ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ 3

ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ )

Մաս 3

(1920 թ․ հուլիս 1 — 12)

 

Իջևան. 1 հուլիսի

Խռովարարները գնդապետ Մնացականյանի ղեկավարությամբ իրենց ուժերը կենտրոնացնում են Աչասուի և Սև քարի ուղղությամբ, որպեսզի անցնեն մեր թիկունքը, բայց նրանց չի հաջողվի այդ անել, որովհետև մեր շեշտակի հարվածները դեռ նրանց շշմեցրել է: Գնդապետ Խաչատրյանի զորասյունը շարժվում է Թաթլու գյուղի վրա: Շամշադինում մեր ձախ զորասյունը 15 ժամին գրավեց Ղարաղայան, ուր մնացել են միայն մի քանի ընտանիք:

Աջ զորամասը շարժվեց Ղարաղայայի աջ ուղղությամբ, ուր այսօր վաղ առավոտյան կռիվներ են տեղի ունենում, իսկ ձախ զորասյունը առաջանում է Չորաթան գյուղի վրա:

Նաուրցի կին կամավոր Թամար Մարտիրոսյանը, որ վերջին կռիվներում հերոսաբար կռվել էր և վիրավորվել կրծքից ծանրապես, այսօր առավոտյան դեմ մեռավ Իջևանի հիվանդանոցում:

Հրամանատար Սեպուհը կարգադրեց զինվորական մեծ շուքով թաղել Հերոսուհուն: Եվ այդպես էլ եղավ: Նրա որբերի խնամատարության, կրթության հոգսը մեր կառավարությունը վերցրեց իր վրա:

Եզակի դեպք է այս կնոջ հերոսությունը մեր երկու տարվա պետական գոյամարտի մեջ՝ բարոյական մեծ ապտակ մեր ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ թե ներքին, թե արտաքին թշնամիներին, որոնք ուզում են իրենց անարգ ոտքերով պղծել մեր Մայր երկրի անձեռնմխելի հողը:

Այստեղ կարևոր է հիշել Նաուրում կատարված մի ուրիշ դեպք, որ նույնքան կարևոր է: Նաուրը բոլշևիկների կողմից գրավելու ժամանակ տեղացի կույր աշուղը արհամարանքով է խոսում դավաճանների և հարգանքով՝ հայրենի կառավարության մասին: Ապստամբապետ Բերբերյանը սաստում է աշուղին, որ սա զգույշ լինի, բայց ժողովրդական երգիչը հանդուգն պատասխան է տալիս և մեղադրում դավաճան Բերբերյանին («վարժապետ»), որի հրամանով սպանվում է աշուղը:

2 հուլիսի

Այս առավոտյան ժամը 8-ին գնդապետ Իշխանյանի զորամասը հարձակման է դիմել Օձաքարի վրա: Շամշադինի առաջխաղացությունը նույնպես հաջող է ընթանում: Կոտիքենդի և Բուրանայի շրջանում բոլշևիկները ուժեղ պրոպագանդա են մղում, բայց քանի գրոշ արժի նրանց քարոզը, երբ ամեն տեղ ուժն է հաղթողը:

Հենց հիմա տեղեկություն ստացվեց, որ գնդապետ Իշխանյանը համառ կռվից հետո գրավեց Օձաքար կոչված անառիկ բարձրունքը: Թշնամին ունեցել է երկու գնդացիր, որ անդադար գործելիս են եղել:

Մեր բռնած գերիները պատմում են, որ ղարաբաղցիները թողել փախել են՝ չուզենալով կռվել Հայկական Հանրապետության դեմ: Երեք օրվա համառ և կատաղի կռվից հետո, Շամշադինի մեր զորամասերը, ջարդելով թշնամուն, քշել են նրանց Ադրբեջան: Գյուղացիները չեն փախել, իսկ հեռացողները ամեն օր ծածուկ փախչում գալիս են իրենց տները:

Ղազախ-Շամշադինի ազգաբնակչությունից Սեպուհը երկու բան է պահանջում, նախ զինաթափ լինել և ապա հանձնել բոլոր զենքի ընդունակ երիտասարդներին որպես զինակոչի ենթականեր: Թեև նրանց համար շատ ծանր են այս պայմանները, բայց անխուսափելի:

Ցարդ հայ կառավարությունը զինում էր տեղական բնակչությանը, որովհետև Ադրբեջանի վտանգ կար, սակայն այժմ այդ վախը չկար և մեր հիմար գյուղացիությունը չիմանալով իր զենքը գործածել, դարձրել է այն մեր դեմ: Ինքնապաշտպանության հարցը պետք է վերացնել և դարձնել այն պետական, որովհետև մենք հիմա այնքան ուժ ունենք, որ կարող ենք ամեն մի քաղաքացու կամ համայնքի կյանքը, գույքը ապահովել: Իմ կարծիքով, Հայ կառավարությունը մեծ սխալ է գործում, թողնելով ազգաբնակչությանը զինված մնալ: Դրանք շատ շուտով կարող են կույր գործիք դառնալ մեր երդվյալ թշնամիներին, ինչպես այդ ապացուցեց Ղազախ-Շամշադինի վերջին ապստամբությունը:

Իմ օրագրից շեղում կատարած չեմ լինի, եթե արձանագրեմ, որ հենց հիմա, երբ ես գրում եմ, Սեպուհը լսում է մի մոլոկանի գանգատը: Նա հայտնեց, որ պաշարակիր զինվորները սպանել են երեք մոլոկանի, որպեսզի ընդմիշտ «պետականացնեն» նրանց սայլերը: Վերին աստիճանի սիրտս վրդովվեց. մի՞թե մեր զինվորները կարող են այդպիսի անգթություն գործել ռուսի վերաբերմամբ, բայց մյուս կողմից բանականությանս սառը դատողությամբ գալիս եմ այն եզրակացության, որ մեր զինվորը կամացկամաց փորձով գալիս է այն համոզման, որ ռուսի դեմն էլ կարելի է զենք գործադրել, եթե սա թշնամանք ունի դեպի մեր անկախությունը: Սակայն այս պատճառաբանությունը չի կարող հանգստացնել խիղճս, մենք պետք է շատ զգույշ վարվենք և այնպես հեշտորեն չխաղանք ամեն մի քաղաքացու կյանքի հետ: Մոլականների ընկճվածությունն ու հալածանքը ինձ հիշեցնում է այն լուծը, որ մենք տանում էինք Տաճկաստանի տիրապետության ժամանակ: Բայց Թամրազյանի կարծիքով, այդպիսի դեպքերը անխուսափելի են պատերազմական գործողությունների ընթացքում:

3 հուլիսի

Մեր առաջխաղացությունը բոլոր ուղղությունների վրա հաջող է ընթանում: Գյուղացիները խմբերով և զինված, և անզեն գալիս հանձնվում են, խորապես ափսոսանք արտահայտելով, որ իրենք պարզապես խաբված են և գործիք են դարձել մի քանի սրիկաների ձեռքը: Նրանցից մեծագույն մասը զարմանք է հայտնում, որ հայ կառավարությունը հարկ եղած ուշադրությունը չի դարձրել այս երկու վտանգավոր շրջանների վրա:

Կառավարության ուժը, հեղինակությունը կենտրոնից դուրս գալով մինչև ծայրագավառները հասնելը այնքան է թուլացել, որ կառավարությունը մի ամիս է ինչ ստիպված կռիվ է մղում իր իսկ տերիտորիայում իր համարումը վերականգնելու: Սա պարզապես անփութության հետևանք է, սակայն յուրաքանչյուր անհոգություն, եթե մեզ վրա թե տնտեսապես, և թե մարդկային զոհերով այսքան սուղ նստի, մենք կարճ ժամանակում լուրջ վտանգների առաջ կկանգնենք: Գնդապետ Իշխանյանի զորամասը գնդապետ Խաչատրյանի զորասյան աջակցությամբ շարունակում է առաջխաղացությունը: Ըստ փախածների տված տեղեկությունների՝ խռովարարների մեծ մասը ուզում է մեր կողմն անցնել: Նրանց շատ վատ են կերակրում և նրանց շարքերում մեծ դասալքություն կա: Լալաքենդի վրա հարձակվող խռովարարներին, կռիվների ժամանակ, ղեկավարելիս է եղել փոխգնդապետ Մնացականյանը: Կռվից հետո 100 ղարաբաղցիներ փախել են Գանձակի խորհրդային գնդից, բայց հայտնի չե, թե ուր: Խռովարարների մյուս գլխավորները՝ Բերբերյանը, փոխգնդապետ Տեր-Սարգսյանը Շամշադինից փախել են Ադրբեջան:

4 հուլիսի

Գնդապետ Խաչատրյանի զորասյունը այսօր առավոտյան ժամը 9-ին գրավեց Թաթլու գյուղի հյուսիսային բարձրունքը, խռովարարները տեսնելով մեր նրանց շրջապատելու փորձը, փախան Ադրբեջան: Գյուղից փախած ազգաբնակչությունը վերադարձավ: Կլիշքենդի և Չախմախլուի կողմից բոլշևիկ կոչված տականքները թվով մոտ 100 մարդ հարձակվեցին Սև քարի վրա տեղացիների օգնությամբ և նեղեցին մեր սահմանապահ փոքրաթիվ զորախմբին, բայց մեր հակահարձակումով դրությունը վերականգնված է: Փախածների ասելով, խռովարարները հիասթափվելով բոլշևիկներից ուզում են թնդանոթով անցնել մեր կողմը: Նույն պատանդների ասելով, Աղստաֆա-Ղազախ են եկել 600 հոգի հայ և թաթար բոլշևիկներ, որոնք հայտնել են, որ իրենք հայերի դեմ չեն ուզում կռվել: Թաուզի հետ հաղորդակցությունը կտրված է, որի պատճառով Մանևի զորամասից տեղեկություն չեն ստացել: Հրամանատարը Ղազախ-Շամշադինի գյուղացիության և մեր դեմ կռվող հայ զինվորների անունով կոչեր գրել տվեց և մեր գործակալների միջոցով ուղարկեց Ղազախ: Կոչերը գրված են սրտառուչ խոսքերով և պարզ լեզվով: Նրանց մեջ ասված է, թե հայ հեղափոխական ժողովուրդը այսքան տարի միլիոնավոր զոհեր տալով և գերմարդկային ջանքեր թափելով՝ հազիվ կարողացել է ազատվել բարբարոս Տաճկաստանի և նույնքան բռնակալ Ռուսաստանի լծից և ստեղծել Հայաստանի Հանրապետությունը, որ նոր միայն սկսել է ազատ շունչ քաշել և ապահովել իր սահմանները արտաքին թշնամիներից և հանկարծ նոր վտանգների առաջ է կանգնում, շնորհիվ մի քանի դավաճան հայերի, որոնք ամեն կերպ ուզում են ոտնակոխ անել ԱԶԱՏ Եվ ԱՆԿԱԽ Հայաստանը: Կոչերը վերջանում են ներման խոստումով, որովհետև մեր ստացած ստույգ տեղեկություններին նայած, մեր դեմ գործողների մեծագույն մասը չի գալիս և չի հանձնվում նրա համար միայն, որ դավաճան ստոր հոգի հայ բոլշևիկ պարագլուխները հավատացրել են միամիտ հայ ժողովրդին նույնքան պարզամիտ զինվորներին, որ իբր թե հայ կառավարությունը կոտորում, ջարդում և բռնաբարում են անխտիր բոլորին: Սակայն ի մեծ զարմանք և ցավ այդ հայրենադավ «հայ կոմունիստներին» ժողովուդը առանց մեր կոչերը ստանալու կամաց-կամաց վերադառնում է, զինաթափ է լինում և հանձնում է զորակոչի տարիքի մեջ եղած երիտասարդությանը: Մինչ մեր գործերը Ղազախ-Շամշադինում այսպես հաջող են ընթանում, Ղարաբաղից և Զանգեզուրից տխուր, շատ տխուր լուրեր են հասնում մեզ: Ղարաբաղը արդեն վաղուց է, որ ընդունել է Սովետական իշխանությունը, որտեղ լցված են սովետական գործակալներով և քարոզիչներով: Սովետական իշխանության դավերը վերջապես ընկճեց Ղարաբաղը, որ երկու և կես տարի չսրբապղծվեց Գերմանո-Թուրքական-Ադրբեջան կանոնավոր զորքերի և խուժանի ներխուժումով:

Սակայն մեր շտաբում այն կարծիքն է տիրում, նրանք ավելի շուտ այդ միջոցով օգտագործեցին սովետական իշխանությունը, վերջնականապես հարվածելու «Մուսավաթ» դավադիր կառավարության վերջին մնացորդներին, որոնք Գանձակում և Շուշիում փորձեր արին վերականգնելու իրենց դիրքն ու իշխանությունը: Եթե մեր ենթադրությունները ճիշտ են՝ նրանց արածը ռազմական մի ճարպիկ խաղ է, իսկ եթե մենք սխալվում ենք, ապա Ղարաբաղին կարելի է ասել, «Ահա մի լեռնական ժողովուրդ, որ մեր պատմության մեջ չտեսնված ապերախտություն և անօրինակ դավաճանություն գործեց հանդեպ իր ազատասեր արյունակիցների, որոնք նորանոր հաղթանակներ են տանում և Օլթիի և Կաղզվանի և Շարուր-Նախիջևանի ուղղությամբ»: Մեր կրծքի վրա սնված այդ լեռնական օձը, որին մենք տաքացրինք մերկ մնալով, որին կերակրեցինք սոված թողնելով հայ ժողովուրդը և որի գոյության պահպանման համար հազարավոր թանկագին կյանքեր շպրտեցինք մահվան գիրկը, այսօր նա խայթում է մեզ մեր ետևից և իր ժայթող թույնը կաթեցնում է Հայաստանի սրտում, ցանականալով սրա վայրկենական մահը:

Ցավալին այն չէ, որ Ղարաբաղը առանց մի գնդակ արձակելու կամովին իր վիզը մեկնում է սովետական յուրահատուկ լծի տակ, այլ այն, որ նա խաղալիք դարձած սովետական բռնակալներին և աշխարհակալներին՝ զենքի ուժով շարժվում է Զանգեզուրի վրա, նրան ևս փաթաթելու իր չարաբաստիկ բախտը: Տեսնենք վերջինս ի՞նչ վերաբերմունք ցույց կտա սովետական «ծիծեռնակներին»: Ասենք, ի՞նչ կարելի է սպասել Զանգեզուրից, չէ՞ որ սա Ղարաբաղի քույրն է և պակաս սև էջեր չի կազմել մեր հնագույն պատմության մեջ:

5 հուլիսի

Հուլիսի առանձին նշանակալից Էջ է կազմում իմ արյունոտ օրագրի մեջ, որովհետև այսօրվանից Ղազախ-Շամշադինի Սովետական-Ծապլվարյան խեղկատակության երկրորդ արարվածը վերջացավ մեր թշնամիների կատարյալ պարտությամբ և մեր զորամասերի փառավոր հաղթությամբ: Գուցե երրորդ, չորորդ, հինգերորդ և տասերորդ արարվածներ ևս սկսվեն, բայց թող լավ իմանան «Ծապլվարյան կոմունիստները», որ այդ արարներն էլ պիտի վերջանան իրենց ողբերկական մահով:

Այսօրվանից Ղազախ-Շամշադինը երկրորդ անգամ վերջնականապես մաքրվեց «բելշևիկ» կոչված անկոչ տականքներից, որոնք սարսափահար փախան Ադրբեջան: Քշվելով մեր սահմաններից, բոլշևիկները մի պատվիրակություն են ուղարկել գնդապետ Խաչատրյանին հետևյալ պաշտոնական գրությունը հանձնելու մեզ.

Դաշնակցական Հրամանատարություն, Հայկական զորամասերը անցել են Ադրբեջանի սահմանը և գրավել «Կեյնախ-գշլուխ, Կոգնա-գշլուխ»: Ռուսաստանի սոցիալիստական-դաշնակցական խորհրդային հանրապետության զորքերի հետ ընդհարում ունենալուց խուսափելու համար առաջարկված է Հայկական հրամանատարությանը անմիջապես մաքրել վերոհիշյալ գյուղը և քաշվել Հախում, հակառակ դեպքում Հանրապետությունը ստիպված կլինի զենքի ուժով ստիպելու Հայկական զորամասերին քաշվելու սահմանից:

Գանձակի շրջանի զորքերի հրամանատար՝ Վելիկանով. Գանձակի շրջանի արտակարգ կոմիսար՝ Էֆենասև. 3 հուլիս II 2157

Մենք պատասխանեցինք. —

«Վերոհիշյալ գյուղը մենք չենք գրավել և ոչ մի զորամաս սահմանը չի անցել: Մենք գրավել ենք միայն Ֆավախթունիս լեռը, որտեղից խռովարարները ռմբակոծում էին մեր զորքերին, և մենք այդ լեռը չենք կարող թողնել, որովհետև սահմանի գիծը անցնում է նրա գագաթից»

Նամակատուփի վրա մակագրված «Դաշնակցական հրամանատարություն» խոսքերի համար պատասխանվեց, որ Հայաստանի Հանրապետության մեջ «Դաշնակցական հրամանատարություն չկա, այլ կա հայ ժողովրդական կառավարություն»:

Այս բոլորից հետո պատասխանի մեջ ասված է նաև, որ նման գրություններից և սպառնալիքներից Հայկական հրամանատարությունը և նրա քաջարի Բանակը չեն վախենում:

Այս պատախսանը հաղորդվեց Սպարապետին ի գիտություն:

Մեր հետախույզները հուլիսի 3-ին բռնեցին հայտնի խռովարար Վասիլի Ծատուրյանին, որ փախչելու փորձ անելիս սպանված է: Այստեղ չեմ կարող զզվանքով չարձանագրել, որ և մենք, և բոլշևիկները մի անազնիվ ձև ունենք ծանր հանցագործներին պատժելու համար: Նախօրոք որոշվում է սպանել և ժողովրդին չգրգռելու համար հայտարարում են «փախչելիս սպանվեց»:

Վերջնականապես պարզվեց, որ Շամշադինում մենք խռովարարներից խլել ենք ութ գնդացիր, որից չորսը «Կոլտ», իսկ մնացածը «Լուիս» սիստեմի:

Շամշադինում գնդապետ Մանևը Ադրբեջանի սահմանապահ զորամասերի պետից ստացել է մի գրություն, որով պահանջել է չանցնել սահմանը, այլապես կդիմեն միջոցների:

Վախկոտ նապաստակներ բոլշևիկները, նրանք տեսնելով, որ բոլոր ճակատներում ջարդվեցին, սկսել են ամեն կողմից սպառնական գրություններ ուղարկել: Եթե դուք իրոք այդքան քաջ եք և կտրուկ, Ձեր թղթի կտորների և դատարկամիտ խոսքերի փոխարեն պիտի մեզ հետ խոսեին Ձեր թնդանոթները: Դուք այնքան անազնիվ և ուխտադրուժ եք, որ եթե ձեր ձեռքից գար ոտնակոխ անել մեր և մեզ նման ուրիշ ազգերի անկախությունը, ոչ մի միջոցի առաջ կանգ չէիք առնի ձեր սև ծրագրերն իրագործելու: Մենք վաղուց ենք ճանաչում Ձեզ և Ձեր տված «ազնիվ» խոսքերի իմաստը:

6-7 հուլիսի

Այս երկու օրը ռազմաճակատներում հանգիստ էր, գյուղացիները վերջնապես վերադարձել են իրենց գյուղերը: Ղազախ-Շամշադինի շրջանում կյանքը մտել է իր սովորական հունը: Սովն է իշխում ամեն տեղ, և կառավարությունը խիստ միջոցներ է ձեռք առնում արտակարգ օգնություն հասցնելու ժողովրդին:

Այս վայրիվերումների ընթացքում ժողովրդի առանց այն էլ քայքայված տնտեսությանը ծանր հարված հասցվեց: Պատերազմող կողմերը, իրար ձեռքից խլելով հավաքված անասունները, որ ժողովրդինն է, համարում են պատերազմական ավար: Իհարկե հայ կառավարությունը հնար եղած չափով վերադարձնում է խլված անասունները և թալանված գույքը: Բայց, այնուամենայնիվ, տուժողների թիվը շատ է: Եթե հաշվելու լինենք ժողովրդի և կառավարության վնասը, տասնյակ միլիոնների է հասնում: Մեկ կողմից խորհրդային Ռուսաստանը հաշտության բանակցություններ է վարում Մոսկվայի մեր ներկայացուցիչների հետ Լևոն Շանթի Նախագահությամբ, մյուս կողմից այդ նույն Ռուսաստանը ստորերկրյա խլուրդային աշխատանք է կատարում մեր հանրապետությունը ներսից պայթեցնելու: «Ընկեր» Լենինը, որ մի ժամանակ բողոքում էր ամեն տեսակ քաղաքականության և գաղտնի դաշնակցությունների դեմ, այսօր նա մեր և Վրաստանի դեմ նույն ստոր դիվանագիտությունն է վարում: «Սոցիալիստական Ռուսաստանը» վաղուց գաղտնի դաշն է կռել հետամնաց և հակահեղափոխական Տաճկական ուժերի հետ, կռվելու իբր թե իմպերիալիստ Անտանտի դեմ, բայց փաստորեն այդ դաշինքը ուղղված է հայ ժողովրդի և Վրաստանի դեմ:

Երկու ամսից ավել է, որ Շանթը չի կարողանում վերջնականապես հաշտության բանակցությունները վերջացնել և հաշտություն կնքել: Նա ամսի մեկին Մոսկվայից հեռագրում է, որ Սովետական Ռուսաստանը Ղարաբաղը, Զանգեզուրը և Շարուր-Նախիջևանը վիճելի է համարում և հաշվում Ռուսաստանի անբաժանելի մասը, մի պահանջ, որ ոչ ավելի ոչ պակաս անում էր Ադրբեջանի նախկին կառավարությունը, բացի այս, նրանք, ի մխիթարություն մեզ, պատրաստակամություն են հայտնում միջնորդի դեր ստանձնել Քեմալի և մեր միջև Տաճկահայաստանը կցելու մեր հանրապետությանը՝ առանց որոշելու նրա սահմանները:

«Իսկական Ռուս Կոմունիստները լավ են տրամադրված դեպի Հայաստանը և երբեք միտք չունեն ոտնատակ անելու մեր անկախությունն ու ազատությունը», ասված է հեռագրում, բայց չարամիտ հայ բոլշևիկների խորհրդով և ցուցմունքներով հաշտության բանակցությունները ձգձգվում են և մեր սեփական հողամասերը վիճելի են դառնում: Ուղղակի ապշեցուցիչ է հայ կոմունիստ կոչված տականքների թշնամական վերաբերմունքը հանդեպ այն ժողովրդի, որի ծոցից վիժել են և այն հողի, որի վրա մեծացել են:

Միամիտները միայն կարող են հավատալ, որ Ռուսաստանը իբր թե լավ է տրամադրված դեպի մեզ, նա վիճելի համարելով այդ խոշոր գավառամասերը, նպատակ ունի ձեռք գցել Ջուլֆա-Թավրիզ երկաթուղագիծը և սոցիալիստական վերարկուի տակ շարունակել ցարական Ռուսաստանի նախքին իմպերիալիստական քաղաքականությունը, այն է՝ ազդեցության շրջան ստեղծել Պարսկաստանում և վերջինս դարձնել առևտրական անբարբառ շուկա ընդդեմ անգլիական առևտրական ծավալման:

Մյուս կողմից, օղակելով Հայաստանը տերիտորիալ տեսակետից և զրկելով նրան Պարսկաստանի հետ առևտրական հարաբերության հնարավորությունից, կամաց-կամաց և աստիճանաբար հայ վասակների առաջնորդությամբ տիրել նրան: Ահա Ռուս կոմունիստների իսկական ծրագիրը:

Այն, թե Ռուսաստանը նպատակ ունի համաշխարհային հեղափոխություն բռնկել Ասիայում և տարածել այն Եվրոպայում դատարկ ուտոպիաներ են ու դրանց կարող են հավատալ միայն ու միայն «տիրացու վարժապետներ» հայ նորակնունք կոմունիստները, որոնց բերանից դեռ կաթնահոտ է գալիս և որոնք այնքան ծանոթ են և հասկանում են Մարքսի վարդապետությունը, որքան ես հասկանում եմ հեթանոսական լեզուն:

Մեկ խոսքով, ես չեմ հավատում այդ սոցիալիստական հեղափոխությանը, որ գալիս է տգետ Մոսկվայից և նպատակ ունի անցնելու լուսավոր Եվրոպան: Մարդկության այս ծանր լուծը, որ իր ուսերի վրա է վերցրել ֆիզիկապես, մտավորապես տկար, թույլ և անկազմակերպ Ռուսաստանը՝ անկարող է տանել և կընկնի կես ճանապարհին մեծ հիասթափություն պատճառելով համայն մարդկությանը և հուսահատության դուռը բանալով նրանց համար, ովքեր խելոք և հաստատուն ճամփով գնում էին դեպի այդ բարձրագույն իդեալը՝ նրան հասնելու և նրանից օգտվելու: Ռուսաստանը կընկնի իր խելագար պայքարի մեջ, և մենք պետք է զգույշ լինենք, որ նրա անկման ժամանակ էլ նահատակ չդառնանք:

10 հուլիսի

Երկու ամսից ավելի է, որ համառ և անստույգ լուրեր են պտտվում Ղարաբաղի մասին, որ իբր նա ինքնակամ կերպով բացել է իր անառիկ, լեռնոտ դռները սովետական խուժանի առաջ և ընդունել է սովետական իշխանությունը: Անհետևանք չէին այն տարաձայնությունները: Մեր գլխավոր շտաբի տված պաշտոնական տեղեկությունները գալիս են հաստատելու այդ լուրերը և փարատելու այն ինքնակամ ենթադրությունները, որ մենք անում էինք:

Մայիսի մեկից սկսած, երբ սովետական Ռուսաստանի հայ կաշառված գործակալները Հայաստանի ամեն ծայրում նկրտում էին պայթեցնելու Հայաստանի Հանրապետությունը, և մեր անվճռական ու բարեմիտ կառավարությունը մի կողմից զբաղված էր այս անգամ գործ ունենալ «սովետական Ադրբեջանի» հետ և մյուս կողմից ճնշել հայ բոլշևիկ կոչվածների դավադրությունները՝ Ղարաբաղը թողնված է եղել երեսի վրա: Հայաստանում կատարված անցքերի ելքին անտեղյակ՝ Ղարաբաղի մեր հրամանատարական կազմը թողնում է Ղարաբաղը, առանց մի գնդակ արձակելու, որովհետև ,զգուշանում էե բարդություններից և քաշվում Զանգեզուր նոր դիրքեր գրավելու:

Դրոն, որ նշանակված էր Ղարաբաղի մեր զորամասերի հրամանատար, այդ խայտառակ նահանջը բացատրում է ինֆորմացիայի բացակայությամբ:

Երկու շաբաթ հետո միայն Դրոն տեղեկացնում է իրերի իսկական դրությունը, երբ բանը բանից անցած է լինում: Մի հարցնող լինի Դրոյից, թե ի՞նչ ինֆորմացիայի է սպասելիս եղել պարոն հրամանատարը, երբ իրեն քաջ հայտնի է, որ Ղարաբաղի ինֆորմացիան անկախ կառավարությունից, միշտ հասել է երկու շաբաթից ոչ շուտ. հետևաբար, սպասել առանձին կարգադրության և նոր միայն կռվել Հայաստանի անկախ տերիտորիան ոտնատակ անող սովետական փոքրաթիվ զորքերի դեմ, նշանակում է թույլ լինել, վախկոտ և ոչ վճռական:

Բայց շան գլուխը թաքնված է եղել ոչ թե ինֆորմացիան ուշ ստանալու մեջ, այլ մի հայ զորավարի այլասերված ռուսասիրության մեջ:

Ստույգ տեղեկություններ կան, որ Դրոն ասել է`

— Ռուսների դեմ դեռ գնդակ արձակած չկամ:

Եթե մի գիտակից զորավար այդպես է տրամաբանում, ապա էլ ինչու մեղադրել հասարակ զինվորին: Սուտ է, որ ասում են թե պատմությունը մեզ միշտ դավաճանել է, ընդհակառակը պատմությունը շարունակ մեզ հետ է եղել և միշտ էլ նպաստավոր հանգամանքներով: Մենք ինքներս ենք, որ մեզ ստոր կերպով գիտակցաբար թե անգիտակցաբար դավաճանել ենք:

Հայ ժողովուրդ, դու այնքան տկար գծեր ունես, որ ես որպես քո ծոցիծ ծնած զավակ հիանում եմ և միաժամանակ հիասթափվում, երբ նայում եմ քո ախտավոր պակասությունների վրա, որոնց կարծես թե փայփայում ես ու խնամում: Քո հոգեկան լավ գծերը և արհամարելի պակասները եթե կշռելու լինենք, դու կախված կլինես դատարկության մեջ տխուր հիշողություններով:

11 հուլիսի

Մի քանի օրվա եռանդուն պատրաստություններից հետո, այսօր առավոտյան մեր Ղամարլուի զորամասը հարձակում սկսեց Բեյուք-Վեդիի վրա երեք զորասյուներով: Աջ զորասյունը փոխգնդապետ Ալեքսանյանի ղեկավարությամբ շարժվել է Արաքսից մինչև երկաթուղագիծը ներփակաբար: Միջին զորասյունը գնդապետ Ղասանբաշյանի գլխավորությամբ շարժվել է երկաթուղու գծից և Բոշ-Բարան լեռան վրա ձախ ուղղությամբ Բեյուք-Վեդիի վրա, իսկ Մարտիրոսի ձախ զորասյունը շարժվել է Աղասի Բեկլուի վրա:

Այսօր անդադար կռիվներ են տեղի ունենում, որոնք կատաղի բնույթ ունեն: Քաջալերված անցյալ տարվա հաղթություններից Բեյուք-Վեդիի թուրք-ադրբեջանցի գործակալներն ու սպաները կարծում են, որ ամեն տարի մեկ կլինի, սովոր է ասել ժողովուրդը: Չէ, Բեյուք-Վեդիցիներ, Զանգիբասարի ամոթալի փախուստից հետո և, մանավանդ, դրանից առաջ Ադրբեջանի սոցիալիստական ավազանում մկրտվելուց վերջը, դուք պիտի տեղի տաք հայ հաղթական Բանակին, որ նպատակ ունի հողամասը մաքրել ձեզ նման դավադիր, ապերախտ և միաժամանակ անհնազանդ տարրերից, որոնք իրենց իրավունք են համարում Հայաստանի հարկի տակ ապրել, բայց չճանաչել նրան:

Անցյալ տարվա մեր մոտ հազար քաջ զինվորի արյունը բողոքում են, որոնք ընկան ձեր բնական անառիկ գյուղի պատերի տակ և ընկան ոչ թե ձեր քաջության շնորհիվ, այլ մի քանի ապիկար սպաների և զորավարների ինքնավստահ ամբարտավանության պատճառով, որոնք գյուղը հաջող կերպով գրավելուց հետո զինվորներին թույլ են տալիս, որ ծառեր բարձրանան և միրգ ուտեն: Առայժմ մեր առաջխաղացությունը շատ հաջող է ընթանում և մեր զորքի ոգին բարձր է: Այն քաջագործությունները, որ այս մի քանի շաբաթվա ընթացքում կատարեց մեր փոքրաթիվ Բանակը, անօրինակ է մեր պետության պատմության մեջ:

Նկատել տամ, որ մեր ռազմական թաքնված ուժը երևան հանողը Ռազմական նախարար Ռուբեն Տեր Մինասյանն է: Այս մարդը հեղափոխական մեծ անցյալ ունի, կտրուկ է, անվախ և վճռական: Հենց որ Ռուբենը ստանձնեց զորական նախարարի պաշտոնը, մի այնպիսի փորձանք եկավ մեր դեռ թույլ պետության գլխին, որ եթե մի ուրիշը լիներ, գուցե ամեն բան կորած լիներ. նա առանց գլուխը կորցնելու, կարողացավ մի քանի օրվա ընթացքում տականքների ապստամբությունը խեղդել իր բնի մեջ: Տաճկահայերին, մասնավորապես սասունցիներին ու մշեցիներին, ծանոթ է Ռուբենը, որ մատի մի շարժումով կարող է այդ հերոսական ժողովրդի երիտասարդ ուժերը իր շուրջը համախմբել, որպես ամենավստահելի տարր:

Լինելով փախստական-հեղափոխական՝ նախարար Ռուբենը գլխավորապես իր գործողության կենտրոնը արել էր Սասունը և Մուշի դաշտը. նա լավ է ճանաչում այդ ժողովրդին և սիրում է նրանց: Նույնքան և կարելի է ասել ավելին, ճանաչում է քրդերին, որոնց այնքան գովասանք էր շռայլել իր մի հոդվածում, որ ուսումնասիրական փորձ էր քուրդ ժողովրդի բնութագիծը երևան բերելու համար:

12 հուլիսի

Գլխավոր շտաբը հաղորդում է, որ հուլիսի 12-ին վաղ առավոտյան կռիվը վերսկսվում է ավելի կատաղի բնույթ ստանալով, սակայն ժամը 5-ին Բեյուք-Վեդին ընկնում է, և թաթարները, թողնելով ամեն բան, փախչում են Դավալուի ուղղությամբ: Մենք կորցնում ենք 5 սպա սպանված, և 6 վիրավոր, մեր ընդհանուր կորուստը լինում է մոտավորապես 200 հոգի: Թաթարների կորուստը դեռ պարզ չէ, բայց, համենայն դեպս, ասված է հեռագրում՝ մերինից շատ է: Կռվի դաշտում թշնամին թողել է 100 դիակ, իսկ վիրավորներին կարողացել է տանել: Այսպիսով Զանգիբասարից հետո ընկավ Բեյուք-Վեդին, որ արատ էր բերում մեր պետությանը և Բանակին: Այժմ մեր ճանապարհը բաց կարելի է համարել դեպի Նախիջևան, որի համար նույնպես ահագին արյուն ենք թափել: Իմ կարծիքով թաթարները, այդ երկու ամրացած որջերից պոկ գալով այլևս ոչ մի լուրջ դիմադրություն չպիտի ցույց տան մեր խելագար բանակին, որ գնում է հա գնում: Մեր շտաբում այն կարծիքն է տիրում, որ Գայլի Դրունքի մոտ լուրջ կռիվներ կարող են պատահել: Այո, կարող են, եթե թաթարները սարսափահար չփախչեն. ինչպես մենք փախանք Էրզրումից: Եթե մենք դժբախտություն չունենայինք Ղարաբաղն ու Զանգեզուրն ունենալ մեր կողքին, այն էլ սովետական իշխանության տակ, մենք ահագին հաջողություններ կունենայինք: Սեպուհի կարծիքով, եթե այն բոլոր ծախսերը՝ ռազմամթերք և մարդկային հսկայական զոհերը, որ կառավարությունը տվեց Ղարաբաղն ու Զանգեզուրը ազատելու, գործածվեր Տաճկահայաստանը գրավելու, այժմ եթե ոչ ամբողջ, գոնե մի մասը գրաված կլինեինք:

 

Շարունակել Կարդալ՝ Մաս 4