ԿՈՉԵՐ ՂԱՓԱՆՑԻՆԵՐԻՆ II

II

Ղ Ա Փ Ա Ն Ց Ի Ն Ե՛ Ր

Ես` Դաւիթբէգեան ուխտին հաւատարիմ, շարունակում եմ մնալ քո լեռներում, ամպերի տակ, մենակ, վիրաւոր, ու աւելի հպարտ, քան էի:

Ա՛յժմ ես լիզում եմ քո եւ թշնամու ինձ հասցրած վէրքերը եւ սպասում քեզնից խնդրածս վարպետին, որ գայ, շուտ գայ` կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, քո խայտառակութիւնը, քո բարոյական անկումը:

Դու արեցիր այն, ինչ ուզում էր թշնամին: Նա գոհ է քեզնից, անչափ գոհ, բայց գիտե՞ս, Ղափա՛ն, թէ որքան ուժեղ է նա ատում եւ արհամարհում քեզ: Դու քո վիրաւոր, սրտից զարնուած հրամանատարին ես դաւաճանել, մենակ թողել:

Գիտակցո՞ւմ ես, չափում կատարածդ տմարդութեան անչափելի մեծութիւնը:

Ա՛ռ, յետ առ ինձնից քո տուած անունները` «Երկրորդ Դաւիթ-բէգ», «Աժդահայ-Փաշա», «Ամէն կռւում Փադիշահ»: Այդ անուններով դու կաշառեցիր, խաբեցիր ինձ, որ այսօր ինձ մենակ թողնես: Ինչո՞ւ են ուշանում քո լրտեսները, քո ահաբեկիչները:

Ադրբէյջանը յոգնեց իմ գլխին սպասելուց, փոքրիկ գումար չէ երեք միլիոնը: Ստացի՛ր եւ գործի անց:

Հրամանատար` ՆԺԴԵՀ

1920, 15 սեպտ., Խուստուպեան լեռներ