ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — VI

VI

«Եւ առջեւներս դժոխք»

ԵՂԻՇԷ

Այժմ տեսնենք, թէ ի՞նչ էր կատարւում դժբախտ Հայաստանում:

— Ա՛յն, ինչ որ իրերի երկաթէ տրամաբանութեամբ պիտի կատարէին երկու գործօններ՝ հայ համայնավարի քաղաքական տգիտութիւնը եւ նրա դասակարգային կոյր թշնամանքը:

Վա՛յ այն երկրին, ուր ընկերային յեղափոխութիւնը ղեկավարւում է տգէտ եւ մոլի բանամարտիկների կողմից:

Դեռ խոր ճշմարտութիւն է շնչում Պոլիվիի դասական խօսքը կարթագենացիների մասին. «Քաղաքական ազատութիւնը ու հոգեւոր կուրութիւնը բացարձակօրէն անյարիր բաներ են»:

Քաղաքականապէս կոյր եւ անբարոյ՝ հայ բոլշեւիկները մեր թշուառ հայրենիքում ամենայն ճշտութեամբ կրկնեցին Ռուսիան՝ իր ընկերային բոլոր տեսակի սարսափներով ու այլանդակութիւններով:

«Յեղափոխութիւնը իր թշնամիների հետ չէ վիճում, ոչնչացնում է նրանց»,- այսպէս էին տրամաբանում բոլշեւիզմի հայ գործակալները:

Իբրեւ օտարի կենդանի արձագանգը, օտարի հաւատով զինուած՝ բոլշեւիզմի հայ լակոտները կը փորձէին միօրէն, եւ ընդմիշտ, տափանել հայ ժողովրդի հոգեկան աշխարհը, առանց գիտակցելու, թէ քաղաքականութեան մէջ տեսակի խնդիրները ստանում են առժամեայ լուծում, թէ բոլշեւիզմն էլ որպէս սոցիալական երեւոյթ, յաւիտենական չէ, թէ նոր մարդն ու հասարակարգը չեն ստեղծւում միօրէն, թէ չէ կարելի հրամանագրերով ժողովրդին կեանքի նոր ձեւեր պարտադրել, սեղմ ասած՝ թէ բոլշեւիզմի հրամցրած լուծումն էլ վերջնական չէ, եւ չի կարող լինել:

Հայ բոլշեւիկները Հայաստանում չուշացան հաստատելու Լենինի խօսքը* թէ՝ «ձախ համայնավարները մտածել չգիտեն»:

Մեր «ձախ»երը, որոնք Հայաստանի խորհրդայնացումից շատ առաջ փայտէ ձի էին նստել յանուն համաշխարհային յեղափոխութեան՝ իրենց տիրապետութեան օրով մեր երկիրը վերածեցին մի կատարեալ ձիարշաւարանի:

«Մեր օրերի ամենագլխաւոր խնդիրը», Լենին:

«Նրանք,- երեւանեան համայնավարների մասին ասում է Կասեանը,կը ձգտէին կուրօրէն զարդարել սոցիալական ստոր միջավայրը անհամեմատ բարձր միջավայրի փետուրներով», այսինքն՝ ամենայն տգիտութեամբ կը շփոթէին Հայաստանը — իմա՛ «ստոր միջավայրը» Ռուսաստանի — «անհամեմատօրէն բարձր միջավայր»ի հետ:

«Շատ էին մեր սխալներն ու խանդի վատնումը,- խոստովանում է բոլշեւիկ մտաւորականը,- մանաւանդ որ մեր դոքտրինեորները չէին կարողանում հաշուի առնել իրականութիւնը»:

Ըստ այդ վերջինի՝ Երեւանի բոլշեւիկները բռնուած էին ,գերյեղափոխական քոր ու եռովե, եւ կազմում էին ղեկավարութեան մեծամասնութիւնը:

Հայ բոլշեւիկներն աշխատում էին Հայաստանում արհեստական կերպով ,յեղափոխական տենդե ստեղծել:

Նրանք չէին ուզում հաշուի առնել մեր երկրի իրական պայմանները, մեր ,ազգային ուրոյնըե — ասենք Լենինի ոճով:

Աթարբէգեանի հոգեկից Աւիսին է պատկանում հետեւեալ բանաձեւը. ,Հայաստանում չկա՛յ ազգային հարց, Հայաստանում կայ միայն սոցիալական հարցե:

Այդ զոյգ քաղաքական հոգեհիւանդները իրենց արարքներով մեծապէս նպաստեցին սպանութեանց ու հալածանքների պսիխոզի ստեղծման:

Այլեւս եղածը բոլշեւիզմ չէր, այլ՝ խելագար բլանկիզմ, աւելին՝ քաղաքական եւ ընկերային խուլիգանութիւն:

Լենինականութեան հայ առաքեալները կ՚աշխատէին Հայաստանում կեանքի կոչել ,Նորե հայը՝ անաստուած, անընտանիք, անհայրենիք:

Պարզ են այդ երեւոյթի պատճառները:

Ապստամբուած ամէն մի ստրուկ հեշտութեամբ դառնում է ծայրայեղապաշտ ու բարբարոս:

Հայ բոլշեւիկների հոգեւոր ստրկութեամբ պիտի բացատրել ոչ թէ միայն նրանց բլանկիզմը, այլեւ՝ արտառոց սադիզմն ու ամօթալի թրքասիրութիւնը:

Գրո՛հ՝ երկնքի դէմ, բարոյականի դէմ, ազգայնական ոգու դէմ:

«Երբ յեղափոխութեան մեծ ներշնչողը՝ մեր ընկեր Լենինը արտասահմանից Ռուսաստան վերադարձաւ, իր առաջին խօսքն եղաւ՝ կեցցէ քաղաքացիական կռիւը:

Այդ կռիւը կը կրթէ մեր հոգին, մեր միտքը:

Զոհերն անխուսափելի են — ցաւել դրանց համար չարժի, քանի որ գլխաւորը յեղափոխութեան յաղթանակն է: Քաղաքացիական կռիւը — դա այն է, ինչ որ ասում են, թէ Նեռն եկել է աշխարհ:

Քաղաքացիական կռիւը մի Նեռ է՝ չար, կործանիչ ոգի»*,- այսպէս կը բարբաջէր կարմիր հայը:

Այսպէս, հայ բոլշեւիկը, թաթարը եւ թուրքը կը շարունակէին գրգռել կարմիր Նեռը՝ Հայաստանի եւ հայութեան դէմ:

Եւ այդ օրերին, որպէս հոգեբանական արձագանգ, XI Կարմիր բանակի պաշտօնական օրգանը կը հրատարակէր Հ.Յ.Դ.-ի մահավճիռը, տրուած Բաքու, Զինուորայեղափոխական խորհրդի կողմից.** ,Կարմիր բանակը գլխովին ոչնչացմամբ կը հատուցանէ դաշնակ կոնտր-յեղափոխութեանե:

Մի կուսակցութիւն, ինչպիսին է կոմունիստականը, որի հայ անդամների համար Հայաստանը հայրենիք չէր, այլ՝ յեղափոխական խելայեղութիւնների մի կրկէս, որի համար ,ժողովուրդը ոչինչ է, իսկ դասակարգն՝ ամէն ինչե, որի համար ,պատմական անհրաժեշտութիւն է դասակարգային կռուի խորացումըե, որը քաղաքացիական կռիւը համարում է իր ,հոգու եւ մտքի կրթիչեը, եւ քաղաքացիական կռիւ ասելով հասկանում էր ,Նեռը՝ չար եւ կործանիչե, նման մի կուսակցութիւն, որը ճանաչում է միայն եւ միմիայն ջունգլիների օրէնքն ու վայրագութիւնը, չէր կարող բաւականանալ մեր հայրենիքի անարիւն խորհրդայնացմամբ:

Դա պիտի հրահրէր, դաւադրաբար պիտի ստեղծէր քաղաքացիական կռիւը՝ իր չարքերը դասակարգայնօրէն կրթելու եւ իր ,Նեռեային չարութիւնը յագեցնելու համար:

Գեդէոնները ժամանակին համաձայնւում էին ինձ հետ, երբ խոր ցաւով դիտել էի տալիս, թէ Հայաստանի դժբախտութիւնը նրանում է, որ բոլշեւիկները Հայաստան մտան առանց մի հատիկ գնդակ արձակելու:

Այո՛, հազար անգամ այո՛, եթէ Արարատեան դաշտը առաջին անգամ տեղի տար կռուով, նա յետագային աւելի նուազ արիւն կու տար բոլշեւիզմի գազանին:

Դժբախտաբար, թուրք զօրքերի ներկայութիւնը Հայաստանում հարկադրեց օրուայ նախասովետական կառավարութեան՝ երկրի ղեկը առանց կռուի յանձնելու բոլշեւիկներին, որով զրկեց վերջիններին իրենց ,յեղափոխական լիցն ու լարուածութիւնըե դատարկելու կարելիութիւնից:

Հայաստանը ,նուաճողե բոլշեւիկների համար դեռ կար ու կը մնար արեան պահանջը, որ նրանց պիտի մղէր քաղաքացիական կռուի:

Պէտք էր ժողովրդին զգացնել տալ, որ ,Նեռն է աշխարհ եկելե:


* «Զանգեզուրի կոմունիստ», 1926, Նոյ. 7, թիւ 1:

** «Կարմիր աւանգարդ», 1920, Հոկտ. 20:

Եւ այդ զգաց Հայաստանը: Եւ եթէ բոլշեփկեան արնոտ տապարը գործի չդրուեց մեր երկրի խորհրդայնացման հէնց առաջին օրը՝ դա ունէր իր լուրջ պատճառը:

Կար Սիւնիքը, որի ,քթէն դեռ ծուխ կը բարձրանարե — կար բոլշեւիզմ կոչուած գաղտնի յաղթական զսպիչը:

Ահա այդ մասին Հայաստանի Յեղկոմի նախագահ Ս. Կասեանի 1921, Յուն. 29 թուակիր հեռագիր-հրամանը, տրուած Դարալագեազի զինկոմին եւ գաւյեղկոմին. ,<Քանի դեռ չ է գրաւուած Զանգեզուրը, Դարալագեազում, որը կազմում է չգրաւուած երկրամասի թիկունքը, վարել ամենամեղմ քաղաքականութիւն:

Խստիւ արգելւում է աջից, ձախից ձերբակալումներն ու բռնագրաւումները: Դէպի քաղաքացիները ցոյց տալ կորրեկտ վերաբերմունք:

Ձերբակալել միայն նրանց, որոնք բացայայտ կերպով պրոպագանդ են վարում իշխանութեան դէմ:

Այն պաշտօնատար անձինք, որոնք կը խուսափեն կատարել սոյն հրամանը, կ՚ենթարկուեն յեղափոխական ամենախիստ պատասխանատուութեանե*:

Կասեանի ներքին մարդը ճանաչելու համար կը բաւէ իր այդ մի հատիկ սադայելական հրամանը:

Ինչ որ իշխանաւորն է, այն էլ իր հրամանը:

Կարմիր իշխանաւորը իր պաշտօնատարներին յանձնարարում է ,ամենամեղմե քաղաքականութիւն, բայց դա կատարում է ոչ par principe — ոչ սկզբունքօրէն:

Նա արգիլում է ,ձերբակալութիւններ ու բռնագրաւումներե, բայց ոչ ընդհանրապէս, եւ ոչ ընդ միշտ:

Նա արգիլում է բարբարոսութիւնը ոչ թէ նրա համար, որ դա մարդկօրէն անթոյլատրելի է համարում, այլ՝ որովհետեւ տուեալ մոմենտում օգտակար ու նպատակայարմար չէ գտնում դա:

Նա արգիլում է բարբարոսութիւնը որոշ վայրկեանի որոշ միջավայրի համար:

Նա ,ամենախիստ պատասխանատուութեամբե է սպառնում նրանց, որոնք կը խուսափեն կատարել Երեւանի կամքը, բայց սպառնալիքը վերաբերում է այսօրուան միայն — քանի կայ մարտնչող Սիւնիքը, բայց ոչ եւ վաղուան — երբ Սիւնիքը խաբէութեամբ զինաթափ լինի:

Դա ասել է — սպանիր, ուր եւ երբ կարող ես սպանութիւն կատարել անպատիժ կերպով:

Բռնագրաւի՚ր, երբ եւ ուր բազուկդ բռնող ու զինաթափող չկայ:


* Լեռնահայաստանի զինուորական գլխաւոր շտաբ:

Կարող ես անպարկեշտ լինել, հալածել, անիրաւել, հարուածել, երբ եւ ուր վախ ու պատասխանատուութիւն չկայ, օրինակ՝ Երեւանում:

Բայց ոչ եւ Սիւնիքում, ուր անպարկեշտին, բռնագրաւողին ու սպանողին պատուհասող բազուկ կայ:

Ահա՛ Կասեանի հոգեբանութեան լեզուն:

Երբ այս է ձախութեան հիւանդութիւնից զերծ նախարարապետի բարոյականը, կը մնայ երեւակայել ձախութեամբ տառապող լակոտների քաղաքական հրէշութիւնը, որին զոհ գնացին մեր լուսապսակ Համազասպները, Խորէնիները, Սաքօները:

Լենինի՝ իր հայ ճտերին չափաւորութիւն յանձնարարող ծանօթ երկու նամակները ուշացած էին:

Այժմ տեսնենք, թէ կարմիր Երեւանում ի՞նչ էին որոճում ինքնավար Սիւնիքի մասին:

Լսենք Ս. Վրացեանին.

«Երեւանի բոլշեւիկներին չափազանց զբաղեցնում էր Զանգեզուրը: Օր չէր անցնում, որ Զանգեզուրի մասին չգրուէր ,Կոմունիստեում եւ չխօսուէր միտինգների մէջ: Խօսւում էր նոյնպէս, թէ XI բանակը Բաքուից զինուորական գործողութիւններ է պատրաստում Զանգեզուրի դէմ, իսկ մինչ այդ փորձում էին խաղաղ ճանապարհով ընկճելու զանգեզուրցիներին:

«Ինձ յայտնի էր, որ Դրօն էլ Բաքուից քայլեր էր արել զանգեզուրցիներին ընդունել տալու բոլշեւիկեան կարգերը: Բոլշեւիկներից ոմանք էլ ուզում էին օգտուել նաեւ ոչ-բոլշեւիկ մտաւորականների աջակցութիւնից: Եւ այս միտքը, ինչպէս ասում էին, պաշտպանում էին Կասեանը եւ արտ. գործ. կոմիսար Մռաւեանը: Զանգեզուր ուղարկելու համար տրւում էին Դ. Անանունի, Վ. Մինախորեանի եւ իմ անունները:

Ինձ անպաշտօն կերպով ուղղուած հարցումին՝ ես տուի սկզբունքային համաձայնութիւն: Սակայն, իբրեւ նախապայման Զանգեզուր գնալու, ես անհրաժեշտ էի համարում, որ Հայաստանի Յեղկոմը երաշխաւորի տալ զանգեզուրցիներին տեղական ինքնավարութիւն, եւ վերջ դնի հալածանքներին Հայաստանում: Ինձ հաղորդեցին, որ Կասեանը ընդունելի է համարում այս պայմանները, բայց հանդիպում է խիստ դիմադրութեան Աթարբէգեանի եւ մանաւանդ Աւիսի կողմից, որը պահանջել է Զանգեզուրը զէնքով գրաւել»:

Զանգեզուրի խնդիրը մասնաւորապէս կատաղեցրած էր Աթարբէգեանին:

«Փետր. 4ին ես արդէն Աթարբէգեանի մօտ էի,- ասում է Վրացեանը: Ինքը իբրեւ համառուսական խորհուրդների լիազօր ներկայացուցիչ պարտականութիւն ունի կռուելու ամէն կարգի «հակայեղափոխութեան» դէմ: Խորհրդ. իշխանութեան համար հերթական խնդիր է ,Զանգեզուրեան հակայեղափոխութեանե վերացումը: Իհարկէ, Կարմիր բանակը այնքան ոյժ ունի, որ արեան մէջ կարող է խեղդել Զանգեզուրը, բայց իր ցանկութիւնն է հարցը խաղաղ միջոցներով լուծել: Մինչեւ գարուն, երբ XI բանակը շարժման մէջ է դրուելու, պէտք է սպառել բոլոր խաղաղ միջոցները: Իրենց շրջանում խօսք է եղել նաեւ իմ ոյժերից օգտուելու մասին, բայց նախքան պաշտօնական առաջարկութիւն անելը ինքը կը կամենար անձամբ խօսել հետս եւ շօշափել իմ տեսակէտները:

«Ես պատասխանեցի, թէ ոչ թէ ինքս եմ առաջարկել իմ ծառայութիւնը, այլ ընդառաջ եմ գնացել ինձ արուած առաջարկութեան: Ստեղծուած հանգամանքներում Հայաստանը պէտք է յենուի խորհուրդների վրայ. Քանի Ադրբէջանն ու Հայաստանը խորհրդային են, Զանգեզուրը չի կարող մնալ թշնամական վիճակում. Հարկաւոր է խաղաղ եղանակով լուծել Զանգեզուրի հարցը: Այդ նպատակով պէտք է Զանգեզուր ուղարկել պաշտօնական մի պատուիրակութիւն, որին կարող եմ մասնակցել ե՛ւ ես: Պատուիրակութեան մէջ անպայման պէտք է մտնի ե՛ւ բոլշեւիկ ներկայացուցիչ: Եւ որպէսզի պատուիրակութիւնը յաջողութիւն ունենայ, անհրաժեշտ է ստեղծել հոգեբանական նախապայմաններ, այսինքն՝ վերջ տալ Հայաստանում կատարուող բռնութիւններին ու բանտարկութիւններին.: Մասնաւորապէս,- աւելացնում է Վրացեանը, բոլշեւիկները պէտք է յանձն առնեն մինչեւ մեր վերադարձը Զանգեզուրից ոչ մի սպանութիւն չկատարել.

Աթարբէգեանը իմ առաջին առարկութիւնները ընդունեց հիմնաւոր, եւ համաձայնուեց, որ պաշտօնական պատուիրակութիւն ուղարկուի, բայց տատանւում էր մէջը բոլշեւիկ դնել, վախնալով, որ զանգեզուրցիները կը սպանեն նրան:

«Դուք,- Վրացեանի խօսքը կտրում է Աթարբէգեանը,- կ՚ասէք Զանգեզուրում, որ ինչ համաձայնութիւն որ կնքուի Հայաստանի Յեղկոմի եւ զանգեզուրցիների միջեւ, ես եմ երաշխաւորում. ես՝ համառուսական խորհուրդների լիազօր ներկայացուցիչս»*:

Վրացեանի մէջբերած փոխասացութիւնից պարզւում է նաե՛ւ այն, որ Աթարբէգեանը, առանց քաշուելու համառուսական խորհուրդների ,լիազօրեի իր հանգամանքէն, առաջարկել է Վրացեանին՝ ,այնպէս անել, որ իբրեւ թէ բոլշեւիկներից գաղտնի փախել է Զանգեզուրե:

Տեսնո՞ւմ էք, որ Հոկտեմբերեան յեղափոխութեան հայանուն մարդակերն էլ զերծ չէ մաքիաւելիականութիւնից:

Այսպէս, Չեկան կը գործէր:


* «Հայրենիք», 1923, թիւ 4:

Երեւանում այլեւս արիւն կը հոսէր:

Լուրեր էին հասնում, թէ այսօր-վաղը պիտի գնդակահարուեն Շանթը, Աղբալեանը, Հայր Աբրահամը եւ ուրիշները:

Այս էր իրերի դրութիւնը Հայաստանում:

Սիւնիքը, թէեւ ինքը անհաւասար կռուի մէջ, չէր կարող անտարբեր մնալ:

Պէտք էր աճապարել, պէտք էր կանխել հայ մտաւորականութեան ,գլխովին ոչնչացումըե հետապնդող Աթարբէգեան կոչուած հրէշին: Սիւնիքը խորապէս կը գիտակցէր այն պատմական անելիքի մեծութիւնը, որ քաղաքական մոմենտը դրած էր իր առջեւ: Պէտք էր աճապարել, պէտք էր յետ մղել դէպի հայ մտաւորականութիւնը երկարող մահաբեր բազուկը:

Այդ նպատակով ահա՛ — Երեւանի համար դէպի Սիւնիք փրկութեան մի դուռ բանալու նպատակով — իմ զօրքերը գրաւեցին Վայոց ձորը, իջան Նոր Բայազէտ, իրենց վրայ քաշեցին, զբաղեցրին բոլշեւիկեան ոյժերի մի մասը, եւ այսպիսով կարելիութիւն ընձեռեցին Երեւանի ապստամբ ոյժերին՝ բռնելու նահանջի ճամբան եւ քաշուելու Սիւնիք:

* * *

Հայաստանի երկրորդ անկումով, Սիւնիքի դրութիւնը է՛լ աւելի կը ծանրանար: Կը ծանրանար, սակայն, նաե՛ւ պատմութեան կողմից մեր ուսերին դրուած գերագոյն պարտականութիւնը:

Թշնամին, խեղդելով Հայաստանի համաժողովրդային ըմբոստացումը, կը փութար անօրինակ աղէտով պսակել երեւանեան ,Նահանջ բիւրոցեը:

Ի՛նչ խօսք, որ յաջողութեան դէպքում, բոլշեւիկները արժէքազրկած պիտի լինէին Սիւնիքի երկամեայ հերոսականը: է՛լ աւելին. յաջողութեան դէպքում, նրանք պիտի թաղէին Սիւնիքի՝ Հայաստանին միանալու յոյսը:

Վայրկեանը գերագոյն էր եւ պատասխանատու:

Իսկ նման վայրկեաններում, ամէն կարգի փոքրոգութիւն՝ դաւաճանութիւն է հարազատ ժողովրդի հանդէպ:

Երբ մի երկրի աշխարհագրական թոքերի — ինչպիսին է Սիւնեաց աշխարհը Հայաստանի համար — եւ նրա մտաւորականութեան լինելչլինելու խնդիրն է լուծւում, այլեւս չէ կարող խօսք լինել նորանոր զոհերի մասին: Մի ժողովուրդ, որ իր ընտրանին մահացու հարուածից փրկելու համար չգիտէ զոհեր տալ, կենսաբանօրէն անբարոյական է, որ ասել է՝ ապրելու անարժան:

Սիւնիքին — փա՛ռք իրեն — երբեք չպակասեց այդ բարձր բարոյականը:

Նա, թէեւ վիրաւոր, բայց յաղթական, մնաց իր պատնէշի վրայ նաե՛՛ւ մայր երկրի երկրորդ անկումից յետոյ:

Դա պահանջում էր ոչ թէ միայն իր փառաւոր յաղթանակների շարքը, այլ՝ եւ Հայաստանի ապագան:

Եւ հէնց այդ նպատակով, այդ ծանր օրերին, երբ Աիւնեաց աշխարհով, հեղեղի պէս, դէպի Արաքսը բազմահազար արարատեան գաղթականութիւնն էր հոսում, նա քաղաքական իմաստութիւն եւ արիութիւն ունեցաւ հրաւիրելու իր երկրորդ համագումարը:

Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով