալուծելու, ինչպես նրանք աշխատում են մեզ անել: Դրա արդյունքը այն եղավ, որ այսօր իրենց հրացաններով Մանևին ներկայացրել են երկու կոզակներ, որի մասին հայտնվեց Սպարապետին: Սակայն վերջինս հեռագրում է, որ այդ բանի վրա լուրջ ուշադրություն պիտի դարձնել, որովհետև նրանք սովորաբար միտումներով են փախչում մեր կողմը: Սակայն ամենից հետաքրքրականն այն է, որ այսօր ժամը 13-ին մենք Բաքվից Ղազախի վրայով մի վերջնագիր ստացանք Հայաստանի զորքերի Հրամանատարության անունով, որի բովանդակությունը հետևյալն է.
Խորհրդային սոցիալիստական Ադրբեջանի դեմ գործող հայկական զորքերի հրամանատարությանը
Բաքու, մեկը օգոստոսի 13 ժամ 20 րոպե:
Զանգեզուրի և Շարուր-Նախիջևանի գավառներում ազգամիջյան ջարդ է տեղի ունենում հայերի և թուրք-թաթարների միջև, որի հետևանքով ոչնչանում են խեղճ և անպաշտպան աղքատների ընտանիքները, փչանում են ամբողջ գյուղեր և ավաններ, թափվում է հազարավոր գյուղացիների արյուն: Այդ հաշվեմաքրումի դադարեցման խաղաղ իրավակարգ հաստատելու համար, վերոհիշյալ գավառներում մեր կողմից մտցված է Կարմիր բանակին պատկանող զորք, որը իր հետ տարել է հաշտության դրոշակ այդ շրջանների բոլոր աշխատավորների համար, այնինչ ձեր կողմից ակտիվ գործողություններ են ձեռք առնված մեր զորքերի դեմ, որով դուք մարտահրավեր եք անում Կարմիր բանակին, որը բնավ չի ցանկանում մտնել ռազմական գործողությունների մեջ ընդդեմ Հայաստանի բանվորների և գյուղացիների: Բայց մենք ձեզ պետք է նախազգուշացնենք, որ եթե ձեր կողմից կտրուկ միջոցներ չառնվեն դադարեցնելու ակտիվ գործողությունները մեր զորքերի դեմ, այն ժամանակ մենք ստիպված կլինենք ընդունել մեր զորքերի դեմ ուղղված հարվածը, որին մենք պիտի պատասխանենք մի շարք ավերիչ հարվածներով: Պատասխանի ենք սպասում ոչ ուշ քան օգոստոսի 5-ին: Այս ժամանակամիջոցում պետք է դադարեցվի ռազմական գործողությունները:
N 2447-11-րդ կարմիր բանակի հրամանատար` Վասիլենկո, զինվորա-հեղափոխական խորհրդի անդամ` Շուկին
Ղազախից գնդապետ Հակոբյանին բերել են այս հեռագիրը և սպասում են, Սպարապետից դեռ պատասխան չի ստացվել:
Զորակոչը առայժմ հաջող է գնում, բայց դեռ ժամանակը չի լրացել, որ արդյունքը հայտնի լինի:
Զանգեզուրում մեր առաջխաղացությունը շարունակվում է, թշնամին ցույց է տալիս համառ դիմադրություն: Ամբողջ գիշեր տևող կռվից հետո, Դրոյի զորամասը գրավել է Ղարաքիլիսա (Սիսիան) գյուղը, Ղարա-Ղայա և մի շարք կարևոր բարձրունքներ, վերցրել ենք գերիներ և վիրավորներ: Նրանք պատմել են, որ իրենց հրամայված է Նախիջևանի վրայով միանալ կարմիր թուրքերին: Ճիշտ է, թուրքերը կարմիր ֆես ունեն և նրանց մահասարսուռ ձեռքերը ներկված են հայ կանանց և երեխաների արյունով, եթե «կոմունիստների» կարմիր ածականը թուրքերի հասցեին այս մտքով է գործածված, մենք լիովին հասկանում ենք, իսկ եթե «տովարիշչորեն» է գործածված, այդ մեզ անհասկանալի է, նույնիսկ ծիծաղելի:
Անգեղակոթի ճանապարհին մենք թշնամուց խլել ենք մի գնդացիր, 11 ձի և ռազմական ուրիշ ավար: Սիսիանցիներից 200 հոգի միացել են մեզ, և ժողովրդի տրամադրությունը հետզհետե բարձրանում է: Մենք գտնվում ենք Գորիսից 15 վերստի վրա: Դրոն խնդրում է սավառնակ ուղարկել թռուցիկներով, հայ գյուղացիությանը բաժանելու համար:
3 օգոստոս
Սովետական Ադրբեջանի տված վերջնագրին դեռ պատասխանված չէ: Երևի պատասխանը ուրիշ գծով է տրված, բայց այդ մասին մեզ պիտի հայտնեին, որովհետև թշնամու պարլամենտորները սպասում են Իջևանում:
Սեպուհը դեռ պառկած է, մինչ շտաբի գործերը օրեցօր բարդանում են, մի կողմից զորակոչը, մյուս կողմից զինվորական այլ խնդիրները խճճվում են իրար: Շտաբի սպաների անպարտաճանաչությունը քանի գնում անհանդուրժելի է դառնում: Նրա բացակայության պատճառով շտաբի շենքը ուղղակի դատարկ է, թվում է, թե ամեն բան վերջացել է, և կյանքը մտել է իր հունը: Այնինչ իրականության մեջ այդպես չէ. մեր կյանքը էլի սկսվել է ալեկոծվել շնորհիվ բոլշևիկ-թուրք-թաթարական միացյալ վերջնագրի:
Շարուր-Նախիջևանի շրջանում թուրք-թաթարները, քաջալերված «կարմիրների» ներկայությամբ, սկսել են հակահարձակման դիմել: Այս զորակոչի առթիվ ահագին եռուզեռ է սկսվել Հայաստանի կենտրոններում, մասնավորապես Երևանում, Ղարսում և Ալեքպոլում: Ամբողջ երիտասարդությունը արձագանք է տալիս զորահավաքին, դասալքությունը, որ առաջ համատարած ցավ էր, վերացել է, շնորհիվ այն բանի, որ կառավարությունը զինապարտների վերաբերմամբ խիստ միջոցների է դիմում և վերացրել է ամեն տեսակի արտոնությունները, որոնք դուռ էին բացում անարգ դասալքության: Հայ ժողովրդի ամենալկտիացած դասը՝ դերասանները առաջինը եղան այս փոքրիկ քաղաքում, որ հանկարծ ներխուժեցին շտաբը և հայտնեցին, որ իրենք ազատվում են զորակոչից, որովհետև դերասաններ են: Այստեղի տկարամիտ սպաները արժանի պատասխան չկարողացան տալ այդ կես մարդ երկոտանիներին: Ես չկարողացա համբերել, բերանս բացի և նրանց ոտից մինչև գլուխ լվացի… Նրանք, իհարկե, զարմացան, որ այդպես խիստ խոսողը ես եմ, գրականության և գեղարվեստի մոտիկ կանգնած մի մարդ: Որովհետև խոսքերս նրանց հասցեին շատ խիստ էին, ես ուզում եմ արձանագրել և երկար վիճաբանությունից հետո ասացի. «Այժմ դարձյալ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցն է հրապարակի վրա դրվում, ուզում եք զորակոչից ազատվել և ձեր միմոսությամբ պարապել: Մեր ժողովրդի չլինելուց հետո ես թքել եմ ձեզ էլ, ձեր թատրոնի վրա էլ»: Սրանով էլ վերջացավ վեճը, և նրանք խայտառակաբար թողին շտաբը:
4 օգոստոսի
Այսօր ստացվեց Ադրբեջանի վերջնագրի պատասխանը Նազարբեկյանի ստորագրությամբ, որի մոտավոր բովանդակությունը հետևյալն է, «Մեր զորքերը պաշտպանում են պետական սահմանները, թե արտաքին և թե ներքին թշնամիներից: Բնական է, որ ձեր զորքերը պիտի հանդիպեին մեր բանակի դիմադրությանը, քանի որ նրանք մտել են Հայաստանի անվիճելի հողամասերը: Մեր անկախության դեմ գնացող ապստամբների և թշվառների դեմ առանց ազգի, կրոնի և դասակարգի խտրության մեր զորքը ծառանում է: Ինչ վերաբերվում է տերիտորիալ հարցերին, դա զորքերի գործը չէ: Մենք ունենք կառավարության ներկայացուցիչներ, որոնք վիճելի հողամասերի համար բանակցում են սովետական իշխանության հետ: Ավերված գյուղերի, և ավանների խեղճերի ընտանիքների և գյուղացիների կոտորածի մասին պիտի ասել, որ այդ բոլորը եղած են Խռովարարների և թշնամիների նահանջից հետո: Մեր զորքերը մտնելուց հետո, ընդհակառակը, պաշտպանել և խնամել են անպաշտպան ընտանիքներ կառավարության հաշվին»:
Գլխավոր շտաբի օգոստոսի զորաշարժականը ասում է, որ մեր շեշտակի հարվածի տակ Բուղդա թափայից և Էլիպ թափայից, Մանքենդի կողմից եկող քոչվոր թուրքերը ջարդըված են ու շպրտված: 16 ժամին զորասյունը մոտեցավ Արփա-Գյադուկի գծին՝ գրավելով Էանթափա, Դաշթափա, Ալիպթափա և Ուզթայ: Մինչև 20 ժամին հրացանային, թնդանոթային ու գնդացրային ուժեղ կռիվ է եղել: 24 ժամին մեր շեշտակի ճնշումով, որն արեց Թարխանովի հեծելազորը, թշնամին ջարդվեց: Թշնամուն հետապնդող Թարխանյանի հեծելազորը թշնամուց վերցրել է գնդացիրներ: Երեկոյան ժամը 6-ին մեր զորամասերը հաղթականորեն գրավել են Գորիս քաղաքը, որով վերջացած կարելի է համարել Զանգեզուրի գրավման գործը: Այսպիսով մեր գործերը Զանգեզուր-Նախիջևան գծի վրա ավելի քան հաջող են գնում: Նախիջևան լույս աշխարհ թշնամու հեծելազորը բացարձակապես կտրված է իր զորամասից և գտնվում է պաշարման դրության մեջ:
12 օգոստոս
Մի շաբաթից ավելի է, որ ոչինչ չեմ գրել օրագրիս մեջ, և այդքան կարճ ժամանակամիջոցում շատ գետեր հոսեցին և շատ բան փոխվեց թե մեր ռազմաճակատներում և թե մեր արտաքին քաղաքականության մեջ: Դեպքերը այնքան արագ և հակասական են ընթանում, որ մարդս շշմում է: Մենք, որ օրերի և նույնիսկ ժամերի հարց էինք համարում Նախիջևան-Ջուլֆա երկաթուղագծի գրավումը, այժմ ներկայանում է մի անկարելիություն: Սովետական նենգավոր քաղաքականության շնորհիվ մենք ստիպված ենք թողնել այդ ճակատի գործողությունները և կենտրոնանալ Զանգեզուրի վրա և առանց վերջինիս գրավման, իհարկե, Նախիջևանի գրավումը անմիտ է: Բայց բանն այն է, որ ամսի 8-ին Սպարապետի շտաբից մեզ քաշած պաշտոնական հեռագիրն ասում է, Դրոն Գորիսից նահանջել է թշնամու գերազանց ուժերի ճնշման տակ: Ցավալին այն չէ, որ մենք այդ քաղաքը վերագրավելուց հետո թողինք, այլ այն, որ մեր Զանգեզուրի զորամասը դատարկել է ամբողջ Զանգեզուրը և քաշվել Դարալագյազի սահմանը: Թաթար-թուրք «կոմունիստների» խորհրդով ռուս խրտվիլակ կոմունիստները իրենց արածը արին: Մի քանի փորձերը ցույց տվին, որ ամենահաջող ռազմական գործողությունների ժամանակ բանակցություններ վարելը՝ թեկուզ ի նպաստ մեզ, միշտ վատ հետևանք է ունեցել: Նախիջևանի թաթարները մեր կառավարությունից ավելի քաղաքագետ գտնվեցին: Նրանք մեր բոլոր պահանջները ընդունելու տրամադրություն ցույց տվին, Երևան եկան, խորհրդակցեցին, վերադարձան, մինչ այս մինչ այն սովետականները թաթարների դրդմամբ կարողացան զորք շպրտել Նախիջևան և մեր առաջխաղաղությունը դադարեցնելուց բացի, վերջնագիր ներկայացրին դատարկել ամբողջ Շարուր-Նախիջևանը: Այստեղ նորից սկսվեցին նոր բանակցություններ, նոր վերջնագրեր, մինչև որ Զանգեզուրն էլ գրավեցին, կապ հաստատելով սովետական 11-րդ կարմիր բանակի թափթփուկների հետ, որոնք Զանգեզուրի մեր վերագրավումով կտրվել էին Բաքվից օգնություն ստանալու հնարավորությունից: Եթե մենք այն թափով առաջ խաղայինք, ինչպես առաջ՝ առանց բանակցությունների, այժմ գրաված կլինեինք Նախիջևան-Ջուլֆա երկաթուղագիծը, որ առևտրական տեսակետից մեզ համար հսկայական նշանակություն ունի:
Երբ մենք Զանգեզուրում հաջողություններ ունեինք, մեր կառավարությունը երկու ներկայացուցիչ ուղարկեց՝ Ջամալյան և Բաբալյան Թիֆլիս, որպեսզի Լեգրանի հետ ժամանակավոր հաշտություն կնքեն, մինչև Շանթի պատվիրակության գալը: Մի կողմից բանակցություններ են վարում մեզ հետ, մյուս կողմից՝ նենգավոր սովետականները զորքեր են կուտակում Զանգեզուրի դեմ մեզ հարվածելու: Վերջապես ստացանք պայմանագրի պատճենը և նոր հաղորդվեց մեզ Սպարապետի շտաբից: Պայմանը ձեռնտու չէ մեզ համար, Ղարաբաղն ու Զանգեզուրը ,ժամանակավորապեսե կտրվում են մեզանից: Մյուս ճակատներում այն սահմանորոշ գծերն են մնում մեր ձեռքը, որտեղ մինչև այժմ կանգնած են եղել մեր զորքերը: Նախիջևանում մեր սահմանն է Շայթախտ կայարանը ներփակաբար, մեզ է վերապահվում Նախիջևան-Ջուլֆա երկաթուղագծից օգտվելը: Բացի այդ, այն բոլոր զինվորները, որոնք մինչև այս պայմանագրի կնքումը մնացել են սովետական շրջաններում, կարող են վերադառնալ Հայաստան իրենց զենքերով: Ահա պայմանագրի ամբողջ էությունը: Այս պայմանագիրը դեռ չստացած՝ օգոստոսի 8-ին տեղեկություն ստացանք, որ Դրոյի զորամասը Զանգեզուրը ամբողջությամբ թողել է թշնամու գերազանց ուժերի ճնշման տակ: Եվ անստույգ տեղեկություններ կան, որ մարդկային ահագին կորուստներ ունենք, բացի ռազմական ահագին պաշարից, որ թողել ենք Զանգեզուրում:
Ներկայումս չկա մի մարդ ողջ Հայաստանում, որ չհասկանա այս ստորացուցիչ պայմանագրի ավելի քան նենգ, ստոր նպատակները: Սակայն ի՞նչ անենք, գտնվում ենք ամենաաննպաստ դրության մեջ և պետք է ընտրենք երկու չարյաց փոքրագույնը: «Կոմունիստ» Ադրբեջանի բեգերը, Տաճկաստանի հակահեղափոխական փաշաներն ու ռուս ցարական մարդիկ, ,կոմունիստե վերարկու հագած, հասան իրենց նպատակին:
18 օգոստոսի
Սովետականների հետ համաձայնություն կնքելուց հետո ռազմաճակատներում գործողությունները դադարեցված են թեև, բայց մենք զինված խաղաղություն ենք պահում, որովհետև մեր թշնամին այնքան նամարդ է, որ ամեն հարմար րոպե կարող է հարձակման անցնել: Ամսի 16-ին Ղազախից ավտոմոբիլով տեղս եկան Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք Երևան անցան բանակցություններ վարելու: Նրանց հետ եկավ և Ադրբեջանի մեր դեսպանի սուրհանդակը կարևոր և անձեռնամխելի կապոցներով: Ես առիթ ունեցա տեսնվելու սովետական Ադրբեջանի ներկայացուցիչ Դովլաթյանի և նրա անձնական քարտուղարի հետ: Առաջինի հետ կես ժամ խոսակցություն ունեցա սկզբունքային հարցերի մասին: Բաժանվելիս նա ասաց, որ ավելորդ է շարունակել այս խոսակցությունը, որովհետև իրար չպիտի կարողանանք համոզել: Սակայն հետաքրքրականն այն է, որ նրանք խիստ ու անուղղակի կերպով պախարակվեցին հրամանատարի կողմից:
20 օգոստոսի
Երեկ ներքին գործոց նախարարի օգնական Թորոսյանը հեռագրեց, որ Տաճկաստանը ամսի 10-ին Անտանտի առաջարկած հաշտության պայմանագիրը երկար ձգձգումներից հետո վերջապես ստորագրեց: Դարավոր արևելքի բռնակալը ծունկի եկավ արդարության առաջ և արցունքը աչքերին իր իսկ ձեռքով ստորագրեց իր մահավճիռը: Եվրոպական պետությունների հանդիսավոր նիստում հաստատվել և հայտարարվել է Միացյալ և ԱՆԿԱԽ Հայաստանի ճանաչումը:
Այսօր տեղի ունեցավ մի հսկայական միտինգ գարնիզոնի հրամանատարի և հոծ ժողովրդի մասնակցությամբ, ուր խոսեցին քաղաքական հոսանքների զինվորության և սպայության ներկայացուցիչները: Ոգևորությունը մեծ էր: Քաղաքիս քաղաքագլուխը կարդաց մի հեռագիր, որով իմացան այն փառավոր հաղթությունները, որ տարել էին Կիլիկիայի հինգ հազարանոց մեր փոքրիկ բանակը, ջարդելով քեմալիստների օղակը, նրանք գրավել են մի շարք քաղաքներ և ապահովել Կիլիկիայի անկախությունը: Այսպիսով հայ ժողովրդի հերոս փոքրաթիվ զորքը ամեն ճակատներում անժխտելի հաղթություններ է տանում:
23 օգոստոսի
Սովետականների հետ ժամանակավոր հաշտություն կնքելուց հետո, նրանց ռազմաճակատներում կռիվները դադարել են: Այդ իսկ պատճառով Սեպուհը Սպարապետից թույլտվություն է ստացել տասնհինգ օրով արձակուրդի գնալ: Երևի իշխանությունը նորից հանձնվում է թուլամորթ Խանկալամյանին: Օգտվելով այդ հանգամանքից ես և Մուշեղ Թամրազյանը Սեպուհից թույլտվություն ստացանք Երևան մեկնելու նույնքան ժամանակամիջոցով: Ստեփանը վաղուց է, որ Իգդիրում է, նրա բացակայության պատճառով նրա հարյուրակ այրուձին համարյա թե կազմալուծված է: Դիլիջանից ձանձրացել ենք և մայրաքաղաքին կարոտել: Չորս ամսվա ընթացքում շատ բան է փոխվել, և մեր քաջարի Բանակի անօրինակ հաջողություններից հետո հետաքրքրական է Երևանը տեսնել, այն Երևանը, որ սրանից մի տարի առաջ ահագին զոհեր տվեց Բեյուք-Վեդին գրավելու, բայց չկարողացավ, իսկ այսօր, օհ, այսօր մենք նույնիսկ համարձակություն ունենք մեն-մենակ գրավելու Տաճկահայաստանը:
Ճիշտ է ասված, երբ մենք շրջապատված էինք բարեկամ պետություններով միշտ պարտություն էինք կրում, իսկ երբ մեն-մենակ մնացինք՝ հաղթեցինք մեր բոլոր թշնամիներին:
Արդեն պատշաճ վկայականներս ստացա և վաղը, եթե ավտոմոբիլ լինի, անպայման մեկնելու եմ: Սեպուհը, որ մեկնեց Ղարաքիլիսա՝ Ալեքսանդրապոլ գնալու, վերադարձավ, որովհետև Ղարաքիլիսայի ճամփի կեսին ավտոմոբիլը փչացել է: Մուշեղը չի ուզում նրանից առաջ մեկնել, վախենալով, որ շատ փող կծախսի, իսկ ես չեմ կարող մնալ, ընտանեկան հանգամանքներս ինձ հրամայում են գնալ: Շտաբում շշուկներ կան, որ Սեպուհը գնում է չվերադառնալու պայմանով: Այդ ի նկատի ունենալով, ես ու Մուշեղը որոշեցինք իրերս հետներս տանել:
Մենք ուրախ ենք, որ հրամանատարը որոշել է այս ճակատից տեղափոխվել մի այլ ճակատ: Զինվորականի համար ավելի անտանելի բան չկա, քան այն, որ նա շարունակ միևնույն ճակատում մնա: Նա մտադիր է Ղարս-Սարիղամիշ տեղափոխվել, իսկ մենք ցանկանում ենք Զանգեզուր-Ղարաբաղ, տեսնենք, որը կհաջողվի: Վերջին անգամ Մուշեղն ու ես գնալու ենք Դոտոնտո համերգի, այնտեղ կպատահենք ծանոթ կանանց և օրիորդների, որոնց ձեռք առնելը մեզ հաճույք է պատճառում:
Ելենովկա 24 օգոստոսի
Այսօր երեկոյան ժամը 5-ին հասանք Ելենովկա մոլոկանի մեծ գյուղը: Դեռ վաղ առավոտյան Երևան գնացող ճանապարհորդների մեծ բազմություն էր սպասում ավտոգարաժի դռան մոտ: Մեկ բեռնակիր այդքան ճանապարհորդ: Ո՞ր մեկը պիտի մեկներ և որը մնար: Բայց շոֆերները իրենց գրպանի գործը գիտեն և նրանք բոլորին էլ տեղ տվին և մեզ ձկների նման իրար վրա ածած ճամփա ընկան: Շոֆերները այնքան փչացած դասակարգ են կազմում, որ նրանք ավելի շուտ պատրաստ են զինվորական գործերով և զինվորական ավտոմոբիլով գնացողների առաջ արգելքներ հարուցել, քան մասնավոր մարդկանց, որոնցից փող են ստանում: Մեր հաղորդակցությունը շատ է անկանոն և դա բնական է, որովհետև ոչինչ չունենք, երկաթուղին չի գործում, նավթ և մազութ չլինելու պատճառով: Մեզ հետ ճամփորդողների մեծ մասը ուրախությամբ երկաթուղով կգնար Երևան, քան շռնդացող բեռնակիր ավտոմոբիլներով, որ ամեն քայլափոխում շոֆերների քմահաճույքով ժամերով կանգնում է ճամփաներին: Նոր-Բայազետի գյուղացիները համարյա զրկված են այս տարվա իրենց ցանքսերից, որովհետև դաշտային մկները փչացրել են արտերը: Այս շրջանի օդի առողջությունը, հողի բերրիությունը և բնության գեղեցկությունը ինձ հիացրին:
Մինչ Արարատյան դաշտի և Նախիջևանի ցանքերը վաղուց վերցված են, իսկ այս շրջանում արտերը մեծ մասամբ կանաչ են: Վերջապես բլուրների բարձրությունից ճանապարհը կամաց-կամաց մոտեցավ պատմական Գեղամա լճին, երևաց Սևանա վանքը, որ գեղեցիկ նյութ է մատակարարել մեր դրամատուրգ Լևոն Շանթին, որ հիմա թողնելով «Հին Աստվածները» Մոսկվա է մեկնել «ՆՈՐ Աստվածներ» որոնելու համար:
Խեղճ հայ գեղարվեստագետ, ե՞րբ վերջապես դու պիտի ազատվես քեզ տհաճ գործերից և նվիրվես քո ստեղծագործությանը, քո բնական ձայնին: Մենք բոլորս գրելը մեկ կողմ թողած աշխատում ենք ազատ, անկախ ընթերցողներ պատրաստել ապագա երջանիկ գեղագետների համար: Մեր հետնորդ գրողները ապերախտ կլինեն, եթե չկարողանան արժանապես գնահատել ժամանակակից հայ գրողին, որ միաժամանակ և զինվոր է, և դիվանագետ, և հասարակական գործիչ, հեղափոխական: Մենք պարծենում ենք մեր գործով, որ իրագործում ենք Րաֆֆու, Գամառ-Քատիպայի, Նալբանդյանի և ուրիշ հռչակավոր գրող-հեղափոխականների գաղափարները: Եթե մի րոպե այդ անմահ հոգիները գլուխները վեր բարձրացնեն ու նայեն Արարատի ձյունապատ գագաթին ծածանվող հանրապետական դրոշակին , կասեն.
Մեծ ենք մենք և Մեծ են եղել Մեր իղձերն ու Երազանքները, բայց ավելի ՄԵԾ ու արժանավոր են մեր կրթած սերունդները, որոնք համառ կամքով ու անպարտելի վճռականությամբ իրագործել են այն, ինչի մասին միայն երազել ենք թղթի վրա։
Երևան, 30 օգոստոսի
Հայաստանի մայրաքաղաքումն եմ արդեն, կես տարի առաջ տեսած քաղաքը բոլորովին ուրիշ տեսք ունի, կյանքը եռում է, գաղթականներ չեն երևում փողոցներում, այժմ նրանց փոխարինել են Հայաստանից դուրս գտնվող գաղութների ազգաբնակչությունը, մեծամասամբ ունևորներ: Ներկայումս Հայաստանը մի փոքրիկ լճի է նման, որը հետզհետե մեծանում է, ծավալվում է գաղութների հոսանքներով: Երկրագնդի ամեն ծայրից գալիս են, հա գալիս, և շնորհիվ այդ հանգամանքի, բնակարանի ճգնաժամը գնալով ավելի ու ավելի սուր կերպարանք է ստանում:
Իմ ընկեր համհարզ Թամրազյանը, որ պիտի ինձ հետ գար ամսի 23-ին, այսօր հասավ Երևան, շուտով կգա և Սեպուհը, և ինչպես երևում է, միասին մեկնելու ենք Իգդիր: Պետք է ճիշտ խոստովանեմ, որ առանց Թամրազյանի ես ժամանակը այնքան ուրախ և լի չէի անցկացնում, նրա գալուց հետո ժամանակը շուտ է սահում: Մենք իրար լավ ենք հասկանում, նա ազնիվ, մաքուր և համսունական անհոգ տիպերից է, նրա հետ կարելի է տարիներով ապրել՝ առանց ընդհարվելու: Ազատամիտ է և լուրջ:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!