ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ 4

ՆԱԽ ՄԱՐԴ

Կեանքի խորհուրդը կայանում

է հոգեւոր եւ ոչ թէ նիւթական

շինարարութեան մէջ:

Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց եւ այնպէս լաւ Հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կեանքում նիւթակրօն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Նա, որ իրեն զգում է որպէս «ժամանակաւոր շունչ եւ կենդանութիւն առած մեքենայ»` չի կարող հասարակական ասպարէզում երեւան գալ որպէս կենդանի հոգեկանութիւն: Նա, որ որպէս մարդ, իդէալականացնում է նիւթն ու նրանից բղխող բաւականութիւնները, որ կեանքի նպատակը համարում է կրաւորական հաճոյքները – որպէս Հայ չի կարող լինել անձնւէր, արի, հայրենապաշտ: Միեւնոյն մարդու մէջ չեն ապրիր միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կա՛մ մէկն է, կա՛մ միւսը: Սեղմ ասած` չի կարելի որպէս մարդ, կեանքում դաւանել անձնական երջանկութեան վարդապետութիւնը, իսկ որպէս գործիչ, առանց կեղծիքի, ընդունել Տոսթոեւսքուն, թէ մարդկութիւնն ապրում է ոչ թէ երջանկութեան, այլ անսահման կատարելագործման համար: Այո՛, չի կարելի անկատար մարդ, բայց կատարեալ Հայ լինել: Միայն մարդ կոչւելու արժանին կարող է արժանաբար Հայ կոչւել: Դա այբուբենական մի ճշմարտութիւն է, որ երկար իմաստասիրութիւն չի վերցնում:

* * *

Նախ մա՛րդ: Դա նշանակում է զգալ իր հոգու մէջ ներկայութիւնը որեւէ բարձր բարոյական իդէալի: Դա նշանակում է իր էութեան մէջ զգալ անվերջ բոցավառումն այդ իդէալի սրբազան կրակի:

Իդէա՜լ եւ աննւաղ ձգտում դէպ այդ վերջինը, – ահա՛ թէ ի՛նչն է մեզ իրաւունք տալիս մարդ կոչւելու:

Կենդանի արե՜ւ, որ այրւում է ներքուստ եւ լուսաւորում ու ջերմացնում իր հոգեւոր շրջապատը:

Այդ դէպքում միայն մարդս դադարում է մնալ այն տխուր արարածը, որի ճակտին ծանօթ բարոյագէտի զայրոյթը «կենդանի դիակ» անունն է դրոշմել:

* * *

Նազովրեցին կ’ուսուցանէր, թէ մարդուս մէջ ապրող հոգին աւելի արժի, քան ողջ աշխարհը:

Նոյնը – գեղեցկագոյն բանն այս աշխարհում նկարագիրն է, վսեմ ու ազնւական:

Իդէալ, իդէալապաշտութիւն – դա միակ միջոցն է, որի շնորհիւ տգեղ ու տկար հոգիներն ու նկարագրերը կը գեղեցկանան, կը բարձրանան, կը փարթամանան:

Անիմաստ ու դատապարտելի է մարդկային կեանքը, եթէ դա ծառայութիւնը չէ իդէալի, կատարումը բարոյական պարտականութեանց:

«Երկու բան է լցնում իմ հոգին միշտ նոր հիացումով ու յարգանքով աստղալից երկինքը` գլխիս վերեւ, բարոյական օրէնքը` սրտիս մէջ»,ասել է մեծ իմաստասէրը:

Նոյնը – «վարւիր այնպէս, որ կարողանաս ասել ամէն մէկին` վարւիր ի՛նձ պէս»:

Եղի՛ր իդէալիստ, երիտասա՛րդ ընթերցող, քանզի նիւթապաշտը դառնում է մարդ – մեքենայ, կոկորդ ու ստամոքս միայն. իսկ նմանը ե՛ւ ապրում է, ե՛ւ չի ապրում. իսկ նմանը աւելի անասուն է, քան մարդ: Եղի՛ր իդէալի ընդունակ, եւ բաւական մի՛ համարիր իմացականութեամբ զարգացումը, որ առանց սրտի կրթութեան, աշխարհի չարիքները մեղմացնելու փոխարէն աճեցնում է յաճախ: Եղի՛ր ընդունակ` ինքնանորոգումի ճամբով սատար հանդիսանալ հասարակութեան բարոյական վերանորոգումին, խորապէս գիտակցելով, թէ միակ մարդը, որին կարող ես բարձրացնել դա ի՛նքդ ես: Սկսի՛ր քեզնից: Եւ իմաստունի հարցին, թէ «ի՞նչ կ’ուզէիր լինել կեանքում,- յանուն ճշմարտութեան թոյնի բաժակը դատարկելու դատապարտւած Սոկրատէ՞սը, թէ՞ ճշմարտութիւնից դուրս ապրող խոզաբարոյ մի էակ», դու պատասխանիր – առաջի՛նը:

* * *

Ճշմարիտ է այն կարծիքը, թէ մարդկութիւնը դառնացնող տառապանքների մեծագոյն մասը հետեւանք է իրերի եւ երեւոյթների սխալ գնահատումի:

Չե՞ս յիշում, ընթերցո՛ղ, այն ծանօթ պատկերը, որ երջանկութիւնը կը խորհրդանշէ: Կախարդական զօրութեամբ օժտւած կանացի մի թեւաւոր էակ, մի բան ձեռքում, փախչում է` իրեն հետ վազեցնելով մարդկային ցեղը:

Փախչում է մտացածին ըղձանոյշը եւ հազարներն ու հազարները խելայեղօրէն վազում են իր յետեւից: Հեւում են, հառաչում եւ աղմկում ի՜նձ է՛լ, ի՜նձ էլ… իսկ թեւաւոր էակը ժպտում է ու փախչում, թողնելով իր ետեւը դժբախտների, յուսախաբների, ձախողւածների անթիւ ու անհամար բանակը:

Եւ ահա՛, երեւակայական ըղձանոյշի ժպիտներին ու շնորհին չարժանացածների մի մասը, իր «դժբախտութեան» վերջ տալու համար դիմեց գնդակին, թոկին, դաշոյնին, թոյնին` անձնասպանութեան: Մի մասը իրեն յանձնեց արբեցողութեան եւ նման այլասերիչ մոլութիւնների: Մի այլ մասը գազազած, դառաւ թունաւորիչը եւ անէծքը հասարակական կեանքի:

Տղամարդը, որ կարող էր իր մեծագործութիւններով անմահանալ, յաւերժացաւ իր չարագործութիւններով:

Կինը, որ կարող էր առաքինութեան օրինակ ծառայել աշխարհին, դառաւ փողոցի սեփականութիւնը:

Հետեւա՞նքը: – Լիքն են բանտերը, յիմարանոցները, հիւանդանոցները:

Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպէս: Ինչո՞ւ կը տառապի մարդկային ցեղը: – Որովհետեւ միամիտ մարդը, իրենից, իր հոգուց դուրս փնտռեց եւ կը փնտռի երջանկութիւնը: Որովհետեւ նիւթականացած մարդը չճանաչեց ճշմարիտ երջանկութիւնը եւ իր կեանքը վերածեց դժոխքի:

* * *

Մշտատեւ անհանգստութիւն – ահա՛ այն սպանիչ տրամադրութիւնը, որ տիրում է արդի հասարակութեան եւ անհատի հոգում:

Մի բան պակասում է բոլորին, բոլորի՜ն:

Անորոշ ձանձրոյթ, ջղայնութիւն, ինքնապատճառ թախիծ,- ահա՛ անհատի հանապազօրեայ կեանքը:

Հարուստն իրեն աղքատ է զգում իր հարստութեան մէջ, նիւթապէս երջանիկը` բարոյապէս դժբախտ:

Կա՛յ, կա՛յ մի բան, որ թունաւորում է մեր կարճատեւ ուրախութեան վայրկեանները, սպանում` ժպիտը մեր շրթունքների վրայ, խլում` մեր քունը, մեր հոգեկան անդորրութիւնը եւ սարսափեցնում` անարեւ ծերութեան ու մահւան ուրւականներով:

Կա՛յ մի խորհրդաւոր ձեռք, որ աներեւութաբար թոյն եւ արտօսր է կաթեցնում մեր շրթունքներին մօտեցող գինու եւ հաճոյքի բաժակի մէջ:

Կա՛յ մի պատուհասող ոյժ, մի ձեռք, որ դատում է մեզ, պատժում ամէն օր, ժամ, վայրկեան:

Ի՞նչ է նշանակում սա: Ո՞վ է, ի՞նչ է այդ խորհրդաւոր ոյժը:

– Դա մեր խիղճն է, ընթերցո՛ղ, մեր գիտակցութիւնը, թէ բարի չենք, առաքինի չենք, հայրենասէր չենք. թէ` կատարեալ Հայ եւ մարդ չենք:

* * *

Արտաքին երջանկութիւնը, զոր խելագարօրէն կը փնտռեն այն բոլորը, որոնց կեանքի նպատակը հաճոյքներն են եւ ոչ բարոյական պարտականութիւնների կատարումը – խաբուսիկ եւ խոզաբարոյ երջանկութիւն է, որ պէտք չէ լինի առարկան քո ձգտումների: Դու պիտ չճանաչես երջանիկ լինելու մի այլ միջոց, քան ցեղիդ եւ նմաններիդ համար աշխատելն ու տառապելը:

Քո երջանկութիւնը – ծնունդ իմաստութեան – պիտ լինի յանուն ցեղային իդէալի զոհաբերւողների գերագոյն երջանկութիւնը, քանզի մարդս տէրն է միայն իր զոհաբերածի, եւ դա՛ է միայն նրա արժէքը, եւ ոչ թէ այն կարողութիւնները, որոնցից իրենից զատ ոչ ոք է օգտւում:

Քեզնից դուրս չկայ եւ պիտի չփնտռես երջանկութիւն:

Փնտռածդ երջանկատու ըղձանոյշը ապրում է մի խորհրդաւոր դղեակում, որ քո սիրտն է, բաժանելով հարեւանութիւնը մաքուր խիղճ կոչւած աստւածութեան:

Քո երջանկութիւնը պիտ լինի` ծառայել ժողովրդիդ երջանկութեան: Իսկ դա նշանակում է, թէ քո սերունդը զզւանքով երես պիտ դարձնի իր օրւայ կեանքից, որ նա պիտ թողնի փողոցն իր բազմապիսի հրապոյրներով: Նա պիտ յետ մղի այն բոլոր նիւթակրօն եւ անասնացուցիչ վարդապետութիւնները, որոնք տկարացնում են մեզ, որպէս Հայ եւ մարդ:

Իսկ դա նշանակում է, որ դու պիտ չնմանւես այն սերունդներին, որոնք կորչել են առանց ազգային օգտակարութեան, ինչպէս խոռոչներում ընկած արեւի ճառագայթը: Որոնք գոյութիւն են ունեցել, բայց չեն ապրել: Որոնք չեն թողել մի բան, որ ապրէր իրենցից յետոյ:

Դու բարոյապէս ազատ չես դառնալու սերունդը անասնօրէն երջանիկ դատարկապորտների, որովհետեւ եւ ոչ մի ժամանակ քո ժողովրդի գոյութիւնն այնքան լուրջ կերպով վտանգւած չի եղել, որքան այսօր: Ինչպէս եւ երբեք քո ժողովուրդը այնքան հրամայողաբար չի զգացել կարիքը մի ուխտւած եւ հերոսական սերունդի:

Եղել են սերունդներ, որոնք իրենց կեանքը վատնել են խաբէական «կրկներեւոյթներ»ի կամ «թիթեռնիկներ»ի յետեւից վազելով: Դու, սակայն, պիտ լինես անձնական երջանկութիւնը չճանաչող սերունդ: Ահա թէ ինչո՛ւ եմ ասում քեզ,- վերցրո՛ւ խաչդ եւ հետեւի՛ր ինձ: Այո՛, քո սերունդը պիտ լինի խաչակիր: Նա պիտ քաւի մեղքերն իր հայրերի` հանդիսանալով նրանց վերադաստիարակիչը: Իսկ այդպիսին դառնալու համար, պէտք է որ քո ամէն մի օրը լինի «ճերմակ քարով նշանակելի օր». պէտք է որ քո կեանքը լինի բարոյական լրջութիւն, գրաւչութիւն եւ առողջութիւն: Իսկ այդպիսին լինելու համար` ապրի՛ր չմեռնելու, մեռի՛ր ապրելու համար: Կեանքդ նւիրի՛ր բաների, որ չեն մեռնում: Եղել են սերունդներ, որոնք աւելի ժամանակ են վատնել իրենց արտաքինը յարդարելու, քան իրենց մտքի եւ սրտի մշակոյթի համար: Դու պիտ ապրես ժողովրդիդ համար, այլապէս պիտ երկարի նրա հոգեվարքը եւ շատ պիտ ուշանայ նրա քաղաքական յարութիւնը:

* * *

Հոգեպէս ծոյլերն են ստեղծել դժւարին ու անկարելի խօսքերը: Քոյր ու եղբայր են չկամենալն ու չկարողանալը: Հազարամղոն ճամփորդութիւնն սկսւում է մի հատիկ քայլով: Չկա՛յ անկարելին, երբ կայ զօրեղ ու վճռական կամքը: Գիտցի՛ր, եղել են կամքի հսկաներ, որոնք առաջարկել են Ալեքսանդր Մակեդոնացուն` իր արձանը կերտել Աթօս լեռը տաշելով:

«Թագաւորը նա՛ է, ով կարող է»:

Ես ուզում եմ, որ դու լինես թագաւոր սերունդ:

Քանի դեռ գետափին ես – տկար ես: Անցա՞ր – կեսար ես:

Անցի՛ր, հա՛յ երիտասարդութիւն, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ յաղթութեան դափնին է սպասում:

«Յաղթութեան ու պարտութեան միջեւ ամբողջ պետութիւններ կան»,ասել է Բոնապարտը:

Քո վաղւայ յաղթանակի եւ պարտութեան միջեւ հայ ժողովրդի լինելչլինելու հարցը կայ, հա՛յ երիտասարդութիւն:

Ահա՛ թէ ինչու քեզ պէտք է յաղթականի լուսապսակ ստեղծել քո ժողովրդի անւան ու ճակտի շուրջը:

Իսկ դրա համար քեզ պէտք է լինել` աւելի քան Հայ եւ մարդ:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով