Գարեգին Նժդեհ

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

1. Հայոց Յեղափոխական շարժման միացել եմ 17 տարեկան հասակից` իբրեւ գիմնազիստ: Յետագայում լքել եմ Համալսարանը եւ գործել ցարիզմի ու սուլթանականութեան դէմ: 1906-ին անցել եմ Բուլղարիա եւ Մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարներ Բորիս Սարաֆովի եւ Լիապով Գուրինի միջնորդութեամբ ընդունւել Սօֆիայի սպայից դպրոց Դմիտրի Նիկոլովի անունով: Աւարտելով դպրոցը (I կարգ) վերադարձել եմ Կովկաս` Մուրադի հայդուկային խմբի հետ Հայաստան անցնելու համար: Այնուհետեւ գործել եմ Պարսկաստանում: 1909-ին վերադարձել եմ Կովկաս եւ ձերբակալւել: Բանտերում` Ջուլֆայից մինչեւ Պետերբուրգ` մնացել եմ աւելի քան 3 տարի, 163 դաշնակցականների ծանօթ դատավարութիւնից յետոյ` Սիբիր չընկնելու համար, անցել եմ Բուլղարիա:

2. 1912-ին հայ կամաւորներից կազմակերպել եմ մի վաշտ եւ Անդրանիկի հետ մասնակցել Բալկանեան պատերազմին – հանուն Մակեդոնիոյ եւ Թրակիոյ ազատագրութեան: Պատերազմի վերջին շրջանում, իբրեւ յեղափոխականներ` հրաժարւել ենք մասնակցել բալկանեան ժողովուրդների ներքին կռիւներին եւ զօրացրել Հայկական վաշտը: Ես վիրաւորւել եմ այդ պատերազմում: Հայոց դրօշակը եւ շատ հայ կրծքեր զարդարւել են քաջութեան խաչերով:

3. Անցեալ համաշխարհային պատերազմի նախօրեակին` ներման արժանանալով ցարական կառավարութեան կողմից` վերադարձել եմ Կովկաս` Թուրքիայի դէմ մղւելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիւների առաջին շրջանում վարել եմ Հայկական կամաւորական II գումարտակի փոխհրամանատարութիւնը, վերջին շրջանում` ղեկավարել հայ-եզիդական մի առանձին զօրամաս:

4. 1917-ին, սակաւաթիւ ուժերով օգնութեան եմ փութացել պաշարւած Կողբին եւ փրկել այդ շրջանի հայութեանը: Այդ միեւնոյն օրերին անցել եմ Աբբաս Գիոլ, կապւել եզիդների հետ, հետս առնելով վերջինների առաջնորդ Իւո բէգին, վերադարձել եմ Տփխիս եւ նրան կապի մէջ դրել Հայոց Ազգ. Խորհրդի հետ:

5. Հայաստանի անկախութեան նախօրեակին վարել եմ Ալաջայի կռիւները, որոնցով կարելիութիւն ընձեռել Էրզերում-Սարիղամիշ-Ղարսէն նահանջող հայկական զօրամասերին` անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ, եւ Արփաչայը կտրել անցել եմ միայն այն ժամանակ, երբ վերջին նահանջող հայ զինւորի հետ իմ մարդկանց յաջողւեց փոխադրել Անիէն պրոֆ. Մառի պեղումների արդիւնքը հանդիսացող արժէքաւոր հնութիւնները:

6. 1918 մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսէի ճակատամարտը: Վիրաւորւել եմ: Ներկայացել ամենաբարձր քաջութեան շքանշանի:

Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսէի ճակատամարտի ոչ թէ օրւայ Խ. Հայաստան, այլ եւ այդ երկրամասի վրայ այսօր ապրող հայութիւն չէինք ունենայ: Ղարաքիլիսէի եռօրեայ հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատեան հայութիւնը եւ հիմը դրեց Հայկական Պետութեան:

7. Հայաստանի անկախութեան օրով, 1919-ի աշնան փրկել եմ Դաւալուի եւ Վեդիի միջեւ պաշարւած Հայկ. II գունդը:

8. 1919-ի երկրորդ կէսէն անցել եմ Սիւնիք` Էդիֆ բեյի զօրքերի կողմից պաշարւած, սովի ու սուրի մատնւած Գողթանին օգնութիւն հասցնելու համար: Փրկւեցին թէ՛ այդ շրջանը, թէ՛ այդտեղի հայութիւնը:

9. Այնուհետեւ լծւել եմ վտանգւած Ղափանի եւ Արեւիքի հայութեան ֆիզիքական գոյութեան պաշտպանութեան գործին` յետ մղելով Մուսավաթական Ադրբէյջանի եւ Նուրի, Խալիլ թուրք փաշաների պարբերական յարձակումները:

10. 1920-ի կէսերին` Դրօի զորամասի կողմից Ղարաբաղն ու Զանգեզուրը լքելուց յետոյ` ստանձնել եմ բովանդակ Սիւնիքի ինքնապաշտպանութեան գործը: Մեր այդ` աշխարհից բացարձակապէս կտրւած լեռնաշխարհում առանց բաւարար հացի եւ ռազմամթերքի, առանց սպայական կադրի եւ արտաքին որեւէ օգնութեան, քաղաքականապէս մենակ, շրջագծաձեւ ճակատի վրայ, աւելի քան մի տարի տեւող անհաւասար ու յաղթական կռիւներով` Սիւնիքը – որը Հայաստանի կառավարութեան եւ Մոսկւայի ներկայացուցիչ Լեգրանի միջեւ կնքւած պայմանագրով յանձնւած էր Ադրբէյջանին – պարտադրում է իր կամքը Խորհրդ. իշխանութեանը, Միասնիկեանի օրով իր 1921, յունիս, դեկլարացիայով Սիւնիքը համարւում է կցւած իր մայր երկրին – Հայաստանին: Սիւնիքի հերոսականի շնորհիւ փրկւած են նաեւ Հայաստանի մտաւորականութիւնը, Հ.Յ. Դաշնակցութիւնը, հայ յեղափոխական եւ մարտական տարրերը:

11. Իմ կեանքն ու գործունէութիւնը կը հաստատեն հետեւեալ իրողութիւնները`

– Ես միշտ երեւան եմ եկել վտանգների ժամանակ: Խաղաղութեան օրով պաշտօններ չեմ փնտրել, քանզի չեմ սիրել: Վարել եմ միշտ էլ ժողովրդական ուժեր, մի տեսակ պաղութիւն զգալով դէպի այսպէս կոչւած «կանոնաւոր» զօրամասերը: Ղեկավար տարրերը քամել եմ ժողովրդից եւ վերջինները կաղապարել, եթէ այսպէս կարելի է ասել, ըստ իր պատկերի: Կռիւներում եղել եմ մարդ, աւելի քան մարդ, անգամ թուրք ու թաթարների դէմ – վկա՛յ զօրամասերիս ուղղւած իմ հրամանագրերն ու կանչերը: Սովետական իշխանութեան կողմից ինձ վերագրուածները հասարակ յերիւրանքներ են` սահմանւած ամէն գնով հակառակորդը վարկաբեկելու ձգտող պրոպագանդի համար: Ես երբեք չեմ օգտւել արտաքին ուժերից, անգամ հարազատ Պետութեան միջոցներից: Առաջնորդւել եմ Մամիկոնեանների ուխտով. եղել եմ խոր հաւատքի եւ էտիկայի մարդ, այդ իսկ պատճառով յաճախ դառնութեան բաժակներ դատարկել: Հաւատքի եւ պաշտամունքի տաճարում միշտ էլ առաջին տեղերը յատկացուած են եղել Աստուծոյ եւ Հայրենիքիս: Հայաստանն է եղել երկրաւոր սրբազնագոյնն ինձ համար: Շնչել, ապրել եմ նրանով` միշտ պատրաստ տառապելու, զոհաբերելու եւ մեռնելու նրա համար: Դա է եղել իմ սրբազան ցաւը, կարօտը, ուրախութիւնը, իմ գոյութեան իմաստը, իմ անմահութիւնը, իմ գերագոյն իրաւունքն ու պարտականութիւնը, միաժամանակ երկրի ժողովուրդը ջերմօրէն կապւել ու կուրօրէն հետեւել է ինձ: Ինձ թշնամացել են սրբութեան զգացումից զուրկ կիսամտաւորականն ու թուղթէ… կանոններով ղեկավարւող միջակ զինւորականը: Ռօճիկ չեմ ստացել ողջ կեանքում*: Հրաժարւել եմ անգամ օտար պետութեան սահմանած թոշակից: Ունեցել եմ հարուստ լինելու եւ ճոխ ապրելու ամէն կարելիութիւն, սակայն ապրել եմ իբրեւ ժողովրդի մարդ, համեստօրէն, աղքատ կոչւելու աստիճան: Նիւթապաշտութիւնը յեղափոխականի, զօրականի, հայրենասէրի համար համարել եմ մէկը մեր աշխարհի ամենամեծ պղծութիւններէն:

Հայաստանից հեռանալիս հետս եմ առել Արաքսի Հայկական ափում զինւորներիս կողմից զարնւած վագրի մորթին – իմ միակ վարձատրութիւնը, Զաւալ փաշայի դաշոյնը – իմ միակ պատերազմական աւարը, պարտութիւն չտեսած Սիւնեաց Դրօշակը – թո՛ղ դա դրուի կրծքիս վրայ, գերեզմանիս մէջ, եւ մի հին Հայկազեան բառարան – իմ միակ մխիթարիչը տարագրանքի մէջ:

12. Հայը Հայաստանից դուրս ենթակայ է վատասերումի: Այդ չարիքի դէմ պայքարել հնարաւոր է միայն ցեղային արժէքների, առաքինութիւնների եւ սրբութիւնների խոր ճանաչումով ու վերապրումով – մի բան, որ հիմնաւորեցի եւ անւանեցի Ցեղակրօնութիւն: Դրա նպատակն էր` անհայրենիք հայութեանը հոգեւոր ու քաղաքական անտուն-անտիրութիւնից փրկելով, դարձնել հայրենատէր: Դա Հայրենատիրական շարժում է, որի մէջ վերանորոգւելով միայն պիտի միանան հայութեան բոլոր հատուածները: Իմ այդ ազգահոգ քարոզչութեան համար հայութեան հատւածականացած, ապահայրենացած ու պարտւողական տարրերը դաւադրեցին ինձ:

Ներո՜ւմ եմ բոլորին, ներում կրկնակ պատճառներով – առաջին` իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ Հայ մարդ. երկրորդ` խորապէս հասկանում եմ այդ դժբախտներին, որոնք դեռ չեն յաղթահարած ստրուկն իրենց մէջ, որով եւ` մնացել են տկար եւ չար:

Այսօր, իբրեւ հայրենակարօտ տարագիր մի հատիկ ցանկութիւն ունեմ – Մեռնե՜լ Հայրենի լեռների վրա:

13. Բուլղարիայում տեղի ունեցաւ ռազմա-քաղաքական անցքերի հասունցրած պետական հարւածը: Սպասւում է Կարմիր բանակը: Գիտեմ, թէ ինչ է սպասւում ինձ, բայց եւ այնպէս որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիութիւն ունեմ par avion** ինձ նետելու Wien***: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկւեն մեր կազմակերպութիւնները: Մնալու աւելի լուրջ պատճառներ ունեմ` ծանօթ երկու ընկերներիս:

Եկաւ սովետական բանակը, եւ տեղի ունեցաւ այն, ինչ որ սպասում էի: Օգտւելով ստեղծւած թոհուբոհից` իրենց ցեղի կաթով չմեծցած մի քանի վատասերած հայեր արդէն գործի են անցել: Նրանք – առաւելապէս կօշկակարներ, իբրեւ ոստիկանական լրտեսներ` հետները զինւած բուլղար միլիցիոներներ առած, ընկած են տնէտուն, ինձ են փնտռում:

Յաւիտենօրէն զզւելի ստրուկնե՜ր, որոնք տկար իրենց չարութիւնը բաւարարելու – իրենց հայազգի «թշնամիները» ոչնչացնել տալու սեւ նպատակով – միշտ էլ օգտւել են օտար ուժերից:

Նուազ զզւելի չեն, սակայն, նաեւ միայն անուանապէս ազգայնական տարրերը: Իբրեւ շուկայի բարոյականի տէր էակներ` անասնանալու աստիճանի սննկանացած են սրանք: Ծանօթ, բարեկամ, ազգական – ոչ ոք իր դուռը կը բանայ առջեւդ, եթէ անգամ Նազովրեցու խաչն ուսիդ եւ փշէ պսակը արնածոր ճակտիդ իր պաշտպանութիւնը փնտրես: Մոռացան, մոռացան բոլորը, որ իմ թափած աշխատանքի շնորհիւ միայն ամբողջ չորս տարի զերծ մնալով հրեաների ճակատագրից` հարստացան ու հարստացան: Նրանք, որոնք դեռ երէկ հայեացքդ ու բարեւդ կ’որսային, այսօր փախչում են անունիցդ, ստուերիցդ անգամ:

Կարմիրները սպասում են ինձ. եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ: Թո՛ղ կատարւի անխուսափելին: Այսօր կեանքին ես կապւած եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին:

Ո՞ւր ես, ո՞ւր ես դու, Հայաստանի տիրասիրտ ու պաշտելի ժողովուրդ, որի ոգին գիտցաւ միշտ էլ վսեմանալ վտանգների ժամանակ:

Գաղո՛ւթ, դու մի անգամ եւս ինձ ապրեցրիր ամօթանքի ողբերգութիւնը – ամօ՜թ քեզ:


*Այդ սկզբունքի դէմ մեղանչել եմ մի անգամ` Ամերիկայում, ուր ընդունեցի, որ ինձ իբրեւ գործիչի շաբաթական տրւի: Մեղանչեցի եւ արդարօրէն պատժւեցի: Այդ օրէն մարդկային տմարդութիւնը ստուերիս պէս հետեւեց ինձ` ամենուրեք:

**par avion – օդանաւով

*** Wien – Վիեննա

ՆԺԴԵՀ

1944, սեպտեմբեր, Սօֆիա

ՀՀ  Ազգային Անվտանգության

նախարարության արխիվ,

գործ թիվ 11278, հտ. 4

1 reply

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով