ԿՈՉԵՐ ՂԱՓԱՆՑԻՆԵՐԻՆ IV

IV

Ղ Ա Փ Ա Ն !

Դու ինձ լքեցիր, մենակ թողեցիր: Սակայն իմ պատերազմական բախտը, իմ Աստուածը մնաց ինձ հետ, եւ ես ամբողջ ամիս է, ինչ աննախընթաց յաջողութեամբ ջարդում եմ թշնամուն` հերոսական Գենուազի ռազմաճակատներում:

Չգիտեմ, Ղափա՛ն, դու հաշտուե՞լ ես քո դրութեան հետ թէ՞ ոչ, բայց հայ ժողովուրդը ցաւում է, անտեսելիօրէն ցաւում եւ ափսոսում, որ դու միամտօրէն վիզդ թշնամու ծանր լծի տակ պարզեցիր եւ ծով փառքդ, փառքի մէջ կորած անունդ աշխարհի չորս քամիներին տուիր: Այն օրէն, քո անկման այն սեւ օրէն, Ղափա՛ն, քուն ու դադար կորցրած, սար ու քար ընկած, մի քանի հարիւր ինձ հաւատարիմ մնացած գենուազցիներով կուրծք եմ տալիս թշնամու գերադաս ուժերին ու քո կորցրած փառքի փոխարէն նորն ստեղծում քո երկրի, քո անունի համար:

Ղափա՛ն, զղջո՞ւմ ես արարքիդ համար: Ի՞նչ եղաւ Ադրբէյջանին ծախուած հայ սրիկաների քեզ խոստացած արքայութիւնը:

Խե՜ղճ ժողովուրդ, ասում են` արդէն զինաթափել, գլխատել, տնտեսապէս քայքայել են քեզ:

Ա՜հ, դեռ ի՞նչ ես տեսել: Սեւ օրերդ դեռ չեն հասել, բայց գալիս են եւ շուտով կը հասնեն, թաթար զօրքերի հետ:

Ոտքի՛, խաբուած ժողովո՛ւրդ, ոտքի՛ ել, փրկութիւնդ մօտ է:

Ոտքի՛, զէնքը ձեռքիդ, կազմ ու պատրաստ ինձ սպասիր Խուստուպից:

Հրամանատար` ՆԺԴԵՀ

1920, 5 հոկտ., Խուստուպեան լեռներ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով