Ա. ՀԱԿԱԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՇԷՅԹԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՅԹԱԳԻՐԸ, ԱՐԺԷՔՆ ՈՒ ԴԵՐԸ

Մեր կեանքում հին, շա՛տ հին երևոյթ է նա – ցեղանենգ շէյթանը: Ժամանակակից ըմբռնումով նա կոչւում է հակադաշնակցական: Անիծապարտ դարերը յղկեցին նրան, բևեռացրին իբր հոգեբանական իւրորոշ տիպ և մղեցին, որ նա անվերջ սողայ մեր կեանքի հետ՝ խայթելով մեզ և խեղկատակելով օտարին: Ժամանակների առաջընթաց հոլովոյթին զուգահեռ՝ նա ըստ ձևի կերպափոխութեանց ենթարկւեց, տարբեր անուններ ստացաւ, ըստ էութեան, սակայն, մնաց միշտ նոյնը – «անցեղ հայութեան» ստորնութեան յաւիտենական գիծը, հակացեղային չարիքը:

Նա մեր մէջ է յարատևօրէն: Կրաւորական է, երբ ցեղը հոգևոր երկունքի կամ ռազմավառ խոյանքների մէջ է. դառնում է ներգործական, երբ նա պարտւում է: Առաջին դեպքում՝ նա թաքնւում է մեր ազգային օրգանիզմում և իբր ներքին մակաբոյծ՝ ծծում մեր երակների կենսատու հիւթը: Երկրորդում՝ ջրօձի-հիդրա – նման բարձրացնում է իր հրէշային գլուխը, լեզու է առնում և խօսքի թունաւոր սլաքներով ձգտում է ծակոտել մեր սիրտը:

Նա դէմ է մեր ազգային իդէալին, երբ զոռ պայքարում ցեղի ճակատագիրն է վճռւում:

Նա դասալիք է, երբ Հայաստանում պատերազմ կայ:

Նա լիզում է թշնամու գարշապարը, երբ սա գալիս է մեր հպարտանքը, մեր ազատութիւնը ոտնակոխելու:

Նա դաւաճան է, երբ թշնամին ներքին լրտեսի պէտք ունի:

Նա քաղաքական կաւատ է, եթէ ցեղավաճառութեամբ ապրելու կամ դիրքի հասնելու կարելիութիւն է տեսնում:

Նա գետնաքարշ ստրուկ է, երբ հայրենիքում օտարն է իշխում:

Նա զազրաբան քննադատ է, երբ ցեղի մարտիկները պարտւած են:

«Խեթիչ եղջիւր» չունի այս թշւառականը (հայոց Աստւածը վաղուց է փշրել նրա կայէնական կոտոշները), այլ միայն թունաւոր լորձունք: Խոսքի ցեխ է թափում նա բերանից, աղտոտում մեր իրականութիւնը և օտար աշխարհի առաջ մեզ դարձնում ամօթահար:

Այն օրից, երբ թուրքն ու բոլշևիկը միանալով իրենց ոգու ցեխը փոխեցին մեր կեանքի ճանապարհին՝ այդ տիպը դարձաւ ո՛չ միայն կենտրոնախոյս, այլև ներազգային տեսակէտից՝ վճռաշունչ չարագործ:

Նա ա´յն կատուն է, որ թոնիր է մտնում, երբ կրակ չկայ. խառնում է մեր կեանքի մոխիրը և թշնամուն մլաւում՝ «տեսէ՛ք, հայոց ցեղայնութիւնն այլևս անթեղ չունի»:

Եվ տակաւին մեր միտքը չարչրկում է դարերի առեղծւածը – պիտի հոգեփոխւի՞ այս չէակը, դառնա՞յ դրական, ստեղծագործ ոյժ, ձուլւի՞ մեր ցեղայնութեան բովում, նւիրւի՞ համահայկականութեան գաղափարականին և գործին, միանա՞յ մեզ՝ մեր գոյութեան պայքարի ճակատն ամրացնելու:

Դաշնակցական ե´նք – համահայկական և համահայաստանյան հոգեբանութիւն ունենք, չենք հաշտւում մեր հայրենիքի քաղաքական մասնատումի և մեր ժողովրդի աշխարհագրական ցրւածութեան փաստին, ձգտում ենք ամբողջական հայութեան և ամբողջական Հայաստանին և հասկանալի է, որ սոսկում ենք հայութեան հոգևոր պառակտումից և երազում ոչ միայն «ազգային միացեալ ճակատ», այլև համազգային անխզելի ուխտ: Ամաչում ենք մեր ժողովրդի ներքին տկարութիւններից. ձգտում ենք համացեղային ինքնահզօրացման: Չթաքցնենք. ամբողջական հայրենիքը վերանւաճելու, ցեղի որդիները իմի հաւաքելու, այսինքն ազգային պետութիւն ստեղծելու ծրագիր էլ ունենք: Գիտե՛նք նաև, որ այդ ծրագրի իրականացումը պահանջում է ռազմա-յեղափոխական նոր շարժում, թերևս աւելի´ քան համառ, դաժան և երկարատև պայքար, հոգևոր, բարոյական, մարմնական և նիւթական ուժերի կենտրոնացում և լարում: Ուզում ենք, որ մեր պայքարի ճակատը լայն լինի, շարքերը՝ խիտ, զինւորները՝ առատ – գիտե՛նք, որ քանակն է աւելացնում որակի արժէքը:

Մեր իրաւունքն է հայ ժողովրդի բոլոր խաւերից ռազմիկներ և ստեղծագործ ուժեր պահանջելը – պահանջե´նք, բայց չմոռանանք մի բան, ա´յն, որ հոգեբանօրէն հակադաշնակցական տիպն ո՛չ մի դէպքում և ո՛չ մի ձևով դրական մասնակցութիւն ցոյց չի տալու մեր ոգորումներին կամ մարտնչումներին:

Արդէն պատմական անցեալում նա միայն խնայւել և պաշտպանւել է ցեղատիպ հայից, բայց երբե՛ք նրան դարձել վշտի և ռազմի եղբայր: Յիշե՛նք ամենաթարմ օրինակներից մէկը: 1919 թւականին, երբ ցեղատիպ հայն օրհասական ճիգեր էր թափում քաոսից ձև տալու պետական կեանքի կառոյցին՝ Վրաստանն ու Ադրբէյջանը, ի շարս այլոց, սկսեցին հետապնդել և պատժել նաև հայ համայնավարներին: Վերջիններս դիմեցին Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան գթութեան: Մեր կառավարութիւնը նրանց ո՛չ միայն հիւրընկալեց երկրի սահմաններում, այլև աշխատանքի և ապրելու կարելիութիւն ընձեռեց: Յետոյ (1920թ. գարնան) պարզւեց, որ մեր հացով կշտացած և մեր գթութեամբ փրկւած այս թշւառականները Մոսկւայի լրտեսներն էին Հայաստանում – լրտես-դաւաճաններ, որոնք աշխատում էին յօգուտ բոլշևիկ-թուրք զինակցութեան և ի վնաս հայ ժողովրդի: Ահա՛, թէ ինչպէ՛ս է հատուցանում ցեղանենգ շէյթանը:

Բացի ապերախտութիւնից՝ այդ տիպն ունի նաև հոգեբանական այլ գծեր, որոնց շնորհիւ մեր ցեղամարտի համար՝ դառնում է իսպառ անարժէք: Իբր օրինակ վերցնենք գաղութահայ հակադաշնակցական տիպը, «հոգեբանօրէն հնչակ-ռամկավարը» և ո´չ թէ մոլորւածը, որ մի օր անխուսափելիօրէն պիտի զղջայ, պիտի հասկանայ, որ չարաչար կերպով խաբւել ու շահագործւել է հակացեղային ջրօձից: Զուտ հնչակ-ռամկավար տիպը, այսինքն՝ հոգեբանօրէն հակադաշնակցականը չի սիրում առեղծւածներ, իսկ մեր պայքարի ելքը նրան թւում է առեղծւածային: Նա ապրում է ներկայի կոշտ փաստերով, իսկ ներկայի փաստերը դասաւորւած են ի վնաս մեզ: Նա նորատենչ էակ չէ և զուրկ է մեր արմենական ուժական և ուժապաշտ խառնւածքից, որով՝ իդէալի մասին հասկացողութիւն չունի:

Նա կայապաշտ է և չի ըմբռնում Ջիւանիի «փորձանք, հալածանք և նեղութիւն ազգերի գլխին՝ կուգան ու կերթան» իմաստասիրութեան էութիւնը, որով հաւատում է, որ բոլշևիկի և թուրքի տիրապետութիւնն, իբր ռէալ ներկայ, յաւիտենական է: Նա պատմութիւնից գիտէ, որ մենք պարտւած ենք. անծանօթ է մեր ոգու խռովքին և կարծում է, որ ընդմիշտ պարտւած կը մնանք: Նա անծանօթ է նաև մեր ոգու ներողական գծին. մենք նրա վրայ թողնում ենք շղթայակապ վագրի տպաւորութիւն. նա վախենում է մտնել մեր վանդակը, որովհետև ինքը չար է, յիշաչար և հաւատացել է, որ զզւելի է դարձել մեզ:

Վերջապէս՝ նա անյաղորդ է հայ ցեղայնութեան. նա մեր ժողովրդի «անցեղ» մասն է, իսկ անցեղ ժողովուրդը խուժան է, բարոյական խեղկատակ:

Բարոյական խեղկատակը խաղաղութեան ժամին գռեհիկ տեսակի չարագործ է, վտանգի ժամին՝ սնասարսափ (պանիկական) դասալիք:

Զինակցե՞լ նրան, երբ մեզ պողպատէ սրտով և երկաթէ կամքով զինընկերներ են պէտք, որոնե՞լ նրան, երբ մենք վտանգի դուռն ենք բախում:

Նա սոսկում է մեր մտածումից, փախչում մեր ուրւականից. զբաղւե՞նք նրանով:

Նրանով զբաղւել նշանակում է ո՛չ թէ մեր «մոլորւած եղբայրները» դարձի բերելու փորձ անել, այլ արտասահմանում, տակաւին, երկա՜ր ժամանակ կապիկ խաղացնել:

Այդ գիտեն մեր դատի թշնամիները, որոնք մթի մէջ ծափ են տալիս հայկական կապկախաղին. գիտէ նաև ինքը՝ պարող կենդանին, որ տհաճութիւն պատճառող խեղկատակութեամբ՝ ձգտում է ցրել մեր ուշադրութիւնը:

Հասկանա´նք. արտասահմանում հայերի միջև թիւրիմացութիւն չկայ. չփորձենք զիրար համոզել և ժամանակ կորցնել. եղած կապկախաղը կազմակերպւած մի դաւ է մեր դատի դէմ և աւա՜ղ – յաջողւած դաւ:

Առաջին խրամատը, որից մենք արհամարհանքով պիտի անցնենք, հենց այդ կապկախաղն է: Թողնե՛նք, որ կապիկն ինքնիրեն պարի, մինչև որ թուրքն ու բոլշևիկն էլ ձանձրանալով՝ լքեն նրան:

Ներկայ պայմաններում, երբ ցեղի երկաթեայ խարազանը չի գործում, խօսքով հազիւ թէ կարելի լինի այդ անամօթ կենդանուն մի բան հասկացնել:

Սխալւում են, չարաչար կերպով սխալւում բոլոր նրանք, որոնք ենթադրում են, թէ բանավէճը դաստիարակութեան այնպիսի մի մեթոդ է, որ կարող է կապիկից՝ առյուծ, վախկոտից՝ ռազմիկ, ազգադաւից՝ հայրենասէր, քաոսից՝ բարոյական հսկայ ստեղծել:

Սխալւում են նաև նրանք, որոնք գաղութային պայմաններում հաւաստում են ազգային ուժերի կենտրոնացման:  Ներազգային միութիւնն ո´չ թէ սոսկ բանական պահանջ է, այլ ամենից առաջ՝ կենսաբանական: Կենսաբանական պահանջները բաւարարւում են կենսաբանօրեն խառնվածքոտ «ես»ի ներքին ուժի լարումով-ինքնապարտադրումով: Գաղութում մենք չենք կարող մեր ուժը պարտադրել հոգեբանօրեն տիրադաւ տարրերին, որոնք միայն եկաթեայ խարազանից են ազդւում և երբե´ք համոզիչ խօսքից, որոնք զուրկ են ներցեղային բարոյականից և վաղուց ի վեր իրենց անունը գրել են դժոխքի պատին:

Ներազգային միությունը նախատեսում է միացուցիչ բռունցք: Այս բռունցքը կարող է լինել բարոյական, եթէ տւեալ ժողովրդի կենտրոնախոյս տարրերը բարոյական կշիռ ունեն. մտաւորական՝ եթէ նրանք իրենց սրտում ցեղային մշակոյթի գծեր են կրում. հոգևոր եթէ նրանք հոգևոր ոգորումից ի սպառ զուրկ չեն. նիւթական՝ եթէ նրանք սոսկական փերեզակներ չեն. քաղաքական՝ եթէ նրանք ազգային պետութիւն կառուցանելու տենչ ունեն: Իսկ ո՞վ չգիտէ, որ մենք գործ ունենք հոգով փերեզակ, մտածումով՝ ստրուկ, բարոյականով՝ անկշռելիօրէն ընկած, աշխարհահայեցողութեամբ՝ իսպառ բոպիկ, քաղաքական դաստիարակութեամբ՝ հիմնովին սնանկ մի խուժանի հետ:

Նա կարող է միայն ֆիզիկական բռունցքով յաղթահարւել. իսկ ո՞վ ասաց, որ պատմական առաքելութիւն, քաղաքական համացեղային իդէալ և այնքա՜ն արտաքին թշնամիներ ունեցող մի ժողովրդի կազմակերպւած ուժը կարող է իրաւունք համարել՝ իր եռանդի ահագին մասը վատնել անուղղայ և ամե՛ն դէպքում ցեղօրէն անշահ ներքին հակառակորդի յիմարութեան կոտոշները փշրելու կամ յղկելու ճակատին:

Ամբողջ 10 տարի մենք փորձեցինք հայ բոլշևիկներին վտանգը մատնանշել և ազգայնօրէն ողջախոհ քաղաքական մի ըմբռնում ներշնչել – Հայաստանը մեկ թզաչափով իսկ չընդլայնւեց, իսկ համահայկական զանգւածային ներգաղթը դարձաւ ցնորք:

Աւելի քան 10 տարի միութիւն քարոզեցինք – արտասահմանում ազգային միութեան գործը մէկ քայլով առաջ չգնաց:

Արդիւ՞նքը. կորովի աւելորդ սպառում, մտքի ահագին վատնում, սրտի մաշում, յուզում, վէճ ու պառակտումի խորացում, իսկ ամենասոսկալին՝ յեղափոխական գործունէութեան տկարացում՝ արտաքին ճակատում, քաղաքական կամքի և ուշադրութեան ցրում՝ ներքին ճակատում:

Իսկ շէյթա՞նը – նա մնաց շէյթան:

Ախտաճանաչե´նք. այդ թշւառագոյն չէակը ունի-չունի մի բորոտ հոգի ունի, որ քանի՛ քերես՝ այնքա՛ն կեռայ:

Խոստովանւենք, որ մեր դեղերը չեն ազդում, իսկ մեր ձեռքերը չաղտոտենք – նա այդքան կարեկցանքի արժանի չէ՛: Թողնե՛նք, որ ինքը քերի սեփական ոգու բորը: Ցեղօրէն ոչի´նչ կը կորցնենք, եթէ նրա եղունգներն իսպառ բթանան:

Չմոռանա´նք, սակայն զգոյշ լինել: Նա Ս. Կարապետի աւանդական կաղ դևը չէ, որ պարտականութիւն է ստանձնել վանքի փոշին ու մոխիրը «թափել», այլ մեր կեանքի անագորոյն շէյթանը, որ նպատակ է դարձրել մեր վառելանիւթը գողանալ և իր հոգու հետ՝ հայութեան գոյութեան թշնամիներին ծախել:

* * *

Դարեր առաջ Եղիշէն ողբում էր. «կենդանեաւ մերով տեսաք զդիակունս անձանց մերոց»:

Ա՛հ, ո´րքան աւելի խորն է մեր այսօրւայ վիշտը: Մենք հայ մարդոց բարոյական դիակներն ենք տեսնում մեր թշնամիների ոտքի տակ: Ձա՞յն ենք տալիս՝ չեն սթափւում, ոգեկոչո՞ւմ ենք՝ ոտքի չեն ելնում, ասո՞ւմ ենք՝ չեն լսում, լռո՞ւմ ենք՝ վայրահաչում են, բարձրացնո՞ւմ ենք՝ տղմասուզւում են, բռնո՞ւմ ենք՝ փախչում են, թողնո՞ւմ ենք՝ մեզ են կպչում, սիրո՞ւմ ենք՝ դառնում են վանողական, ատո՞ւմ ենք՝ մեզ անւանում են հատւածամոլ:

Ի՞նչպէս վարւենք, ի՞նչ անենք:

Նրանք քծնում են, թշնամին՝ հրճւում, մենք՝ տառապում: Ի՞նչպէս հաշտւել, ի՞նչպէս լեզու գտնել, ի՞նչպէս մոռանալ, ի՞նչպէս ներել:

Մեր և նրանց միջև եղած վիհը քաղաքական համոզումների տարբերութեամբ չի պայմանաւորւում, այլ հոգեբանական կառոյցի:

Հակադաշնակցականութի՛ւն– դա քաղաքական ուժ չէ, այլ միայն բարոյական կրաւորականութիւն, դա ժանիք չէ, այլ միայն լեզու, դա կերպարան չէ, այլ միայն շփոթ, դա ձև չէ, այլ միայն քաոս:

Բարոյական կրաւորականութիւն, լեզու, շփոթ և քաոս. ի՜նչ աներևակայելի պատիժ:

Յաճա՛խ, շա՛տ եմ մտածել այն մասին, թէ ի՞նչ թաքուն ուժով է հարատևում հայկական ցեղանենգ շէյթանականութիւնը: Վերջիվերջոյ նա մարմնա-հոգեբանական մի երևոյթ է, որով՝ չի կարող ներքին որոշ դինամիզմից զուրկ լինել:

Ստորնութեան դինամիկա – սրանով է կնքւում «անցեղ հայութեան» հոգեբանականը – սրանով է հայ ցեղանենգ շէյթանը պղծում մեր անցեալը, թունաւորում՝ մեր ներկան, մթագնում՝ մեր ապագան:

Հոգեբանօրէն հակադաշնակցականը – դա ա՛յն կախարդական մուկն է, որ դեգերում է շղթայակապ վագրի վանդակի շուրջը և իր գոյութիւնն իմաստաւորելու համար՝ խեղկատակում. «ազատութի՞ւն ես երազում – ո՛չ-տեսանես»:

Վագրը.– Ո՞վ է կանգնած իմ փրկութեան ճանապարհին:

Մուկը.– Մեծն Ռուսաստանը, նոր Թուրքիան և ես՝ հայկական մուկս:

Գէօթէի Մեֆիստոֆէլը զանազան կերպարաններ էր ստանում, մեր ցեղանենգ շէյթանն էլ մերթ կապիկ է դառնում, մերթ՝ կատու, մերթ էլ՝ մուկ:

Սրանք են նրա ոգու երեք կերպարանափոխութիւնները:

Կայ, սակայն, հիմնական մի տարբերութիւն:

Մեֆիստոֆէլը, որ նաև ստեղծագործ ուժ է՝ մի տեղ ասում է.-

«Ես մի մասն եմ ա´յն ուժի, որ մի´շտ չարն է կամենում և բարին գործում»:

Հայկական ցեղանենգ շէյթանը, սակայն, յանկերգում է.- «Ես ամբողջութիւնն եմ հայ տկարութեան, որ մի՛շտ չարն է կամենում և ոչինչ գործում»

Մի ուրւական.– Ինչո՞ւ այդպէս:

Ցեղանենգ շէյթան.– Որովհետև իսկական գործի՝ վտանգի ժամանակ, սովորութիւն ունեմ մտնել մկան ծակ:

* * *

Կարճ մի ողբերգութիւն և կարճ մի զաւեշտ, որոնք, սակայն, յստակօրէն բնութագրում են հայ ցեղանենգ շէյթանականութեան բարոյականը, ինչպէս նաև պատմական դերը՝ մեր կեանքում:

Հէ˜յ, հնչակեան սակաւաթիւ ազնիւ հերոսներ և դու ինքդ՝ հնչակեան 30-ամեայ փառահեղ մարտիկ Հաջի-Նազիկ, որ 1921ի ճակատագրական Ապրիլ 2-ին ինձ հետ տառապում էիր հայրենիքի ազատութիւնը ռուսական անարգ բռնութեան դէմ պաշտպանելու և հետևեալ առաւօտ մորթւեցիր բոլշևիկեան ձեռքով և դուք հայաստանածին ռամկավար զոհեր և ինքդ՝ ռամկավար մտաւորական Նշան Յակոբեան, որ Ղամարլուի ճակատում աչքիս առաջ ստացար բոլշևիկ մահառիթ գնդակը – դուք ամենքդ բարձրացրէ՛ք ազնիւ նահատակի ձեր լուսապսակ ճակատները և տեսէ՛ք, թէ ի՞նչպէս ձեր խնկելի յիշատակի գողերը ցեղանենգ շէյթանի պատմուճանը հագած իրենց ոգին ձեր դահիճների աղտոտ ոտքերի տակ՝ գնում են հակադաշնակցական շնականութեան ճանապարհով:

Երջանի՛կ էիք, թերևս, որ չապրեցիք և չվայելեցիք գաղութահայ դժոխքը, որում ձեր ոգու խորքին անծանօթ, բայց ձեր անունը շահագործող թշւառականները կենդանի աչօք տեսնում են իրենց հոգու դիականալը:

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով