Գարեգին Նժդեհ

ՑԵՂԻ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԶԷՆՔԸ

«Ես հարցնում եմ այնպէս, ինչպէս ո՛չ ոք դեռ չէ

հարցրել — ո՞ւր ենք գնում: Մեզ համար տեղ կա՞յ

պատմութեան մէջ: Գիտէ՞ մէկը, որ բոլորովին մենակ

ենք մնացել, որ ներկայ չունենք: Գիտէ՞ մէկը, որ եթէ

դադարենք գոյութիւն ունենալէ` տիեզերաշէնքի մէջ

մի հատիկ հիւլէ իսկ պիտի չշարժւի»:

Հայոց պատմութեան փիլիսոփայութեան ծանօթ ու հայրենազգաց ամէն մտաւորական հայ կը խոստովանի, որ Մամիկոնեանների Հայաստանը — թէկուզ յաճախ կիսուած, կիսանկախ, կիսակործան — աւելի՛ հայկական է, աւելի՛ հայրենիք, եւ աւելի՛ պաշտամունք պարտադրող, քան է՛ր նոյնը` Տիգրան Աշխարհակալի կամ Արտաշէսի օրով:

Ո՞ւր փնտռել սրա գաղտնիքը:

Հոգեբանական այդ իրողութեան պատճառներէն առաջինը նրանում է, որ Տարօնի ստեղծած արժէքներէն շատերը կրում են համահայկական կնիք, երկրորդը` նրանք վաւերական են, անմեռ, երրորդ պատճառը դա Մամիկոնեանների հայու եւ Հայաստանի յաւիտենականով ապրելու, նրանց համար անշահասիրաբար գործելու ու արիաբար մեռնելու ուխտն է:

Այո՛, մեր ցեղի յաւիտենականը նուաճող գրեթէ բոլոր հոգեւոր զէնքերը — լուսեղէն այբուբէն, քաջաքաջ արիութիւն, անցաւորը յաւիտենականին զոհաբերելու տենչ, կենսաբանական բարոյական, հայրենակրօնութիւն — այդ բոլորը, գրեթէ բոլորը, մեզ տւել է Տարօնը:

Հայոց աշխարհի ո՞ր անկիւնում հայն այնպէ՜ս պաշտեց իր հողը, այնպէ՜ս առիւծացաւ ճակատամարտերում, իր երկրի համար այնպէ՜ս մեռնել գիտցաւ, ինչպէս Տարօն աշխարհում:

Պատմական անցեալի տեսակէտով մեր այդ երկրամասը, ո՛չ միայն իր հոգեւոր տարողութեամբ, այլեւ իր ռազմագիտական անչափելի նշանակութեամբ, իսկապէս որ ուրոյն աշխարհի արժէք ունի:

Ճի՛շդ է, սուրբ է հայրենի երկրի ամէն մի բուռ հողը, սակայն, ճիշդ է եւ այն, որ հայրենիքներն ունեն իրենց պատմա-ռազմագիտական տեսակէտից ամենանուիրական ու ամենակարեւոր երկրամասը,- ա՛յն երկրամասը, ուր ցեղը ամենէն շա՛տ է արիւն թափել, կուլտուրական գանձեր դիզել, հերոսական ու պատմութիւն ստեղծել — ա՛յն երկրամասը, առանց որի հայրենիքը ո՛չ թէ զօրաւոր ու անկախ լինել, այլեւ իր գոյութիւնը պահել, ինքնապաշտպանւել չէ կարող:

Ճակատագրօրէն մեծ է Տարօնի նշանակութիւնը մեր ցեղի եւ հայրենիքի պաշտպանութեան համար:

Քանի դեռ մեր երկրի աշխարհագրական մարմնից կտրուած կը մնայ Տարօնը` վտանգուած կը մնայ մեր հայրենիքի ապագան:

Ամէն երկիր իր «Տարօն»-ը ունի:

Հարցրէ՛ք ազգերին — նրանք սրբազան սարսուռով կ’արտասանեն իրենց «Տարօն»-ի անունը:

Դեռ երէկ էր, ինչ քեմալական Թուրքիոյ ներքին գործոց նախարարըՇիւքրի Գայա — Թրակիայում արտասանած իր ճառի մէջ, Ադրիանուպոլսի նշանակութիւնը Թուրքիոյ ինքնապաշտպանութեան տեսակէտից շեշտելու մտօք, կը յայտարարէր. «Ամէն թուրք ինքն իրեն պիտի զգայ ադրիանուպոլսեցի, նա՛խ ադրիանուպոլսեցի»: Ինչո՞ւ. որովհետեւ քանի դեռ թրքական է Ադրիանուպոլիսը, թուրքը մէկ ոտքով կը մնայ Եւրոպայում. որովհետեւ կորցնելով Ադրիանուպոլիս քաղաքը, կործանւելու աստիճան կը տկարանայ Թուրքիան:

«Նա՛խ Ադրիանուպոլսեցի» — երկու բառեր միայն, որոնք տալիս են հայրենիքի ինքնապաշտպանութեան անսխալ բանաձեւը: Որքա՜ն խոր հոգեբանութիւն, որքա՜ն ռազմա-քաղաքական իմաստութիւն ու նախանձելի հայրենապաշտութիւն կայ թուրք պետական գործիչի այդ մի հատիկ պատգամ — բանաձեւի մէջ: «Նա՛խ Ադրիանուպոլսեցի» — դա ասել է` թո՛ւրք մարդ, արթուն կա՛ց, քանզի վաղ թէ ուշ, Թրակիոյ դաշտերում իրար պիտի զարնւեն երկու ճակատագրեր` Թուրքիոյ եւ մի օտար պետութեան: Դա ասել է` պարտւե՞ց թուրքն այդ կէտի վրայ, նա կը պարտւի բոլոր ճակատների վրայ: Դա ասել է` ամէն թուրք իրեն պիտի համարի զինւոր` միշտ պատրաստ վահանի վերածելու իր կուրծքը Թուրքիոյ ամենակարեւոր ճակատի վրայ:

Եւ իբրեւ արձագանգ թուրք նախարարի յայտարարութեան, Պոլսում, թուրք ուսանողութիւնը այսպէս պատասխանեց ֆրանսական մի լրագրողի. «Մենք բոլորս էլ ցեղապաշտներ ենք, ծայրայեղ ցեղապաշտներ. ցեղապաշտութիւնը մեզ համար հոգեւոր սնունդ է, ինչպէս հացն ու ջուրը մարդկային օրգանիզմի համար»:

Նոյնը մի այլ առթիւ. «Ամենասրբազան պարտականութիւնը մեզ համար-դա Թուրքիոյ անունի, պատւոյ եւ անկախութեան համար մեռնելն է»:

Այսպէս է խորհում, գործում, նախապատրաստւում թուրքը. նա այսպէս է կազմակերպում իր ազգութիւնը` վտանգի նախօրեակին:

Իսկ մե՞նք, իսկ հա՞յը:

Ո՞վ կարող է ուրանալ, որ Տարօնը մեզ համար եօթնիցս աւելի՛ն է, քան Թրակիան Թուրքիոյ համար:

Արդար չէ՞, որ այսօր հայ մարդն աւելի մտահոգւի Տարօն աշխարհով, քա՛ն թուրքն իր Ադրիանուպոլսով: Սպասելի չէ՞, որ այսօր ո՛չ թէ միայն տարօնցին, այլեւ ամէն հայ, անկախ իր քաղաքական ու յարանուանական հանգամանքից, ջերմաջերմ պաշտամունք ունենայ Տարօնի ստեղծած ցեղակնիք արժէքների, առաքինութեանց ու սրբութիւնների հանդէպ:

Ժամանակը չէ՞, որ ամէն հայ մարդ զինւորագրւի «Մամիկոնեանների ուխտ»-ին, որից, աւա՜ղ, աւելի ներքին, քան արտաքին պատճառներով աստիճանաբար խորթացաւ հայութիւնը եւ այդ իսկ պատճառով ցեղօրէն տկարացաւ ու պատժւեց անմարդկօրէն: Այսօր, երբ մարդկութիւնը մեզ դրել է հայօրէն ապրելու եւ ստեղծագործելու անկարելիութեան առջեւ այս աշխարհածուփ ու վտանգալի ժամանակներում, քաղաքական իմաստութիւն չէ՞, որ ցեղերէն ամենավտանգուածը, հայը, վերստին ապաւինէ Տարօնականութեան — ցեղի յաւիտենական զէնքին:

* * *

Գերազանցօրէն յեղափոխական են մեր օրերը, ճակատագրական` մերօրեայ անցքերը:

Վաղուց է, ինչ մարդկութիւնը իրեն զգում է նստած հրաբուխի վրայ: Ականւած է հին աշխարհը: Մարդը — անհատ թէ հաւաքականութիւն — այսօր աննախընթացօրէն անապահով, խռովւած է զգում իրեն:

Զարհուրելի են ցնցումները կեանքի բոլոր մարզերում: Ճգնաժամ են անցկացնում` պետութիւն, տնտեսութիւն, կրօն, փիլիսոփայութիւն:

Վերաքննութեան են դրուած կեանքի բոլոր պրոբլեմները: Ժողովուրդները յեղափոխական չտեսնուած ցասումով ջախջախում են կեղծ արժէքների, գաղափարների ու ճշմարտութիւնների տախտակները, եւ նրանց փոխարէն նորերը գրում:

Այլեւս բեկւել է պատմութեան զարգացման գիծը, եւ սկսւել է սուր անկիւնադարձը:

Սկսւել է նորը, նո՛ր աշխարհ, նո՛ր պատմութիւն, որի ստեղծիչը հանդիսանում է նոր, վերանորոգուած մարդը — վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդը:

Ամենուրեք — Արեւելքում թէ Արեւմուտքում, հին թէ նոր աշխարհում գալիքի ահաւորութիւնից խթանւած` վերածնւում, հոգեպէս երիտասարդանում են հին ժողովուրդները. ակտիւանում` երիտասարդները: Երբե՛ք ժողովուրդները այդքան ուժապաշտ չէին եղել: Ամէն մէկն աշխատում է ոտքի հանել իր թաքուն ոյժերը, յաղթահարել իր ներքին տկարութիւնները, սանձել, շղթայի զարկել իր ցեղախոյս «Ես»-երը, նախանձները, չարութիւնները:

Բոլորը — յաղթական թէ պարտեալ, մեծ թէ փոքր — ելած են նուաճելու ներքին անապատը, այնպէ՛ս, որ դա անհետի ո՛չ թէ միայն իրենց երկրի քարտէսէն, այլեւ իրենց հոգիէն: Տիրող տագնապը աւելի՛ եւս շեշտում է եռագլխանի վտանգը. բոլշեւիզմ, պատերազմ, ցեղային վատասերում որի դէմ յաջողաբար պայքարելու համար` ժողովուրդները ապաւինել են իրենց ցեղային բնազդի ոյժին եւ անսխալականութեան — իրենց կենսաբանական բարոյականին:

Ամենուրեք — անհատ թէ դասակարգ — կամովին սահմանափակում են իրենց անձնական իրաւունքներն ու շահերը` յանուն ցեղի եւ հայրենիքի: Ու նման ինքնասահմանափակումը — զոհաբերութեան այդ գերագոյն ակտը — ո՛չ թէ նուաստացնում, դիմազրկում է մարդկային անձնաւորութիւնը, ընդհակառակը, դա մեծապէս ուժաւորում, հարստացնում է նրա հոգեւոր կեանքը:

Բոլոր ժողովուրդների համար — մասնաւորապէս նրանց, որոնք պատերազմէն ծանրօրէն վիրաւոր ու պարտուած դուրս եկան — բոլորի համար, այլեւս ցեղային դաւանանքի բնոյթ է ստացել իրենց ոյժերի կենտրոնացման, կազմակերպման ու ակտիւացման անհրաժեշտութեան գործը: Նրանք գերմարդկային ճիգեր են թափում մի կողմից ներցեղային բարոյականի ոյժով դարմանելու միջազգային դաժան պայմանագրութիւններից ստացած վէրքերը, միւս կողմից պատրաստւում են դիմագրաւելու վաղւայ վտանգը:

Քանի դեռ Ռաթէնաուն գերման ժողովրդին կը ներշնչէր, թէ «գետնախնձորն» է իր ճակատագիրը, Գերմանիան, իբրեւ պարտեալ, յաղթականներին կը վճարէր օրական չորս միլիոն, եւ նւաստ էր նա: Այն օրէն, սակայն, երբ գերման ճակատագրի ղեկավարութիւնը իր ձեռքն առաւ ռազմաճակատէն վերադարձած մի վիրաւոր տասնապետ, երբ ժողովուրդն իր ճակատագիրը համարեց Ցեղն ու Հայրենիքը, այն օրէն փոխուեցին միջազգային յարաբերութիւնները — պարտեալը առանց պատերազմի դարձաւ յաղթական:

Հունգարիան — Տրիանոնի ողբերգական զոհը — չուշացաւ իր դպրոցների մէջ մտցնել ռէվիզիոնիզմը, իբրեւ պարտադիր առարկայ — անարդար պայմանագրերի վերաքննութեան պահանջը: — «Տրիանո՞ն, ո՛չ, երբե՛ք» այսօր ամէն մի հունգարացու համար դարձած է քաղաքական աղօթք:

Հապա զօրք պահելու իրաւունքից զրկւած Կրալի Մարկօի հայրենիքը — Բուլղարիան, որի հանդէպ յաղթականները եղան դաժանօրէն շնական — այս փոքրիկ երկիրը, իր կենսաբանական զօրաւոր բարոյականի ոյժով ծնունդ տւեց երեւութապէս մի աշխատաւորական բանակի, անզէն զօրքի, որն այսօր պիտի դառնար իր մարտական ոյժը:

Այսպէս գործեցին ցեղօրէն անպարտելի պարտեալները:

Ի՞նչ են անում յաղթականները:

Լսեցէ՛ք նրանցից մէկին, Ֆրանսայի մտաւորականութեան.

«Գրողներս, մեր երկրի գլխին կախւած սպառնալիքի առջեւ, ցաւելով, որ ֆրանսացիների միաբանութիւնը կատարւած իրողութիւն չէ դեռ, վճռեցինք դադարեցնել ամէն գժտութիւն, ժողովրդին եղբայրութեան օրինակ տալու համար»:

«Միանա՛նք` Ֆրանսան վերանորոգելու համար»,- ասում է նրանց երկրորդ մանիֆեստը: «Ստեղծե՛նք մի նոր Ֆրանսա, որ աւելի՛ զօրաւոր լինէր, քան բոլոր վտանգները»,- ասում է ժողովրդին ուղղւած նրանց երրորդ մանիֆեստը:

Ահա Ֆրանսայի բարձր մտքի` իդէական ու քաղաքական ամենատարբեր ուղղութեանց պատկանող մարդկանց հայրենասիրական շարժուձեւը:

Այս է ամէն տեղ ազգերի ու անցքերի հոգեբանութիւնը — դինամիկան:

Այսպէս հիմնաշարժ է եղել, հիմէն խախտւել, այսպէս քանդւում ու վերակառուցւում է մի ամբողջ աշխարհ — հի՛նը:

Հասկանալի է, որ տիրող ընդհանուր տագնապի պրոբլեմի կապակցութեամբ — մի տագնապ, որ այնքան զգալիօրէն շօշափում է մեր հաւաքական ճակատագիրը — վաղուց դրուած պիտի լինէր ե՛ւ Հայ ապագայի խնդիրը` — ի՞նչ է լինելու հայ մտաւորականութեան այսօրւայ եւ վաղւայ անելիքը իր ժողովրդի եւ Հայրենիքի ինքնապաշտպանութեան համար:

* * *

Ճակատամարտերից առաջ, կանխաւ պարտւած պիտի համարել այն ժողովուրդը, որ չէ կարող շեշտակի նայել աշխարհի աչքի մէջ եւ ասել. ես հասկանում եմ քեզ:

«Դիտի՛ր աշխարհը եւ նմանի՛ր նրան»,- ասում է դասական իմաստութիւնը:

Դիտում է հայը, դիտում իր առջեւ փռւած աշխարհը, բայց, կարծէք, չի տեսնում, չի հասկանում ա՛յն, ինչ որ կատարւած է իր շուրջը:

Տարիներ է, ինչ մեր մտաւորականութեան ցեղահաղորդ մասի հետ կրկնում ենք — մարդկութիւնը վերախմբաւորւում է` հիմք ունենալով ցեղը: Ժողովուրդները վերադառնում են իրանց էութեան նախաղբիւրին, քանզի նրանց համար այլեւս գիտականօրէն աներկբայելի է, որ «օրգանականը պատմութեան մէջ` ցեղն է»: Այդ փրկարար ճշմարտութիւնը, դժբախտաբար, միայն հայ մարդը չէ հասկացել: Ցեղի գաղափարն է իմաստաւորում մեր գոյութեան իրաւունքը, ինչպէս եւ` հայրենիքի համար մեռնելու մեր պարտականութիւնը: Այս բարոյականով են զօրաւոր օրւայ բոլոր ազգերը: Մենք տկար ենք հոգեվարելու աստիճան, որովհետեւ մեզ պակասում է այդ բարձր բարոյականը: Մեր դրութեան ահաւորութիւնը նրանում է, որ հայութիւնը, իր ամբողջութեան մէջ, դեռ չի հասկանում աշխարհի ներկայ պայմանները: Նա չի հասկանում, որ թուրքի նման հարեւան եւ թշնամի ունեցող ժողովրդի համար, հնի շարունակութիւնը համազօր է ցեղային ինքնասպանութեան:

Ցեղօրէն անինքնաճանաչ է հայութիւնը: Ամօ՜թ մեզ — օտարը, Ֆրանց Վերֆէլը պիտի գար ասելու — «ոգու ժողովուրդ է հայը»: Այո՛, ոգու ժողովուրդ ենք եւ այդ իսկ պատճառով այն բոլոր վարդապետութիւնները, որոնք դիմազուրկ ոգու ծնունդ են, օրինակ՝ սոցիալիզմ, բոլշեւիզմ, կոսմոպոլիտիզմ — մնում են անմարսելի եւ անհարազատ հայ հոգու համար:

Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետւողներէն առաջինը` եղաւ հայը: Հասկանա՛նք — մեր ժողովրդի ամենազօրաւոր զէնքը միշտ էլ եղել է ոգին:

Ամէն ճշմարիտ հերոս նախ ոգու հերոս է: Առանց ոգու հզօրանքի հայ մարդը կարող է ե՛ւ յանդուգն լինել, դիպւածով ե՛ւ յաղթական հանդիսանալ, բայց ո՛չ` ե՛ւ հերոս: Ոգու հերոսներ էին Մամիկոնեան ռազմիկները, եւ հէնց սրանում է գաղտնիքը, որ նրանց ձայնի մէջ ցեղի ոյժի եւ կամքի վագրը կը մռնչէր, որ նրանք բիբլիական Դաւիթի նման, թշնամու դէմ յաճախ դուրս էին գալիս «երեք քարով» միայն եւ խորտակում նրան, իրենց առաջին հարւածով:

Ոգեշունչ է հայ ռազմիկը եւ այդ է պատճառը, որ նա Արեւելքի լաւագոյն պարտիզանն էր, է՛ եւ այսօր, որ նա շատ անգամ սակաւաձեռն ոյժերով հսկայաթիւ բանակների դէմ է ճակատել, որ կռիւներ է վարել ամենադժուարին պայմանների մէջ` կէս-կուշտ, կէս-քաղցած, առանց նւազագոյն տեխնիք միջոցների, առանց զինակիցների, մենա՛կ ու յաճախ` իսպառ կտրւած աշխարհից:

Դարեր առաջ մեր ռազմիկների ոգեշնչութիւնն է շարժել թշնամի Շապուհների նախանձը. «Երանի՜ նրան, որ հայոց գնդի տէրն է. այնպիսի տիրասէր եւ միաբան ու միամիտ զօրաց, որոնց գնդէն ու նշաններէն հուր եւ բոց կ’ելնէ»:

Ոգու մարդ էին Մամիկոնեան բոլոր զօրավարները, որոնց կամքի առջեւ խոնարհւում էր ամէն դժուարութիւն եւ վտանգ, որոնց համար վտանգ ասել էր մի հին, ընտանի ծանօթ: Ոգեշունչ էին նրանք եւ հէնց այդ է պատճառը, որ ժամանակին նրանք հանդիսացան իրենց ցեղի արթուն բնազդը, նրա աչքը, նրա ուղին, նրա մարգարէն, նրա օրէնսդիրը եւ մասնաւորապէս, իրենց ժողովրդի անզուգական ղեկավարն ու առաջնորդը: Ասենք մի այլ ճշմարտութիւն — միայն ոգու մարդը կարող է մեր ժողովրդի ղեկավարը լինել:

Իսկ ոգու մարդ ասել է` ցեղամարդ: Նմանին, միա՛յն նմանին կարելի է հայ ժողովուրդը եւ երկիրը վստահել:

Որքա՜ն կորուստներ ու ամօթանք խնայւած պիտի լինէին Հայաստանին, եթէ հայութիւնը հարազատէր ու սիրէր կիրարկել այս ճշմարտութիւնը:

* * *

Հայութիւնը դեռ հասկացողութիւն չունի այն չարիքի մասին, որ կոչւում է ստամտաւորականութիւն: Հայը սխալ է գործածում մտաւորական բառը, սխալ հասկանում` նրա իմաստը: Նրա համար մտաւորական է ամէն ուսեալ մարդ: Հէնց սրանում է նրա աղէտալի սխալը: Ուսում, կրթութիւն, գիտական պաշար — անհրաժեշտ են սրանք, բայց դեռ բաւական չեն մէկին ճշմարիտ մտաւորական դարձնելու: Մէկը կարող է իմացականօրէն շատ զօրեղ լինել, բայց եւ այնպէս իրաւունք չունենալ մտաւորական կոչւելու:

Ճշմարիտ մտաւորականը նա է, որ իր մտաւոր կարողութեան, ամէն բանից առաջ, միացնում է խորապէս բարոյական նկարագիր, բարձր գաղափարականութիւն, ստեղծագործելու — նոր իտէալներ, արժէքներ, կեանքի ձեւեր ստեղծելու ընդունակութիւն, սրբազանի զգացում, տեսական խղճմտանք, հոգեւոր արիութիւն, ժողովուրդն իր ամբողջութեան մէջ սիրելու, նրա համար տառապելու անսահման կարողութիւն:

Ի՛նչ խօսք, որ նման մտաւորականը, իրերի բերումով, կարող է տեղ գտնել այս կամ այն քաղաքական կազմակերպութեան մէջ, բայց նրա նուիրումն ու գործը չեն կրի դասակարգային, հատւածական բնոյթ: Նրա համար գոյութիւն ունի ամբողջութիւնը — ազգը, որին անշահասիրաբար կը ծառայէ: Ճշմարիտ մտաւորականութիւնը, որի գործը անընդհատելի է ազգի կեանքում — այն հոգեւոր ոյժն է, առանց որի ժողովուրդ անւան տակ ամբոխներ կ’ապրեն, առանց որի ազգութիւն չի ստեղծւի: Յանձին սերունդների` մտաւորականութիւնները օրգանապէս չեն կտրւում իրարից, չեն ժխտում, այլ հարստացնում են, կատարելագործում իրար: Այդ տեսակէտից ճշմարիտ մտաւորականութեան ստեղծագործութիւնը կրում է յաւիտենականի կնիք: Ճշմարիտ մտաւորականներից զուրկ չէ հայութիւնը, բայց զրկւած է նրանից օգտւելու կարելիութիւնից: Մեր ստամտաւորականութիւնը աւելի՛ շուտ յարմարւեց գաղթաշխարհի պայմաններին եւ պարտադրեց իրեն:

Այսպիսով` մեր ժողովուրդն ու իսկական մտաւորականութիւնը մնացին իրարից կտրւած: Կեղծ մտաւորականութիւնը, որի դէմ ազգերի ընտրանին մահու եւ կենաց պայքար է բացած, մեզ մօտ այլեւս ամբողջովին նւաճել է կեանքը եւ կ’իշխէ անընտրողաբար ու միահեծան կերպով:

Օրւայ հայ կեանքի հոգեւոր ահեղ չքաւորութեան, տափակութեան ու այլանդակութիւնների միակ պատճառը մեր ստամտաւորականութիւնն է:

Չարարւեստ բանսարկութիւն, հացակռիւ, դիրքի մակաբուծութիւն, պաշտօնապղծութիւն, խօսքի ազգասիրութիւն — այդ բոլորի մէջ` կարելի է նրա հոգու հետքերը տեսնել:

Անցեղաշունչ է, որով եւ հոգեպէս թեւատ ու առօրէական ունայնութիւններից ու մանրուքից բարձրանալու անզօր: Անստեղծագործ` նա վազում է առաւելապէս բացասական ու աննշան նպատակների ետեւից, մնալով` զզւելիօրէն մանրագործ, պառակտիչ ու չար: Այսօր աւելի հեշտ է եօթը շնագայլերի քաղցը յագեցնել, քան անցեղաշունչ հայ ստամտաւորականի չարութիւնը: Դարերի վկայութեամբ է հաստատւած մեր ցեղի կենսունակութիւնը, նրա կենսաբանական խոյանքը, սլացքը, բայց եւ այնպէս նա մնում է նւաստախոհ, օտարամոլ, պարտւողական: Իբրեւ ազգային պաշտօնեայ, նա Աստուածաշունչի անմահացրած մաքսաւորն է` ծոյլ, անհաւատարիմ, հացապաշտ: Իբրեւ գործիչ` դպիր է նա: Իբրեւ ուսուցիչ` հոգով էսնաֆ, անկարող ոյժի եւ հզօրանքի տեսիլներ պարզել աշակերտող սերունդի առջեւ:

Եթէ այսօր մեր զաւակները գունատւում են ցեղօրէն, հայօրէն — դրա պատճառը, օտար միջավայրէն աւելի, այդ տարրի անցեղաշնչութիւնն է:

Մեր մտաւորականութեան հոգեւոր դեղնախտով տառապող այդ մասը չուզեց օգտւել Ամերիկայի մեր ցեղահոգ մտաւորականների թարմ օրինակէն — ցեղակրօնութենէն: Նա վատաբանեց. «Ցեղակրօնութիւնը Հիթլէրութիւն կը հոտի»: Նա այսպէս չարամեկնեց, գիտնալով հանդերձ, որ ցեղակրօնութիւնը ծնունդ է առել մեր հայրենի Լեռնաշխարհի գլխին կախւած մեծ վտանգի օրերին, երբ մարդկութիւնը լսած չէր Հիթլէրականութեան մասին: Յանձին մեր Դաւիթբէգեան ցեղապահ ուխտերի` 1920-ին գործեց ու յաղթանակեց ցեղակրօնութիւնը: Նա գիտէ, որ Հայաստանի մտաւորականութիւն, Հ.Յ.Դաշնակցութիւն, Սիւնեաց երկիր — այդ բոլորը իրենց փրկութիւնը կը պարտին ցեղակրօնութեան: Հայ ստամտաւորականը գիտէ այդ, բայց եւ այնպէս նա չարաբանեց. «Ցեղակրօնութիւնը յարմար է ամերիկեան միջավայրին միայն»:

Եւ այդ մեր օրերում, երբ ամէն հայ մարդ քաջ գիտէ, որ նորահաս սերունդը հաւասարապէս վտանգւած է Փարիզում թէ Թաւրիզում, Սուրիոյ մէջ թէ Բալկաններում — մեր բոլո՛ր գաղութներում, եւ որ նա` նուաստութեան զգացումից ազատւելու համար, կարիք ունի մի ցեղային ide՛e force-ի, ցեղային կազդուրիչի — ցեղակրօնութեա՛ն:

Ստամտաւորականութիւնը յաջողած է լղրճել մեր ժողովրդի բոլոր բարձր ըմբռնումները: Նա շատ բան է սպանել եւ թաղել անթաղ մեր կեանքում: Ահա՛ մէկը նրա զոհերից — Հայ Եկեղեցին, որի պաշտօնէութիւնը այնքան էլ տգէտ չէ չհասկանալու համար, որ մեռեալ ծիսակատարութիւններով ու մեռելաթաղով զբաղւող եկեղեցին, վերջ ի վերջոյ, իր ժողովուրդն ու Աստուածը պիտի թաղի:

Հապա մեր դպրո՞ցը, որտեղից վաղուց են փախել «բազէ»-ները. անդէմ, անարիւն, անցեղ հայ դպրոցը, ուր ուսանել կարող են բոլոր ազգերի մանուկները: Այդ հաստատութիւնը հայ աշակերտող սերունդին կարող է ամէն բան տալ, բացի հայրենիքէն, հայրենիք պաշտպանելու արիութենէն եւ հայրենիքի համար մեռնելու քաղցրութենէն:

Անզիղջ է հայ ստամտաւորականը. ի զուր անցան Ալիշանի ու Րաֆֆիի, Ահարոնեանի ու Վարուժանի եւ այլոց դիւցազնաշունչ ցեղականչերը, նրա համար անմատչելի մնացին հերոսականի բարձունքները: Նա չսիրեց վտանգը, փախաւ հերոսներ կրթող ազնւական վտանգից եւ իր երկչոտութեամբ` յաճախ վտանգեց իր ժողովրդի ապագան: Երէկ պարտւողական էր, այսօր, նաե՛ւ երկչոտութեան քարոզիչ: Նրա համար` հերոսը արկածախնդիր է, իդէալիստը` տխմար, վախկոտը` խոհեմ, սրիկան` գործի մարդ:

Քաղաքացիօրէն անարի է նա, զզւելի՛օրէն անարի. նրան, անգամ պաշտօնապէս չէ կարելի տեսնել արդարների ու լաւերի կողքին: Եւ այդ է պատճառը, որ այսօր հայ իրականութեան մէջ, ամէն քայլափոխում վատութիւնն է դարանակալ, որ աղուէսները առիւծներ են խեղդում, սինլքորները` Յիսուսներ են խաչում:

Խարդախամիտ է մեր ստամտաւորականը. առանց խռովքի, նա մէկմէկ ճառում, թուղթ է մրոտում ազգային դիսցիպլինի մասին, սակայն, առանց անդրադառնալու, որ այդ բարձր առաքինութիւնը կարելի է տեսնել միայն այնտեղ, որտեղ գերագոյն հեղինակութիւն ու կամք կայ — ցեղի՛ կամքը: Իբրեւ թէ հոգով ու մարմնով առողջ սերունդ է երազում, բայց չէ խոստովանում, որ ցե՛ղն է սերունդների յաւիտենական կազդուրիչն ու հզօրացուցիչը:

Նա թոթովում է նաե՛ւ ներքին համերաշխութեան մասին, բայց անգիտանում, որ առանց գերագոյն հաշտարարի — որպիսին է ցեղը, գերեզմանի հողը միայն կարող է հաշտութիւն պարտադրել օրւայ ոգեսպառ հայութեան:

Ուզում է նորահաս սերունդը հայ պահել, բայց մատը մատին չի զարկում` Հայաստանը հայուն պահելու համար, բայց եւ այնպէս, վատօրէն խուսափում է նորահաս սերունդի դաստիարակութեան խնդիրը լուծել` հայրենիքի ինքնապաշտպանութեան կապակցութեամբ, ինչպէս արւում է ամենուրեք: Նա գիտէ, բայց չէ խոստովանում, որ ամէն մի ժողովրդի ուժակշիռը — դա` իր երիտասարդութիւնն է, որ միաբանութիւն, Հայաստանից դուրս` հայը հայ պահելու կարելիութիւն, հայրենիքի ինքնապաշտպանութեան համար անհրաժեշտ մարտական ոյժ — այդ բոլորը, եւ աւելի՛ն, մեզ կուտայ նորահաս սերունդը, եթէ, անշո՛ւշտ, հին սերունդը կարողացաւ Հայաստանի ինքնապաշտպանութեան գործը դարձնել հոգեկան պահանջ` նորի համար, եթէ երկու սերունդների վրայ էլ հսկեց ցեղը, եթէ երկուսն էլ ապաւինեցին ցեղին — Մասիսի նման յաւէտ «ներսէն հրաբուխի ահեղ խառնարանով եռուզեռ» մեր ցեղին:

* * *

Ո՞վ է ներկայացնում Հայ կամքը (գոյութիւն ունի՞ նման բան), ո՞վ է արտայայտում, ո՞վ է վարում դա:

Անտեղի հարցեր: Հայ ստամտաւորականութեան նեխած լիբերալիզմը վաղուց է յանգել անիշխանականութեան: Գաղութներում վաղուց է սկսւել ցեղի ոգու կազմալուծման գործընթացը:

Գաղութահայութիւնն այսօր ո՛չ հասարակութիւն է, ո՛չ էլ ժողովուրդ, այլ հոգեւոր իմաստով` մարդկային փոշի, իսկ քաղաքական իմաստով` ստւեր միայն:

Այնտեղ, ուր հոգեւոր եւ գաղափարական յարաբերութիւնները տեղի են տւել լոկ առօրէական նիւթա-եսական հաշիւների առջեւ, այնտեղ, բառիս հասարակագիտական իմաստով, հասարակութիւն կամ ժողովուրդ գոյութիւն ունենալ չէ կարող: Եղածը հայ զանգուած է, անտէր, անիդէալ, անուղի մի զանգուած, եւ ոչ աւելին: Օրւայ իր կացութեան մէջ` գաղութահայութիւնը ամենայն արդարութեամբ կարող է իւրացնել Նարեկացու խօսքը եւ կրկնել իր մասին. «Համբարներս լեցուած են ոչնչութեամբ եւ պահեստներս` հովերով. ստուերներու նմանութիւն ունիմ եւ կերպարանքս է` ծիծաղելի»:

Անհայրենիք հայութեան օրւայ «կերպարանքի ծիծաղելիութեան» միակ պատճառը իր կեղծ մտաւորականութիւնն է, որի համար աշխարհը չէ դառնում, չէ փոխւում: Անհարազատ արեւելցի, կեղծ եւրոպացի, աւելի ճիշդը` Արեւմուտքի յիմարութեանց ու սխալների ծաղրապատկերը — ահա՛ անցեղաշունչ հայ մտաւորականի շեշտւած տիպը: Տարիներով նա արեւմտականութիւն կեղծեց, բայց չարեւմտականացաւ, բայց եւրոպացու կենսաբանական բարոյականը չունեցաւ, ինչպէս եւ չհասկացաւ, որ եւրոպական ազգերին յատուկ հերոսական զգացումը արդիւնք է ոչ միայն վերջինների կենսաբանական պայմանների, այլ եւ` մի բարձր փիլիսոփայական աշխարհըմբռնումի: Նա չէ հասկանում, որ մարդ արարածը սիրով տառապում է, զոհաբերում, մեռնում յաւիտենական արժէքների եւ ո՛չ թէ թղթէ յիմարութիւնների, բանաձեւերի ու յօդւածների համար:

Իր հոգեբանութեամբ նա մնում է մի ոտքով Արեւելքում, միւսով` Արեւմուտքում. նա մնում է կէս-կէս, աւելի ճիշդը` ո՛չ այս, ո՛չ էլ այն:

Դեռ այսօր էլ — մեր երկրագնդի ամենավտանգալի օրերին — նա վատօրէն փախչում է բոլոր այն խնդիրներից, որոնք այնքան մօտիկէն շօշափում են մեր Ցեղի եւ Հայրենիքի ճակատագիրը, խնդիրներ, որոնց մէջ մեր ժամանակի սիրտն է զարկում:

Նրա համար ինքնաքննադատութիւնն ու զղջումը — զօրաւորների այդ զոյգ առաքինութիւնները — դեռ մնում են անծանօթ:

Նա — հայոց ստամտաւորականութիւնը դեռ այսօր էլ իր տկարութիւնները ատելու չափ հայրենասիրութիւն եւ արիութիւն չունի:

Հետեւա՞նքը. հետեւանքն եղաւ այն, որ հայ կեանքի գետն այսօր այնքան տիղմ է կուտակել իր տաշտի մէջ, որ այլեւս ուղղութիւնը փոխելու աստիճան դժւարացած է իր հոսանքը:

Հոգեւոր աղէտ — ահա՛ թէ ինչի է մատնւած սփիւռքի հայութիւնը իր ցեղախոյս ստամտաւորականութեան կողմից:

Նման դրութեան մէջ է մեռնում ժողովուրդների հոգին:

Ո՞ւր է ելքը:

Ո՞վ կը փրկէ հայ հոգին ստոյգ մահից:

Ո՞վ կ’օզոնէ մեր կեանքի երկնակամարը, որ այնքա՜ն ժամանակ օդափոխւած չէ:

— Ցե՛ղը, միա՛յն ցեղը:

Մեր ճշմարիտ մտաւորականութիւնը վաղուց է հնչեցրել վտանգի զանգը: Շատ ենք ուշացել: Օր առաջ պէտք է ճշդել մեր ցեղի նկարագրի այն գիծը, որ յաղթական հանդիսացաւ անցեալ դարերի եւ փոթորիկների դէմ, ու պարբերաբար կարելի դարձրեց մեր ազգային վերածնունդներն ու յեղափոխութիւնները. ժամ առաջ պէտք է ճշդել մեր ցեղի ոգու այն յաղթական գիծը, եւ յետ այսու նրա վրայ, միա՛յն նրա վրայ կառուցել մեր հայաշէն ու հայրենաշէն գործը, ու վերստին նրան, միա՛յն նրան կռթնել` գոյ եւ գալիք վտանգների դէմ յաջողաբար ճակատել կարողանալու համար:

* * *

Տարօնականութիւնն է մեր ցեղային նկարագրի յաղթական գիծը, մեր ցեղի գերագոյն առաքինութիւնը, հայ հոգու յաւիտենական խռովքը — նրա անմահութեան տենչը, նրա մեծագործութեան կարօտը, նրա հոգեւոր պայազատութիւնը:

Տարօնականութիւն — դա ասել է` Մամիկոնեանների ճամբով:

Տարօնականութեան — ցեղի յաւիտենական այդ զէնքին ենք դիմում, որովհետեւ այլեւս աշխարհը մեզ համոզեց, որ ներկայ պայմաններում վտանգի, հերոսականի ու մահւան մարդը միայն կարող է Հայաստանը ապրեցնել:

Տարօնականութիւն, ասել է` յաւիտենականի զգացում, որի սրբազան առարկան ցեղն է:

Դա ասել է` նաե՛ւ իդէալական սեփականութեան զգացում, որի առարկան Հայրենիքն է:

Պարտականութեան, հզօրանքի եւ քաջութեան կրօն — ահա՛ թէ ինչ է նշանակում Տարօնականութիւն:

Տարօնականութիւն — դա ասել է` ճշմարիտ մտաւորականի եւ տարօնաշունչ ռազմիկի զինակցութիւն, յանուն Ցեղի եւ Հայրենիքի:

Դա ասել է` յետայսու երկու բան պիտի զբաղեցնէ հայ միտքը, սիրտը եւ բազուկը — Հայաստանը եւ իր ինքնապաշտպանութիւնը:

Ցեղային այդ դաւանանքը անհրաժեշտօրէն պարտադրում են մեզ Հայաստանի աշխարհագրական դիրքը, մեր ժողովրդի թւական տկարութիւնը, մեզ սպառնացող օրւայ եւ վաղւայ վտանգները:

Դա — Տարօնականութիւնը մեզ պարտադրում է նաեւ հոգելից Մամիկոնեանների պէս Հայրենիքին անշահասիրաբար ծառայելու ու նրա համար քաջաբար մեռնելու պատրաստ մի նո՛ր սերունդ հասցնելու հրամայականը:

Մեզ մի նոր սերունդ է պէտք — վտանգի՛ սերունդ, որ աշխարհը եւ իրերը տեսնել սիրէր իր ճակատագրին հրամայել գիտցող կամքի աչքերով:

Երէկ — հասկանա՛նք այդ — մեզ պատժողը թուրքը չէր, այլ` մեր տկարութիւնը թուրքի միջոցաւ:

Դա վաղն էլ կը պատժի մեզ, եթէ մինչեւ այդ վաղը Տարօնականութեամբ չյաղթահարենք մեր տկարութիւնը:

Հայրենիք պաշտպանել, վաղը կարող են նրանք միայն, որոնք մինչեւ այդ վաղը հոգեպէս կը զինւեն Տարօնականութեամբ, այսինքն` Մամիկոնեան մեր հրաշունչ ռազմիկներէն կը սովորեն ապրել ու գործել միայն ա՛յն բանի համար, որի համար արժէ մեռնել, եւ մեռնել ա՛յն բանի համար, որի համար արժէր ապրել:

Մի՛շտ պատրաստ` ժպտադէմ կատարելու այն, որ պահանջում է Հայրենիքը:

Ցեղի եւ Հայրենիքի համար Մամիկոնեանների պէս մեռնել ուզել ու մեռնել գիտենալ — ահա՛ թէ ինչն ենք մենք անւանում Տարօնականութիւն:

Այսօր «տարօնականութիւն» են քարոզում բոլոր ազգերը: Տարօնականութեամբ — ցեղի այդ առաջին զէնքով կամ մենք պիտի անցնենք հայու տկարութիւնը սնուցանող հին հասկացողութիւնների դիակների վրայով, կամ էլ Նորը, որ սկսած է իր խորտակիչ գրոհը հին աշխարհի դէմ, վաղը պիտի անցնի մեր ժողովրդի դիակի վրայով:

«Տարօնի Արծիւ», Սոֆիա,

1938թ., թիւ 1-2