Փառապսակ Քեռուն

Знаете ли как величественно восходит солнце?

-так умирает герой.

Ամեն ինչ, ամեն ինչ նրա մեջ մատնում էր Հերոսին:

Տաք կարեկցություն դեպի իրավազուրկն ու թույլը, ֆանատիկ սեր դեպի իր ցեղն ու նրա գուրգուրած ազատությունը, բիբլիական անշահասիրություն ու համեստություն, վտանգի ու մահվան բացարձակ անգիտացում, ռազմական անսահման էնտուզիազմ. ահա Հերոսը, ահա Քեռին:

Երբ հնչեցին պատերազմական փողերն ու ցնծաց Մարսը` հազարավոր սրերի հետ մերկացավ եւ նրա սուրը…

Չգիտեմ ով ինչո՞ւ` նա իր ցեղին արեւ ու անմահություն նվիրելու համար բարձրացրեց սուրը…

Ու այնուհետեւ, քանի-քանի անգամ, Հռոմի հպարտ որդուց ավելի, հպարտորեն կարողացավ ասել`

«Եկա, տեսա, հաղթեցի»…

Քանի-քանի անգամ, քանի ռազմադաշտերից նա մեզ հղեց հպարտ Կեսարի երեք բառը…

Քանի անգամ նա` հայ ցեղի վերածնության գաղափարի այդ աստվածաշունչ Հսկան, հեգնեց վտանգը, անգիտացավ, ժխտեց մահը, հանդգնեց, հաղթեց, մինչեւ որ պատերազմների քմահաճ աստվածը դավաճանեց նրան:

* * *

Չկա Քեռին…

Լռեց կովկասյան զորաճակատի անպարտելի ու անզուգական Ռազմիկը…

Բայց դեռ երկար, շատ երկար սեգ Արտոսն ու Նեմրութը, որոնք վկա եղան հայ դյուցազնի սխրագործություններին, կպատմեն անցվորին.

— Ուրագանի պես մեր փեշերով Քեռին անցավ ու սրբեց տարավ թշնամուն…

Չկար ալեւոր Առյուծը…

Բայց դեռ երկար, շատ երկար նրա մռնչյունը պիտ արձագանքի Հայաստանի ու Իրանի ռազմադաշտերում…

ՔԵՌՈՒ ԱՆՈՒՆՆ ԷԼ ԷՐ ՀԱՂԹՈՒՄ

Թշնամու գերադաս ու թարմ ուժերը համառորեն գրոհում էին, խորտակում ու խորտակվում, ետ քաշվում` կարգի բերելու իրենց ցիր ու ցան շարքերը եւ նորեն ու նորեն հարձակվում:

Հաղթության քմահաճ Աստվածը լքել էր մեզ, թշնամու կողմն անցել:

Մեր շարքերում տատանում կար եւ մտադրություն` թողնելու մեր գրավված դիրքերը, երբ սրարշավ մեր զորաշղթաներին մոտեցավ զորահրամանատարի թիկնապահը ու հաղորդեց Քեռու օգնության հասնելու լուրը:

— Հառա՜ջ, զինվորներ, մեզ հետ է Քեռին,- գոռացին վաշտապետները…

— Հառա՜ջ,- արձագանքեց զորաշղթան եւ, որպես երկաթե պատնեշ, շարժվեց առաջ:

Քիչ անց, դեռ Քեռին չհասած, թշնամու խրամատները գերեզմանների վերածվեցին: Պարտված էր թշնամին: Քեռու անունն էր հաղթողը…

ՔԵՌՈՒ ՎՐԱՆԸ

— Դեռ կանգուն է Քեռու վրանը,- ասում էին կոզակները եւ առանձին վստահությամբ ավելացնում,- նշանակում է դրությունը այնքան էլ անհույս չէ…

Թշնամու խաղերը հին ու փորձված Ռազմիկին խաբել չէին կարող:

Նա գիտեր, որ թշնամու հաճախակի անվճռական հարձակումները ոչ այլ ինչ են, եթե ոչ ռազմադավեր: Ուստի, շատ անգամ, երբ հարեւան զորամասերը եւ վերջիններիս հրամանատարները իրարանցման մեջ էին լինում, Քեռին խաղաղ ծխում էր` իր վրանի դռանը նստած:

ՍՐՏԱՌՈՒՉ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Սակավախոս էր Քեռին, ու այդ առթիվ նրա զինվորները կատակով ասում էին. «Քեռին խոսում է ուրբաթե ուրբաթ, վատերին ծեծում շաբաթ օրերը, հաղթում ամեն օր»:

Լռասեր էր Քեռին, սակայն ավելի սակավախոս ու թախծոտ դառավ բոլորից պաշտված Խեչոյի մահից հետո:

— Նայում եմ Գրգուռին, — ասաց մի անգամ Քեռին Աղթամարում,նայում եմ եւ մտածում, թե ինչպե՞ս է՛ն բարձր սարի փեշերին ընկավ Խեչոն, եւ թե առանց ինձ ինչպե՞ս է դադարել գերեզմանում… Մենք չափազանց ուժեղ էինք սիրում միմյանց, որ կարողանայինք անջատ ապրել ու մեռնել:

* * *

Օրեր անցան: Ու մի օր, Ռեւանդուզի ճակատամարտում, Խեչոյի մեծ ստվերը ալեւոր առյուծին առաջնորդեց դե՛պ հաղթություն` դե՛պ հայկական փառատաճարը, որի մեջ ապրում էր ինքը…

Գարեգին Նժդեհ