Գարեգին Նժդեհ

ՄԵՏԱՊՈԼԻՏԻԿԱ: ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ*

Մարդս չի ծնվում կատարյալ, դա դառնում է ինքնամշակմամբ, ինքնահաղթահարումով, որով` կյանքը առաքելություն է:

Կուլտուրական մարդը – դա ներքին կյանքի մարդն է (ամբոխներին պակասում է այդ ներքին կյանքը – նրանք ապրում են առանց ինքնաճանաչումի եւ աշխարհաճանաչումի, առանց ղեկավարող սկզբունքների` քաշված կյանքի եւ պատմության օրենքներից):

Պրոգրեսը կարելի է արագացնել անշուշտ, բայց ոչ այն չափով, ինչ չափով կարծում են, թե կարելի է արագացնել կաբինետային երազատեսները: (Բնությունը սոտեռններ չի սիրում), պրոգրեսը ենթարկվում է բնության այդ օրենքին:

Կյանքի դարաշրջանները այլ բան չեն, քան հոգեկան հասունության ֆազաներ: Ոչ մի հասունացում հնարավոր չէ արհեստական ձեւով, առանց խեղելու դա (այդպես է բնության մեջ, նույնը` մարդկության):

Մի ժողովուրդ զարգանում է բնականորեն եւ կանոնավոր կերպով, երբ աստիճանաբար անցնում է իր հասունության բոլոր ֆազաները (որոնցից ամեն մեկը հնարավոր է դարձնում մյուսը):

Պրոգրեսի նորմալ ընթացքը (ժողովրդի կյանքի կառուցման, պետական սարք ու կարգի հաստատման) – նախ օրենքները հաստատվում են ոգիների մեջ, վերջը` ընդունում սահմանադրության ձեւ:

Այսինքն` հոգեւոր պրոգրեսի ճամփով դեպի արտաքին պրոգրեսը: Հասարակական խղճմտանքը արդյունք չէ պետական օրենքների, ընդհակառակը, պատմությունը հաստատում է, որ օրենքներն են հայելին հասարակական հոգու, որ պետական ռեժիմը արտացոլում է ժողովրդական խղճմտանքը:

Օրենքը չէ ստեղծում մարդը, այլ մարդը` օրենքները:

«Օրենքները փոխելուց առաջ, անհրաժեշտ է փոխել մարդկանց» (Aug. Conte, Philosophie positive):

Օրենքը – դա ընկերային մի մեծ ուժ է, ժողովրդական մի հզոր պաշտպանություն, երբ ծնունդ է առնում մարդկանց ներքին կյանքում եւ ապա նվաճում նրանց արտաքին կյանքը:

Կատարյալ ներդաշնակություն հաստատությանց եւ մարդկանց միջեւ, հանրային իրավակարգի եւ ժողովրդի ոգեկառույցի միջեւ:

Երբ ժողովրդի հոգին ավելի կուլտուրական է, քան իրավակարգը, պետական ռեժիմը փոխվում է բռնությամբ, հեղափոխությամբ:

Երբ հակառակն է` պետության ղեկավարությունը անցնում է բախտախնդիրների ձեռքը, բռնակալների, որոնք օգտվելով զանգվածների հոգեկան կուրությունից, երկիրը դարձնում են իրենց կրքերի եւ անձն[ական] շահերի շահաստան (այդպես են Եվրոպայի հարավարեւելյան երկրները` Հունաստանը, Սերբիան, Ռոմանիան, Բուլղարիան, Թուրքիան):

Քաղաք[ական] ազատությունը ծնունդն է բարոյական ազատության:

Ազատ կյանք կա միայն այնտեղ, ուր անխաթար խղճմտանքներ կան (Ռենան):

Մարդս տալիս է իր մերձավորներին միայն այն, ինչ որ ունի:

Ազատության նախապայմանը – ինքնատիրապետումն է, ինքնահաղթահարումը, իր տկարությանց հաղթահարումը:

Ազատագրությունը – դա զենքի գործ է, հաջողության, հաղթանակի:

Ճշմարիտ ազատությունը – դա սկսվում է բարոյական վերանորոգմամբ, վերածնունդով:

Ամենաիմաստուն եւ ամենազորավոր հեղափոխականը ժամանակն է:

Դիպվածական եւ լրիվ ազատագրություն առանց հոգեւոր վերադաստիարակության եւ առանց քաղաքաց[իական] տղամարդացումի, գիտական անհեթեթություն է:

Սեկտանտն ասում է` գաղափարն ամեն ինչ է, մարդը` ոչինչ (հաստատությունները ամեն ինչ, անհատը` ոչինչ): (Հաստատությունը – դա կոնկրետացյալ գաղափար է): Դա ասել է` հաստատությունները չեն ստեղծված մարդու համար, այլ մարդը` հաստատության: Նմանները մոռանում են, որ ամենապայծառ գաղափարը մնում է իբրեւ չոր աբստրակցիա, երբ կապը կտրված է նրա [եւ] հասարակական ոգեկառույցի միջեւ:

Ռեժիմը չի ուղղում մարդկանց, ընդհակառակը` մարդիկ են սրբագրում, փոխում ռեժիմը:

Հաստատությունները պիտի արտահայտեն կենցաղը, ավանդությունները, հավատալիքները, ձգտումը ցեղային առանձնահատկությունների այն ժողովրդի, որի համար կյանքի են կոչված (քրդերին տալ շվեյցարական սահմանադրություն ! ?):

Ինձ կարելի է պարտադրել մի օտարոտի ռեժիմ, բայց ինձ չի կարելի դա դարձնել հասկանալի եւ ընդունելի: (Իսկ մարդս չի կապվում այն բանին, որ չի հասկանում):

Հաստատությունները հոգի ունեն: Հոգի ունեն նաեւ ժողովրդ[ական] զանգվածները: Անհրաժեշտ է սերտ կապ սրանց միջեւ: Միայն այդ դեպքում [է] բարերարը:

Օրենքը` նախ մտայնություն ոգու մեջ եւ ապա հետո` իբրեւ սահմանադրություն: (La loi ռcrite suppose la loi non ռcrite. Renan).

Պետություն, որ նման է ձեզ (Սոլոն):

Ոչ թե նորը, այլ նորոգում (Ցիցերոն) (Non nova, sed noviter!):

Օրենսդիրը ոչինչ պիտի ստեղծի, որ կկրեր աբսոլյուտ նորության բնույթ (չտեսնված, չլսված, չսպասված): Նա նախ պիտի ուսումնասիրե հասարակական պսիխիկան եւ յուր օրենքը պիտի հարմարացնե նրան:

Չի կարելի արագորեն հասունացնել: Գոյություն չունի արագ պրոգրես: Արհեստականորեն արագացված պրոգրեսը արհեստականորեն արագացված անկում է:

Պատմությունը մի բան գիտե – աստիճանական տրանսֆորմացիա:

Կատարելությունը չի կարելի իմպրովիզե՛ անել: Գազան-անասունը մարդու մեջ ավելի է ուժեղանում, երբ ուզում ենք մեկեն, առանց աստիճանական բարելավումի – դարձնել կատարյալ էակ:

Բոլոր վերանորոգումները պետք է հաշտեցնենք ավանդությունների հետ: (Հյուս[իսային] բեւեռում վարդեր չեն բացվում):

(Ժողովրդիս սոցիալիզմ տվի, կարծելով, որ դա էլեքսիր է երջանկության, բայց դուրս եկավ, որ սոցիալիզմը նրա համար մահաբեր թույն է:

Եվ այժմ մեռնում եմ այն սպանիչ գիտակցությամբ, որ սպանել եմ ժողովուրդս):

Ամեն քաղաքա-սոցիալական բռնացում` խեղում է ժողովրդի հոգին:

Պրոգրեսը փիլիսոփայության խնդիր չէ, այլ ժամանակի: Քաղաքականության եւ պատմության մեջ պետք է թիկունք դարձնենք տեսություններին եւ հենվենք փաստերին:

Իր աճումի մեջ բռնացումի ենթարկվող ժողովուրդը մեռնում է հոգեպես: (Բարին բնության մեջ աստիճանական բարին է – պտուղը, երեխան, աշակերտը դպրոցում…):

Ընդհանուր բարիքը դառնում է չարիք, երբ չի արտացոլում մասնավոր բարիքը:

Երբ ես լավ եմ – ասել է լավ է հասարակությունը: (! ? Չէ, երբ լավ է ժողովուրդը – լավ եմ եւ ես):

Նորվեգիացին` ամեն բանից առաջ հայրենիքս:

Շվեդացին – ես ազատ եմ (երգում է), բայց իմ ազատությունից պիտի օգտվեմ օրենքին ենթարկվելու համար:

Իտալացին եւ իսպանացին, երբ դժգոհ է, իրեն համարում է օտարական յուր սեփական երկրում (քաջությունը սրանց մոտ ճշմարիտ արիություն չէ, հերոսություն չէ: Դա մոտենում է այն համարձակության, որ արեւելցիները անվանում են փեհլեւանություն):

Նա, ով ասում է ես ամեն բանից առաջ, ամեն բանից վեր – չի կարող ծառայել ո՛չ գաղափարի, ո՛չ դրոշակի, ո՛չ ցեղի: Դա ծառայեցնում է իրեն ե՛ւ գաղափարը, ե՛ւ դրոշակը, ե՛ւ ցեղը:

Տկար կուլտուրայի տեր ժողովուրդների մոտ գոյություն չունի իդեական կուսակցական պայքար, այլ` կա պարտիզանականություն, իսկ պարտիզանականությունը ժխտումն է իդեականությանն:

Բուլղարիան – քաղաք[ական] սպանությունների դասական երկիրը:

Պարտիզանշչինան ենթադրում է խղճմտանքի եւ բարոյականի անկում:

Գիտությունը հաստատում է, որ քաղաքականության մեջ բացարձակը բացարձակորեն հարաբերական է:

Փաստերը իրավանց բարձրության վրա են – ուր ռեժիմը եւ օրենսդրությունը զարգանում են համաձայն ժողովրդի հոգեւոր մշակույթի:

Չկան մշտական կոնսերվատորներ եւ հեղափոխականներ: Իմաստուն գործիչը պիտի լինի միաժամանակ թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ես պահպանողական եմ, երբ վտանգ կա փողոցային անարխիայից, հեղափոխական` երբ հանրային մտածողության ու կյանքի քարացում կա: (Ես հանրապետական եմ, երբ գտնվում եմ Շվեյցարիայում, Խուժաստանում` մոնարխիստ):

Ժամանակի, տվյալ մոմենտի համար արժեք չունի այն բանը, որ արվում է առանց հաշվի առնելու ժամանակը:

Հոգով թաթարացած ռուսը ազատությունը հասկացավ այնպես, ինչպես որ հոգեհիվանդ Նիցշեն հասկանում է հզորությունը` «Իմ մեծության արձանը պիտի ցցվի փլատակներից եւ դիակներից կազմված մի լեռան վրա»:

De la doctrine Ո la pratique il y Ո du chemin.- Դոքտ[րինայից] մինչեւ պրակտիկան մեծ ճամփա կա (Գամեքարու):

Իմ նպատակն է մասնավոր փաստերից եւ երեւույթներից բարձրանալ մարդկության ընդհանուր օրենքներին: Դա question de fact – է, փաստի հարց է:

Ընդհանուր վտանգի ժամանակ միջկուսակցական կռիվները ազգասպանության են հավասար:

Իշխանությունը դառնում է օրինականացյալ անիշխանություն, երբ ընդհանուր խղճմտանքի կոնտրոլ չկա:

Փնտրիր պատճառը անցքերի եւ իմաստը փաստերի – հասարակագիտական մեծ սկզբունքների լույսի տակ:

Քաղ[աքական] ազատությունը ծնունդ է առնում բարոյականից:

Սոցիալական խնդիրը բարոյական խնդիր է: Օրենքը փոխելե առաջ, փոխիր մարդը:

Ergo**, քաղաք[ական] ռեժիմը պիտի ներդաշնակ լինի մշակույթին:

Ամբողջական էմանսիպացիան մեկեն գիտական պՐպրՖ*** է:

Ազատ օրենքները դառնում են տեւական, երբ զարգանում են հասարակ[ական] ոգուն զուգահեռ:

Օրենքները լինում են երկարատեւ միայն այն ժամանակ, երբ համապատասխանում են բարքերին:

Գրված օրենքի աղբյուրը չգրված օրենքն է (որ գրված է սրտում):

Բարքերը զարգանում են եւ ուշ թե <շուտ> պարտադրվում որոշումներով:

Ամեն բարեփոխում պետք է սկսվի խղճմտանքից:

Ահա այն սկզբունքները, որոնց վրա հանգչում է պատմության փիլիսոփայությունը:

Իմաստաբար դեն ենք նետում միայն այն, որը կարող ենք հաջողաբար փոխարինել:

Որքան արժեն մարդիկ, այնքան էլ արժեն նրանց տրված ֆունկցիաները:

Ազատությունը չի առնվում, այն սովորում են:

Ամեն մի աղետի, դժբախտության արմատում գտնում ենք մի սխալ կամ մի մոլորանք:

Միայն իրերի սիրտը թափանցելով կարելի է նրանք վերստեղծել:

Ինչ որ ընտրողներն են, այն էլ ընտրյալները:

Իրավունքն առանց ուժի պարզ աբստրակցիա է:

Իդեոլոգները սխալվում են կարծելով, թե ազատությունը կարող է իմաստություն ծնել, ընդհ[անուր] իմաստությունն է ծնում ազատությունը:

Կոպիտ բռնությունը միշտ էլ առաջացնում է ընդդիմություն:

Հանրապետություն սահմանադրելը հեշտ է, դժվար է սահմանադրականներ ստեղծելը:

Քաղաքականությունը հավասարակշռության գիտություն է:

Քաղ[աքական] իմաստությունը գտնվում է չափավորության մեջ:

Սրանք են պատմության պոզիտիվ դասերը, պրոգրեսի օրենքները:

(Գիզո, Շատոբրիան, Տիերի, Մինե, Տիետ, Միշել, Տոկվիլ, Կինե, Դյուրյուր, Ռենան, Տեն, Բարանտ, Կուլանժ, Օգ. Կոնտ):

*«Մետապոլիտիկա: Պատմության փիլիսոփայությունը», ինչպես նաև «Երջանկության պրոբլեմը» ձեռագիր տետրակներն առաջին անգամ տպագրվել են 2002 թվականին, Երեւանում: Ձեռագրերը գրվել են, հավանաբար, անցյալ դարի 30-ական թվականների վերջին ու թեեւ ավարտուն աշխատություններ չեն (այլ` գրառումներ), այդուհանդերձ, ունեն անգնահատելի արժեք:

** Ergo – (լատ.)` հետեւաբար:

***EՐպրՖ – հերձված:

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով