ՀՐԱՄԱՆՆԵՐ — Ղափանի հանքեր 3

1920, 12 փետր. ժամը 7-ին, Ղափանի հանքեր

ՀՐԱՄԱՆ

Ղափան-Գենուազ-Գողթանի ռազմական ուժերին

Զինակիցնե՛ր, հասել է օրը, անօրինակ հերոսութեամբ աւելի քան երկու տարի ամենադժնդակ պայմաններում Զանգեզուրի նախադուռը պաշտպանող այն մի բուռն ժողովրդի փրկութեան օրը, այն քաջանուն ժողովրդի, որն ամիսներ առաջ խորապէս գիտակցելով իր շրջանի ռազմագիտական խոշոր նշանակութիւնը, բացճակատ յայտնեց մեզ իր որոշումը`

«Գողթանը կը մեռնի՛, բայց չի՛ գաղթի»:

Հասել է ժամը, երբ երկու մեծ ու ընտիր Հայորդիների` Աստուածաշունչ Քրիստափորի եւ Ռոստոմի արիւնաներկ ու սրբապղծուած ծննդավայրերը` երբեմնի չքնաղ Ագուլիսները, պիտ վերագրաւուեն, պիտ վերականգնուեն իրենց շէնութեամբ ու բարոյական մեծութեամբ:

Լսէ՛ք, հնչել է ժամը, զինակիցնե՛ր, երբ վախկոտ Էդիֆների տմարդ սրից զարնուած հազարաւոր անթաղ մեռելները ձեզնից արդար ու արիւնոտ հատուցումն են պահանջում:

Լսէ՛ք եւ հարիւրաւոր գերուած ու լլկուած հայ կանանց, որոնք ձեր գոռ արշաւի եւ ուռաների սպասումով, ձեզ հերոսութեան են կանչում:

Լսէ՛ք եւ ինձ, ձեր ղեկավարին, որը ձեզնից ծուխ, թշնամու գիւղերի հրդեհն ու քաղցր ծուխն է պահանջում, այն փրկարար ծուխը, որն այնքան բարձր ու առատ բարձրացրիք ե՛ւ պատմական Որոտանի ափերում, ե՛ւ Գեղուայ Ձորերում:

Լսէ՛ք, իմ քաջ ու հայրենանուէր զինակիցնե՛ր, լսէ՛ք, լցուէ՛ք բոցով ու վրէժով, առէ՛ք զէնքներդ ու յառա՜ջ:

Յառա՜ջ, մեզ հետ Աստուած եւ մեծ Հայորդիների` Քրիստափորի եւ Ռոստոմի անհանգիստ հոգիները: Յառա՜ջ:

Ղափան-Գենուազ-Գողթանի ռազմական

ուժերի հրամանատար` ՆԺԴԵՀ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով