Բ. ՀԱՅ ՑԵՂԱՆԵՆԳ ՇԷՅԹԱՆՆԵՐԻ «ԲԱՐՈՅԱԿԱՆԸ», «ՄՏԱԾՈՒՄԸ» ԵՒ «ԳՈՐԾԸ»։ Մաս 4

Մաս 4

Պատմական իրողություն է, որ 1918թ. Մայիս 28-ի յաղթանակով հիմք դրւեց հայոց քաղաքական կեանքի կառոյցին. հայը դարձաւ պետական ժողովուրդ, իսկ Հայաստանը պետական-քաղաքական միաւոր: Նոյն տարւայ օգոստոսի 1-ին, Երևանում և շրջակայքում կուտակւած հայ զանգւածները հանդիսական մի «այո´» ասացին իրենց ճակատագրին: Բացւեց Հայաստանի Խորհուրդը և հանրապետական կառավարութիւնն ի պաշտօնէ ընդունեց երկրի քաղաքական կեանքի ղեկը վարելու պարտականութիւնը:

Հայաստանի Խորհուրդի նախագահ Ա. Սահակեանը (Հայր Աբրահամ) խօսեց պարլամենտական առաջին ճառը – «մեր երկրի սահմանները կընդարձակւեն կեանքի երկաթէ ուժով»: Գերմանաւստրևհունգարական ներկայացուցիչներն իրենց մտածկոտ հայեացքները սևեռել են նախագահին (ի՞նչ էին մտածում), թուրքերը նայում են ամե´ն կողմ, սակայն իրենց հայեացքը կենտրոնացնում Նազարբէգեանի և նրա զինւորական շքախմբի օթեակին. ճգնում են հիացմունք և խնդակցութիւն բռնազբօսել: Դուրսը՝ զօրքը կազմել է պատկառազդու մի շղթայ և արձանացել՝ իբր անշարժ մի պատկեր: Ամբոխն ալեկոծւում է. ոմանք անընդհատ ծափահարում են, ոմանք՝ «կեցցէ´» աղաղակում, ոմանք էլ ծնրադրել են՝ գլուխը կախ և լուռ – աղօթո՞ւմ են, թէ՞ դարերի հաշիւը կարդում:

Ի՞նչ էր պատահել:

Անասելիօրէն ողբերգական պայմաններում կատարւել էր նշանակալից մի յեղափոխութիւն. դարերի կուտակած զգացումները թև առած իրար էին բախւել և մեր մեծ խաչելութիւնն ու ահարկու հերոսականը խորհրդանշւել էին՝ կարմիր-կապոյթ-նարնջագոյն մի դրօշով:

Մի օր էլ եկեղեցական պատմականօրէն նշանակալից մի հանդէս տեղի ունեցաւ Էջմիածնի տաճարում: Կաթողիկոսը նզովեց դարերի գերութիւնը, օրհնեց հայ զօրքն ու ժողովուրդը, Հայոց Աշխարհը, Հայաստանի Անկախութիւնը, մաղթե, որ հանրապետութեան նւիրական դրօշը յաւիտեանս յաւիտենից անխոցելի մնայ և յիշեց «զհանրապետութիւնս հայոց»:

Կարսում՝ 1919թ. գարնան, ապրեցի կեանքիս ամենայուզիչ մէկ վայրկեանը – տեսայ հայկական եռագոյնի խրոխտ ծածանքը՝ հսկայ բերդի վրայ: Ա˜հ, ի՞նչ երջանկութիւն է այս անցաւոր յաւիտենականի մէջ, գէթ մէկ վայրկեանով ապրել ու զգալ ցեղի հպարտանքի ու հզօրանքի խորհրդանշանը՝ հսկայ մի կոթողի վրայ:

Րաֆֆին – ամենամեծ հայը – Մասիսի գագաթին հայկական մի դրօշակ երազելով՝ ճմլեց դարերի սիրտը և մեզ համակեց վերելքի կարօտով:

Եւ բարձրանում են նրանք, որոնք տեսան հայկական դրօշակի  փառքը՝ բուն հայրենիքի մէջ, և նրանք, որոնք ապրեցին կամ ապրում են նրա խորհուրդը:

Բարձրանում է ցեղաշունչ հայը, բայց նրա դէմ ցցւած է ցեղանենգ շէյթանը:

Բանդում՝ սադիստ բոլշևիկները Գրիգոր Մոկացուն տանջելիս՝ պահանջում են, որ հայ ալևոր վագրը կոխկրտի հայ անկախութիւնն ու հայ յեղափոխութիւնը խորհրդանշող դրօշակները: Հին հայդուկը խոնարհւում է գետին, վերցնում դրօշակները, համբուրում է և ողբում…

Ի՞նչ անենք մենք, որ հոգով ի ծնէ ներքինի, մտածումով ու բարոյականով ճշմարտօրէն թզուկ-սադիստները սողոսկում են օտար ազգերի ոստիկանատուները, գաղտնի հէքիաթներ են պատմում կամ իրենց պղծաթերթերում՝ հայկական դրօշակն որակում են իբր «կերպասի ծւէն»:

Մարդկային մտածումն ունի երկու գիծ – վերլուծական (անալիտիկ) և համադրական (սինթետիկ): Վերլուծականը նպատակադիր է երևույթների բաղկացուցիչ մասերն ու տարրերը գտնել, համադրականը՝ մասերի և տարրերի ամբողջականութիւնն ըմբռնել: Վերլուծական հոգեբանութիւն ունեցող անհատը, եթէ որոշ կրթութիւն և պատրաստութիւն ունի՝ նւիրւում է գիտութեան, եթէ տգէտ է՝ դառնում է լրտես, մատնիչ, խառնակիչ: Նմանը ճիգ է թափում գաղտնիքներ կորզել, մերկացումներ անել: Մերկ է նրա ոգին և նա ձգտում է աշխարհը մերկացած տեսնել: Նմանի համար չկայ խաչ –կայ փայտի, մետաղի կտոր, չկայ հայրենիք – կայ լեռների, դաշտերի, բլուրների, հովիտների, աղբիւրների, գետերի մի գումար, չկայ մարդ – կայ մսի, ոսկորի, ջղերի, երակների, սննդական նիւթերի և աղբի մի հանգոյց, չկայ ցեղի իդէալը խորհրդանշող դրօշակ – կայ կերպասի կտոր, գոյն:

Սովորական մի վերլուծող չէ հայ հակադաշնակցականը. նա տգիտութեան և կրքի մի տոպրակ է, ուժով միայն նրանում կարելի է մի քիչ գաղափար տեղաւորել, բայց երբե´ք կամաւոր կերպով:

Շոպենհաուէրն իր գրւածքներից մէկում մէջբերում է սպանիական մի առած – «պատիւն ու դրամը չեն պարտկւում միևնոյն տոպրակում»: Զօրով գաղափար սեղմել էութեամբ փերեզակի հոգետոպրակում – նշանակում է կա´մ տոպրակը պատռել կա´մ գաղափարի պատիւն արատաւորել:

Դրօշակը ցեղի քաղաքական պատիւն է: Նա երևան է գալիս, երբ ցեղի կամքն արձանանում է իբր յաղթանակ – օրինակ, իբր 1918 թւականի Մայիս 28: Այս իմաստով դրօշակը պատմական արժէք է:

Պատմական ամե´ն եղելոյթ, սակայն, տւեալ ցեղի էութեան յաւիտենական ինքնակերպաւորման մի դրւագն է: Պատմութեան մարզում, այս դրւագները չեն մնում իբր անկապ-անկապ բեկորներ, այլ շղթայակցում են միմեանց: Պատմական առաջընթացը (պրոցէս) դէպքերից հիւսւած մի շղթայ է, որ երկարում է անծանօթ կամ յիշելի անցեալից և ներկայի կամուրջի վրայով՝ ձգւում է դէպի գալիքը – ապագան: Այս իմաստով դրօշակը մի գաղափար է – ցեղի ինքնայաւիտենականացման սիմբոլը:

Քաղաքական պատիւ, սակայն, ունեն նրանք, որոնք ընդհանրապէս անպատիւ չեն. ինքնայաւիտենականացման տենչ ունեն նրանք, որոնց ոգում ցեղի ճրագն իսպառ չի մարւել. գաղափարով համակւում են նրանք, որոնք ստեղծագործական երկունք ունեն իրենց սրտում և բարոյական ուժ՝ իրենց ողջ էութեան մէջ:

Հակադաշնակցականը հոգեբանութեան մէջ ծանօթ պնդակորիզ տիպն է: Նա առօրեայով ապրող գռեհիկ էակ է. իսկական հաւատամերկ (թաթարերէն՝ «իմանը չպլաք»): Շուկայում նա որոնում է կանխիկ դրամը. պատմական եղելոյթներն ըմբռնում է իբր կոպիտ ներկայ, չգիտէ անցեալը գնահատել, չի հաւատում ապագային:

Ի՞նչպէս նրան դրօշապաշտութիւն պարտադրել, երբ մեր եռագոյնն անցեալի արժէք է և ապագայի յոյս, երբ նա այժմ տարագիր է և հայ զօրքի սւինը ցցւած չէ նրա ետև:

Սւինն անցել է թուրքի և բոլշևիկի ձեռքը: Ի՞նչ անել. կառչել հայկական եռագոյնին– նշանակում է նիզակ ճօճել նրանց դէմ: Մինչդե՞ռ: Մինչդեռ «թուրքի ականջը անուշ խօսքով շոյելու է»: Չեմ մոռանում խօսքը փթած հոգով ա´յն հայ հակադաշնակցականի, որ անգամ Պրագայի սրճարաններից մէկում, ապտակ էր ստացել մի թուրքից և խնդրում էր մեզ՝ հրաժարւել նրան պատժելու մտքից:

Թուրքն ու բոլշևիկը հայհոյում են մեր դրօշակին, որովհետև գիտեն, որ նա մեռած մի յիշատակ չէ, այլ կենդանի մի ուժի քաղաքական սիմբոլը: Հակադաշնակցականը թուրքի և բոլշևիկի «ականջը անուշ խօսքով շոյելու» համար՝ ճգնում է ցոյց տալ, որ ինքը հայ կենդանութեան նշանակի հետ որևէ կապ չունի: Դրա համար էլ՝ նա ո´չ միայն փախչում է մեր եռագոյնից, այլև հայհոյում է նրան: Այստեղ՝ նա ցուցահանում է ուրացողի հոգեբանութեան զազրելի, բայց բնական գծերը: Թուրքիոյ հայերը կյիշեն, որ իսկական մահմեդականը միայն զայրանալիս էր հայհոյում մեր հաւատին. իսլամացած հայը՝ շարունակ: Վերջինս այդպէս էր անում ո´չ միայն համոզելու շրջապատը, այլև ինքնահամոզւելու, թէ լրբութեան դինամիզմով կարելի է յաղթահարել ներքին տկարութիւնը, ամոքել խղճի խայթը: Դրօշուրաց հայը իր ներքին տկարութիւնը վերածել է տխմար զառանցանքի: Նա զգում է պարզապէս և չի հասկանում, որ անցել է ժամանակը, երբ մարդիկ էշով էին Երուսաղէմ գնում:

Կովկասահայերը հնչակ տիպը անւանում էին «սաղննջեցեալ». գաղութահայ հակադաշնակցականը, սակայն, կաղ-կենդանի է: Բարոյապէս կաղալ– չի´ նշանակում, սակայն, վտանգից զերծ մնալ: Գալիս է փոթորիկը և ամենից առաջ տկար տունկն է արմատախլում:

Ա˜հ, հայկակա´ն տկարութի´ւն, մենք կարեկցում ենք քեզ և դրա համար էլ ամուր կառչած ենք մեր դրօշակի խորհրդին, համակւած ենք վերելքի կարօտով և քայլում ենք վտանգի կամրջի վրայից:

Հայկական եռագո˜յն … դա վտանգի աստղն է, որի հետքերով քայլում է վրիժապաշտ հայը – քայլե´նք և հարւածե´նք:

Անհնա´ր է, որ մեր քայլերը մի կայանի չյանգեն. անհնա´ր է, որ մեր հարւածները անիրաւութեան բուրգերը չխորտակեն:

Աշխարհը յղի է նոր կարելիութիւններով. բախե´նք բախտի դուռը: Կը գայ արշալոյսը և մրոտած դէմքերով մարդոց մի կաղկարաւան կանգ կառնի հայոց աշխարհի դրան և կասի.

– «Ների´ր ինձ, հա´յ դրօշա´կ, որ իմ տկարութիւնը մի օր քեզ ուրանալու անառաքինութեան մղեց ինձ: Անառաքինի էի, որովհետև ստոր էի և ստոր էի, որովհետև հոգով ստրուկ էի»:

Դ) Երևանի վերածնութեան տարփողում և ներգաղթի շահագործում.– Պատմական Հայաստանն ունի 380.000 ք. քիլոմեթր տարածութիւն, բնական Հայաստանը (Հայկական Բարձրաւանդակ, Մեծ Հայք) 220.000 ք. քիլոմեթր: Դաշնակցութեան իշխանութեան օրօք, մեր եռագոյնը ծածանւում էր 46.000 ք. քիլ. տարածութեամբ մի երկրամասի վրայ: Ըստ Սևրի դաշնագրի նախատեսութեանց՝ Թուրքիայից պիտի խլւէր մօտաւորապէս 100.000 ք. քիլ. տարածութեամբ մի հողամաս: Վրաստանից և Ադրտբէյջանից մենք պահանջում էինք 22.000 ք. քիլ. տարածութեամբ շրջաններ:

Ծրագրւել էր համահայկական լայնածաւալ ներգաղթ, երկիր էին հրաւիրւում ո´չ միայն Թուրքիոյ հայերը, այլև դարերից ի վեր հայրենիքից արտագաղթած զանգւածներ (Ռուսաստանի, Լեհաստանի, Հունգարիոյ, Պարսկաստանի և միւս բոլոր երկիրների հին գաղութները): Հայաստանը պիտի հիւրընկալեր նաև զգացումով հայութեան կապւած տարրերը՝ ասորիները և եզիդները: Սինջարի եզիդների կրօնա-ցեղապետ Միր Իսմայիլը սրտառուչ մի դիմում էր արել հանրապետական կառավարութեան և մի կոնդակ էր յղել Հայաստանի եզիդներին, որոնք վերջապէս սիրելի հայրենիք Հայաստանի ազատութիւնը տեսնելու բախտը ունեցան:

Սևրի դաշնագրի գործադրումով և հայ-վրացական ու հայ-ադրբէյջանեան կնճիռների հաշւեյարդարումով՝ Հայաստանն առաջին հերթին պիտի ունենար շուրջ 178.000 քառ. քլմ. տարածութիւն և 4 ու կէս միլիոն բնակչութիւն, որից 3 միլիոն հայ – կէս միլիոն յոյն (300.000), ասորի (80.000) և եզիդի (120.000) – քիւրդերի թիւը նախահաշւում էր կէս միլիոն, նոյնքան էլ՝ թուրքերի, թաթարների և այլ մահմեդականների:

Կազմւում էր երկիրը վերա-ևնորակառուցելու նախագիծ: Պիտի հիմնւէին նոր քաղաքներ. կարճ ժամանակից հայկական երկաթուղային ցանցը Երևանին պիտի միացներ Տրապիզոնն ու Րիզէն, Երզնկան ու Կարինը, Վանն ու Բաղէշը, Մուշն ու Ալաշկերտը:

Ժողովրդի բնական աճման բարձր կարողութիւնը ենթադրել էր տալիս, որ 1935-40 թւականներին հայութիւնը պիտի հասներ 4 ու կէս – 5 միլիոնի: Յենւած մեր ժողովրդական ուժին, մեր երկրի բնական դիրքին, մեր բարձր հայրենասիրութեան՝ մենք Մուշից ու Երզնկայից աստիճանաբար պիտի առաջանայինք դէպի Տիգրանակերտ ու Խարբերդ, Սեբաստիա ու Կիլիկիա: Պիտի վերաստեղծւեր պատմական Հայաստանը և աշխարհը զարմանքով պիտի տեսնէր հայ ոգու մեծագոյն թռիչքները:

* * *

Հայկական այս վտանգը ցնցեց տաճիկներին և ռուսներին: Էնվերն անցաւ Մոսկւա և հիւրընկալւեց «հայ» մեծամասնական Կարախանի կողմից: Ցեղի դահիճն ու հայ ցեղանենգ շէյթանը միացան:
Իրար ետևից Մոսկւա հասան նաև քէմալական գործակալների խմբեր: Բագւի «արևելեան ժողովուրդների համագումար»ի նախագահ Զինովիէվը քւեարկեց Էնվերի և Իբրահիմ-Թալիի մշակած բանաձևը՝ «ոճրագործ հայերի և դաշնակների» դէմ, որոնք «վճռել են ոչնչացնել թուրք խաղաղ և աշխատաւոր ժողովուրդը»: Մեծամասնական ոգու տիղմը եոքի մէջ էր: Ներկայ էին նաև 280 բոլշևիկ «հայեր»: Անչափելի էր նրանց զազրելի հոգիների քսութիւնը. Հայաստանի մահավճիռն էր տրւում և «հայերը» ցնծագինս ոռնում էին և ծափ զարկում:

Այս լուրերը հասնում էին Հայաստան: Հանրապետական կառավարութիւնը ձեռք էր բերել նաև բոլշևիկ-թրքական գաղտնի զինակցութեան որոշ մանրամասնութիւնները, ըստ որոց, բոլշևիկները համաձայնւել էին ո´չ միայն ամբողջ Տաճկա-Հայաստանը, այլև Կարսի շրջանը տալ Թուրքիոյ: Այնուամենայնիւ կառավարութիւնը փորձեց լեզու գտնել մեծամասնականների հետ. ապարդիւն փորձ:

Բոլշևիկ-թուրքական զինակցութիւնը պայմանաւորւում էր հոգեբանական ու պատմա-քաղաքական բարդ և խոր պատճառներով:

Հոգեբանօրէն՝ ռուսը մազոխիստ է (տառապապաշտ), թուրքը՝ սադիստ (լլկապաշտ): Նա կրաւորական ճիւաղ է, սա՝ ակտիւ հրէշ: Այս երկու հոգեգշերն էլ յանգում են բարբարոսութեան:

Պատմականօրէն՝ ռուսը մի´շտ էլ դէմ է եղել հայկական առանձին պետութեան գաղափարին – դէմ ո´չ միայն յանձին Նիկոլա Բ.ի պէս թզուկ ցարերի, այլև հայասէր համարւած Պետրոս Մեծի և Կատարինէ կայսրուհու: Թուրքի տեսակէտը, այս խնդրում, ծանօթ է բոլորին:

Քաղաքական տեսակէտից բնորոշ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմի մտան իբր թշնամիներ և նրանից դուրս ելան՝ իբր դաշնակիցներ: Երկուսն էլ իրենց մայրաքաղաքները փախցրին ծովեզրից և ամփոփւեցին ցամաքի կենտրոններում – Պետրոգրադն իր դիրքը զիջեց Մոսկւային, Կ. Պոլիսը՝ Անգորային: Սա մի նահանջ էր ծովի ուրւականից – անգլիական ուժից:

Ռազմաքաղաքական այս ճակատագրական փախուստին՝ զուգահեռւել էր ներքին բարոյական խուճապը: Տեղի էին ունեցել ահագին փլուզումներ: Ռուսաստանում խորտակւել էր ցարական գահը. տաճկական սուլթանը կծկւել էր Պոլսում՝ իբր խրտւիլակ: Ռուսը լքել էր պանսլաւիզմի գաղափարականը և որդեգրել՝ համայնավարական սկզբունքը, թուրքը հրաժարւել էր պանիսլամիզմից և կառչել՝ պանթիւրքիզմին: Սոցիալ-քաղաքական այս ներհակ մտորումները յղկւելով տարերային խուճակի ալիքից և անցնելով իսլամականութեան և մեծամասնականութեան էակցութեան բովից՝ զուգահեռւեցին միմեանց: Բրիտանական ուրւականի սարսափից բոլշևիկեան մատերիալիզմը միացաւ իսլամական մատերիալիստական սենսուալիզմին (նիւթապաշտական զգայապաշտութիւն): Նրանց մէջտեղում կարկառւած մնաց հայկական իդէալիզմը:

Մարքսեան տրամասական (դիալեկտիկական) պատմահայեցողութիւն ու իսլամական ճակատագրապաշտութիւը հանդիպելով միմեանց՝ հաշտեցրին «պրոլետարական յեղափոխութեան» և միլլիական ջիհատի շահերը:

Մոլեռանդ խուժանները պաշարել էին մեզ: Բոլշևիկները հիւսիսից և արևելքից աղաղակում էին. «մա´հ իմպերիալիստական Հայաստանին – ճանապա´րհ պրոլետարական յորձանքին»: Հարաւից և Արևմուտքից ոռնում էին թուրքերը. «մա´հ թրքութեան դահիճ հայերին – ճանապա´րհ համաթուրանական ուխտին»: Խլրտումի մէջ էին հայ ցեղանենգ շէյթանները – բոլշևիկ լրտեսները՝ «ռուսն է գալիս». ալեկոծւում էին երկրի թաթար զանգւածները՝ «թուրքն է գալիս»:

Հոգեբանական և սոցիալ-քաղաքական նման միջավայրում՝ անհնար էր լեզու գտնել: Դարերն իրենց ժանգոտ կրունկներն իրար էին քսել: Ռուս ոգու բորբոսն ու սառն յիմարութիւնը միացել էին տաճկական արիւնաքաղց նենգամտութեան: Հայ բոլշևիկները ճգնում էին խաղալ կաւատ-խեղկատակի դեր: Նրանք՝ 1920թ. մայիսին, մի քանի վայրերում առաջացրին խռովութիւններ: Բոլշևիկները՝ ռուսներից, թաթարներից և ցարական բանակի 1914-17թթ. գերեվարած ու Սիբիր աքսորած տաճիկ զինւորներից կազմած «ինտերնացիոնալ» բանակով յարձակւեցին Ղարաբաղ-Զանգեզուրի վրայ: Զանգեզուրում սկսւեց օրհասական կռիւ: Դիլիջան-Իջևան ճակատում՝ հայ զօրքը հերոսական խոյանքով պաշտպանում էր հայրենիքի սահմանները: Օլթիի կողմից դէպի Կարս առաջանալ փորձող տաճկական զօրամասը մատնւեց խայտառակ պարտութեան: Հայ զօրքը՝ աւելի մի ծայրով սրբեց նաև երկրի թաթարական ստւար զանգւածների հետքը: 1920 թւականի հերոսական ամառը – դա հայ փոքրիկ ժողովրդի հոգևոր տիտանականութեան արձանացման պատմականօրէն անմոռանալի շրջանն է:

Պատերազմը պատմութեան կուտակած զգացումների անբանական պոռթկումն է. նա՝ ֆիզիկական ուժերի սոսկական բախում չէ, այլ մարդկային ոգու ինքնաարտայայտման ամենաթափոտ կերպը: Պատերազմում մարտնչող բանակները ներկայացնում են ժողովուրդների հաւաքական կամքը, նրանց գոյութեան կռահումը: Մէկ միլիոն հայերի ծառացումը 150 միլիոննոց Ռուսաստանի, 10 միլիոննոց Թուրքիոյ և սրանց զինակից թաթարների և քիւրտերի դէմ՝ ապագայ սերունդներին պիտի թւայ՝ հրաշք: Ցեղն ապրել էր իր էութեան խռովքը, հարիւրապատկել էր իր կորովը: Ի´նչ թափ, ի´նչ յոյս, ի´նչ հաւատ և քաջութիւն, ի´նչ վեհապանծ թռիչք: Անհաւասար ուժերի օրհասօրէն հերոսական նման պայքար՝ մարդկային պատմութիւնը, թերևս, միայն 1918-ին է արձանագրել, այն էլ, դարձեալ Հայաստանում, Մայիս 28-ին, երբ հայը ծառացել էր Թուրքիոյ և նրա աշխարհասասան զինակից Գերմանիոյ դէմ: Բայց ինչո՞ւ չարախնդալ, որ պատմութեան բիրտ ուժը մեզ պարտադրեց 1920 թւականի տխուր աշունը, երբ ընկաւ Կարսը և թուրքն ու բոլշևիկը ներխուժելով Հայաստան՝ ստացան իրենց նախորոշեալ բաժինները:

Շարունակել՝ Մաս 5։

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով