Բ. ՀԱՅ ՑԵՂԱՆԵՆԳ ՇԷՅԹԱՆՆԵՐԻ «ԲԱՐՈՅԱԿԱՆԸ», «ՄՏԱԾՈՒՄԸ» ԵՒ «ԳՈՐԾԸ»։ Մաս 5

Մաս 5

Չարախնդում է հակադաշնակցական տիպը, բայց երբեք տառապում, որ ցնցւեց ցեղապաշտ հայի երազը, որ թուրքին մնաց ամբողջ Տաճկա-Հայաստանը, Կարսը, Արարատեան դաշտի կարևոր
մէկ մասը (Սուրմալուի գաւառ), հայոց նւիրական լեռը (Մասիս), Բագրատունիների փառահեղ մայրաքաղաքի (Անի) պաշտելի աւերակները, որ երկրի սրտում բոյն դրեց Ատրբէյջանը՝ ստանալով Նախիջևան-Շարուրը, որ նոյն Ատրբէյջանը տէր դարձաւ հիւսիսային Հայաստանի բնական ամրոցը կազմող Ղարաբաղին և լեռնային Գանձակին, որ Վրաստանին մնացին Ջաւախքն ու հայկական Բորչալուն, որ Միացեալ և Անկախ Հայաստանի փոխարէն՝ Անդրկովկասի մի անկիւնում կծկւեց Խորհրդային Հայաստան անունով ռուսական խղճալի մի նահանգ՝ 28.000 ք. քլմ. տարածութեամբ և 800.000 բնակչութեամբ (հիմա 1 միլիոն, որից հազիւ 900.000-ը հայ): Չարախնդում է հակադաշնակցական սինլքորը, որ Երևանում «չտեսնւած շինարարութիւն» կայ, բայց մէկ-երկու հազար ներգաղթողների համար բնակարան չկայ, որ Հայաստանը կողոպտող ռուսը՝ «կը լրացնէ» երկրի բիւդջէն, որ Անդրկովկասեան խորհրդային «եղբայրական» դաշնակցութեան անդամներից Վրաստանն ու Ատրբէյջանը սեփականել են Թիֆլիսի և Բագուի հայկական անբաւ միլիոնների հարստութիւնը, որ նրանք խորհրդային բիւջէից օգտւում են 4-5 անգամ աւելի´, ասել է՝ իւրաքանչիւր տարի առաջ են գնում 4-5 քայլով, իսկ Խ. Հայաստանն անում է կիսակապ մի քայլ միայն:

Չարախնդում է հակադաշնակցական հրէշը, որ բոլշևիկները լայնածաւալ ներգաղթ կազմակերպելու փոխարէն՝ շանտաժում են մէկ քանի հազար «ընտրեալ»ների թշւառութիւնը, որ Խ.Հայաստանն «առաջ է գնում», «ժողովուրդն աճում է և բազմանում», բայց ազգի 2/3-ը նրանից դուրս է մնում, որ «աճողների» և ներգաղթողների համեմատութեամբ՝ 2 անգամ աւելի մարդիկ հեռանում են երկրից՝ արտագաղթելով կամ փախչելով, որ «խաղաղութիւն» կայ և «ստեղծագործ աշխատանք», բայց տասնեակ հազարներով բանտարկեալներ և աքսորականներ:

Ցեղանենգ շէյթա´ն. մեր ցեղայնութեան սիւների ճարճատումը նրան թւում է յաղթանակի աւետիս, մեր երկրի յօշոտումը՝ վերածնութիւն, չեկայի հազարաւոր զոհերի հռնդիւնը՝ խաղաղութիւն, մի քանի հազար մարդոց տեղափոխութիւնը՝ ներգաղթ, միլիոնների թափառանքը և տասնեակ հազարների արտագաղթը երկրից՝ ոչինչ կամ աննշան մի երևոյթ:

Բուրգազում մի մունետիկ – ոմն Ամիրա – մի օր փչում էր. «Նաւը պիտի գար երէկ, բայց վաղը ընտրութիւն ըլլալուն՝ պիտի գայ 3 օր վերջ. ընտրութեան մասնակցելէ յետոյ 4000 հոգիով ճամբայ պիտի ելլենք»: Այս մունետիկը սքանչելի կերպով բանաձևել էր արտասահմանի հակադաշնակցականների ներգաղթի քաղաքականութեան իմաստը. «Ներգաղթի նշանախօսքով զանգւածների տրամադրութիւններն օգտագործել՝ գրաւելու համար հոգաբարձութաղականական աթոռները»: Նոյն Բուրգազում՝ մէկ ուրիշ ներգաղթականի – ոմն Երւանդ, մականւանեալն «քիւրտ» – հետ խօսելիս՝ մեր մի ընկեր ասել է. – Երկիր հասնելով դաշնակցական պիտի դառնաք: Ներգաղթականը պատասխանել է. – Ընդհակառակն մենք կերթանք Դաշնակցութեան քէօքը կտրելու: Այս հայրենակիցն էլ խտացնում է բոլշևիկների ներգաղթի քաղաքականութեան իմաստը. «Ներգաղթի նշանաբանով՝ արտասահմանում վարկաբեկել և տկարացնել Դաշնակցութիւնը, իսկ երկրի ժողովրդի դաշնակ հոգեբանութեան դէմ՝ արևմտահայ հակադաշնակցական ներգաղթողները դարձնել արգելիչ թումբ»:

Ամիսներ յետոյ՝ նաւն եկել և տարել է թէ´ մունետիկին, թէ´ «քէօքը» կտրողին:

Հայաստան հասնելուց յետոյ՝ մունետիկը աղետւում է. մատնւում զրկանքների և կէս-հիւանդ կէս-խելագար վիճակում, մահւան անկողնում, անվերջ զառանցում է. «օգնութի˜ւն, օգնութի˜ւն»: Մեռե՞լ է, թէ՞ տակաւին տառապում է.- չգիտեմ: «Քէօք» կտրողը մեղադրւել է մէկ քիլոգրամ ալիւր գողանալու յանցանքով և … գնդակահարւել է:

Զարհուրելի, բայց մութ պատմութիւն:

Պատահական արկա՞ծ, սովորական հիւանդութի՞ւն, խելագարութի՞ւն, «մէկ քիլոգրամ ալիւրի» գռեհկատենչ գողութի՞ւն, թէ՞ խորին հիասթափութիւն, խղճմտանքի փոթորկում, զղջում-սթափումի հոգևոր տագնապ, ընդվզումի ներքին փորձ, վերափրկւելու անզօր ճիգ, խեղդւած բողոք:

Յամենայն դէպս՝ զարհուրելի պատմութիւն. խաղաղութի˜ւն ձեզ խե´ղճ մարդիկ, թողութի˜ւն ձեզ խաբւած, յիմարօրէն մոլորւած, բայց ճակատագրով անբախտ հայրենակիցներ:

Ե) Սևացում Դաշնակցութեան արկածախնդրական անցեալի.- Հ. Յ.Դաշնակցութեան վերելքն սկսւեց 1896-97թթ., երբ այս կուսակցութիւնը «Բանկ Օտտոմանի» գրաւման և «Խանասորի» արշաւանքի «արկածախնդրութեամբ» փորձեց լուծել հնչակեանների ցուցարարական գործունէութեան հետևանքով կոտորւած 300.000 հայերի, Աւետիսեանի հետ զոհւած 1000-ի չափ «արմենական» երիտասարդների, հնչակեան Մարտիկի, դաշնակցական Պետօի վրէժը և յուսահատութեան մատնւած հայ զանգւածներին, բարբարոսութեամբ ամբարտաւանացած թուրքին և անտարբերօրէն սակարկող Եւրոպային հասկացրեց, թէ հայ յեղափոխական կրակն ո´չ միայն չի մարւել, այլև հրդեհը նո´ր է բոցավառւում: Ի՞նչպէս եղաւ, որ «արկածախնդրական» այս ակտերով՝ Հ.Յ. Դաշնակցութիւնը ճմլեց կասկածամիտ և զգուշաւոր հայ ժողովրդի սիրտը և յետայնու՝ հանդիսացաւ հայ քաղաքական դատի և հայ յեղափոխութեան միակ դրօշակիրը, անգամ՝ դադարեց «կուսակցութիւն» լինելուց և ամբողջ Մեծ Հայքի սահմաններում դարձաւ համաժողովրդական հոգեբանութիւն:

Ռուս կառավարութիւնը 1903-ին որոշեց գրաւել հայ եկեղեցական կալւածները: Ի՞նչպէս եղաւ, որ Անդրկովկասի ամբողջ հայութիւնը միացաւ Դաշնակցութեան կազմակերպած «արկածախնդրական» ընդդիմութեան:

Սասունում՝ 1904-ին, պայթեց ապստամբութիւնը: Ինչպէս եղաւ, որ դաշնակցական այս «արկածախնդրութեան» ղեկավարներից հայդուկ Անդրանիկը դարձաւ հայոց ազգի ամենաժողովրդական դէմքը – Լեգենդար հերոսը:

Ռուս կառավարութեան դրդումով 1905-6թթ. ոտքի ելաւ Անդրկովկասի թաթարութիւնը: Դաշնակցութիւնը կազմակերպեց հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան և թաթարութիւնն ու ցարական հայանենգ պաշտօնէութիւնը պատուհասելու «արկածախնդրական» գործը: Ինչպէս եղաւ, որ Անդրկովկասի հայ մտաւորականութիւնը, հոգևորականութիւնը, ժողովրդի հարուստ և աղքատ, քաղքենի և գեղջուկ խաւերը – բոլորը, բոլորը – զինւորական կատարեալ կարգապահութեամբ հետևեցին դաշնակցական հրամանատարների, խմբապետների, մարմինների հրահանգներին, իսկ աշուղներն երգեցին դաշնակացական խմբերի և հերոսների մարտական փառքը:

Համաշխարհային պատերազմով պայմանաւորւեցին Թուրքիոյ հայերի մեծ աղէտը, երկրի հայութեան մի շարք յուսահատական, այլ հերոսական ընդվզումները և Կովկասի հայոց կամաւորական շարժումը: Ի՞նչպէս եղաւ, որ դաշնակցական Վասպուրականի «արկածախնդրական» ապստամբութեան միացան Վան քաղաքի ռամկավարները, իսկ դաշնակցական կամաւորական «արկածախնդրական» շարժման՝ նաև հնչակեանները:

Ահարկու փլուզումներից յետոյ՝ 1917-ին տեղի ունեցան «Համառուսական Սահմանադիր ժողով»ի ընտրութիւնները: Ի՞նչպէս եղաւ, որ Անդրկովկասի հայութիւնն իր ձայների 95%-ը, 558.400 քւէ, տւեց «արկածախնդիր» Դաշնակցութեան:

Նոյն 1917-ի աշնան բոլշևիկացած Ռուսաստանը լքեց Հայաստանի ճակատը: Դաշնակցութիւնը կազմակերպեց հայութեան ինքնապաշտպանութեան «արկածախնդրական» գործը: Ի՞նչպէս եղաւ, որ 1918-ի Մայիս 28-ին հիմք դրւեց Հայաստանի Հանրապետութեան:

Զարհուրելի սովից ու համաճարակից յետոյ, 1919-ին, տեղի ունեցան Հայաստանի պարլամենտի արկածախնդրական ընտրութիւնները: Ի՞նչպէս եղաւ, որ Հայաստանի տառապած հայ զանգւածներն իրենց ձայների 97%-ը (230.272 քւէ) տւին Դաշնակցութեան: (Հնչակ չկար ու չկայ Հայաստանում, իսկ ժողովրդական-ռամկավարները ստացան 481 քւէ):

1920թ. ռուսը վերադարձաւ Անդրկովկաս և միացած թուրքին՝ որոշեց չքացնել Միացեալ և Անկախ Հայաստանի ծրագիրը և բաժանել մեր երկիրը: Դաշնակցութիւնը դիմեց հայրենիքի սահմանները պաշտպանելու «արկածախնդրութեան»: Ի՞նչպէս եղաւ, որ հայ զանգւածները խռովքի մատնւելով՝ ոտքի ելան Ռուսաստանի և Թուրքիոյ դէմ:

Վերջապէս, նոյն 1920թ. աշնան ընկաւ Կարսը: Նոյեմբերի վերջին Աղեքսանդրապոլում և Երևանում միաժամանակ կնքւեցին երկու «արկածախնդրօրէն» ողբալի համաձայնագրեր՝ հայ-թուրքական և Դաշնակցական-մեծամասնական: Պարտւած երկիրը բաժանւեց թուրքերի և ռուսների միջև: Ի՞նչպէս եղաւ, որ այդ դէպքերից ընդամենը երկու և կէս ամիս յետոյ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը փոթորկելով Հայաստանի հայութիւնը՝ երկնեց Փետրւար 18-ի համաժողովրդական փառահեղ ապստամբութիւն՝ իր ետևից քաշելով նաև ռամկավարները, հնչակեանները, սոց. Դեմոկրատները, սոց. Յեղափոխականները:

1921թ. գարնան Երևանը կրկին անցաւ ռուսների ձեռքը, իսկ նոյն տարւայ ամրան՝ դաշնակցականները, առանց կռւի, խրոխտ Զանգեզուրը յանձնեցին բոլշևիկներին՝ սակայն այս գաւառը Խ. Հայաստանին և ո´չ թէ Ատրբէյջանին միացնելու «արկածախնդրական» պայմանով: Եւ այդ օրից (գրեթէ 13 տարի) բոլշևիկներն իշխում են Հայաստանում: Ի՞նչպէս եղաւ, որ կազմակերպւած բոլշևիկների թիւը Հայաստանում մէկուկէս անգամ աւելի´ քիչ է, քան բանտերում և աքսորավայրերում տառապող դաշնակցականների, որ խորհրդային իշխանութեան բռնազբօսնեալ «հմայքը» գոյութիւն ունի միայն արտասահմանի ցեղուրացների համար, մինչ երկրի զանգւածների ոգում իշխում է մի ուժ, որ բոլշևիկների որակումով կոչւում է՝ Դաշնակիզմ:

Ի՞նչպէս եղան այս բոլորը:

Մտքով սինլքորների համար՝ շա´տ պարզ եղանակով – «արկածախնդրօրէն»:

Մտքով սինլքորը նա չէ, որ միայն տգէտ է, այլ նա, որ նա´և անբարոյ է: Նմանի մեղքը նրանում չէ, որ իր մտածման ճառագայթները կարճ են, այլ նրանում, որ նրանք վատասերւած են: Նմանը կոյր չէ, այլ մրասէր, հիւանդ չէ, այլ լպիրշ, յիմար չէ, այլ զրանենգ:

Նա հասկանում է, անշո´ւշտ, որ Դաշնակցութեան պէս ահարկու տեմպերամենտով օժտւած մի հոսանք չէր կարող բռնազբօսիկ միջոցներով ամբողջ մի ցեղի կեանքի անիւը շարժել: Նա գիտէ, որ այնքան փլուզումներ և պատմական զարհուրելի փոթորկումներ ճաշակող Մեծ Հայքի (բուն Հայաստանի) ամբողջ ժողովուրդը, չէր կարող «արկածախնդրութեան» շնորհիւ կապւած մնալ Դաշնակցութեան: Նա այնքան էլ յիմար չէ և կարող է ըմբռնել, որ համազգային մի կազմակերպութիւն, առանց զանգւածների ընդհանուր տրամադրութեանց հաշւառման՝ չէր կարող յեղափոխական երկարատև գործունէութիւն ունենալ: Նա գիտէ, որ Հայաստանի ժողովուրդը, գրեթէ 98%-ով, երկրագործների մի զանգւած էր, իսկ ժողովուրդը, մանաւանդ երկրագործ ժողովուրդը, իր էութեամբ ո´չ թէ «արկածախնդիր» է կամ «արկածասէր», այլ ինչպէս ասում են. «տաս չափող, մէկ կտրող»: Նա գիտէ, որ Դաշնակցութեան խարիսխը հէնց այս երկրագործ զանգւածներն էին, նրա հայդուկները՝ հայ գիւղացիները: Նա կարող է եզրակացնել, որ Դաշնակցութիւնը՝ երկրի հայութեան համար հայրենի հողի խորհուրդի, իր սեփական գոյութեան կռահումի, իր ցեղայնութեան, իր կրօնական զգացման սրբասարսուռ համադրութիւն էր:

Հասկանում է, գիտէ, յիմար չէ, կարող է ըմբռնել, բայց եզրակացնում է. «արկածախնդրութիւն»:

Ալաշկերտի Թոփրագ-Գալէի դպրոցում, Բաղդասար անունով չարաճճի մի տղայ կար: Բաղդասարը ճանաչում էր տառերը, գիտեր բառեր կապել, բայց երբ խնդիրն իր անւան կգար՝ ամբողջ գիտցածները քամուն կտար:

Մի օր, նորեկ ուսուցիչը հրահանգում է.

– Բաղդասա´ր, անունդ կապի´ր:

– Պարո´ն, «տիւն-այբ-մեն-տամ – Բաղդասար»:

Զարմացած ուսուցիչը ամբողջ կէս ժամ աշխատում է ուղղել Բաղդասարի սխալը, բայց չարաճճին մինչև վերջ ապուշ է ձևանում և անվերջ կրկնում «տիւն-այբ-մեն-տամ – Բաղդասար»:

Բաղդասարի մեթոդով են վարւում նաև հակադաշնակցականները: Նրանք ծանօթ են պատմութեան «այբ ու բեն»ին, գիտեն որոշ բառեր կապել, բայց հէնց որ մօտենում են հայոց «յեղափոխութեան» – ապուշ են ձևանում և այդ սրտաճմլիկ բառը կապում ու կարդում են «արկածախնդրութիւն»:

Բաղդասարը չարաճճի մի տղայ էր, իսկ ի՞նչ է հակադաշնակցականը, լրբացած մի երախա՞յ:

Միջագետքից, 1922-ին Հայաստան ներգաղթող Վասպուրականի Նարեկ գիւղացի պառաւ մի կնոջ հետ խօսելիս՝ կատակով հարցրի.

– Նանի´, Հայաստան հասնելիս ի՞նչ պիտի անես, բոլշևի՞կ պիտի դառնաս:

Աներևակայելի ցնցումի մատնւեց պառավի ողջ էութիւնը. խեղճը զարհուրանքով աղաղակեց.

– Հաւա´ր, Լաւօ´, ի՞նչ կասես. ընչի´ (ինչու) ես քի՞ւրտ եմ, ընչի´ ես ռամկավա՞ր եմ:

Մի օր էլ, մեր գիւղացի Ասօին հարցրի, թէ ի՞նչ է նշանակում «հնչակ»:

Խնդաց և պատասխանեց.

– Հնչա՞կ. վանեցիք և խլաթցիք կըսեն «խնչակ», մենք կըսենք «պնչակ»: Հնչակ-խնչակ-սատանի պնչակ:

Նարեկացի պառաւի և մանաւանդ մեր գիւղացի Ասօի այս տգեղ, կոպիտ, այլ պատկերաւոր բնորոշումները մեզ կռահել են տալիս ո´չ միայն հայ շինականների դաշնակցական ոգու խորքը, այլև մատնանշում նրանց նախազգալու բարձր կարողութիւնը: Հայաստանի գիւղացիները զզւում էին ռամկավարներից և հնչակներից, չնայած որ միայն Վան քաղաքում մի քիչ «ռամկավարներ» կային, իսկ հնչակները մեր աշխարհում լապտերով էին փնտռում: Բացի այդ՝ հին հնչակեանները ազգասէր մարդիկ են եղել, իսկ Վանայ ռամկավարները հայրենասիրական զգացումից զուրկ չէին:

Բայց ինչո՞ւ էին զզւում, ինչո՞ւ ատում. արդեօք ա՞յլ պատճառով, քան այն, որ նախազգում էին, թէ մի օր «հնչակ-ռամկավար» անուններով պիտի խորհրդանշւի հայոց ցեղանենգ շէյթանականութիւնը:

Զ) Պայքար Միացեալ և Անկախ Հայաստանի «երազ»ի դէմ.- Այս աշխարհն այնպէս է, որ նրանում ցերեկ կայ և գիշեր, կեանք կայ և մահ, իրականութիւն կայ և երազ, առաքինութիւն կայ և լրբութիւն, շահերի անհաշտելի հակամարտութիւն կայ և ներդաշնակութիւն, ուրախութիւն կայ և տրտմութեան արցունք, խաղաղութիւն կայ և պատերազմ, յաղթութիւն կայ և պարտութիւն:

Յաղթականները ձգտում են ապահովել «շահած»ի տիրապետումը, պարտւողները՝ սգում են իրենց «կորուստ»ը, տառապում են, փոթորկւում և երազում են կորցրածի վերանւաճումը:

Ֆրանսիացիները 1871-ին պարտւում են, կնքում են «ամօթալի» մի դաշնագիր և յետ այնու, գրեթէ կէս դար, սգում են Ալզաս-Լորէնի կորուստը, տառապում են, փոթորկւում, երազում և մի օր էլ (1918- ին) հասնում են իրենց բաղձանքին:

Հայերը՝ 1917-18-ին ստիպւում են իրենց վրայ վերցնել ռուս-տաճկական պատերազմի բեռը, շարունակում են կռիւը Թուրքիոյ դէմ, կորցնում են Տաճկա-Հայաստանը և Կարսը, բայց փրկում են Երևանը: Բաթումում ստորագրում են «ամօթալի» մի դաշնագիր, բայց ընդամենը 2 ամիս յետոյ, իրենց խորհրդարանի բացման առիթով՝ յաղթական թուրքին և գերմանացիներին ասում են. «Մեր երկրի սահմանները կընդարձակւեն կեանքի երակթէ ուժով»: Եւ դրանից մի քանի ամիս յետոյ, վերանւաճում են Կարսը, կանգնում են ամբողջ Տաճկա-Հայաստանը վերագրաւելու, Միացեալ և Անկախ Հայաստան ստեղծելու կարելիութեան առաջ:

Նոյն հայերը 1920 թւականին հարկադրւում են պատերազմել ռուս-թուրքական զինակցութեան դէմ. պարտւում են, կրկին կորցնում Կարսը և թուրքի առաջխաղացումը դէպի Երևան կասեցնելու, այնտեղ կենտրոնացած հայութեան գոյութիւնը փրկելու, երկրի մնացորդը նւազագոյն չարիք թւացող բոլշևիկներին յանձնելու համար ժամանակ շահելու դիտաւորութեամբ՝ ստիպւում են ստորագրել Ալեքսանդրապոլի «ամօթալի» դաշնագիրը, բայց անմիջապէս էլ այդ յայտարարում են – արդիւնք բռնադատման, այսինքն՝ չեղեալ:

Աւելին: Երկու և կէս ամիս յետոյ – Փետրւար 18-ին – նոյն հայերն ապստամբում են իրենց «հրաւիրած» բոլշևիկների դէմ՝ շուտով իրենց նաև Տաճկաստանը վրէժխնդրելու յոյսով: Բայց հայ-մեծամասնական այս պատերազմն էլ վերջանում է հայերի պարտութեամբ: Թուրքն ու բոլշևիկը ծանր մի տապանաքարով կնքում են Անկախ Հայաստանի իրական ծրագիրը, բայց նրա յարութեան յոյսն իբր ներքին խռովք, շարունակում է ալեկոծել հայերի սիրտը. դրա համար էլ՝ նրանք սգում են, դեգերում, որոնում, տառապում, փոթորկւում, երազում:

Այս է բնական կանոնը պատմագործ «ես»երի հոգեբանութեան:

Աստուծոյ արևի տակ, սակայն, սողոսկում է խաւարածին մի չէակ, որ ո´չ աղօթել գիտէ, ո´չ օրհնել, ո´չ կռւել գիտէ, ո´չ յաղթել, ո´չ երկնել գիտէ, ո´չ ստեղծագործել, որով իր ազգակիցների պարտութեան դէպքում ո´չ սգում է, ո´չ էլ տառապում, ո´չ զղջում է, ո´չ էլ տենչում, ո´չ փոթորկւում է, ո´չ էլ երազում:

Հոգեբանօրէն հակադաշնակցական հայ տիպն է դա – թշնամու խնդակիցը, չոր փաստերից խօսող «ռէալիստ» իմաստակը, որ տրամաբանում է. «Ձեռքը որ չես կարող կտրել – համբուրի´ր և ճակատիդ դի´ր»:

Սարսափի անասունն է որոճում նրա ոգում. այնտեղ, ուր փոթորկւել է պէտք՝ նա կախում է ականջները և իր էութեան խեղճութեան յօրանջել տալիս. «Միացեալ Հայաստանն արկածախնդրական մի ցնորք է. նա երբեք չի կարող իրականանալ»:

Այդ սինլքորի համար է, կարծես, Ֆաուստը մէջբերում իմաստունի խօսքը, թէ.

«Ոգիների աշխարհը չի գոցւած,

Քո զգայնութիւնն է փակ,

Քո սիրտն է մեռած»:

Մեռած է հակադաշնակցականի սիրտը, կտրւած են նրա երևակայութեան թևերը և աշխարհի կարելիութեանց դուռը՝ նրան թւում է յաւիտենօրէն փակ: Նա չի հասկանում, որ «փակ» դուռը բախում են, եթէ չբացւի՝ բանալի են գործադրում, եթէ բանալին էլ չօգնի՝ խորտակում են: Նա ջղայնանում է մանաւանդ այս «խորտակում են» բառից. տնկում է իր յիմարութեան կոտոշները և զառանցում. «Դաշնակցականները չեն կարող թուրք-բոլշևիկեան պատնէշը խորտակել, Միացեալ և Անկախ Հայաստանը՝ չի կարող լինել»: Զառանցում է և ա´յնքան է տգէտ, որ կարծում է, թէ դիմացինը անծանօթ է ա´յն ճշմարտութեան, թէ «չի´ կարող խորտակել», «չի´ կարող լինել» հոգեբանօրէն թարգմանւում է «չեմ ուզում, որ խորտակւի», «չեմ ուզում, որ լինի»:

Դաշնակցական – ինչո՞ւ չես ուզում:

Հակադաշնակցական (ինքն իր մէջ) – Որովհետև քո իսկ որակումով՝ ինքս ցեղանենգ հրէշ եմ. շէյթանի և ցեղիդ թշնամու գործակիցը, քո և ցեղիդ փառքը չհանդուրժող սրիկան:

Մի չեզոք – Հապա´, ի՞նչ պիտի լինի մեր հայկական գործերի վերջը:

Հակադաշնակացական (հայ հանրութեան) – Մենք ո´չինչ կարող ենք անել. ազգը սպառւած է. ողորմելի խլեակներ ենք, ինքզինքնիս կորցրել ենք, խաղաղութեան և հանգստի պէտք ունինք:

Ալաշկերտի Եոնջալու գիւղում Բադէ անունով կաղ մի մարդ կար: Ինչ-ինչ պատճառներով Բադէն թշնամանում է իր մերձաւորներից մէկին: Մի օր քիւրտերը կրակ են ձգում այս մերձաւորի կալը: Ոտքի է ելնում ողջ գիւղը և ճգնում է հրդեհը կղզիացնելով՝ մարել: Գիւղացիները, սակայն, զարմանքով նշմարում են, որ Բադէն օգտւելով ընդհանուր իրարանցումից՝ կրակից զերծ խուրձերը նետում է բոցի մէջ, իսկ կրակւածները փախցնելով՝ տանում է դէպի միւս դէզերը: Նրանք զարհուրած ճչում են – Բադէ´, ի՞նչ ես անում: Բադէն պատասխանում է – եղբայրնե´ր, ես էլ չգիտեմ ի՞նչ եմ անում, սրտիս ցաւից՝ ինքզինքս կորցրել եմ:

Բադէի «սրտի ցաւով» է բռնւել հակադաշնակցական «ազգասէր»ը. նա ճգնում է լրացնել հրձիգ թշնամու գործը, մոխրացնել մեր կալը և արդարանում է. «ինքզինքս կորցրել եմ»: Քնի աւետարան է կարդում նա. «մեզ խաղաղութիւն է պէտք և հանգիստ». գիտէ, որ հայրենազուրկ և թափառական մարդն ոչ խաղաղութիւնից կարող է օգտւել, ոչ էլ հանգստութիւն վայելել, բայց քուն է քարոզում, որպէսզի իր զինակից օտար գայլն իսպառ խեղդի հայկական հօտը. «բոլշևիկը Հայաստանի պահապան շունն է»:

Ա˜խ, սրիկա´յ, դու էլ մեր պահապան էշն ես, բայց հէնց որ կռւի ձայն ես լսում՝ վախից պորտդ ընկնում է:

Ընկած է արդէն մտքիդ պորտը. սոսկում ես Միացեալ Հայաստանի մեծ երազից, որովհետև զգում ես, որ մեծ երազները մեծ գործեր են պահանջում, մեծ զոհողութիւններ:

Մանրագործ ոգուդ քսութիւնն արդարացնելու համար՝ խանդավառւում ես փոքրիկ իրականութիւններով և զառանցում. «կեցցէ´ Խ. Հայաստանը»:

Լսի´ր, սինլքո´ր, կեցցէ´ Մեծ Հայաստանը, որ չի´կարող 28.000 ք. քլմ. տարածութեամբ և 900.000 հայ բնակչութեամբ իր գոյութիւնը յարատևել, որ չի´ կարող Մասիս լերան, Անի քաղաքի, Վանայ լճի, Արածանի գետի, Մշոյ դաշտի թրքացման և իր միլիոնաւոր որդիների թափառումի և նւաստութեան մտքին հաշտւել, որ չի´ կարող հայ ցեղի դահիճներից մէկի իշխանութիւնը և միւսի «բարի» հարևանութիւնը՝ Արաքսի ափին հանդուրժել:

Չի´ կարող, լսի´ր:

Է) Պայքար «ռուսահայ» գործիչների և «ռուսահայ» էութեան դէմ.- Դաշնակցականութիւնն ու հակադաշնակցականութիւնն խստօրէն զատորոշւում են նաև նրանով, որ առաջինն ունի համահայաստանեան և համահայկական զգացում ու գաղափարաբանութիւն. վերջինը՝ գարշելի տեսակի հատւածամոլ է: Դաշնակցութեան երազած «Միացեալ և Անկախ Հայաստանը» միայն հողի պահանջ չէ, այլ ազգային ուժերի համադրման, ցեղի ցրւած զաւակների համախմբման, հայութեան քաղաքական և հոգեբանական ամբողջացման տենչանք: Դաշնակցականը Հայաստանը պատկերում է մի և ընդհանուր – հակադաշնակցականը Հայաստան ասելով հասկանում է՝ մերթ միայն Տաճկա-Հայաստան, մերթ միայն Կիլիկիա, մերթ էլ՝ միայն Երևան: Դաշնակցականի ըմբռնումով աշխարհի բոլոր հայերը կազմում են միևնոյն ազգութեան նոյնագոյն բեկորները – հակադաշնակցականը սոյն բեկորները համարում է՝ էութեամբ այլազան: Նա ասում է՝ «հայ» և «հայութիւն», սա՝ «ռուսահայ», «թուրքահայ», «պարսկահայ» և այլն: Նա ձգտում է համադրումի, սա իր էութեամբ՝ պառակտիչ է: Դաշնակցականի համար ռուսահայ-տաճկահայ տարբերութիւնը քաղաքական-սահմանային է, հակադաշնակցականի ըմբռնումով՝ հոգեբանական-զգացումային:

Հակադաշնակցական են բոլոր նրանք, որոնք ճմլւելով ռուսի և թուրքի ազդեցութիւնից՝ հոգեբանօրէն իրենց զգում են «ռուսահայ» կամ «թուրքահայ»:

Հոգեբանօրէն «ռուսահայ»ի էութիւնը համակւած է ներքին ինքնառուսզգացութեամբ, հոգեբանօրէն «թուրքահայ»ը եթէ չի էլ գիտակցում, գէթ բնազդով կապւած է թուրքական էութեան: Նա մարմնաւոր հայ է, հոգևոր ռուս, սա՝ մարմնաւոր հայ է, հոգևոր թուրք: Երբ պատմութեան զանգը հնչում է և ցեղն ուզում է իր ճակատագիրը դարբնել – նա դառնում է բոլշևիկ, սա՝ թուրքական լրտես կամ անգիտակցաբար թուրքի հացին կարագ քսող քաղաքական խեղկատակ, ներքին խառնակիչ:

Եւ ահա´ մի անակնկալ: Մինչև երէկ այս ռուսահայն ու թուրքահայը զիրար ատում էին, որովհետև ցարական ռուսը և սուլթանական տաճիկը թշնամիներ էին, այսօր զիրար «սիրում» են, որովհետև բոլշևիկ ռուսն ու քեմալական թուրքը զինակցել են: Այստեղ՝ հոգեբանական, եթէ կուզէք ենթագիտակացական հիմքը, թուրքա«հայ» հակադաշնակացականների և ռուսա«հայ» բոլշևիկների բարեկամութեան: Ռուսահայ բոլշևիկը սիրում է թուրքահայ հակադաշնակցականին, որովհետև վերջինս ասում է. «ես Տաճկա-Հայաստան չեմ ուզում» (թուրքի ուզածը): Թուրքահայ հակադաշնակցականը սիրում է ռուսահայ բոլշևիկին, որովհետև սա ասում է. «Հայկական դատ այլևս չկայ, Խորհրդային Հայաստանը մեզ բաւարարում է» (ռուսի ուզածը):

Իսկ ի՞նչ է ասում դաշնակցական հայը: Կովկասցի դաշնակցականն ասում է. «առա´նց թուրքաց Հայաստանի – չկա´յ Հայաստան», գաղութաբնակ դաշնակցականը շեշտում է. «առա´նց կովկասեան Հայաստանի – չկա´յ Հայաստան», ասում են ու շեշտում և միասին ձգտում են «Միացեալ ու Անկախ Հայաստանին»:

Դաշնակցական այս համահայաստանեան և համահայկական մտածումը՝ հակադաշնակցական սինլքորին թւում է «ռուսահայ» էութեան պտուղ: Նա պայքարում է այս մտածումը ներկայացնող արևելահայ ցեղապաշտ գործիչների դէմ և քծնում իսկական ռուսահայերին՝ բոլշևիկներին: Պայքարում է, որովհետև չի ուզում Միացեալ Հայաստան – քծնում է, որովհետև ուզում է Հայաստանը տեսնել բաժանւած, յօշոտւած, չքացած:

Շարունակել՝  Եզրակացութիւն։

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով