Գարեգին Նժդեհ

ՀԵՐՈՍԸ ԵԻ ՀԵՐՈՍԱԿԱՆԸ*

Խորհրդածութիւններ

Ազգերն իրենց հայրենիքի գոյութիւնը մարդկութեան առջեւ արդարացնում են իրենց հերոսների մահով, հերոսներ, որոնց համար մահը յաղթանակ ու յարութիւն է միաժամանակ:

* * *

Հերոսը — դա յաւիտենականի կրողն ու սպասաւորն է մեր անցաւոր կեանքում:

* * *

Մարդս հերոսանում է աշխարհի յաղթահարումով, այսինքն` երբ յաջողում է աշխարհին հակադրել իր յաղթական ինքնագիտակցութիւնը` դառնալով հող իբրեւ մարմին, պիտի յաւերժանայ որպէս ոգի:

* * *

Յաղթանակում, հերոսանում է նա, ով իր մէջ բնութիւնը ոգուն ենթարկելու աստիճան զօրաւոր է:

Վախը դադարում է, վտանգը տեղի է տալիս, մահը մեռնում է, հէնց որ մարդու որդին իր գիտակցութեան ամբողջ զօրութեամբ կրկնում է — ե՛ս էլ Աստծու որդին եմ:

* * *

Վերացնելով մահուան ու կեանքի միջեւ գոյութիւն ունեցող անջրպետը, Նազովրեցին ժխտեց մահը, որովհետեւ հանդիսացաւ յաւիտենական սերմացանը ոգու հսկաների` սուրբերի, նահատակների, հերոսների:

* * *

Հաշտուելով մահուան գաղափարի հետ` մարդս դառնում է եղբայրն ու զինակիցը այն բոլորի, որոնք մարդկային ցեղի պատմութեան բոլոր դարերում եկել ու անցել են մեր աշխարհով իբրեւ լոյսի, հաւատքի եւ սուրի հերոսներ:

* * *

Ներհայեցողութեան մարդ է հերոսը: Մտատեսաբար` նա մի տեսակ շօշափում է իր յաւիտենականը եւ ի տես նրա խանդավառւում` անգիտանալով դժուարութիւնները, վտանգը, մահը:

* * *

Մի՛ մտածիր հերոսականի մասին, եթէ գերագոյն պարտականութեանց կատարման ժամանակ քեզ համար աշխարհային ամէն բան չի կորցնում իր կարեւորութիւնը:

* * *

Զիջո՞ւմ — հերոսի համար չէ դա: Երբ անհրաժեշտ է, նա պիտի չափուի մահուան հետ եւ ընկնի բիւրեղաբիւրեղ եւ օծուն ճակատով:

* * *

Հերոսը, ճշմարիտ հերոսը ճանաչում է մի հատիկ վախ` «փոքրիկ մահով» մեռնելու վախը:

* * *

Ես յաւիտենականը պիտի շահեմ մի վայրկեանի մէջ: Ահա՛ հերոսական մտածումը, մայրը գերագոյն ուրախութեան: Այսպէս են հաշւում հերոսները:

* * *

Հերոսական են մարդկային այն գործերը միայն, որոնց վրայ ժամանակն ու մահը իշխանութիւն չունին:

* * *

Ի՜նչ երջանկութիւն — մեռնել այն յուսավառ հաւատքով, որ քո աճիւնից շանթանման հերոսներ պիտի ծնին:

*Գրությունն անստորագիր է, բայց ակնհայտորեն պատկանում է Նժդեհի գրչին, որն այն ժամանակ «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր:

«Ազատ Հայաստան», Բեռլին, 1943թ., թիւ 2/3

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով