Գ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Իբր ամփոփում ասենք.

1) Հակադաշնակցական շէյթանը խլուրդի պէս դեգերում է թուրքի և ռուսի բացած ակօսում: Ատում է մեզ, որովհետև մենք թշնամի ենք թուրքին և ռուսին: Իբր ցեղի թշնամիների գործակից՝ նա նրանցից ստացել է պայքարի մի տախտակ և յանձնառութիւն՝ մեր կեանքում շփոթ առաջ բերելու, մեզ ինքնամփոփւելու և նոր թափով կռւի պատրաստւելու կարելիութիւնից զրկելու դիտաւորութեամբ: Նա վէճ է ստեղծել, որպէսզի մեր ուշադրութիւնը ցրի:

2) Այս պայմաններում անհնար է «ազգային միացեալ ճակատ» ստեղծել: Ո´չ մենք նրանց կգործակցենք, ո´չ էլ նրանք մեզ: Իւրաքանչիւրը պիտի գնայ իր ճանապարհով, իսկ վճիռը կտայ պատմութիւնը: Դաշնակցութիւնը մարմնացնում է հայ ցեղի տեմպերամենտը և ազգի քաղաքականօրէն դաստիարակւած զանգւածների հաւաքական մտածումը, իսկ պատմութեան մարզում ենթակայական դերակատարաներն են – բարձր տեմպերամենտը և դաստիարակւած զանգւածը:

3)Հակադաշնակցական փոքրամասնութիւնը շերտաւորւած է՝ հոգեբանօրէն: Ցեղանենգ շէյթանականութիւնը ներկայանում է իբր անհատների մի խմբակցութիւն: Որքան էլ բոլշևիկ-հնչակ-ռամկավար-կղերական տարրերը հիմա շէյթանի չւանի տակն են խեղկատակում – չի նշանակում, որ նրանք բոլորը էութեամբ շէյթաններ են: Կայ մոլորւածների, երկչոտների, հարկադրւածների բազմութիւնը Այդ բազմութիւնը խօսքի ու գրչի քարոզով չի դաստիարակւի, այլ յեղափոխական կենդանի և լայնածաւալ գործունէութեամբ: Քաղաքական պրոպագանդի տեսակէտից՝ մէկ ռումբի ձայնն աւելի´ է դաստիարակիչ, քան մէկ միլիոն քիլոգրամ մրոտւած թուղթ:

Երբ ռումբի որոտը լսելի կը դառնայ նաև հակադաշնակցական մոլորւածին – նա կհոգեփոխւի, կլծւի յեղափոխութեան կառքին, կթքի իրեն մոլորեցնող ցեղանենգ շէյթանի աչքերի մէջ և կթքի զայրոյթի այնպիսի´ թոյնով, որ նա կուրանայ:

4)Աշխարհը յղի է նոր կարելիութիւններով. մօտենում է փոթորիկի ժամը: Այս աշխարհում իշխում է պարբերակների՝ խմորումների և թռիչքների սկզբունքը: Աստւածը յոգնել է, թմրել, կախել է ականջները և յօրանջում է. աշխարհի անիւը խրւել է ցեխում, ճռնչում է և դուրս չի գալիս – խաղաղութիւն է:

Աստւածը կայտառացել է. հարբել է գինով և երգում է, երգում է և երկնում, երկնում է և ստեղծագործում, տիեզերքն հեծել է իր երիվարը և սանձակոծում է. պատմութիւնը մի վայրկեանում դարերի վազք է անում, մարդը տենչում է, ձգտում, ուզում է յաղթել-յաղթահարել, բարձրանալ, բնաշրջումի մի նոր պարբերակ է բացւում, պտուղն հասել է ու վայր է ընկնում և քաղաքակրթութիւնը նոր, ճակատագրական մի թռիչք է անում – պատերազմ է:

Հայութեան ճակատագրական թռիչքի ժամն է մօտենում: Պատրաստ: Մոլեգնօրէն: Տարերայնօրէն: Մեր ցեղի թշնամիների դիակները և հայ ցեղանենգ շէյթանների եղկելի հոգիները կոխկրտելով՝ մենք պիտի քայլենք դէպի Միացեալ և Անկախ Հայաստանի մեծ գաղափարի յաղթանակի արշալոյսը: