Բ. ՀԱՅ ՑԵՂԱՆԵՆԳ ՇԷՅԹԱՆՆԵՐԻ «ԲԱՐՈՅԱԿԱՆԸ», «ՄՏԱԾՈՒՄԸ» ԵՒ «ԳՈՐԾԸ»։ Մաս 2

Դժւար է ճշդել, թէ որո՞նք են գաղութահայ կեանքի այսօրւա իսկական ցեղանենգ շէյթանները: Հաւանաբար, սրանք հրապարակում չերևացող լրտես-մատնիչներ են, որոնք սակայն, կարողացել են հնչակ-ռամկավար հոսանքների կեանքի լծակն իրենց ձեռքն առնել:

Այդ հոսանքների բերանը հանդիսացող մահազդ-թերթերը տարիներից ի վեր լծւած են ապերախտ մի աշխատանքի:

Նրանց «քաղաքական դաւանանք»ը խտանում է հետևեալ կէտերում.-

ա) Անձնական խծբծանք:

բ) Լրտեսամիտ զրաբանութիւն:

գ) Պայքար Մայիս 28-ի գաղափարականի և հայոց ազատութիւնը խորհրդանշող եռագոյնի դէմ:

դ) Երևանի վերածնութեան տարփողում և ներգաղթի շահագործում:

ե) Սևացում Դաշնակցութեան «արկածախնդրական» անցեալի:

զ) Պայքար Միացեալ և Անկախ Հայաստանի երազի դէմ:

է) Պայքար «ռուսահայ» գործիչների և «ռուսահայ» էութեան դէմ:

Այս ամբողջ տախտակը գծւած ու պատրաստւած է թուրք-մեծամասնական ձեռքով: Նա քաղաքական մի ծրագիր է, անշուշտ: Ինչո՞վ բացատրել, որ նա դարձել է հնչակ-ռամկավարների ներշնչարանը: Այդ կը պարզւի, երբ մենք այդ նզուեալ տախտակի կէտերը քննութեան կառնենք:

* * *

ա) Անձնական խծբծանք.- Բոլշևիկը բարոյական անասուն է: Այստեղ նրա՝ իբր հոգեբանական տիպի՝ առաւելութիւնների և թերութիւնների գումարը: Սոփեստ է նա. չի ճանաչում բարոյական օրէնք և կարևորութիւն է տալիս եղելոյթների գործնական ելքին: Ճշմարիտ-սուտ, ճիշդ-սխալ, արդար-անիրաւ, բարոյական-անբարոյական – նման ըմբռնումների բևեռացումից զերծ է բոլշևիկը: Բոլշևիզմ – դա մի ճիգ է ազատագրւելու քրիստոնէական «երկու ոգիների» ներքին պայքարից, բարու և չարի հակամարտութիւնից, կարճ՝ իմացական և բարոյական տառապանքից: Դրա համար էլ՝ նա գնահատում է ոչ թէ խորհրդածող հանճարը, այլ գործնական տաղանդը, գործում է ոչ թէ ըստ բարոյական զգացման, այլ ըստ առարկայական շահի: Այս հոգեգծով է պայմանաւորւում բոլշևիկեան քաղաքական և բարոյական մաքիավելիզմը:

Հնչակ-ռամկավարները հոգեբանօրէն բոլշևիկներ չեն: Նրանց հոգեկառոյցի հիմնական գծերը կազմում են. հայկական ստրկամտութիւնը և ներքին տկարութեան ինտուիտիւ զգացումը: Նրանց ապրում-մտածումը շաղախւած է հին, նեխած նախապաշարումների ցեխով: Լայն ճամբաների էակ է հակադաշնակցական հայը, իսկ յայտնի է, որ դժոխքի ճամբաները լայն են: Կեանքի քամիները նրա ներքին տկար էութիւնը քշում են մի գծով – նա մղւում է մի ուղղութեամբ և բևեռանում մի կէտում:

Բարոյական կեանքը նախատեսում է ներքին մղում. հնչակռամկավարները զուրկ են նման մղումից. նրանք քշւում են արտաքին ուժից, կեանքի քամուց և կանգնում են այնտեղ, ուր սրանք են պարտադրում:

Այդ ուժն ու քամին գալիս են բոլշևիկ-թուրքական աղբիւրից, որով՝ հնչակ-ռամկավարների շարժուձևերը մեր դէմ՝ կրում են բարոյապէս անազատ մարդոց ընդվզման նկարագիր: Բարոյապէս անազատը չի բևեռանում իբր բարոյական անասուն, այլ բևեռացւում է իբր բարոյական հրէշ: Ըստ որում՝ հնչակ-ռամկավարները, եթէ գիտակցում են իրենց արարքի իմաստը, ցեղանենգ չարագործներ են, եթէ չեն գիտակցում՝ կոյր գործիքներ են:

Թէ´ ինքնագիտակ չարագործը, թէ´ կոյր գործիքը բարոյապէս անազատ են, որովհետև իմացապէս տգէտ են, և իմացապէս տգէտ են, որովհետև բարոյապէս ազատ չեն: Մարդկային ճշմարիտ գիտութիւնը յենւում է բարոյական ազատութեան սկզբունքին: Այս ճշմարտութիւնը չեն հասկանում միայն բռնակալները և ստրուկները, որոնք թէ´ յաջողութեան թէ´ ձախողանքի մէջ՝ զուրկ են մնում սրտի մշակոյթից:

Հոգով ստրուկը և խառնւածքով գռեհիկը – ճշմարիտ տգէտը – իբր հասարակական էակ ցուցադրում է երկու գիծ.-

1. Ընդհանրական նշանակութիւն ունեցող երևոյթների և գաղափարների անձնականացում՝ իբր մտածման բովանդակութիւն:

2. Հայհոյանքն՝ իբր դաստիարակութեան և խեղկատակութիւնն՝ իբր գործունէութեան մեթոդ:

Մեր ընկերները ջղայնանում են, որ հնչակ-ռամկավար «Պալքանեան Մամուլ» և «Փարոս» թերթերի բովանդակութիւնն ու մեթոդը ծառայում են այդ գծին. օրինակ, թութակելով բոլշևիկներին՝ այդ թերթուկները հայ յեղափոխական լայնածաւալ, երկարատև ու սրտաճմլիկ շարժումը համարում են մի քանի անձերի գործ և ձգտում են իբր թէ վարկաբեկել այդ անձերից ոմանց: Պէտք չէ´ ջղայնանալ, այլ միայն հասկանալ:

Մեր ընկերներին այդ թերթերի բովանդակութեան և մեթոդի սնանկութիւնը բացատրելու համար՝ տա´նք մի քանի օրինակներ:

1) Մեր ցեղի յաւիտենականութեան դուռը բախած Ահարոնեանը, որի ստեղծագործութիւնը քանակով գերակշռում է բոլոր հնչակռամկավար գրիչների արտադրանքը և որակով մնում է անհաշւելիօրէն բարձր՝ «Փարոս» թերթում «անարգւում է» մի խեղճ տղայից: Ինչո՞ւ. որովհետև Երևանում սոսկում են Ահարոնեանի ոգու ուրւականից. ամեն օր բոլշևիկներն իրենց ագռաւի կտուցը թաթախում են ցեխի մէջ, աղտոտում իրենց թերթերը … և կարծում են, որ Ահարոնեանը յաղթահարւեց: Չոպանեանը Երևանին հաճոյանալու համար իւրացնում է այս սովորութիւնը և անմեղ տղաները հետևում են նրան: Ո՞վ է մեղաւորը. Երևա՞նը, Չոպանեա՞նը, Ֆիլիպէի տղա՞ն – ո´չ, մեր ճակատագիրը:

Ձգտել այդ ճակատագրի յեղափոխումին – նշանակում է ո´չ միայն զզւել Երևանի յիմարութիւններից և Չոպանեանի խորշոմած ոգուց, այլև կարեկցել ֆիլիպէցի տղային: Նա մեր ճակատագրի զոհն է. դառն ճակատագիր, որ զրկել է նրան Ահարոնեանը կարդալու և հայ ցեղայնութեամբ հաղորդւելու կարելիութիւնից:

2)«Պալքանեան Մամուլ» և «Փարոս» թերթուկները, որոնք գաղութահայ տկարութեանց ճիւաղացման ճշմարիտ վկայագրեր են՝ հայ ռազմական կորովի ներկայացուցիչներից Գ. Նժդեհի այսօրը սևացնելու համար՝ կտցահարում են նրա հերոսական անցեալը չակերտելով զօրավար և սպարապետ բառերը: Զօրավարութիւնը աստիճան է, սպարապետութիւնը՝ պաշտօն: Պատմականօրէն նշանակալից մի վայրկեանում, հերոսական Սիւնիքի Խորհուրդը, կառավարութիւնը և զինւորականութիւնը Գ. Նժդեհին տալիս են զօրավարի աստիճան և սպարապետի պաշտօն: Նժդեհը այսօր էլ զօրավար է, որովհետև աստիճանը մնայուն է: Սակայն, այլևս նա սպարապետ չէ, որովհետև այդ պաշտօնը հիմա չի վարում: Այն օրը, սակայն, երբ այդ ականաւոր յեղափոխական-զինւորականի ուրւականից սարսափով փախչում էին թաթար և օսմանցի թուրք հորդաները, բոլշևիկեան «կարմրադրօշ» զօրամասերը, որոնք բոլորը Զանգեզուրում դառնում էին նապաստակ՝ Նժդեհը ո´չ միայն զօրավար էր, այլև սպարապետ: Նժդեհի ղեկավարած Զանգեզուրը երկինք բարձրացրեց թաթարական 200 գիւղերի ծուխը, գլխովին ջարդեց ռուսական 11-րդ բանակի զօրամասերը, Նուրի փաշայի «ասկեարները» և պարտադրեց իր կամքը – դառնալ Հայաստանի անբաժան մասը: Կտցահարելով Նժդեհի մեծ կուսակցութեան փառքի ծիրանին՝ հակադաշնակցականները մատնում են ո´չ միայն իրենց հայրենանենգ ոգին և տգիտութիւնը՝ պատմական անցքերի մասին, այլև իրենց թզուկային նախանձը – կատւի նախանձը՝ առիւծի հանդէպ: Հակադաշնակցականը, սակայն, մի կատու է, որ չի կարող մուկ իսկ բռնել, նա չի ըմբռնում, թէ ի՞նչ է նշանակում թաթարական 200 գիւղերի կործանումը, ռուսական 11-րդ բանակի պարտութիւնը, Նուրի փաշայի ասկեարների ջարդը և Զանգեզուրի կցումը Հայաստանին: Կատւից բանականութի՞ւն ենք սպասում, պատմագիտական ըմբռնո՞ւմ:

Կատւոգի այդ մարդիկ այս բոլորից ոչինչ են հասկանում, որովհետև մեր ողբերգական հայրենապաշտութեան փոխարէն՝ նրանք համակւած են ցեղուրացի մանրագործ քսութեամբ: Հակադաշնակցականը զուրկ է ո´չ միայն զօրավարներ, այլև հասարակ զինւորներ ունենալու փառքից: Անծիր խաւարն է իշխում նրա ոգում և նա բնազդաբար ստւերներ է փնտռում մեր պատմութեան լուսաւոր էջերում: Հայ զօրավարնե՞ր, հայկական բանա՞կ, Սիւնեաց հերոսամա՞րտ, թուրք-թաթար-բոլշևիկ զինակցութեան զիջո՞ւմ, թշնամու պարտութի՞ւն, Դաշնակցութեան ճիգերով ստեղծւած հայրենի՞ք: Ահ˜, անտանելի, աներևակայելի է այդ բոլորը նրանց համար, որոնք մեր ցեղի մէջ միայն նսեմականն են տեսնում, որոնք սոսկում են նոր ցեղաշարժի հաւանականութիւնից, հայկական նոր բանակի, դաշնակցական նոր զօրավարների, ընդլայնւած ազատ և մեծ Հայաստանի պատկերից:

Ի՞նչ անել, որ այդ բոլորը այլևս չգան – հաւատարմութիւն մլաւել մեծ Հայաստանի գաղափարի թշնամիներին, սևացնել նրա գաղափարակիրների անցեալը, ծաղրել հայ ցեղի մարտական փառքը:

Տկարի խեղկատակո´ւմը, նրա ծաղրա´նքը – ինչն է աշխարհում աւելի զզւելի քան՝ սա, որքան էլ՝ նա աստւածային մի պատուհաս է:

Ի´նչ էլ լինի – այս աշխարհի արարիչը անկատար մի էակ է: Հակադրասէր ոգի ունի նա. անգամ՝ սատանային իրաւունք է տւել ծաղրելու իր իսկ գործը:

Ինչո՞ւ հնչակ-ռամկավարն իրաւունք չունենան ծաղրելու մեր հերոսականը, երբ աշխարհում յիմարութիւնն աւելի´ է աժան, քան խոհականութիւնը, երբ քամի փչելն աւելի´ է դիւրին, քան հերոսականի ողբերգութիւնն ապրելը, երբ խեղկատակօրէն կտցահարելն աւելի´ նպատակայարմար է, քան տառապելով քննադատելը, երբ կատւօրէն ցատկռտելն աւելի´ շահաբեր է, քան առիւծօրէն վտանգների հետ խաղալը, երբ ունայնաբանելն աւելի´ հաճելի է, քան ծանրօրէն մտածելն:

Գէօթէն ասում է. «Դու նման ես ա´յն ոգուն, որին՝ ըմբռնում ես»:

Կատուն՝ կատու է և յաւիտենօրէն նման՝ իր ոգու պատկերին:

Նա չանգրում է մեր պատմութեան մագաղաթը և չի հասկանում հայ յեղափոխութեան ողբերգական հերոսականի իմաստը:

Ի՞նչ անենք. ողբա՞նք, թէ՞ ծիծաղենք: Կարծում եմ՝ ծիծաղե´նք:

3)«Աքլորը Քարոզիչ» – ամբողջ մի իմաստութիւն կայ այս բառերի մէջ: Քարոզիչ աքլորը սիմբոլն է տգիտութեան և ամբարտաւանութեան: Այո´, կեանքում շա´տ խայտառակութիւններ կը պատահեն, եթէ աքլորն է իմաստութեան և ճշմարտութեան քարոզիչը: Հայ կեանքի յետամնացութեան և հայ իրականութեան խայտառակութիւնների հիմնական պատճառներից մէկն էլ ա´յն է, որ գոյութիւն չունի իմացական և բարոյական վերահսկողութիւն: Ամե´ն իմաստակ, որ գրիչ է շարժում – կարող է «խմբագիր» դառնալ, հոգևոր ամե´ն թշւառական, որ լաւ հայհոյել գիտէ – արդէն լաւ «խմբագիր» է, ամեն հայհոյաբան, որ ընթերցող է գտնում – կարծում է, որ ինքը բարձր մտաւորական է: Ամե´ն տգէտ, որ օգտագործելով թայֆայական հակամարտութիւններ՝ դպրոց է մտնում – կարծում է, որ ինքը որակեալ ուսուցիչ է: Այս պայմաններում դժւար է չարն ու բարին միմեանցից զանազանել:

Սոֆիայում կայ հայկական աղքատիկ մի նախակրթարան, որում՝ իբր վարժապետ ծառայում է մի թերուս, որ կոչւում է Յ. Պօղոսեան:

Սոֆիայում մարդկային ոգու ամենամութ անկիւններից խաւարավիժում է հնչակեան մի շաբաթաթերթուկ, որի խմբագիրը նոյն վարժապետն է:

Այս «վարժապետ-խմբագիր»ը նշանաւոր է նրանով, որ իր հոգեմարմնական կազմով նմանում է փոքրիկ, դատարկ մի տակառի, որ քշւելով բոլշևիկեան քամուց՝ գլորւում է «հնչակեան գաղափարական պատնէշ» տիտղոսով ծանօթ փոշոտ ճամբին և երբ քարի է բախւում՝ հանում է աղեխարշ մի աղմուկ: Մեր հնչակեան հայրենակիցներն այս յիմարական աղմուկն ընդունում են իբր իրենց մշտարթուն աքլորի կանչը: Այս աքլորի համար չկայ հայ պետականհասարակական գործիչ Սիմոն Վրացեան, այլ կայ ոմն «թզուկ Սիմոնիկ»:

Մարմնով՝ Սիմոն Վրացեանը պատկանում է «բարձրահասակներ»ի կարգին, նրան «թզուկ» անւանող Յ. Պօղոսեանը՝ «կարճահասակներ»ի, աւելի´ ճիշդը՝ նսեմահասակների: Երեսուն տարւայ հասարակական գործիչ, Հ.Յ.Դ. Բիւրօի անդամ, անդրկովկասեան Սեյմի և Հայաստանի պարլամենտի անդամ, գիւղատնտեսական նախարար, Հայաստանի վարչապետ, Թիֆլիսի «Հորիզոն» և Երևանի «Յառաջ» հսկայածաւալ և համահայկական նշանակութիւն ունեցող օրաթերթերի խմբագիր, համահայկական արժէք ունեցող հսկայահատոր երկերի հեղինակ և այլն, և այլն Սիմոն Վրացեանի անունը ծանօթ է աշխարհի բոլոր հայերին, Անդրկովասի վրացի, ռուս, թաթար զանգւածներին, եւրոպական և համառուսական պետական և հասարական գործիչներին – առնւազն միլիոնաւոր մարդոց: Յ. Պօղոսեանն այն էլ՝ իբր ոչնչաբան, ունայնագործ և խառնակիչ ծանօթ է Բուլգարիոյ հայ համայնքին – առառաւելն մի քանի հազար մարդոց:

Եւ այնուամենայնիւ Սիմոն Վրացեանը «թզուկ» է:

Ակամայից յիշում եմ գերմանական մի հանդիսում մի քանի տարի առաջ տեսածս մի պատկերը:

Ովկիանոսի վրայ ընթանում է բրիտանական ահռելի մի զրահանաւ (անգլիական ծովային ուժի սիմբոլը), նրա ցռուկից կախւած է մի տակառ (ռուսական ծովային ուժի սիմբոլը): Տակառն աղեխարշօրէն երերւում է զրահանաւի յարուցած ալիքների վրայ: Տակառի մէջ նստած են մի քանի ռուս-բոլշևիկ մարդիկ: Վերահաս խորտակումի սոսկումը աչքերի մէջ՝ նրանք մէկ ձեռքով բռնել են տակառի եզրերը, միւսով՝ մի մուրճ և մանգաղ, բացել են երախները և բղաւում են զրահանաւին. «թզո´ւկ, մենք կը խորտակենք քեզ»: Վերևից նայում են անգլիական նաւազները և ծիծաղում:

Իսկ մենք ի՞նչ անենք, երբ Յարութիւն Պօղոսեանը նստած հնչակեան տակառում՝ նայում է Դաշնակցութեան զրահանաւին և ասում. «Սիմոնի´կ, թզո´ւկ, քեզ կը խորտակեմ»:

Ջղայնանա՞նք, թէ՞ ծիծաղենք:

Կարծում եմ՝ ծիծաղե´նք:

4) Ծուռ խղճմտանքն ու բարոյական տկարութիւնն ազդում են ենթակայի «առարկայական տեսաւորութեան» վրայ: Բարոյապէս անողնաշար էակը իմացական պատեհապաշտ է: Այդպիսին զուրկ է փաստը՝ իբր փաստ ըմբռնելու ընդունակութիւնից: Նա այն փերեզակն է, որ սովորութիւն չունի իր կշիռքի նժարը հաւասարութեան կէտին պահել: Իր փչացած ապրանքը վաճառելիս՝ նա սպառում է երդումների շարքը և ծախելուց յետոյ մենախօսում. «աս ալ կլլեցուցինք»:

Ո´րքան հեռու է արևն երկնակենտրոնից – ա´յնքան երկար է լինում մարմինների ստւերը:

Ո´րքան խորթ է մարդս ճշմարիտ գիտութեան – ա´յնքան անճոռնի է նրա լեզւի սնախօսութիւնը:

Տգիտութեան պոչը մի´շտ էլ երկար է:

Երկար լեզւապոչով են «քաղաքաբանում» հնչակ-ռամկավարները: Իսկ ի՞նչ է նրանց քաղաքաբանութեան հիմքը – անմիտ շաղակրատութիւն, քծնանք՝ ցեղի թշնամիների առաջ. մեծամեծ տիտղոսների շռայլանք՝ իրենց ոչնչութիւններին և ուրացում՝ հակառակորդի իրական արժէքների:

Ո´րքան փոքր է մարդու ոգին – ա´յնքան մեծ է երևում ինքն՝ իր աչքում:

Ո´րքան փոքր է մարդու ոգին – ա´յնքան աննշան է երևում դիմացինն՝ իր աչքում:

Ո´րքան ստրկամիտ է մարդս – ա´յնքան ահարկու է երևում «իշխանաւոր»ը՝ նրա աչքում:

Ճնճղուկի աչքին ագռաւը թւում է ահարկու մի հսկայ: Մկան կարծիքով չկա´յ աւելի զարհուրելի գազան, քան՝ կատուն: Ճնճղուկը, սակայն, չի պատկառում առիւծից, մուկը գաղափար չունի վագրի ահարկութեան մասին:

Կաթողիկոսական «ընտրութեան» առիթով Հայաստան գնացող և Ձորագէսի հանդէսն «ըմբոշխնող» Չօպանեանի աչքին՝ գծուծամարմին Աղասի Խանճեանը թւացել է «յաղթանդամ զինւորականի պէս» մի հսկայ:

Ահարոնեանի հանճարը հայհոյող ճնճղուկամիտ յիմարները հնչակ-ռամկավար թերթերում որակւում են՝ իբր «գրչի մշակներ»:

Դաշնակցական հսկայ մամուլի օրգանները, մեր ամսագրերը և ամեն տարի լոյս տեսնող բազմաթիւ գրքերը «թզուկային» աշխատանքի «թզուկ»-պտուղներն են:

Տեսնո՞ւմ էք ծուռ խղճմտանքն ի´նչպէս է յիմարացնում մարդուն:

Դաշնակցական մամուլի օրգանները (ինչպէս «Յուսաբեր»ը), ամսագրերը (ինչպէս «Հայրենիք» ամսագիրը) թզուկային թերթուկներ են, որովհետև հսկայածաւալ են:  Դաշնակցականները «գրչի մշակներ» չեն, որովհետև ամեն տարի բազմաթիւ գրքեր են հրատարակում: Որով՝ հնչակ-ռամկավարները «գրչի մշակներ» են և «ստեղծագործներ», որովհետև լուրջ թերթ, ամսագիր հրատարակել և գիրք գրել չգիտեն:

Գի՞րք – դա ոչինչ բան է: Ծաւալով մեծ և բովանդակութեամբ խոր ամսագի՞ր, օրաթե՞րթ – դրանք թերթուկներ են, «բազմէջ» են, «քառէջ» են:

Թո´ղ այդպէս լինի:

Ակամայից յիշում եմ մի դէպք: Ռուսական «Սահմանադիր Ժողով»ի ընտրութեան օրերին (1917թ. աշնան) Աբարանի շրջանի Ալիքուչակ գիւղում, Մացակ անունով ամբարտաւան մի գեղջուկ հանդիպեց ինձ և անմիջապէս հարց տւեց.

– Ի՞նչպէս են տրեխներս:

– Լա´ւ են:

– Իմ տրեխնե՞րն են լավ, թէ՞ քաղաքացիների կօշիկները:

– Քո´ տրեխները:

– Իմ տրեխներն ամբողջ Երևան քաղաքի հետ չե´մ փոխում:

– Մի´ փոխիր, սիրելի´ս, մի´ փոխիր:

Իր էութեան հոգևոր աղբը դրսևորող այս յիմարութիւնը Մացակը փորձեց ներկայացնել իբր զւարճացուցիչ խեղկատակութիւն, իբր անմեղ սրամտութիւն: Զգացի, որ նա ծուռ խղճմտանքով մի մարդ է: Իր դիմագծութիւնն արդէն վկայում էր, որ նա վատ տեսակի մի կասկածամիտ է: Ուզեցի, որ շարունակի բացւել. ինքը, սակայն, լռեց: Խօսք առին գիւղացիները: Պարզվեց, որ նա ոչ միայն Ալիքուչակ գիւղի, այլև ամբողջ Աբարանի շրջանի միակ հնչակեանն է: Եւ իրօք, Աբարանը Հ. Յ. Դաշնակցութեան տւեց 14 հազար և մի քանի հարիւր ձայն. մէկ մարդ միայն չմօտեցաւ քւէատուփին և այդ մարդն Մացակն էր: Ինչու: 1905-ին Մացակը մեղադրւել է լրտես-դաւաճանի ծանր յանցանքի մէջ: Արսէն աղան (Րաֆֆիի «Խենթը» վէպի հերոս Խենթի՝ Սամսոն աղայի տղան) մուր է քսում Մացակի երեսին, պտտցնում գիւղերը՝ նրան թքամեռ անելու: Նրա երեսին թքում են Աբարանի բոլոր գիւղացիները, 2 օր էլ նա ցուցադրւում է Աշտարակի փողոցներում, թքում են անվերջ, բայց Մացակը չի մեռնում: Հակադաշնակցականի կենսունակութեան գաղտնիքը նրանում է, որ նա թքամեռ չի լինում:

Պատմութիւնը մուր է քսել գաղութահայ Մացակների երեսին. ուզես՝ թքի´ր – նրանք թքամեռ չեն լինի, ուզես՝ ոգեկոչի´ր – նրանք քո դատին չեն ձայնակցի, ուզես՝ իմացաբանի´ր – նրանք իրենց «բնական տեսաւորութիւն»ից չեն հրաժարւի: Հակադաշնակցակա´ն – դրան ասում են Նորին Անմեռ Դաւաճան Մացակ: Տառապի´ր հայրենիքի համար, մարտնչի´ր, զոհի´ր, նահատակւի´ր որքան կուզես – Մացակն իր «տրեխներն ամբողջ Երևան քաղաքի հետ չի փոխի»…

5) Բոլշևիկ անասունն իր դունչը ներկեց մարդկային արիւնով և դարձաւ «յեղափոխական գազան»: Արտասահմանի հակադաշնակցականներն իրենց կտուցը գունաւորել են կնոջական շրթներին յատուկ ներկով և ուզում են, շա´տ են ուզում մեզ վրայ թողնել «արիւնկզակ յեղափոխական»ի տպաւորութիւն: Հնչակները խօսում են ինչ որ «պատնէշ»ի մասին, ռամկավարները յոխորտում են իրենց «քաղաքացիական անվախութեամբ»: Սակայն՝ ո´ւր միայն հոգևոր աղբ կայ, այլ երբե´ք ստեղծագործ տեմպերամենտ – ա´յնտեղ սկսւում է գարշելի վայրհաչութիւնը, խօսքի սադիզմը: Սադիստը հոգեախտաւոր ա´յն տիպն է, որ սեռական հաճոյք ստանալու համար՝ խոշտանգաբար տանջում է իր զոհը: Կենդանիներից՝ բորենին նեխած դիակներ է ուտում, գերեզմաններ կողոպտում: Բորենին գերեզմանապիղծ մի կենդանի է, դիակի գող:

Թէ´ սադիստ մարդը թէ´ բորենին վախկոտութեան տիպարներ են: Դրանց բարոյական ճիւաղութիւնը պայմանաւորւում է հոգևոր անարիութեամբ: Անարի էակը միշտ էլ գարշագործ է: Նրա գործունէութիւնը դա վրէժխնդրութիւնն է վատշւէր տկարի:

Թուրքը, օրինա´կ, բորենու բնազդով օժտւած սադիստ մի էակ է: Նա ո´չ թէ սիրում է, այլ պղծում, ո´չ թէ կարեկցում է, այլ խոշտանգում, ո´չ թէ ստեղծագործում է, այլ կործանում, ո´չ թէ մարտնչում է, այլ ջարդում, ո´չ թէ պաշտում է, այլ սրբապղծում, ո´չ թէ մշակում է, այլ խոպանացնում, ո´չ թէ արդիւնաբերում է, այլ կողոպտում: Իբր ժառանգական սադիստ՝ նա իր զոհը խոշտանգում ու պղծում է ո´չ միայն սպանելուց առաջ, այլև մեռցնելուց յետոյ: Նա ո´չ միայն ողջապիղծ է, այլև դիապիղծ:

Ծանօթ է, որ սեռամոլութիւնն ու սննդառական ագահութիւնը (իբր պղծումի և կողոպուտի տենչանք) հանդիսանում են օսմանցիների կեանքի պատմա-քաղաքական հոլովոյթը պայմանաւորող ամենահիմնական ազդակները:

Թուրքը վախկոտ է, բայց անգութ. նա նախապաշարւած է, բայց լպիրշ, նա ամաչկոտ է, բայց սեռակենտրոն:

Բոլոր սադիստները սեռակենտրոն էակներ են, բոլոր սեռամոլներն, ի վերջոյ, սադիստներ են:

Սադիստը նաև սեռախտամիտ հայհոյաբան է. անշունչ առարկաներու վերացական գաղափարներն անգամ, նա պատկերում է իբր հեշտանքի առարկաներ ու նրանց շռայլում՝ անճոռնիօրէն սեռիմաստ հայհոյանքներ: Թուրքերէն հայհոյանքների անսպառ մթերանոցը, անգամ, առարկաներու առածները կարող են ահագին նիւթ մատակարարել՝ սադիստ մարդու հոգե-ախտաբանութիւնն ուսումնասիրողներին:

Թուրքը զազրախօս է:

Բոլոր զազրախօսները հոգով այլասերւած, անզօր սադիստներ են. բոլոր սադիստները, ի վերջ զազրախօսներ են: Զազրախօսութիւնն անզօր սադականութեան հոգևոր աւտոմատիան է:

Շարունակել՝ Մաս 3։

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով