ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ 6

ՊԱՏՃԱՌ ԵՒ ՀԵՏԵՒԱՆՔ

Ամրացի՛ր վսեմ մտածումների մէջ:

Մի՛ լինիր ստւերը, արձագանքը, նմանութիւնը ուրիշների, որ հարկադրւած չլինես ծիծաղելիօրէն կրելու այլոց գաղափարներն ու տեսակէտները, ինչպէս կրում ես ուրիշի ձեռքով պատրաստւած զգեստներդ: Ամենաէականը` որպէսզի արթնանան հոգուդ հեքեաթական ոյժերը եւ ծառայեն քեզ:

Այդ մասին խօսել եմ քեզ: Աւելացնեմ, թէ բաւական չէ դեռ սեփական խոկում ու խորհրդածութիւններ ունենալը: Պէտք է, որ այդ վերջինները լինեն մաքուր, վեհ, արդար: Քանզի մեր նկարագիրն այլ բան չէ, եթէ ոչ գումարը մեր մտածումների: Մեր արարքները ծնունդ են առնում եւ կազմակերպւում նախ մեր ուղեղի եւ հոգու մէջ: Անհատի եւ ազգի ճակատագիրը բնորոշւում եւ դարբնւում է այն մտածումներով, զորս այդ վերջինները երկարօրէն սնուցել են իրեն մէջ:

Տկարութիւն թէ հզօրութիւն, պարտութիւն թէ յաղթանակ, տառապանք թէ երջանկութիւն, – այդ բոլորի հեղինակը ի՛նքը, անհա՛տն է, ժողովո՛ւրդը, եւ ոչ սրանց թշնամիները, եւ ոչ դիպւածը:

Պատճառ ու հետեւանք – միեւնոյն փոխյարաբերութիւնն ունին ինչպէս նիւթական, այնպէս էլ մտա-բարոյական աշխարհում: Ահա թէ ինչո՛ւ մեր պայքարը պարագաների եւ հետեւանքների դէմ պիտի չլինի ուղղւած, որ դուրս են մեզնից, այլ` պատճառների դէմ, որ մեր մէջ են:

Մտածումներից ծնունդ է առնում ցանկութիւնը, սրանից` ձգտումը. իսկ այդ վերջինը ունենում է իր այս կամ այն առարկան, որով եւ անհատը մատնում է իր մտածումների բնոյթը:

Պարբերաբար ընդունած ներքին ներշնչումներից մենք մշակում ենք մեզ համար յատկութիւններ, պայմաններ, եւ որպէս արդիւնք այդ բոլորի մեր ճակատագիրը:

* * *

Հսկի՛ր մտածումներիդ մաքրութեան ու վսեմութեան վրայ: Յաճախ «քաղհանք»ի ենթարկիր մտքերդ, զտի՛ր:

Ամէն մտածում, հենց որ տեղ գրաւեց գլխիդ մէջ, պիտ ձգտի արտայայտւել: Չար, ստոր, եսական մտածումները քեզ պիտ մղեն համապատասխան քայլեր առնելու: Արդար, անձնւէր, ասպետական մտածումներն, ընդհակառակը, քեզ պիտ դարձնեն հեղինակը ազնիւ գործերի:

Սովորի՛ր ղեկավարել ուղեղդ: Դժւար չէ դա, քանզի մարդս իշխանութիւն ունի իր մտածումների վրայ:

«Մենք,- ասել է իմաստասէրը,- մենք չենք կարող արգիլել թռչուններին անցնելու մեր գլխի վրայով, բայց իշխանութիւնն ունենք թոյլ չտալու նրանց, որ իրենց բոյնը շինեն մեր գլխի վրայ»:

Այս ձեւով վարւիր մտածումներիդ հետ: Թոյլ մի տար, որ վատերը իրենց բոյնը հիւսեն ուղեղիդ մէջ:

Ամրացի՛ր վսեմ մտածումների մէջ – եւ դու կը տիրես ներքին խաղաղութեան: Իսկ գիտե՞ս, որ որքան հոգեպէս անդորր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա:

Քո կեանքի արտաքին պայմանները – ինչպէս եւ քո ժողովրդի – հարազատ ծնունդն են քո հոգեկան վիճակի, իսկ այդ վերջինը` քո մտածումների:

Արդարեւ, մեզնից ամէն մէկը, մի հոգեբանի պատկերաւոր արտայայտութեամբ, «հաւաքում է քաղցր ու դառն պտուղները իր մտքի տնտեսութեան»:

Տանջանքն ու տխրութիւնը միշտ էլ հետեւանք են վատառողջ մտքերի, որոնք ցոյց են տալիս, թէ անհատը հաշտ ու համերաշխ չէ իր խղճի հետ:

Հեռո՛ւ, ուրեմն, այն ստոր մտածումներից, որոնք բիւրեղանում են որպէս դատապարտելի սովորութիւններ եւ տանջող պայմաններ մեզ համար:

Հեռո՛ւ նւաստ ու երկչոտ խոհերից, որոնք սնուցում են մեր վարանոտ ու անվճռական յատկութիւնները, դարձնելով մեզ հոգեւոր ստրուկ, միշտ ենթակայ նւաստացումի եւ զրկանքների:

Միշտ վեհ, ազնիւ, արիական մտածումներ, որոնք բիւրեղանում են որպէս ուրախութիւն, ներքին հանգիստ, քաղցրութիւն, դարձնելով մեր հոգին թարմ, պայծառ ու կորովի:

Երկաթը մաշւում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր անկատարելութիւնից, որ արդիւնք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների:

Մտածումը, նայած իր բնոյթին, ե՛ւ սպանիչ է, ե՛ւ յարուցիչ, փրկիչ:

Հրաշագործ է մտքի ոյժը: Դո՛ւ, երիտասարդ զրուցընկեր, դո՛ւ, որ հրամայողաբար պիտ լինես ուժեղ, դու եւս ապաւինիր վսեմ մտածումի փրկարար ոյժին:

Եւ որովհետեւ ուխտիդ բերումով քեզ վիճակւած է եւ ղեկավարի պատասխանատու դեր, սովորի՛ր իմաստնօրէն ղեկավարել նա՛խ սեփական մտածումներդ ու ցանկութիւններդ:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով