ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ 2

ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ )

Մաս 2

(1920 թ․ հունիս 20 — 30)

20 հունիսի

Խանկալամովը և Ա. Հովհաննիսյանը Քարվանսարայից եկան: Դրությունը ավելի քան վատ է: Այսօր երեկոյան ժամը 4-ին Ապստամբները գրավեցին Իջևանը (Քարվանսարա): Մեր զորքերը դիրք են բռնել 9 վերստի վրա դեպի Դիլիջան: Նրանք ռմբակոծել են Իջևանը և մի քանի ռումբ ընկել է փողոցում և վնաս չի պատճառել:

Մեր անհաջողության հիմնական պատճառը ցարական ապիկար գեներալ Խանկալամովն է, որ շարունակ ռազմական հաղորդագրություններով տեղեկացրել է գլխավոր շտաբին, որ այս ճակատում «անփոփոխ» է, և այս սուտ տեղեկությունները ասել է այն ժամանակ, երբ մենք 42 գյուղ ձեռքից տվել ենք: Հակառակորդը Դիլիջանից տասն և ութ վերստի վրա է: Երբ Հովհաննիսյանը ասել է, որ Դիլիջանը վտանգվում է, նա սառնությամբ պատասխանել է. «դատարկ բան է՝ մենք սրանց ետ կքշենք»: Ապիկար մարդ, քշելը կքշենք, բայց ինչու՞ դրությունը հասցնել մինչև այնտեղ, որ ազգաբնակչությունը ահաբեկվի:

Պառլամենտի անդամ և այստեղի դաշնակցության ընդհանուր լիազոր Արշակ Հովհաննիսյանը գիշերվա ժամը 10-ին ուղիղ հեռագրաթելով հաղորդեց վարչապետ Համո Օհանջանյանին, որ առանց ուշանալու զորամասերի հրամանատարությունը հանձնի Սեպուհին: Երեք ժամ հետո նախարարական խորհրդակցությունը որոշեց և հաղորդեց, որ Սեպուհը նշանակվում է Ղարաքիլիս-Դիլիջանի զորքերի հրամանատար:

Թեև շատ ուշացած է այս կարգադրությունը, բայց բոլորս էլ հույս ունենք, որ նախկին հեղափոխականի ռազմական հանճարն ու փորձառությունը դրությունը կփրկի:

Ես ու Ծաղիկյանը ժամը մեկին Սեպուհին գնացիք, երբ նա մեկտակ շապիկով և վարտիքով նստած էր մի փոքրիկ սենյակում, լսում էր Խանկալամովի թիկնապահի գործերի հանձնման զեկուցումը: Վեհ էր այդ րոպեին Սեպուհը, նրա առանց այն էլ մռայլ դեմքը ավելի ևս կնճռոտ էր, սառնասրտությամբ ծխում էր և շփում ճակատը, որ սովոր էր տանել այդպիսի հանկարծակի վայրկյանները: Նա մանրամասն հաշիվ պահանջեց զենքերի, ռազմանյութերի, պարենի և այլ պատերազմական անհրաժեշտ իրերի քանակի մասին. ապա հրամայեց հեռագրով անմիջապես խորքից կանչեն մեր շտաբի պետ և իմ ընկեր Գրիգոր Ամիրյանին և ավագ թիկնապահ Մուշեղ Թանատոսին, … (բառն անընթեռնելի է, հավանաբար՝ ապա -Գ.Ռ.) հազար հոգու հաց պատրաստել տվեց և ամբողջ շրջանում զենքի տակ կանչեց 20-40 տարեկաններին: Փոխեց ճակատի մի քանի գնդացիրներ, հեռախոսով զորամասերի պետերին հայտնեց իր հրամանատարական պաշտոնի ստանձնելը և խրոխտ ձայնով հաղորդեց, որ եթե մի սպա կամ զիվոր իր բռնած դիրքից նահանջի, նա տեղն ու տեղը պիտի գնդակահարվի: Քաղաքում և կարևոր կետերում պահակներ կանգնեցնել տվեց և հրամայեց, որ ոչ մեկին թույլ չտան քաղաքից հեռանալու, ով էլ որ լինի: Կազմեց սպայական հարվածող մի գունդ, տալով նրանց հրացաններ և ձիեր: Այս բոլորը կատարվեցին մի ժամվա մեջ: Առավոտյան 5 ժամին նա Ծաղիկյանի հետ կառքով մեկնեց Ռազմաճակատ:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Դիլիջանի և Շամշադինի շրջանի գյուղացիական այս կրկնվող ապստամբությունները սևագույն էջ են կազմում:

Ցերեկվա ժամը 1-ն է հիմա. զինվորական իշխանությունը Սեպուհի ձեռքն անցնելուց հետո տասներկու ժամ է անցել, և այսքան կարճ միջոցում արդեն ճակատի դրությունը փոխվեց դեպի լավը: Մեր հետախույզները 15 վերստ դեն են անցել իրենց բռնած դիրքերից և հակառակորդին չեն հանդիպել. զորքը շարժվում է առաջ իրեն օգնության հասնող 600 թարմ ուժերով: Այժմ պարզվում է, որ Իջևանում կռիվների ժամանակ 110 գերի ենք տվել և բոլորովին զուր տեղը:

Գնդապետ Կարելկովին, ինչպես երևում է, պատասխանատվության են կանչելու դիրքերը ինքնակամ թողնելու համար:

Նոր Դիլիջանի (Սլաբոդիս) մոլոկանների գյուղը, որ քաղաքի տակն է, լսելով «բոլշևիկ» կոչված տականքների առաջխաղաղությունը, գիշերը ժողովներ է արել, երևի մեր թիկունքից մեզ խփելու: Նրանք ինչպես երևում է, դեռ չեն լսել, որ իշխանությունը Սեպուհի ձեռքն է անցել. թող չմոռանան, որ եթե մի փոքրիկ շարժում նկատվեց այդ կալվածատեր, արտոնավայել և դավաճան մոլոկանների կողմից, Սեպուհը առաջվա նրանցից առած երեք միլիոն փող և հարյուր գլուխ անասուն տուգանքը կեռապատկի ու նրանց ցույց կտա, թե ինչպես են համարձակվում հանրապետական Հայաստանի դեմ կռվելու:

Չի կարելի այստեղ չասել, որ մեր կառավարությունը շատ հանցավոր է կալվածատեր, մանր բուրժուա մոլոկան համայնքներից հողերը չխլելու համար: Նա այդ բանը վաղուց պիտի աներ, և այդ հողերը բաժաներ շրջակա հայ հողազուրկ գյուղացիությանը: Այդ բանը նոր էր մտածել և սկսել են գործադրել: Լավ է ուշ, քան երբեք, ասում է առածը:

Այս գիշեր Ճակատագրական գիշեր էր մեր համար. է՛լ կառավարական ժողովներ, էլ գաղտնի խորհրդակցություններ չմնաց, որ չանեինք: Լավ էր, որ կառավարությունը համաձայնվեց զիջել իշխանությունը Սեպուհին, թե չէ որոշված բան էր, որ պիտի ձերբակալեինք գեներալ Խանկալամովին և կուսակցական դիկտատուրա կամ Հայրենիքի փրկության կոմիտե պիտի կազմեինք Սեպուհի ղեկավարությամբ ու սկսեինք գործել: Այս գիշեր բոլորովին անքուն էինք և ոտքի վրա: Ես հոգեպես գոհ եմ, որովհետև ամբողջապես կտրված եմ կոչեր, ազդեր և հրահանգներ գրելով: Թեև անքնությունից կոպերս արդեն ծանրացել են, բայց չեմ ուզում օրագրիս այսօրվա գործը թողնել մյուս օրվա: Այս րոպեիս իմ ընկեր Հովհաննիսյանը և Ծաղիկյանը անուշ քնանում են, բայց ես նստած գիր եմ գրում: Իմ մահճակալը պարապ ձգված իրոք դժգոհում է, որ իրեն աննորմալ դրության մեջ եմ դրել:

Ընկերներս, որոնց հետ ապրում եմ միևնույն սենյակում, ազնիվ երիտասարդներ են, ես կրտսեր եմ, բայց ինձ հարգում եվ սիրում են, ինչպես ես նրանց: Րոպե չի անցնում, որ չվիճենք, չխոսենք մեր ժողովրդի և մեր անկախության մասին, մեր ազատության շուրջը: Քիչ բաներում մեր կարծիքները տարբերվում են իրարից: Մենք խոր դառնություն ենք զգում, երբ գալիս ենք այն եզրակացության, որ ժամանակներս ուղղակի մտրակով ենք ուզում մեր ժողովրդին փաթաթել ազատության և անկախության գաղափարը: Մեր ժողովուրդը այնքան է սովորել այս կամ այն ցեցի, ցեղի կամ հզոր ժողովրդի ստրկական լծին, որ մենք նրան մտրակով ենք լծից հեռացնում, իսկ նա առանց մտրակի և բռնի ուժի, իր իսկ սեփական ձեռքով վերցնում է այդ ծանր լուծը, վիզը ուրախությամբ պարզում է նրա տակ: Դառն է այս իրողությունը, բայց ճշմարիտ է: Ճակատի դրությունը առայժմ լավ է և զորքի ու ժողովրդի ոգին բարձր, իմը՝ նույնպես, մանավանդ, որ մինչև այժմ կատարված դեպքերը թղթի քաշեցի:

Ես էլ վեր կենամ մի քիչ հանգստանամ, բայց տեսնենք ժամը քանի՞սն է. իրիկվան հինգն է: Օրագիրս չեմ փակի, որովհետև այսօր անպատճառ էլի գրելու բան կունենամ, թանաքս էլ վերջանում է, իսկ Հայաստանում թուղթ ու թանաք ճարելը հիմա նույնքան դժվար է, ինչպես հաց և հագուստ, որի համար նույնքան նեղանում ենք:

Դառնությամբ եմ շարունակում այսօրվա օրագրությունը. «բոլշևիկ» կոչված տականքները ասում են, սոցիալիստական հեղափոխություն են կատարում: Նրանց հավատալու համար կամ պետք է չափազանց միամիտ լինել, կամ անծանոթ Մարքսիստական վարդապետության: Նրանք գրգռում են գյուղացիությանը Հայաստանի Հանրապետության դեմ պատճառաբանելով, որ այդ կառավարությունը հակահեղափոխական է և օրենքից դուրս, ահա որն է նրանց տրամաբանությունը, որը շատ մոտ է հգինգոտների լոգիկային: Ու՞մ հայտնի չէ, թե բոլշևիկները Ռուսաստանում ինչքան սոցիալդեմոկրատներ և ձախ ու աջ սոցիալ-հեղափոխականներ կախեցին կամ գնդակահարեցին, որպես հակահեղափոխականներ:

Տաճկահայ կոտորված, ջարդված մնացորդները 1918թ. ահաբեկված թուրք-թաթարական հրից ու սրից ապաստանեցին Դիլիջան և հիմա էլ, որպես հողազուրկներ ապրում էին այս շրջանում ամերիկյան օգնությամբ: Դրանք, որ հարավի բարբարոս միապետական թուրքիայից էին ահաբեկված՝ երկու տարի, ինչ այդ մղձավանջը վերացել է և նրանք լավ թե վատ մի կերպ ապրում էին: Այժմ գալիս է, և այս երկրորդ անգամն է, հյուսիսի ավելի քան բարբարոս սոցիալիստական Ռուսաստանը, ահ ու սարսափի մատնած ամբողջ ազգաբնակչությանը, և տաճկահայը, նորից, քարավան կազմած անոթի, ծարավ, իր տունը կորցրած, բոբիկ ու մերկ, երեխաները ետև ձգած գալիս է նա հարյուրավոր վերստեր կտրելով: Այս առողջ բնազդով ժողովուրդը, որ սոցիալիզմից այնքան է հասկանում, որքան ես թզուկների լեզուն՝ փախչում է նրանց կարգերից, նրանց իշխանությունից: Նա իրավունք ունի փախչելու ասիական բռնակալությունից և ասիավարի սոցիալիզմից, որովհետև նրանք միևնույն բաներն են:

Ադրբեջանը Սոցիալիստական է, սովետական. և հայ ժողովրդի կառավարությունը, որ նրա կամքի ճշմարիտ արտահայտությունն է, միապետական, հակահեղափոխական: Օ՜ , կյանքի որպիսի ծաղր:

21 հունիսի

Մեր ուժերի համախմբումները դեռ չեն վերջացել, իսկ խռովարարների բանդաները առաջ չեն գալիս, որովհետև գիտեն, որ իրենց համար գերեզման է փորվում: Արդեն ճակատում այնքան ուժեր ունենք, որոնք կարող են եղած դրությունը պահել մինչև մեր նոր ուժերի առաքումը:

Հրամանատարի անունով հեռագիր ստացվեց հայկական բանակի ընդհանուր հրամանատար Նազարբեկյանի ստորագրությամբ, ուր ասված է, թե խռովարարներին ճնշելիս ազգաբնակչությանը պետք է վերաբերվել մարդասիրաբար, ի նկատի ունենալով նրանց պարենավորման ճգնաժամային դրությունը, Նազարբեկյանը առաջարկում է միմիայն պարագլուխներին խիստ կերպով պատժել: Մի ուրիշ հեռագրում հաղորդվում է նույն աղբյուրից. Զանգիբասարի մեր գործողությունները փայլուն կերպով վերջացան: Ընդհանուր շտաբի պետ Վեքիլովը գալիս է այստեղ: Զինվորականները գտնում են, որ նա շատ լավ ռազմագետ է, այդ պատճառով նրա ներկայությունը անհրաժեշտ է: Զանգիբասարի կռիվներին մասնակցող մի քանի վաշտեր, բեռնակիր ավտոմոբիլներով և գնացքով, արդեն ճամփա են ընկել դեպի Դիլիջան: Մյուս բոլոր ճակատներում կռիվներ չկան: Ինչպես այս հեռագրից երևում է, մեր կառավարության ամբողջ ուշք ու միտքը կենտրոնացված է այս ճակատի վրա: Երեկ և այսօր ես առաջին անգամ զինվորականի հաճույքը ստացա դեսուդեն վազվզելով հրահանգներ, ազդեր և կոչեր գրելով և այս ու այնկողմ ուղարկելով: Ինձ առանձնապես հաճույք է պատճառում այն, երբ հրամանատարը ուղիղ հեռագրաթելով խոսում է զորական նախարարի կամ վարչապետի հետ հաղորդելով միշտ կարևոր բան և պատասխան ստանալով: Ես խուճապներ, նահանջներ շատ եմ տեսել, բայց չի պատահել մի դեպք, որ մի կռիվ տեսնեմ կամ գործուն մասնակցություն ցույց տամ: Իմ կարծիքով սոսկական զինվոր լինել ամենից բարձր է:

Հրամանատարին մի քանի անգամ խնդրել եմ, որ ինձ ուղարկի առաջավոր դիրքերը, բայց նա միշտ խուսափողական պատասխան է տալիս, որը ինձ ավելի է մղում դեպի ճակատը:

Արդեն մի ձի ստացա, մի սիրուն սևաթույր ձի, որը, Ծաղիկյանի կարծիքով, շատ լավ նժույգ կդառնա: Երեք տարեկան է, բարակ մեջք ունի, ամուր ոտքեր:

Պատերազմական ավար է, դեռ վարժ չէ, ինչպես երևում է՝ տերը շատ ձիեր է ունեցել, որ մինչև հիմա սրան չի նստել: Ամենայն հավանականությամբ ես մտնելու եմ Ծաղիկյանի ձիավոր հարյուրակի մեջ:

Պառլամենտի անդամ Խոսրով Պապոյանը հենց հիմա եկավ Շամշադինից և, օ, զարմանք, պատմեց, որ այնտեղ մեր այս ճակատի անհաջողությունների մասին բացարձակապես ոչինչ չգիտեն: Այնտեղ մերոնք նորանոր գյուղեր են գրավում, և գյուղացիները գալիս զինաթափվում են:

Էլ չեմ կարող գրել, որովհետև հոգնած եմ թե մտավորապես և թե ֆիզիկապես։

22 հունիսի

Չնայած, որ երեկ առավոտվանից ազդերով հայտարարված է, որ քաղաքը զինվորական դրության մեջ է, և երեկոյան ժամը 9-ից հետո ոչ ոք իրավունք չունի փողոց դուրս գալ, բայց երեկոյան ժողովուրդը ըստ իր սովորականի զբոսնում է փողոցներում:

Դիլիջանի և Շամշադինի ամբողջ գավառի Հ.Հ.Դաշնակցության լիազոր և պառլամենտի անդամ Արշակ Հովհաննիսյանը, տեսնելով այդ զանցառությունը, դուրս եկավ և, կանգնելով մեր սենյակի պատշգամբում, իր ահռելի ձայնով բղավեց, որ տները գնան, միևնույն ժամանակ, կանչելով միլիցապետին, հայտնեց նրան, որ չհնազանդվողներին ձերբակալել և բանտարկել:

Այսօր առավոտյան ժամը 9-ին գնդապետ Իշխանյանի զորամասը առանց կռվի մտել է Իջևան: Այդ մասին պաշտոնական տեղեկություն չստացվեց մինչև երեկոյան 8 և կեսը. ամբողջ 12 ժամ, ուրեմն կանոնավոր կապ և հաղորդակցություն չկարողացանք հաստատել Իջևանի հետ: Չնայած, որ այնտեղից եկող ականատեսները պատմում և հաստատում էին այդ լուրը, բայց Սեպուհի շտաբից ոչ մի լուր, տեղեկություն չարվեց Սպարապետ գեներալ Նազարբեկյանին:

Իջևանի ուժերի գնդապետ Իշխանյանի սուրհանդակը եկավ երեկոյան ուղիղ ութ և կեսին և բերեց մի քանի հաղորդագրություններ գրված քիմիական և հասարակ մատիտներով: Այդ տեղեկությունների մեջ ասված էր, որ մեր ուժերը առանց կռվի մտել են Իջևան: Խռովարարները թալանել ու տակնուվրա են արել քաղաքը, բռնաբարել մի քանի կանանց և իրենց հետ տարել են հարյուր պատանդ՝ կառավարության հավատարիմներից, որոնցից 4-ին տեղնուտեղը գնդակահարել են, որոնց թվում և գնդապետ Խաչատրյան: Խլել տարել են ահագին քանակությամբ եղջրավոր անասուններ, որոնք հետ են խլվել մեր հետապնդող զորամասերի կողմից: Անասունների մասին Իշխանյանը կարգադրություններ էր խնդրում: Սեպուհի կարգադրությամբ և պառլամենտի անդամ Ներսես Ավագյանի նախագահությամբ իսկույն մի հանձնաժողով մեկնեց Իջևան պատերազմական ավարը նույնությամբ ցուցակագրելու: Ռազմական նշանակություն ունեցող գույքերից և ձիերից բացի մնացյալ ավարը նույնությամբ հետագայում վերադարձվելու է իրենց տերերին:

Ութերորդ գնդի գումարտակապետ Մուրատը հայտնի չէ, թե ուր է, մինչև վերջին պահը նա չի վերադարձել:

Դեմչենկոյի զորամասից տեղեկություն չի ստացվել:

Խռովարարները խուճապի մատնված գլխավորապես փախչում են Շամշադինի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հունիսի 20-ի դրությունը, որը ճգնաժամային էր, անցած է: Մեր օգնական ուժերը բեռնակիր ավտոմոբիլներով տեղ հասան և նրանք ուրախ են, վճռական, որովհետև գալիս են Զանգիբասարի փայլուն հաղթական կռիվներից:

23 հունիսի

Այսօր առավոտյան հրամանատար Սեպուհը, Հայաստանի Բանակի շտաբի պետ Վեքիլովի և իր խորհրդակից ու հավատարիմ թիկնապահ-ընկերոջ Ծաղիկյանի հետ վայաշարժով մեկնեց Իջևանի ռազմաճակատը: Այստեղի շտաբի գործերը վարում է շտաբի պետ կապիտան Պալյանը: Գնդապետ Հակոբյանի կալոնան, որին խնդիր է դրված գրավել Արմուտչի գյուղը, հաջող է անցել: Սա Երևանի այն պահակախումբն է, որ մասնակցել է Զանգիբասարի կռիվներին և որը եկել էր բեռնակիր ավտոմոբիլներով: Գեն. Մամիկոնյանի զորամասի այն խնդիրը՝ առավոտյան ժամը 9-ին անցնել Քարվանսարայի թիկունքը, թշնամու նահանջի ճանապարհը կտրելու, անցել է անհաջող: Այսօրվա տեղեկություններով հաստատվում է, որ 8-րդ գնդի գումարտակի կապիտան Մուրատը սպանվել է՝ հերոսաբար կռվելուց հետո:

Իջևանից Սեպուհը հայտնեց, որ ինքը ուզում է այստեղից անցնել Ֆիոլքենդ, ուր հիմա կանգնել է Բեկ Մամիկոնյանի նահանջող զորամասը:

24 հունիսի

Այս շրջանի մեր անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկն էլ հացի ճգնաժամն է: Սեպուհը Իջևանից Արշակ Հովհաննիսյանին խնդրում է.  որ նա հրամանատարի ու իր անունից դիմումն անի վարչապետին՝ անմիջապես ալյուր ուղարկելու: Ժողովուրդը գալարվում է սովի ճիրաններում, մարդիկ ուժասպառ չեն կարող գործի գնալ: Եթե այդ կարգադրությունը անհապաղ չկատարվի, ասում է Սեպուհը, ստիպված կլինենք այս շրջանը թողնել:

Այս գիշեր Իգդիրից եկան 4-րդ բրիգադայի շտաբի պետ և իմ մտերիմ ընկեր Գրիգոր Ամիրյանը և Սեպուհի թիկնապահ Մուշեղ Թանատոսը: Նրանք Իգդիրի կողմից մասնակցել են Զանգիբասարի գործողություններին, որ շատ հաջող է անցել: Չմոռանամ հիշել, որ Բեկ Մամիկոնյանը Շամշադինից նահանջելիս հակառակորդի ձեռքն է թողել հին սիստեմի երկու թնդանոթ, որոնց բանալիները հանված են եղել: Սակայն հույս կա, որ դրանք ետ կգրավենք, որովհետև մեր առաջխաղացությունը շատ արագ է կատարվում:

Վերջնականապես պարզվել է, որ Դիլիջանի և Շամշադինի շրջանի ապստամբությունները կազմակերպել և ղեկավարել են ինչ-որ Բերբերյան-Քալանթարյան, փոխ գնդապետ Մնացականյան, որը պաշտոնավարում էր առաջին զինվորական միլիցիական գնդում՝ Շամշադինի շրջանում և մի ոմն Ազիզյան: Նահանջելիս նրանք ահաբեկման տակ տեղական բնակչությանը տեղահան են անում՝ քշելով նրանց Ադրբեջան: Այս խռովությունների ժամանակ վերոհիշյալները ամեն ջանք գործ են դրել, որ Ադրբեջանի Կարմիր բանակը մասնակից լինի ապստամբությանը՝ ակտիվ գործողություններ սկսելով Հայաստանի հանրապետության դեմ, բայց Ռևկոմի չափավոր անդամները դեմ են եղել դրան: Ռազմաճակատների անվտանգության հետևանքով, այսօրվանից վերացվեցին Դիլիջանից դեպի Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր — Գ.Ռ.) և Երևան տանող կամուրջների պահակները: Երթևեկությունը ազատ է, կյանքը մտավ իր նորմալ հունը, քաղաքում անդորր է տիրում: Կամաց-կամաց Հայաստանի զանազան քաղաքներից և Վրաստանից խումբ-խոմբ գալիս են ամառանոցավորները: Համեմատաբար, նրանց թիվն այս տարի շատ քիչ է, որովհետև հացի ճգնաժամ է այստեղ:

Թերթերն ասում են, որ Վիլսոնն ընդունել է Հայաստանի սահմաններ գծելու իրավարարությունը, որը մեծ ուրախություն պատճառեց քաղաքականությամբ հետաքրքրվողներին: Հայաստանի անունով Ամերիկայից ստացվել է էլի 250000 փութ ալյուր, որը մեզ մի կերպ կարող է գցել մինչև հունձը: Մեր հացի տագնապը շատ-շատ մի ամիս էլ տևի, որից հետո այդ սպառնալիքից կազատվենք, որովհետև այս տարի բերքը հրաշալի է:

Կապիտան Պալյանը այսօր Նազարբեկյանից մի գաղտնի հեռագիր բերեց, որը ես անձամբ ստացա: Այնտեղ ասված է, որ փամփուշտը խնայողաբար պետք է օգտագործել, որովհետև ամբողջ Հայաստանի գլխավոր ռազմամթերանոցում մնացել է ընդամենը հարյուր հազար փամփուշտ: պարզվում է, որ Զանգիբասարի վեց ժամվա կռիվներում մեր զորքը վառել է 250000 փամփուշտ: Մեր սրիկա կամավորները, որոնք միայն թալանի և բռնաբարության համար են գալիս ռազմաբեմ, չափից դուրս շռայլ են և անհասկացող: Քանի-քանի անգամ նրանց ասված է, որ փամփուշտը խնայողաբար գործ ածեն և միմիայն նպատակին, բայց ու՞մ ես ասում: Իմ կարծիքով դրանք բացի վնասից Հայաստանին ոչ մի օգուտ չեն բերում: Բայց ինչ արած, զորք բավականաչափ չունենալու պատճառով, ստիպված ենք առայժմ նրանց օգնության կանչել: Անաչառությամբ պետք է խոստովանել, որ նրանք մեր ամենավտանգավոր պահին իսկույն դուրս են գալիս մեր սահմանները պաշտպանելու, անպայման զգալի կերպով թեթևացնում են մեր ծանր դրությունը, բայց դրա հետ միասին այնքան անկարգություն, թալան և բռնաբարություններ են անում, որ եթե նրանց շահն ու օգուտը կշռելու լինենք տակը միայն տխուր հիշողություններ են մնում: Սակայն զինվորականները, որոնք առհասարակ անգութ են և միայն մի նպատակ ունեն, հաղթել թշնամուն, մի կերպ հաշտվում են այդ բոլորի հետ, «պատերազմ է , այդպես կլինի» ասելով:

Ախ, ե՞րբ կգա մի օր, որ մենք ռազմական բոլոր գործիքները, որպես երջանիկ հասարակարգի քաղաքացիներ, տեսնել ուզենանք, բայց չկարողանանք գտնել: Սա գուցե երազ թվա ժամանակակից մարդու համար, ես այդ օրվան վաղ թե ուշ սպասում եմ, որ նա կգա: Արդեն բավական գրեցի և կարծում եմ, որոնցից հետո էլ թարմ լուրեր չեն կարող գալ, որովհետև ուշ գիշեր է և, եթե գալու լինեն, կարձանագրեմ վաղվա օրագրում:

25 հունիսի

Ստիպված եմ մատիտով գրելու, որովհետև թանաք չկա. շտաբում չի ճարվում: Ցարդ թանաքով գրելը երջանիկ բացառություն էր: Խեղճ Հայաստան, ի՞նչ ունես, որ թուղթ ու մելան ունենաս: Այս օրերը, երբ մենք կռվում, կոփում ենք հայ ժողովրդի ճակատագիրը բացառիկ են: Ոչ մի նպաստավոր հանգամանք չկա, որ … (չի ընթերցվում հավանաբար՝ “ավարտվի այս” -Գ.Ռ.) մեր հերոսամարտը:

Մեր մյուս ռազմաճակատներից հաղորդագրություններ չկան, և զարմանալի է: Միայն երեկ ստացանք Ղարսի զորամասերի հրամանատար Հովսեփյանի հաղորդագրությունը Օլթիի մի առաջխաղացման մասին: Թշնամին պատկառելի ուժեր է կենտրոնացրել այդ ճակատի վրա` նախահարձակ լինելու: Ունեցել է հեռախոսներ, գնդացիրներ, թնդանոթներ և պատերազմական վերջին ոճով շինված արվեստական դիրքեր ի լրացումն բնական դիրքերի: Մերոնք վաղուց պատրաստվում էին առաջ խաղալու Օլթիի վրա՝ գրավելու նրա ածխահանքերը, որոնք ներկայումս հացի չափ անհրաժեշտություն են ներկայացնում Հայաստանին: Ինչպես երևում է, թշնամին հոտ էր առել այդ մասին, դրա համար ուզեց կանխել մեզ. թշնամու Կարա-Բեքիրի զորքերը հունիսի 18-ին հարձակման են դիմում: Մեր զորքերը անմիջապես դրվում են զորաշարժման մեջ և երեք ուղղությամբ սկսում են հարվածել թշնամուն: Աջ զորասյունը նույն օրը երեկոյան դեմ բռնում է ճանապարհ բաց անող դիրքերը: ԴորտՔիլիսում միջին զորասյունը բռնում է նույնպիսի դիրքեր Մերտենեկի մոտ, իսկ ձախակողմյան զորասյունը՝ Բեկկելի դիրքերում: Հետևյալ օրը, հունիսի 19-ին, առավոտյան հիշյալ զորամասերը անցնում են հարձակման: Աջակողմյան զորասյունը կեսօրին կռվով գրավում է Փանշուրեթի լեռնանցքը և Դորտ-Քիլիսից հարավ ընկնող Կուլու սարի մոտ հանդիպում է դիմադրության՝ 5 ժամ տևող համառ կռվից հետո գրավում է Ազունդիր կոչված յայլաղը, և նույն գյուղի մոտ գտնվող լեռը: Սույն զորամասի դեմ գործելիս են եղել ընդամենը 100 մարտիկներ 1000 տաճիկների ղեկավարությամբ:

Թշնամին ունեցել է 1909թ. տիպի երկու թնդանոթ և 4 «Մաքսիմ» գնդացիր: Տաճիկները կանոնավոր կազմակերպված են եղել: Յուրաքանչյուր ասկյար ունեցել է ուսից փաթեթ և իրերի պայուսակ: Բացի այդ, թշնամին հնարավորություն է ունեցել օգտվելու անտառածածկ մասերում եղած պատրաստի դիրքերից, իսկ մեր զորքերը կռվել են բաց տարածության վրա:

Երրորդ զորասյունը Բերաջլի գյուղի շրջանում հանդիպելով հակառակորդի ուժեղ դիմադրությանը, գրավում է այն և ահագին ավար վերցնում: Հունիսի 20-ի կռիվները վճռական բնույթ են ստանում, որից հետո թշնամին գլխովին ջարդվում է, և մեր երեք զորասյուները նույն ամսի 21-ին միանում են իրար ածխահանքերի արևմտյան մասում: Նահանջի ճամփին թողնում է ահագին վիրավորներ և սպանվածներ, իսկ մենք ունենում ենք 5 սպանված և 22 վիրավոր: Ջարդված թշնամու նահանջն այնքան արագ և խուճապային է եղել, որ մեր ձեռքն է ընկել երկու արագաձիգ լեռնային թնդանոթ, 4 «Մաքսիմ» գնդացիր և 100000 երեք գծանի փամփուշտ, մոտ 300 լեռնային թնդանոթի հրանոթ (հավանաբար արկ, ռումբ — Գ.Ռ.), բազմաթիվ լեռնառումբ, փռներ և համբարակային պահեստ, ուր կենտրոնացած է մոտ 1200փ հացահատիկ, 50փ պաքսիմաթ, 50-ական փութ թխած հաց և շաքար, իսկ ռազմադաշտի ողջ տարածության վրա ձգված են եղել բազմաթիվ անասուններ: Բռնվել են սայլեր ամբողջ փախչողներով, որոնց առաջարկված է հանձնել զենքերը և վերադառնալ իրենց տեղերը:

Մեր լավագույն ռազմագետներն անգամ հաստատում են, որ մեր կանոնավոր զորամասերը առաջին անգամ են հանդիպում այսպիսի կանոնավոր տաճկական բանակի, որը պատրաստված է եղել պատերազմական արվեստի վերջին ոճով, բայց և ջարդվել է: Սա մի փառավոր ապացույց է, որ մի քիչ, եթե շունչ քաշել տան մեր արտաքին և ներքին թշնամիները, մենք բոլորի հետ մեր հաշիվները կամացկամաց կմաքրենք և կգրավենք մեր մայր երկիրը, առանց խնդրելու, որ արտաքին ուժերը մեզ օգնեն և հետագայում փորձանք դառնան մեր գլխին: Սակայն, դա դեռ սկիզբն է փրկաց. Հայ ժողովուրդը դեռ շատ բան ունի ասելու մեր ֆիզիկական գոյության ոչնչացնել ցանկացող մեր թշնամիներին և մեզ բլորովին թույլ կարծող լիրբ Եվրոպային, որի չարչիական հաշիվների պատճառով այսքան արյուն ենք թափում: Հիմա մենք ճիշտ ենք ըմբռնում իրերի դրությունը, իսկական դրությունը: Ոչ-ոքի չապավինել, այլ մեր հույսը դնել մեզ վրա և անել այն, ինչ Վերսալն ու Սան-Ռեմոն որպես թե ցանկանում են, բայց չեն անում:

26 հունիսի

Մինչև մեր քաջարի Բանակը նորանոր հաղթանակներ է տանում Սուլթանական Տաճկաստանի դեմ և քայլ առ քայլ մոտենում է դարերով երազած իր գաղափարին-տեսնել հայ արյունլվա խեղճ ժողովուրդը ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ, այնտեղ տխրահռչակ Ղազախ-Շամշադինում իր ավելի քան տխրահռչակ զավակներով դուրս եկած կռվի դաշտ, դաշույնով հարվածում է մեր թիկունքը, «կոմունիստական» շարժում առաջ բերելու համար, չգիտեմ սա բախտի խա՞ղ է, թե ստրկությունից նոր ազատագրված մի խեղճ ժողովրդի խելակորույս ուրախություն, որի մեկ ծայրը անսահման ուրախությունն է, իսկ մյուսը՝ կամովի ստրկությունը: Երեկվա տիրացու «վարժապետներն» ու գող ավազակ ծույլերը միացած իրար դուրս են եկել «սոցիալիստական» հեղափոխություն են քարոզում, և ժողովուրդն էլ գնում է նրանց ետևից:

Խավարի ու տգիտության մեջ խարխափողն անգամ կարող է հասկանալ, որ իր ցեղականների արյունով ներկված Ազատությունն ու Անկախությունը երբեք կամովին չի կարելի տանել և ուրիշին տալ՝ ասելով. «Ես Ազատություն և Անկախություն չեմ ուզում, ետ առեք այն և տվեք նրան, ում որ հարկավոր է: Ռուսաստանի և Տաճկաստանի ստրկության լուծն եմ ուզում»:

Բայց լավ իմացիր հայ ժողովուրդ, քեզ ծեծելով պետք է ընտելացնենք ազատությանը, քո վիզը սյուների պիտի կապենք, որպեսզի դու հնարավորություն չունենաս նրան մեկնելու Ռուսաստանի լծի տակ:

Վրդովված եմ չափազանց, որովհետև հայի պատմական երկպառակությունն ու դավաճանությունը դարձյալ գլուխ են բարձրացրել մեզ կործանելու: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը կոմունիստական կարգերին հասնելուց հետո, նրանից ևս կհիասթափվի, նրա դեմ ևս կսկսի կռվել: Հայը միշտ նորը որոնող է և նրան հասնելուց հետո խիստ հիասթափվող: Նա ռոմանտիկ է և ոչ ռեալիստ, սուտ է, որ ասում են, թե հայ ժողովուրդը գերազանցապես մի մատերիալիստ է: Նա կյանքում միշտ առաջնորդվում է զգացմունքներով և ոչ թե խելքով և տրամաբանությամբ: Խոր վրդովմունքը մի կողմից, սովածությունը մյուս կողմից տրամադրությունս բոլորովին փչացրել են, այսօր էլ ոչինչ չպիտի գրեմ, գնամ տեսնեմ, թե ինչու պարեն չեն ուղարկել: Այս րոպեին այնպես քաղցած եմ, որ ձեռքս ընկնողին իր սև օրին կհասցնեմ:

27 հունիսի

Այսօր տրամադրությունս անհամեմատ լավ է, որովհետև կուշտ եմ: Եղանակը պայծառ է և մեր ռազմաճակատներից մխիթարական լուրեր են հասնում: Հրամանատար Սեպուհը կարգադրեց, որ բոլորս էլ պատրաստվենք Իջևան մեկնելու. մինչև Ղազախ-Շամշադինի ռազմական գործողությունների վերջնական հաշվեհարդարը՝ երևի կմնանք այնտեղ: Միօրինակություն չեմ սիրում, հարատև տեղափոխությունները և չտեսած վայրերին ծանոթանալը եռանդ ու աշխույժ է մտցնում մեջս:

Երեկոյան ժամը 6-ին մենք հասանք Իջևան: Բացի հրամանատարից և նրա թիկնապահ զինվորներից, մենք բոլորս էլ եկանք բեռնակիր ավտոմոբիլներով: Թարսա-չայ կամրջի մոտ տեղի ունեցավ զինվորական խորհուրդ, որը տևեց մի ժամ: Այնտեղ էր Շամշադինի զորամասերի հրամանատար երիտասարդ քաջ գնդապետ Մանևը, որ իջել էր նոր հրահանգներ ստանալու Սեպուհից: Այդ կամուրջի մոտ Ղազախ և Շամշադին տանող ճանապարհները բաժանվում են իրարից: Այստեղից երևում է ՂարաՂայլու բերանը. ներկայացնում է մի անառիկ, բնական բերդ, ուր ապրում էին թաթարները, որ այնքան շփացել ու ամբարտավանացել էին իրենց ամրություններով և, մեր հանրապետության մեջ ապրելով, չէին ճանաչում մեր կառավարությանը: Նրանք զանգիբասարցիների ու բեյուք-Վեդիցիների նման մատով էին խոսում մեր հետ, իսկ մեր անվճռական կառավարությունը ուղիղ երկու տարի առաջ չէր կարող ցույց տալ իրենց արժանի տեղը: Բոլշևիկյան վերջին խռովությունների ժամանակ, Սեպուհը նորից նվաճելով ամբողջ Հայաստանը, հասավ Ղարա-չայ կամուրջը և հրամայեց խռովարարներից մաքրել և այդ ձորը, որից այնքան վախենում էր մեր թույլ ու անվճռական կառավարությունը: Դրանով քաջարի Զորավարը ուզեց մեր Կառավարությանը հասկացնել, որ հայ բանակը ամեն ինչ կարող է անել, եթե նրա Կառավարությունը կրավորական դերից դուրս գա: Այստեղ Սեպուհը անձամբ ղեկավարելով կռիվը, անձրևի բռնվեց, մրսեց և թոքերի թեթև բորբոքում ստացավ:

Այո, այն չարաբաստիկ կամուրջի վրա, ուղիղ մի ամիս հետո Հայաստանի պահապան հրեշտակ Զորավար Սեպուհը նորից ստիպված էր ռազմական գործողություններ վարելու համար խորհրդակցության գալ:

Սրերով, ատրճանակներով, հեռադիտակներով և թղթապանակները կողքերից կախ ընկած այդ սպայակույտի մեջ Սեպուհը իր օրիգինալությամբ աչքի էր ընկնում: Ոչ մի շքանշան չէր զարդարում նրա կուրծքը. չնայած նրանք շատ-շատ են: Ուսադիրներ նույնպես չուներ, ինչպես և զորավարի սուր: Նա պարզ էր հագնված, շատ պարզ: Ամերիկյան ատենալից կարված գալիֆե շալվար, նույն կտորից անգլիական ձևի, բայց գոց կրծքով ֆրենչ, շատ լայն գրպաններով, սև հասարակ ժակետ՝ գորշ սև բծերով, մորթե գլխարկ, որ միշտ ճակատի վրա է և միշտ նույն դրության մեջ: Ֆրենչի տակից կախված էր իր հեղափոխական օրերի մաուզեր ատրճանակը՝ կարմիր կաշվից կարված փամփշտակալով, որ միաժամանակ գոտիկի դեր էր կատարում: Քայլելիս Սեպուհի աջ կողմի վրա աննշան անհարթություն էր նկատվում, որից միայն կարող է կարծեն, որ նա ատրճանակ ունի: Միայն նստելու ժամանակ ատրճանակի փողը մինչև նշանացույց բլթակը երևում է, որովհետև զորավարը սովորություն ունի աջ ոտքը տակը ծալած նստելու: Չնայած ճակատի այնքան պարզությանը, չնայած նրան, որ զինվորականություն հիշեցնող ոչ մի բան չունի իր վրա այդ մարդը, բայց այնուամենայնիվ նրան չճանաչող կամ չտեսած մեկը մազաչափ անգամ չի կասկածի, որ նա զինվորական է: Միշտ գերազանցապես հայ՝ հայկական դիմագիծ չունի, ավելի շատ ռուսական տիպ է, ունի ալեխառն շեկ մազեր, կապույտ աչքեր, որոնք թավ հոնքերի տակից սարսափ են ազդում խոսակցին: Ալեխառն մազերը և ճակատի կնճիռները մեկ-մեկ վկաներ են նրա հեղափոխական անցյալի, նրա իր ժողովրդի համար եղած ապրումների: Նրա, մշտապես դժգոհություն արտահայտող, դեմքը պատկառանք և ակնածանք է ազդում մարդուս:

Ժպիտն ու ծիծաղը նրա դեմքին հարազատ չեն: Որքան խիստ և դաժան է թվում նրա արտաքինը, այնքան բարի ու ներող է իր հակառակորդներին, եթե սրանք կանգնած են Հայաստանի և հայի անկախության տեսակետի վրա: Նրա հոգին մեծ է, բյուրեղի պես մաքուր. ճշմարտության դեմ գնացող մարդը, եթե անգամ նրա ամենամոտիկ ազգականը կամ բարեկամը լինի՝ հալածվում է նրանից: Սեպուհը լավ է ճանաչում հայ ժողովրդին և ամենակրիտիկական րոպեին կարող է ամբոխներ իր ետևից քարշ տալ. նույնքան, և գուցե ավելի նա ճանաչում է այն տեղերին ու տարրերին, որոնք պատմական խճճված հաշիվներ ունեն հայ ժողովրդի հետ, և այդ է պատճառը, որ նա պարտություն ասած բանը չգիտե: Հայ ժողովրդական հերոսների մեջ նա ամենից շատ զարգացած, ամեն բանից քիչ թե շատ ծանոթություն ունեցող մեկն է:

Տասնյակ տարիների հեղափոխական կռիվները նրան եփել են և դարձրել տաղանդավոր զորավար, որ իր ռազմական ընդունակությամբ լավագույն, կրթված զորավարներից ետ չի մնում: Նա վարպետ է և համապատասխան ձև ու լեզու ունի, երբ բանակներին է խոսում, համակող և գրավիչ լեզու ունի՝ ամբոխների առաջ կանգնած: Նա անգլիական սառնասրտություն ունի և ճապոնական վճռականություն: Հաջողությունների դեպքում նա չի ոգևորվում և անհաջողությունների ժամանակ նրա ուժեղ կամքը ավելի է զորանում:

Նա ամեն մարդու լսում է ուշադիր և այն տպավորությունն է թողնում, որ կարծես թե համոզվում է: Սակայն ամեն մի խորհուրդ, ամեն մի մտածածին գիր անցնում է նրա բնական խելքի լաբորատորիայից և սեպուհացած դուրս է գալիս:

Սեպուհը շատ համեստ է և ամեն բան սովորելու հակում ունի: Գիտնականը նրան չի ապշեցնում իր բազմակողմանի ծանոթություններում և տգետը չի արհամարվում նրանից:

Նա իր ասածը կատարում է, թեկուզ սխալ լինի: Իր բերանից թռած խոսքը ամենից առաջ ինքն է հարգում, և կյանքում կիրառում է այն՝ իր կյանքի ամբողջ թափը շարժման մեջ դնելով: Նա սուր միտք ունի և ամենաչնչին խնդիրը, լինի բերանացի, թե գրավոր, հիշում է:

Ռազմական խնդիրները հեշտությամբ է կազմում և հաղթանակը ապահովում է չնչին ջանքերի գնով: Զինվորին սիրում է, բայց երբեք չի զգացնում. նրա տանջանքի կամ սիրո մեջ կարծես խորություն կա և չափ:

Հայրենասիրությունը հայրական սիրուց միշտ բարձր է դասում և աննպաստ պարագաները երբեք չեն նսեմացնում հայրենասիրական զգացմունքները:

Այս մարդու մեջ ես չկարողացա այնպիսի խոշոր թերություններ գտնել, որոնք ցայտուն կերպով աչքի զարնվեն, գուցե այդ նրանից է, որ ես հիացած եմ նրանով և անկարող եմ դիտել նրա վատ կողմը, կամ գուցե նրանից է, որ այդ թերությունները արտահայտվելու պարագաներ չեն ներկայացել:

Երբ զինվորական խորհուրդը վերջացավ, Մանևը բաժանվեց մեզանից Շամշադին գնալու, իսկ մենք բեռնակիրը նստելով ճամփա ընկանք Իջևան: Հրամանատարը Թարսա չայ կամուրջից մեզ հետ ավտոմոբիլ նստեց:

Դիլիջան-Իջևան շրջանը իսկապես որ գեղեցիկ է և ինձ հիշեցնում է Վրաստանն ու Աբխազիան: Խճուղու երկու կողմերից խիտ կանաչազարդ անտառներ են, որոնք ծածկում են բլուրներն ու սարերը: Խճուղուն զուգընթաց հոսում է Աղստաֆա գետը, որ թափվում է Կուրը: Բեռնակիր ավտոմոբիլում խիստ մոտ եինք նստել ես, Ամիրյանն ու Ծաղիկյանը: Մենք հիացմունքով էինք դիտում բնության գեղեցկությունները և խոսում էինք Հայաստանի ապագայի մասին: Սեպուհը եվ նրա ադյուտանտ Թամրազյանը տեղավորվել էին շոֆերների մոտ, իսկ գլխավոր շտաբի պետն ու մի քանի սպաներ ավտոմոբիլի վերջին մասում: Բոլորիս տրամադրությունն էլ բարձր էր. ասում, խոսում և ծիծաղում էինք: Իջևան հասնելով՝ հրամանատարը իր շտաբի կազմով իջավ մի գյուղացու տուն, ուր հավաքվել էին Ղազախի զորասյան հրամանատար գնդապետ Իշխանյանը իր թևերի սպաների հետ: Առանց հանգստանալու, Սեպուհը անմիջապես ծանոթացավ ռազմաճակատի դրությանը և Վեքիլովի հետ միասին նոր կարգադրություններ արին վաղվա առաջխաղացությունը շարունակելու համար: Այս խորհրդակցության ժամանակ լուր բերին, որ նաուրցի հակաբոլշևիկյան ուժերի հրամանատար Սոսին, որ մոտ 40-45 տարեկան գյուղացի էր, Շամշադինը բոլշևիկ ուժերի կողմից գրավելուց հետո, այս գյուղացին առաջին իսկ օրից չհանդուրժելով այս հայրենադավ արարքին, անցնում է 140 լավ զինված երիտասարդների գլուխ և լեռներ քաշվում: Շամշադինի ապստամբապետ Բերբերյանը հրամայել է ձերբակալել Սոսիի երեք եղբայրներին, ազգականներին ու բարեկամներին և ապա վառել նրա տունը: Հայրենադավ չարագործի հրամանը իսկույն կատարվում է բացի տունը վառելուց, որ ինչ որ պատճառով հետաձգվում է: Սոսիի խմբում լինում է և մի նաուրցի կին կամավոր` Թամարա Մարտիրոսյան անունով: Այս հայրենասեր հերոսուհին դեռ օրիօրդ ժամանակ հայտնի է եղել որպես քաջ կռվող և հեղափոխական, նրա ամուսինը սպանվել էր ապրիլյան կռիվներում, երբ Ադրբեջանի կառավարությունը կամենում էր Հայաստանի դիակի վրայով կապվել քեմալականների հետ: Որբեվայրին, Ադրբեջանի վրա տարած Հայաստանի կատարյալ հաղթանակից հետո նվիրվում է իր մանչ որբերին՝ նրանց պահելու և կրթության դնելու:

Թարսա-չայ կամրջի խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էր նաև Թաուզ-Կալայի /բերդ/ Հայաստանի Կառավարության հավատարիմ մնացած ուժերի պետ Լևոն Բեկը, լուր ստացանք, որ նաուրցիները հարձակվել են բոլշևիկ պաշարակիր սայլերի վրա և խուճապի մատնել Հայաստանի թշնամիներին:

Սոսին հաստատեց այդ լուրը և պատմեց Թամարայի քաջագործեւթյունների մասին, որ արցունք խլեց մեր աչքերից:

Երեկոյան ժամը 9-ին զինվորական խորհրդակցությունը վերջացավ, որի հետևանքով գնդապետ Իշխանյանը և գնդապետ Հարություն Խաչատրյանը պիտի անմիջապես մյուս օր առավոտյան մեկնեյին առաջին դիրքերը:

Փախածների ասելով՝ Ղազախում մեծամասնականների (բոլշևիկ -Գ.Ռ.) մեջ տարաձայնություններ կան. ՂազախՇամշադինից զոռով գաղթեցված ժողովրդի մեծ մասը զղջացել է և ուզում է վերադառնալ, բայց վախենում են պատժվելուց: Հայաստանի թշնամիները այնքան ստոր և խաբեբա են, որ լուրեր են տարածել, որպես թե մեր զորքերը անխտիր կոտորում են բոլորին, բռնաբարում են կանանց և թալանում են տները: Սակայն մնացողները տեսնելով մեր զորքերի եղբայրական վերաբերմունքը դեպի իրենց խաբված արյունակիցները, և այն կարգ ու կանոնը, որ տիրում է մեր զորքերից հետո, լուր են տալիս փախածներին:

Հենց այսօր լուր ստացվեց, որ Սև-Քարեցի փախածներից 100 ընտանիք վերադարձան: Սեպուհը մնացյալներին կոչեր ուղարկեց, ինչպես և գաղտնի քարոզիչներ: Մինչև օրս ես բավական ժամանակ ունեի, բայց շտաբում ծություն ստանալուց հետո գործս բավականին դժվարացավ: Աչք փակելու ժամանակ անգամ չունեմ: Սակայն խիղճս հանգիստ է, որովհետև ես մի բանով օգտակար եմ լինում նոր ազատված Հայրենիքիս:

Ես հիմա ավելի հնարավորություն ունեմ շտաբի ամեն մի գաղտնիքը իմանալու, մանավանդ, որ շտաբում հերթապահություն էլ եմ անում: Բացի այդ, Սեպուհը ինձ առանձնապես թույլատրել է ամեն մի գրության, հեռագրի, ռազմական հաղորդագրության հետ ծանոթանալու, որպեսզի կառողանամ նյութեր ունենամ մեր ապագա պատմության համար: Ես ու Սեպուհի համհարզ Թամրազյանը միասին ենք ապրում, ու չկա մի գաղտնիք, որ նախ նա ու ես չիմանանք և ապա հրամանատարը: Միայն մի բանից ես ու նա շատ ենք նեղանում, այդ այն է, որ համարյա միշտ քաղցած ենք մնում: Սեպուհի անձնական մի քանի զինվոր, որոնց հետ ենք ճաշում և պարեն ստանում, այնքան անբարեխիղճ են, որ մեր բաժնի պարենը ևս սպառում են, առանց մեր մասին մտածելու: Մենք էլ ամաչում ենք ստամոքսի համար ամեն անգամ կռիվ անել, ղալաբալաղ բարձրացնել:

Սեթյանը ու Ծաղիկյանը հեռու մի տանն են ապրում, բայց բոլորս էլ մի տանն ենք ճաշում: Չնայած հաճախակի կրկնվող անպարենությունների, այնուամենայնիվ ուրախ ենք ապրում, և ժամանակը ձանձրալի չի անցնում:

Զինվորների մեջ առհասարակ այն կարծիքն է տիրում, որ շտաբում ապրողները հրաշալի են ապրում, բայց ողորմելիները չգիտեն, որ ամենայն օր կիսաքաղց ենք մնում: Բայց պետք է խոստովանել, որ նրանց կարծիքը մասամբ սխալ չէ, ուրիշ անբարեխիղճ շտաբները, որոնք ռուսական չինովնիկական ակնարկով են նայում ռազմական այս կարևոր օրգանի վրա՝ ապրում են ավելի լավ, քան կարելի է: Ե՞րբ պիտի, վերջապես, մենք կարողանանք ռուսական հին կարգերից մնացած այլասերված սպայությանը դուրս շպրտել մեր բանակից, և փոխարինել նրանց հայրենասեր, նոր մտքերով ու հայացքներով օժտված սպայություններով, որ կանգնած լինի հայ հեղափոխական ժողովրդի պետական դիրքի վրա:

Ցավն այն է, որ մեր սպայության ճնշող մեծամասնությունը Հայաստանի անկախությունը համարում է մի անցողական շրջան և նրանք՝ այդ ստրկամիտները, օրից-օր սպասում են, որ ռուսը գա և տիրե մեր երկրին:

Եթե սպայությունը այդպիսի տրամադրություն ունի, էլ ի՞նչ մեղադրելու բան է մնում հասարակ զինվորին, որ վեց տարվա անընդհատ կռիվներից, զրկանքներից ձանձրացել է և ուզում է ,տունե գնալ, ինչպես մի ժամանակ բոլշևիկներն էին քարոզում, երբ դեռ զինամոլ Գերմանիան վերջնականապես չէր ջախջախվել:

Ուշ գիշեր է, առանց այն էլ շատ հոգնած եմ, վեր կենամ քնեմ:

Քնել, բայց ինչպես քնեմ, քանի որ Ղազախ-Շամշադինի ամբողջ ռազմաճակատների հեռախոսների և հեռագրաթելերի ցանցը այժմ Իջևանն է և րոպե չի անցնում, որ նոր հաղորդագրություններ չբերեն և չզարթնեցնեն Թամրազյանին և ինձ:

Իջևան, 28 հունիսի

Ռազմաճակատի բոլոր ուղղություններից եկած հաղորդագրությունները զեկուցում են, որ այս գիշեր անցել է հաջող. Իջևանի զորաճակատում թշնամին երևաց Ռևազլուի հյուսիսային ժայռերի վրա: Այսօր գնդապետ Իշխանյանի զորասյունը, շարժվելով Շամշադինի վրա, գրավեց Լալա քենդ գյուղը:

Գնդապետն իր, Մանևի և Տիմչենկոյի /կարդալ Դեմչենկո — խմբ./ զորաճակատներից տեղեկություններ չունի:

Ղազախ-Շամշադինը գրավելու համար մեր ուժերը հետևյալ կերպով են դասավորված:

Գնդապետ Իշխանյանի զորամասի մի զորասյունը, որպես ձախ թև գնդապետ Խաչատրյանի ղեկավարությամբ շարժվում է Իջևանից Սարամ-Սախլու սարի վրայով Թաուզ-կալա: Գյոլ-Բինտից, միջին թևը, գնդապետ Հակոբյանի գլխավորությամբ առաջանում է Կարաուլչի լեռան վրայով դեպի Ղարա-Ղայա և աջ թևը Գնդապետ Մանևի հրամանատարւթյամբ Կուլալիի վրա:

Տիմչենկոյին խնդիր է տրված պաշտպանել Ադրբեջանից մեր սահմանը և ապահովել մեր զորամասերի աջագույն թևը:

Համհարզ Թամրազյանը ասում է, որ ուժերի այսպիսի դասավորումն լավագույնն է թշնամուն մի քանի օրվա ընթացքում ջարդելու համար: Կեսօրից հետո Շամշադինից հաղորդում են, որ Մանևի զորամասերից մեկը երկու զորասյուն Մուրգուզ լեռից, իսկ մյուսը Խոնզուբկատ գետի հոսանքով շարժվեցին դեպի Զիմովկա-Ղարաղայա: Դեռ չհասած Զիմովկա՝ աջ զորասյունը գնդակոծվում է Ադրբեջանից մեր սահմանն անցած թափառաշրջիկ հրոսակների կողմից: Կարճ կռվից հետո, վերջիններս ցրվում են և Մանևի զորասյունը շարունակում է իր առաջխաղացությունը: Մյուս զորասյունը չհանդիպելով թշնամու դիմադրությանը հասավ իրեն ցույց տված գիծը՝ Կարաուլիչի լեռան մոտ:

Ամեն օր նորանոր վերադարձողներ կան, և մեր դեմ կռվող զինվորները, որոնք գալիս են և զինված, և անզեն, ով ինչպես կարողանա, որոնք փառավոր ապացույցներ են, որ Հայաստանի գոյությանը սպառնացող թշնամիները բարոյական և ռազմական մեծ պարտություն կրեցին, և սա առաջինը չէ:

Շտաբում առանձնապես կարևորություն են դարձնում ժողովրդի տրամադրությանը, քան թշնամու ուժերի, որվհետև տեղացի ապստամբները մեզ ավելի են վնասում, քան բուն ինքը թշնամին: Այսօր շտաբում հերթապահությունը Ամիրյանին լինելով՝ Թամրազյանը, Ծաղիկյանն ու ես ճաշից հետո գնացինք թութ ուտելու մի քանի տեղացիների հետ, որը շատ ուրախ անցավ: Իջևանցիները շատ անհյուրընկալ և անկիրթ են, նրանց դեմքերից կարծես ժահր է կաթում, աշխուժություն և եռանդ նրանց մեջ մեռել է: Տեղացիները բացատրում են նրանով, որ ժողովուրդը քաղցած է, թալանված և սարսափահար եղած ,բոլշևիկե կոմունիստներից, որոնք Իջևանից նահանջելով միայն տխուր հիշողություններ են թողել:

Իջևան, 29 հունիսի

Ռազմաճակատից երկու գերիներ բերվեցին Իջևան, որոնց հարցաքննեց ինքը՝ հրամանատարը: Նրանք կծկտուր տեղեկություններ տվին. ճնշված էին հոգեպես և դողում էին ողորմելիները՝ կարծում էին, որ մենք էլ կարմիրների պես մարդու վրա նայում ենք որպես մի անշունչ առարկայի վրա, որի հետ կարելի է խաղալ ,գնդակահարիե դաժան բառով: Իմ մեջ և ափսոսանք և առհամարանք առաջացրեց դրանցից մեկը՝ ղարաբաղցին, որոնց գոյամարտի համար դատարկվեց առանց այն էլ ոչ հարուստ մեր պետական գանձարկղը և ոչնչացան մեր լավագույն ուժերը: Մի ժամանակ մենք Ղարաբաղը համարում էինք մեր հանրապետության շեյթանը, որ շարունակ ծառայում (ընդվզում- Գ.Ռ.) էր դավադիր Ադրբեջանի դեմ, երբ վերջինս ամեն անգամ փորձ էր անում նվաճել այդ լեռնական հերոս ժողովրդին և միանալ մեր դարավոր թշնամի Տաճկաստանի հետ: Սակայն, ավաղ, մելիքների այդ դավաճան ծննդավայրը իր կաշին փրկելու համար, ապերախտորեն բաց արավ Ղարաբաղի պողպոտե դռները ռուս մի քանի հարյուրանոց զորամասի առաջ և այժմ, միացած նրանց, արշավ է սկսել իրեն սնուցող մոր՝ Հայաստանի վրա:

Երջանիկ է ռուս ժողովուրդը հայի պես կույր սիրող և կույր հետևող ունենալու համար: Այսօր լուսաբացին Իջևանի զորաճակատում խռովարարները հարձակման դիմեցին գնդապետ Իշխանյանի զորամասի վրա Լալաքենդի մոտ, Դիտիվանքի / հավանաբար Դադիվանքն է -Գ.Ռ./ և Զիմովկայի կողմից: Երկու ժամվա կռվից հետո մեր զորամասերը հակահարձակման դիմելով, թշնամուն ետ շպրտեցին դեպի Ղազախ: Մենք ունենք մի սպանված: 12 ժամին մեր զորամասերը Կարմիր քարին մոտենալիս սկսում են հետապնդել թշնամուն, մեր ուժերը շարժվում են Օձաքար լեռան ուղղությամբ:

Իջևան, 30 հունիսի

Գնդապետ Իշխանյանը հաղորդում է, որ Կարմիր քարը գրավելուց հետո 2 ժամին մեր պահակախումբը ինքնակամ թողնելով Օձաքարը եկել է Լալաքենդ գյուղը: Օձաքարում թշնամին ունի չորս հարյուր մարդ և չորս գնդացիր:

Հակառակորդը պատկառելի ուժեր է կենտրոնացնում Դիտիվանքում, ուր կա 2 գնդացիր: Ապստամբները այդ ուղղությամբ հրացանային և գնդացրային ուժեղ կրակ են բացել մեզ վրա՝ միաժամանակ երևան հանելով հեծելազորը: Չստուգված լուրերին նայած, բոլշևիկները պատրաստվում են թաթարների հետ միասին անցնել մեր սահմանը: Գերիները պատմում են, որ Բաքվում բոլշևիկները 400 հոգուց մի զորամաս են կազմակերպել, որից մի մասը ուղարկել են մեր դեմ, իսկ մյուսը ուրիշ ճակատներ: Սարամ Սախլուի շրջանում և Թաուզ-Կալայի վրա շարժվող մեր զորամասերից հաղորդագրություն է ստացվել, որ 29 հունիսի, 3 ժամվա կռվից հետո մերոնք գրավել են Թաուզ-Կալան և Չինչինը: Թշնամին նահանջելով թողել է 25 դիակ, որոնց թվում երկու թուրք և մի փչացած հին սիստեմի թնդանոթ, որը մենք էինք թողել նահանջելիս:

Նաուրի կռիվների ժամանակ, հերոսաբար կռվելով, ծանրապես վիրավորվել է Թամար Մարտիրոսյանը: Կարգադրված է նրան տեղափոխել Իջևանի հիվանդանոց:

Մյուս ճակատներում նշանակալից ոչինչ չկա:

Շարունակել Կարդալ՝ Մաս 3

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով