Բ. ՀԱՅ ՑԵՂԱՆԵՆԳ ՇԷՅԹԱՆՆԵՐԻ «ԲԱՐՈՅԱԿԱՆԸ», «ՄՏԱԾՈՒՄԸ» ԵՒ «ԳՈՐԾԸ»։ Մաս 3

Մաս 3

Զազրախօս է նաև հոգեբանօրէն հակադաշնակցական «հայ» տիպը: Դա ա´յն սինլքորն է, որ իր բարոյական աղքատութիւնն ու մտքի թշւառութիւնը սքօղելու համար՝ իր ներքին տկարութիւնը վերածում է խօսքի աւտոմատիայի: Դա ա´յն սրիկան է, որ Եկեղեցում դիմակաւորւում է իբր երկիւղած կրօնասէր, աղօթում է ջերմեռանդօրէն, հանդիսանում է «ազգային դաւանութեան» պաշտպանութեան ախոյանը, որ սակայն, Յիսուսը պատկերում է ո´չ թէ իբր տառապաշտ, իդէալիստ մարգարէ, այլ իբր սամարացի կնոջ, Մարիամ Մագթաղինացու հետ սիրաբանող անձ:

Դաշնակցութեան դէմ «գաղափարական» պայքար մղելիս՝ հակադաշնակցականը տուրք տալով իր էութեան՝ զազրախօսում է. «դաշնակցական այսինչ շէֆը հանրակառքի մէջ կասկածելի կերպով բարևած է անծանօթ տիկնոջ հետ, այնինչը՝ կապ ունի իր ազգականուհու հետ, մէկ ուրիշը՝ աչք ունի իր ընկերոջ կնոջ վրայ,   դաշնակացական կիները «շնորհներ» կընեն օտար նախարարներուն, ուսուցիչները «ազատ սէր կը քարոզեն» ևն, ևն, ևն… Էութեամբ անբարոյական մտքի վիժւածքներ:

Կաւատական այս բանդագուշանքները համարւում են «գաղափարական պայքար»ի զէնքեր:

Հակադաշնակացական «հանրային գործիչներ» և «խմբագիրներ» կան, որոնք իրենց դիրքն ապահովում են ոչ թէ մտածելու ընդունակութեամբ, այլ հայհոյելու, զրաբանելու սրամտութեամբ: Կարդալով նրանց ոգու փսխոցը՝ մարդ մղւում է ընդունել, որ նրանց ուղեղներն ո´չ թէ մտածման կենտրոններ են, այլ սեռական մշտաբորբոք գործարաններ:

Խղճահարւե՞լ, ամաչե՞լ, զզւե՞լ, ի՞նչ անել. աստւա˜ծ իմ:

Անզօր սադականութեան հոգևոր այս աւտոմատիային միանում է նաև բորենիական էութեան գիծը:

Ո՞ր դաշնակցականը սրբազան սարսուռով չի համակւի հնչակեան հին մի նահատակի ուրւականի առաջ:

Իսկ ի՞նչ են անում հնչակ-ռամկավարները – նրանք հայհոյում են ո´չ միայն մեր կենդանի գործիչներին, այլև մեր տեսական գաղափարաբանութեան և աներևակայելին … անգամ՝ մեր նահատակներին:

Ա˜հ, ոգու ի˜նչ զարհուրելի անկում:

Ա˜հ,թրքոգի սադիստներ, ինչո՞ւ հոգով ու սրտով այսպէս մեռաք. ինչո՞ւ մտածումով ու բարոյականով այսպէս վատասերւեցիք. ինչո՞ւ, ինչո՞ւ:

Եւ սակայն անկումը շարունակւում է. ռամկավար «Փարոս» թերթուկի խմբագիրը, օրինակ, ճգնում է ամեն կերպ հաւասարւել ախտաւոր չէակ Մարթայեանին: Հնչակ «Պալք. Մամուլ»ը չի ուզում ետ մնալ «Փարոս»ից: Խծբծում, կտցահարում, զրաբանում են անվերջ. հայհոյում են անգամ Եռագոյն Դրօշակին՝ նրա հասցէին ուղղելով «հայվան», «էշակ» բառերը և այդպիսով էլ գլորւում են ցած: Իջէ´ք, իջէ´ք մինչև գարշանքի դժոխքը, ուր մի օր ձեր սեփական ականջներով պիտի լսէք յաւիտենօրէն եղկելի ձեր ճակատագրի դատավճիռը:

Ասում են, որ դժոխքից վտարւածները կրկին դժոխք մտնելու համար՝ այս աշխարհում նորանոր քսութիւններ պիտի անեն:

Ճի´շդ են ասում:

բ) Լրտեսամիտ զրաբանութիւն.- Մուքօ անունով մի մարդ էր ապրում իմ հայրենի գիւղում: Մի գիշեր նա սողոսկում է մենակեաց Ղազէի խրճիթից ներս և ձեռքը տանում նրա բարձի տակ, ուր կոյր ծերունին պահում էր իր համեստ գանձը: Ղազէն արթնանում է և բռնում գողի դաստակը: Վերջինս՝ մի ճիգով ազատւում է և փախչում առանց իր ինքնութիւնը մատնելու: Առաւօտ՝ Ղազէն պատմում է գիշերւայ պատահարը: Ազնիւ և յարգւած մարդ էր կոյր Ղազէն – գիւղական մի իմաստուն: Ո՞ր հայը կը յանդգնէր վատութիւն անել նրան: Գիւղացիները համոզւած են, որ գողը հարևան քիւրդ գիւղերի ծանօթ աւազակներից մէկն ու մէկն է:

— Մեր գիւղում նման անզգամ մարդ չի լինի. գողը մուրատխանցի քիւրդ Ալօն է, պէտք է նրան արժանի դաս տալ, եզրափակում է գիւղապետ Տօնօն:

— Գողը հայ է և մեր գիւղացի, ասում է Մուքոն, պէտք է գտնել այդ անարգ հրէշը: Ի՞նչ՝ էլ մարդ չմնա՞ց աշխարհում, որ աղքատ և բարի Ղազէի՞ն կողոպտեն. անխիղճնե´ր, գազաննե´ր, անպիտաննե´ր: Պէտք է գտնել գողը և մուր քսել երեսին. նա հայ չէ´, նա դրացի չէ´, նա թուրքի հոգի ունի: Սիրելի Ղազէ, խօմ չվախեցա՞ր, վա˜խ, վա˜խ, վա˜խ, Ղազէ ջա´ն, Ղազէ ջա´ն: Երանի´ թէ Աստւած էդ վայրկեանին ինձ քո երդիկից վար իջեցնէր. ես գիտէի, թէ էդ սրիկային ինչպէս կը պատժէի, դրացի չէ´, աչքիս լոյսն էլ եթէ լիներ՝ նրան գետինը կը փռէի:

— Մուքո ջա´ն, ձեռքդ ինձ տո´ւր, ասաց Ղազէն: Կոյր իմաստունը շօշափեց նրա դաստակը և հանդիսաւոր խաղաղութեամբ յայտարարեց:

— Գիւղացինե´ր, Աստւած վկայ, այս էր բարձիս տակը խուզարկող ձեռքը:

Մուքօն մատնւեց իր շարլաթանական ճառի շնորհիւ:

* * *

Գաղութահայ հակադաշնակցական շարքերում անթիւ են Մուքօները, բայց չկան հոգեբան Ղազէներ: Այստեղ՝ Մուքօները շաղակրատում են, Ղազէները ծափ զարկում: Ինչո՞ւ. որովհետև այստեղի Ղազէներն ո´չ թէ աչքով են կոյր, այլ հոգով: Եղիշէն ի զուր չէ գրել իր իմաստալից խօսքը. «Կոյր զրկի ի ճառագայթիցն արեգական, տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց: Լա´ւ է կոյր աչօք, քան կոյր՝ մտօք»:

Մտակոյր հակադաշնակցականը հաւատում է հակադաշնակցական զրանենգ շաղակրատին. վերջինս էլ օգտւելով առաջինի խորին տգիտութիւնից, օր ըստ օրէ մշակում է հոգևոր ճիւաղութեան արւեստը:

Ո՞ւր ենք գնում:

Քրիստոնէական բարոյականը չի հանդուրժում մատնիչ-լրտեսի գոյութիւնը: Նա դարերի անէծքով է կնքել Յուդայի անունը: Սակայն, Յուդան իբր գարշագործ էակ՝ նսեմանում է հակադաշնակցական զրաբանի նկատմամբ:

Յուդան 30 արծաթ ստացաւ, մատնեց, բայց յետոյ զղջաց և համակւեց ինքնաժխտողական յոռետեսութեամբ:

Հակադաշնակցականը մատնում է նաև առանց արծաթի, զղջալ չգիտէ և զրախօսական շաղակրատութիւնը համարում է քաղաքական իմաստութիւն:

Յուդայի ոգին չարի և բարու մի ռազմադաշտ է. հակադաշնակցականի ոգին՝ սոսկ չարութեան շտեմարան: Նա բեկբեկւող էակ է, սա՝ տևական չարագործ: Նրա մատնութիւնն արդիւնք է բարոյական սայթաքումի, սրա զրանենգութիւնը՝ օրգանական պահանջ է: Նա ընդունակ է խոստովանւելու. «ես մատնեցի», սա պնդում է՝ մատնւածը «մատնեց»:

Անթիւ են փաստերը, բայց մենք պիտի բաւարարվենք մի ընդհանրացումով:

Թուրքը ջարդեց հայերին և աշխարհում լուր տարածեց, թէ հայկական նախճիրները արդիւնք էին հայ յեղափոխականների գործունէութեան: Հակադաշնակցական հայն ո´չ միայն միացաւ թուրքի տեսակէտին, այլև մէկ քայլով էլ առաջ գնալով պնդեց. «Դաշնակցութիւնը կոտորել տւեց հայերին»:

Ռուս բոլշևիկը միացաւ Թուրքին. տրոհեց ու նսեմացրեց, սեղմեց ու խեղդեց Հայաստանը և անվերջ քարոզեց, թէ դաշնակցութիւնը թշնամի է Հայաստանին:

Հակադաշնակցական հայը հոգեկցելով բոլշևիկին՝ հրապարակ նետւեց և սկսեց աղաղակել՝ «Դաշնակցութիւնը կործանեց Հայաստանը»:

Բոլշևիկների և թուրքերի դրդումով և նրանց հաճելի լինելու քսումատնութեամբ՝ հակադաշնակցական հայը մտաւ բոլոր երկիրների ոստիկանատունները. հայկական եռագոյնը ներկայացրեց իբր արիւնահեղութեան մի խորհրդանշան, հայկական դատը՝ փակւած, դրօշակը՝ «կերպասի մի ծւէն», նրա ծածանումը տեղական դրօշների կողքին՝ մի վիրաւորանք տւեալ երկրի քաղաքական պատւին, Դաշնակցութեան վերագրեց հակապետական մի կազմակերպութեան յանցանք, մատնեց նրան՝ իբր նոր կռիւներ, վրէժխնդրական ակտեր ծրագրող, հայ ժողովրդի և տւեալ երկրի խաղաղութեան դէմ դաւող տարր և մեզ փակցրեց ազգային ներքին «թշնամի»ի, «խառնակիչ»ի, «մատնիչ»ի տիտղոս:

Որդեգրելով լրտեսամիտ զրաբանութեան այս մեթոդը՝ հնչակռամկավար գործիչներն ու թերթերը շարունակում են խաղալ իրենց հետևորդների տգիտութեան և հայ ժողովրդի համբերութեան հետ:

Այդ մեթոդի մասին գաղափար կազմելու համար՝ տա´նք մի օրինակ:

Երբ Շահվերդեանը «ներգաղթի գործով» Բուլգարիա եկաւ՝ ռամկավար «Փարոս»ի մարդիկ բուլգարական մի թերթում տւին մի լուր, ըստ որում՝ Ֆիլիպէից Սոֆիա է գնացել հայ մի պատւիրակութիւն՝ խնդրելու կառավարութեան, որ Շահվերդեանին դուրս վտարի երկրից և ներգաղթի գործը խափանի: Այս լուրը յետոյ «Փարոս»ը «թարգմանում է» և «դիմակազերծ» անում Դաշնակցութեան «հակահայաստանեան քաղաքականութիւնը»:

Մեր գիւղի Մուքօն միայն կարող էր այսպիսի դիւամիտ մի ծրագիր յղանալ: Գողանալ և հաւար կանչել, սուտ փչել և ճշմարտութեան համար կուրծք ծեծել, դաւել և ազգային «առողջ» քաղաքականութիւն քարոզել, մատնել և ինքզինքը հալածական ցուցնել – սովորական զրաբանների գործեր չեն սրանք, այլ ցեղանենգութեան արւեստի մէջ կատարելագործւած բարոյական ճիւաղների՝ իսկական ցեղանենգ շէյթանների:

Մուքօն՝ Ղազէին կողոպտելու փորձով՝ ոտքը դրել էր դժոխք տանող ճանապարհին. կամաց-կամաց նա դարձաւ հայանենգ մի հրէշ: Երբ իր պատիժն ստացաւ՝ գիւղացիներն ասում էին, թէ «շան սատակ եղաւ»:

Հոգով ու բարոյականով վաղուց մեռած հակադաշնակցական Մուքօներն արդէն կանգնած են դժոխքի կենտրոնում: Թուրքն ու բոլշևիկը նւագում են իրենց յաղթանակի եղանակը՝ «հայկական դատը մի կմախք է». Մուքօները բռնել են մեռելների պարը՝ «կեցցէ Հայաստանի փրկիչ բոլշևիկը, կեցցէ դաշնակ-հոյբուն դաւերը չքացնող թուրքը»:

Մեռելների պա´րը… խենթացե՞լ են այս մարդիք:

Չե´ն խենթացել, այլ հոգով ու սրտով շան սատակ են եղել և դժոխքում քաղաքականութիւն են խաղում:

գ) Պայքար Մայիս 28-ի գաղափարականի և հայոց ազատութիւնը խորհրդանշող Եռագոյնի դէմ.- Թուրքն էր մօտենում հայոց աշխարհի բնական և հոգևոր կորիզ Արարատի սրտին:

Արագածի կուրծքը չանգրւում է. Սարդարապատի դարբասը ծեծւում և Փամպակի ձորերում աներևակայելի դէպքեր են տեղի ունենում:

Հէ˜յ, ոտքի´, դեղին յորձանքն է գալիս, յաւիտենական գիշերն է մօտենում – ցեղն է վտանգւած:

Արամը վճռել է Երևանի շուրջը օրհասական ճակատամարտ տալ – հայոց պատմութեան բոլոր դարերի ամենաեղերական և բախտորոշ ճակատամարտը: Զօրավար Սիլիկեանն ու Դրօն իրենց զօրամասերն են դասաւորում:

Ղարաքիլիսէի ճակատում՝ ծերունի սպարապետ Նազարբէկեանը և´ արտասւում է և´ մարտի հրաւէր կարդում: Նժդեհը ահակոչում է՝ «դէպի´ Ղարաքիլիսէ». նրա դաշնակցական «Արագած» զօրամասը երգում է. «ամենայն տեղ մահը մի է». Տէր Մովսիսեանի սիրտը իր մարտկոցից պայթում է իբր տարերային ռումբ:

Էջմիածնում՝ Կաթողիկոսն օրհնում է հայ զօրքն ու ժողովուրդը – վերջին օրհնութի՞ւնը, արդեօ´ք: Չռել է իր մեծ և իմաստուն աչքերը և ասում է. «վճռել եմ թաղւել Էջմիածնի փլատակների տակ», Գարեգին եպիսկոպոսը Ղևոնդ Երէցի տարազը հագին՝ գիտնականի իր մեծ բանականութիւնը խցկել է սրտում, պայթելու աստիճան պրկւած երակներով սեղմել է ձեռքի խաչը և Վաղարշապատի հրապարակում ամբոխին ճառ է ասում – «դէպի´ Նոր Աւարայր»

Գաղթականների սայլերը ճռնչում են – մեր կեանքի երգը, որ թաւալւելով հայոց աշխարհի բոլոր ճամբաներից՝ Էջմիածնում վերածւել է աներևակայելի մի ժխորի:

Էջմիածնի զանգերն անընդհատ ղօղանջում են: Հաւարի ճիչը պայթեցնելու աստիճան սեղմում և ընդլայնում է մարդոց երևակայութիւնը:

Սպիտակ մի հրեշտակ իր թևը կախած զանգակատան աշտարակից՝ Գարեգին եպիսկոպոսին ուժ է ներշնչում: Փրփուրը բերանին՝ նա ուրւականի պէս այս ու այն կողմն է վազվզում – «մեր ցեղի պահապան հրեշտակն ասում է. դէպի´ Սարդարապատ և ԲաշԱպարան»

Մոլեգնած ամբոխի ալիքները բախւում են վանքի պարիսպներին և յետ վանւելով՝ խառնվում դէպի Սարդարապատ և Բաշ-Ապարան անցնող զօրամասերին:

Ճամբաների վրայ փռւում է աղեխարշ մի երգ – «Քարդ քարի վրայ չմնաց Բայբո´ւրդ»:

* * *

Կանոնաւոր զինւորներից, աշակերտներից, վետերան հայդուկներից կազմւած մեր զօրամասը բարձրանում է Աբարանի լեռնադաշտը: Դրօն կանգնել է մի ժայռի վրայ և աշխատում է իր զօրքերը զետեղել Արագածի հրահոսային (լաւա) շերտերի կրծքին: Ճակատն սկսւում է Արագածի գագաթից, իջնում Աբարանի լեռնադաշտը և անցնում դէպի Մայմեխի լեռները: Կենտրոնում՝ խճուղու վրայ ճախրում է Զեմլեակն ու յանկարծ ընկնում: Ամբողջ երեք օր հայն ու թուրքը ջարդում էին զիրար և ճակատամարտի բախտը մնում էր առեղծւածային: Վերևում՝ Արագածի ձիւների վրայից, թշնամին փորձում է թևանցք կատարել, մեր վաշտերն անցնում են սւինամարտի, որոշ տեղերում այլևս լռում է հրազէնը, մարդիկ ատամներով էին զիրար յօշոտում: Եւ յանկարծ սկսւում է «հուրրա˜»յի աղաղակը: Հայ ոգու տարերքը գերակշռել էր: Մարդկային հեղեղի ալիքները շաչում էին ժայռերին:

Մեր զօրքի շղթան խելայեղ շռինդով իր օղակները մղում էր առաջ: Թշնամու ճակատը պատռւած էր. թուրքն էր փախչում մեր աշխարհից: Մենք և´ երգում էինք և´ զարկում և´ վազում: Հասանք Շիրակի դուռը: Օրը երկար է տակաւին. «յառա˜ջ, տղանե´ր»: Թշնամու բանակն անյայտանում է: Հեռուից սպիտակ դրօշներ են երևում: Հաշտութիւն էր կնքւել…

Մայիս 28-ն էր:

* * *

Ահա´, այս օրւայ յիշատակն է, որ անարգում են հայ կեանքի ցեղանենգ շէյթանները:

Մայիս Քսանևո՞ւթ – ի՞նչ է դա. «թուրքերու պարտադրած անկախութիւն»: Այսպէս են «տրամաբանում» հակադաշնակցականները: Հասարակ տխմարներ չեն այս մարդիկ, այլ օրգանապէս զրանենգ հրէշներ:

Ինչո՞ւ, ինչո՞ւ, այդպիսի մի անկախութիւն էլ Տաճկա-Հայաստանում չպարտադրեցին մեզ՝ նոյն թուրքերը:

Հայոց պատմութիւնը ե՞րբ է արձանագրել նման մի վտանգ – ցեղի սպառման վտանգը:

Հայ կեանքը ե՞րբ է ունեցել նման ծառացում – հայրենիքի և մեր ցեղայնութեան կորիզը փրկելու ծառացում:

Հայը ե՞րբ է տւել նման լայնածաւալ ճակատամարտեր (ես ԲաշԱբարանն եմ տեսել, բայց անկարելին է տեղի ունեցել Սարդարապատում և աներևակայելին՝ Ղարաքիլիսէում):

Ե՞րբ է ցեղը մինչև իր ոգու խորագոյն անդունդները այդպէս ճակատագրօրէն ցնցւել:

Ե՞րբ, ե՞րբ ենք մենք ունեցել քառասուն հազարնոց ժողովրդական բանակ և հոգով ու մարմնով իր գոյութեան կռւին նւիրւած միակամ ժողովուրդ:

Ե՞րբ է հայը միայնակ ծառացել ո´չ միայն Թուրքիոյ, այլև նրա թիկունքում կանգնած զինակիցների դէմ – Գերմանիոյ, որ իր երկաթեայ բռունցքով հսկայ Ռուսաստանի դիակը փռեց գետին:

Ե՞րբ է հայը թուրքին սպիտակ դրօշակ պարտադրել:

Մայիս 28 – դա սովորական յաղթանակի օր չէ, այլ մեր պատմական կեանքի ահաւոր ելևէջների օրհասօրէն յաղթական հանգրւանը. դա սոսկական կռիւ չէ, այլ ահարկու խոյանք:

Այդ օրը, հայերը ճմլեցին իրենց սիրտը և նետեցին ազատութեան ետևից – նետեցին ա´յնպիսի ուժգնութեամբ, որ նա «մինչև էսօր գնում է, հա´ գնում»:

Նրա իմաստն ըմբռնում է ցեղաշունչ հայը – նա՝ որի ոգում վրէժի մոլեգին կրակն է եռում և ազատութեան կարօտը:

Նրա ահարկու թափից և վսեմական խորհուրդից սոսկում է ցեղանենգ շէյթանը – հոգով կրաւած և սրտով թլփաթւած «հայ» ստրուկ անասունը:

Դո´ւ, թշւառակա´ն, որ խնկի փոխարէն տկար հոգուդ աղբն ես ծխում այսօրւայ Երևանին, չե՞ս հարցնում, թէ նա ի՞նչպէս չվերածւեց պատմութեան խաւարի ծալքերում մոռացւող մի գերեզմանոցի:

Ծխա´, ծխա´ և այրւի´ր, ինքդ քո մէջ: Եթէ կուզէս խեղկատակիր մեր ճանապարհին, հայհոյիր զոհերին, ուրացիր Մայիս 28-ը:

Զզւանքը մէկ աստիճանով և´ս կբարձրացնի մեր մոլեգնութեան թափը:

Զզւանքը թռչող թևեր կտայ, որ մենք է´լ աւելի շուտ խոյանանք դէպի նոր Մայիս 28-ը:

Շարունակել՝ Մաս 4։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով