ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ – III

III

«Ճճիք որք չունին զօրութիւն,

ունին խայթոց»:

Ուրացողներ կան, որոնց ժամանակին դատած է Եղիշէն` նրանց ճակտին խարանելով` «Յաճախ վարդապետներ ու վարդապետութիւններ փոխող»:

Արդար լինելու համար, պէտք է ասել, որ նմանները չար չեն, բայց նաեւ արդարակորով չեն:

Սրանք պատկանում են այն հոգեբանական տիպին, որն իր տկարութեան բերումով դառնում է անպայքարունակ եւ հեշտութեամբ յարմարւում քաղաքական վայրկեանին ու միջավայրին:

Նմանը միշտ էլ օրուայ ամէն կարգի յաղթականի եւ իշխանաւորի հետ է:

Նա չէ՛ ծախւում, չէ՛ գնւում:

Այդ իսկ պատճառով մեծ չէ իր սակարանական արժէքը:

Սա պատկանում է անարծաթ ու ակամայ ուրացողների ստորոգութեան:

Սրա ուրացումը սահմանափակւում է նրանով միայն, որ դառնում է գաղափարի զէնընկեց, դասալիք, որով որոշ բարոյալքում է առաջացնում իր նախկին գաղափարակիցների շարքերում:

Սակաւ չէ նման քաղաքական ուրացողների թիւը մեր կեանքում:

Ուրացողներ էլ կան, որոնց անկումը տեղի է ունենում «երեսուն արծաթով», որոնք, սակայն, ստանալով իրենց ուրացումի գինը` քաշւում են մթութեան մէջ եւ լռութեան կնիքը դնում իրենց շրթներին:

Իբրեւ կրաւորական տիպի ուրացողներ` սրանք չեն փորձում արդարացնել իրենց անկումը:

Գոյութիւն ունի երրորդ կարգի ուրացողը, որն իր չարագործութիւններից յետոյ դառնում է աւելի յանդուգն իր ընկածութեան մէջ:

Սա չէ բաւականանում իրեն արւած «արծաթ»ով, եւ աշխատում է ամէն կերպ շահեցնել այն:

Առ այդ, նա շարունակում է մնալ հրապարակում – յաճախ պայքարի առաջին գծի վրայ – եւ աղմկում իր ուրացումը արդարացնելու համար:

Սրա անկումը պէտք է բացատրել ոչ թէ իր մտաւոր, այլ` բարոյական կարճատեսութեամբ:

Սա` զինակցելով իր ուրացումը գնող արտաքին թշնամուն, պայքարում է նրա դատի, նրա յաղթանակի համար:

Այդ վերջինը ակտիւ տիպի ուրացող է, որով` աւելի՛ զզուելի եւ աւելի՛ վտանգաւոր:

Ուրացողների այդ կարգից է Գ. Տէր Մինասեան կոչուածը, որն իր ուրացումից յետոյ սկսած է ընդունայն փորձեր կատարել` իր որդեգրած կարմիր դաւանանքի քղամիդով իր հոգեւոր նեխութիւնը ծածկելու համար:

Այդ ուրացողի ելոյթը եկաւ ինձ վերջնականօրէն համոզելու, թէ բոլշեւիզմին յարող ամէն դժբախտ էակ դառնում է ճշմարտութեան ու բարոյականի թշնամի , հացկատա՛կ ու բանսարկո՛ւ, – հոգով կործանուած:

Խօսքս այն հատ ու կենտ իդէալիստների մասին չէ, որոնց համար համայնավարութիւնը մի «հոյակապ զառանցանք» է, այլ նրանց` որոնց համար բոլշեւիզմը ամէն բանից առաջ մարդ արարածի մէջ նիրհող անասնականը բաւարարելու խնդիր է – նախ հացի խնդիր:

Բոլշեւիզմի հայ գործակալներից ամենէն ծերը – այդ իսկ պատճառով ամէնից զզուելին – Տէր Մինասեանը այդ գիտէր, երբ դեռ գտնւում էր «նամարդ թշնամուց ոտնակոխ ու պղծուած»¹ Սիւնիքում, ուր դեռ իմ ձայնն էր արձագանգում հայրենի լեռների եւ ժողովրդի հերոսական հոգու մէջ:

Նա գիտէր եւ այն, որ արդարացնել խորհրդային իշխանութիւնը կը նշանակէ արդարացնել այն բոլոր մարդատիպ հրէշներին, որոնք եկել, դաւաճանել եւ ուրացումի ճամբով անցել են ապրելու հայոց պատմութեան խաւարի մէջ:

Նա գիտէր – եւ մեզ հետ արդար կատաղութեան կայծակունք էր թափում Լենինի եւ նրա հայացեղ ճետերի գլխին – նա գիտէր, որ ճանաչել խորհրդային իշխանութիւնը կը նշանակէ կանխաւ արդարացնել օտար իշխանութեանց այն բոլոր տեսակի հայանուն գործակալներին, որոնք վաղը եւ յաւէտ կարող են յայտնուել մեր ցեղի կեանքում:

Մի դաժան հարկադրանքով, մեր ժողովուրդը ճանաչեց եւ հանդուրժում է կարմիր իշխանութիւնը, բայց չարդարացրեց եւ պիտի չարդարացնի զայն:

Իսկ տէրմինասեանները, զուրկ իրենց ծնող ցեղի առաքինութիւններից, ոչ թէ միայն ճանաչեցին` ժամանակին իրենց կողմից իսկ բիւրիցս անիծուած իշխանութիւնը, այլ եւ արդարացրին նրան:

Աւելի՛ն. նրանք, օտար իշխանութեան աչքին քաղցրանալու շնական հաշուով, միաժամանակ հայհոյեցին ու դատապարտեցին մեր երէկը, մեր հայրենին, մեր նուիրականը:

Ուրացումի անբարոյութեան ոյժով` այդ հրէշները մղուեցին շփոթելու քաղաքականութիւնը` վարդապետութեան, ճանաչումն` արդարացումի հետ:

Ցեղային արժանապատուութեան ու բարոյական սկզբունքների պակասը նմաններին դարձրեց ոչ թէ միայն օտարին յոտնկայս ծառայելու տրամադիր, այլ` եւ իր հարազատ ժողովրդի պատմութիւնը կեղծող` ճշմարտութեան թշնամի:

Հացը, անսուրբ հացը սրանց մոռացնել է տուել – ե՛ւ գիտեն, ե՛ւ չգիտեն սրանք, որ չկա՛յ աւելի մեծ պղծութիւն, քան հարազատ ժողովրդի պատմութեան չարամիտ աղաւաղումը:

Կեղծել պատմութիւնը, ասել է` եղծանել պատմաստեղծ ժողովրդի կենսաբանական բարոյականը, հարուածել նրա արթուն բնազդը, վտանգել նրա հոգեւոր առողջութիւնը, խեղել հոգին, ծռել նրա զարգացման ճամբան, անիրաւել նրա մեծ մեռելներին, որոնք ընկան, որ հայրենիքը սրբանայ ու ապրի, շփոթի մատնել պատմութեան ենթակայի ներկան եւ խաբել գալոց սերունդներին: Միով բանիւ, դա ասել է` բաց ա չ ք ո վ թ շ ն ա մ ա ն ե լ հ ա ր ա զ ա տ հ ա յ ր ե ն ի ք ի ն , դա ասել է` ծառայել իր ցեղի արտաքին թշնամիներին:

Այդ կարգի ուրացողներից է խորհրդ. իշխանութեան գործակալ Գ. Տէր Մինասեանը, որի հակազգայնական հաջոցին, որպէս պատասխան, գրւում են այս տողերը:

* * *

Ընթերցո՛ղ, ես տեսայ հոգւով ազատը ստրկութեան մէջ, եւ սիրեցի մարդը:

Ես տեսայ ստրուկն ազատութեան մէջ եւ գարշեցի մարդէն:

Ստրո՛ւկը – ով հաւասար չափով չի ատել ե՛ւ սրան, նա էապէս չի պայքարել բռնութեան դէմ:

Պատմական մոմենտներ կան, օրինակ` մեր ժամանակաշրջանը, երբ բռնաւորէն աւելի ստրո՛ւկն է զզուելի:

Եօթնիցս զզուելի է հոգեւոր ստրուկը – նա՛ որն ազատութեան մէջ իսկ ապրում է, խորհում, գործում ստրկօրէն. նա` որի կրծքին թէեւ չէ ճնշում բռնաւորի թաթը, բայց եւ այնպէս, նա միշտ էլ իրեն զգում է ծունկի եկած «զօրաւորի» առջեւ. նա՛ որը ծանրապէս կոխող գարշապար է փնտռում` լիզելու, սուտ աստուածութիւններ` փառաբանելու, կեղծ մեծութիւններ` պսակադրելու:

Ինքնաստրկացած մարդկային մի անասուն, որն այդ բոլորը կատարում է մի շնավայել քծինքով` ողորմութիւն ստանալու համար: Եթէ հերոսներ ունեցել են բոլո՛ր դարերը, ապա անհոգի գործիքներից զուրկ չեն եղել բոլոր տեսակի իշխանութիւնները, հացկատակներից` բոլո՛ր արքունիքները:

«Ամբոխին ու թագաւորին քծնողները գործադրում են բոլոր միջոցները. խուժանավարը գինետան կուրտիզան է, իսկ կուրտիզանը` պալատական խուժանավար,- ասել է Գիւչարդինին:

Քաղաքական նման մի կուրտիզանի մի քանի ցցուն գծերով յաւերժացրած է ռուս հռչակաւոր քննադատ Դոբրոլիւբովը: Աւստրիական բանաստեղծ Եակովն է այդ պերճաղիճը, որ Գարիբալդիին կոչած էր «դժոխքի ծնունդ», «մարդագայլերի ընկեր», եւլն., իսկ օրեր յետոյ, նրան ձօնեց խանդավառ երգեր, երբ Գարիբալդիի թշնամին` թագաւորը փախած էր Նէապոլից:

– «Ո՛վ զօրաւոր պաշտպանդ ազգերի ազատութեան, որին ժողովուրդները պաշտում են արդարօրէն»:

Սակայն, մի քանի օր անցած, երբ Ֆրանսիսկը յաջողում է վերադառնալ Նէապոլ` Եակովը խղճի ամենայն անդորրութեամբ վերստին հնչեցնում է իր քնարի հակագարիբալդեան լարը.

– «Նորէ՛ն, թագաւորի հետ նորէ՛ն խաղաղութիւնը ու կարգ, կանոնը տիրեցին»:

Մի ուրիշը, ժամանակին, այսպէ՛ս է գրել Սիւնիքի եւ իր ղեկավարի մասին.

– «Վերջապէս հասանք Տաթեւի պատմական վանքը, ուր եկաւ նոյնպէս սպարապետ Նժդեհը:

Նժդեհի անունը, իրօք, պաշտանքի առարկայ է դարձած սիւնեցոց համար:

Մի հեքեաթային հերոս է նա, որ իր կրակ ձիու վրայ հեծած ամէն տեղ է:

Անոր խօսքը պատգամ է, անոր ներկայութիւնը` յոյս ու ոգեւորութիւն:

Նա ինքն ալ հաւատացած է կարծես, որ ինքն անխոցելի է:

«Մահէն չի՛ վախեցողը ամենէն շատ կ’ապրի»,- կ’ըսէր նա:

Սիւնեաց ժողովուրդը «Խուստուփի արծիւ» կ’անուանէ զայն, ի յիշատակ այն օրերու, երբ Նժդեհը իր փոքրաթիւ խմբակով քաշուէր էր Խուստուփ լեռը, ուր Պրոմեթէոսի նման պահեց ազատութեան կայծը, մինչեւ որ մի օր ալ իջաւ այդ բարձունքէն եւ հրդեհեց ողջ Սիւնիքը ազատութեան եւ անկախութեան բոցով:

այդ պաշտամունքը իր հերոսի մէջ կերտեր է մի տեսակ բեկական կամք, որին հպատակիլ շատ կը սիրէ սիւնեցին:

Առանց Նժդեհի կամքին տերեւ չի շարժիր Սիւնեաց մէջ, եւ ժողովուրդը գոհ է, որ այդպէս է:

Սիւնեաց ինքնավարութիւնը Նժդեհի ծնունդն է»²:

Տարիներ յետոյ, այս տողերի հեղինակը, հայ գաղթաշխարհում, իր հացն ապահովելու համար, պիտի միանար նրանց, որոնք շահաւէտ արհեստ են դարձրել իմ անձի դէմ հաջելը:

Ահա՛ եւ Գ. Տէր Մինասեանը, որը տարիներ առաջ այսպէս կ’ողջունէր կարմիր լծից ազատագրուած Ղափան-Գենւազը եւ իր առաջնորդին.

«Ողջո՛յն ազատագրուած Ղափան-Գենւազին**:

Ողջո՛յն քեզ Ղափան, Դաւիթ բէկ, Թորոս իշխանների օրրան: Ողջո՛յն քո սէգ ու հպարտ լեռներին, որոնց ամէն մի քարը ներկուած է հարազատներիդ արիւնով:

Ողջո՛յն Խուստուփի լեռներն ապաւինած, որդեկորոյս ծնողներին` արնոտ աչքերը Բարգուշատին, Աջանան, Ուղուրչային սեւեռած Ղափանի սրտաբեկ քաջերին:

Ողջո՛յն յօշոտուած, հիւծուած երկրագործ ու խաշնարած ժողովրդին, որ երկու տարուց ի վեր, հայրենիքի փրկութեանն ի սպաս դրաւ իւր սիրասուն զաւակն ու քրտնաթոր աշխատանքի վաստակը:

Ողջո՛յն, բիւր ողջոյն քեզ, Ղափան-Գենւազ-Գողթանի եօթն անգամ սիրուած հրամանատար հերոս Նժդեհ, բեղմնաւոր էին քո ցանած սերմերը եւ ատոք եղան նրանց տուած պտուղները:

Դու ե՛ս եւ կը մնաս Ղափան-Գենւազի պատմութեան մէջ «երկրորդ Դաւիթ բէկ» «Աժդահայ փաշա» եւ «ամէն կռւում յաղթող փաթիշահ», տիտղոսներ, որ տուան` քեզ պաշտելու չափ սիրող զինուորութիւնն ու ժողովուրդը»…:

Այս մարդն էլ տարիներ յետոյ յուդայաբար իր տէրը պիտի ուրանար:

Այս են եղել բոլոր ժամանակների Եակովները, Թռչնիկներն ու Գեդէոնները:

Անցեղ են նրանք, եւ յատուկ բոլոր ժամանակներին ու միջավայրերին:

Երէկ Գարիբալդիի հետ, նրան փառաբանող ու դափնեպսակող, երբ նա յաղթական էր: Այսօր Գարիբալդիի դէմ, ստգտանող ու թշնամանող, երբ նա լքած է Նէապոլը:

Այսպէս են եղել հոգեւոր ստրուկներն ու պորտաբոյծները բոլո՛ր դարերում եւ բոլոր ցեղերի մէջ:

Եւ մարդկային զզուանքը Դիոգինէսի, Թեսաւրոսի եւ այլոց շրթունքներով մի շարք անարգական անուններ է տուած նրանց` «մկունս պալատականս», «շունս արքունիս», «որսողս պարգեւաց», «աղուէսս սովեալս» եւն.:

Հասկանալի է, որ դարեր տեւող օտար լուծերի ազդեցութեանց պատճառով, այդ անարգ մարդատիպերի թիւը մեր ժողովրդի մէջ աւելի՛ մեծ, որակն աւելի՛ բարձր պիտի լինէր:

* * *

«Աղուէսս սովեալս» – ահա՛ ներքին մարդն այն դժբախտ ուրացողի, որ Հայաստանի խորհրդայնացման ամօթափառ 15-ամեակի առթիւ, «Յուշեր անցեալից» խորագրութեամբ, հակադաշնակցական «Ապագայ»ի մէջ լոյս է ընծայել մի երկար յօդուածաշարք, «հայ մարդ» կեղծանունով:

Գեդէոն Տէր Մինասեան կոչուած դաւանափոխն է դա, որը ուրացութեամբ իր անձի մէջ մարդն ու հայը բարոյապէս սպանելուց յետոյ, հոգեբանական ծպտումի օրէնքով իրեն «հայ մարդ» անունն է տուել: Նա իր յուշապատումը սկսում է հետեւեալ առաջադրութեամբ. «Կ’ուզէի մեր ընթերցող հասարակութեան ներկայացնել Զանգեզուրի կռիւների թռուցիկ, բայց ճշգրիտ պատմութիւնը յընթացս 1918-19-20-եւ-21 թուերի. այլեւ մասնաւորապէս Նժդեհի անձնաւորութիւնը ու նրա կատարած դերը 1921ին»:

Ընթերցո՛ղ, մէկ էլ կարդանք ուրացողի վերջին խօսքերը. «…նրա կատարած դերը 1921 թուին»:

Ինչպէս տեսնում էք, յօդուածագիրն իր տէգ ու նիզակները ուղղած է ոչ թէ 1919-20ին գործող Նժդեհի դէմ, երբ դեռ հակաբոլշեւիկեան կռիւներ չկային Զանգեզուրում, այլ նրա 1921ի գործունէութեան դէմ, երբ Սիւնիքը կը չափուէր Կարմիր բանակի հետ:

Այդ մարդը, որ Զանգեզուրում ծանօթ էր «աղուէս Գեդէոն» անունով, եւ որի խորամանկութիւնը 1918ին, մի արդար մտրակով պատժած էր Անդրանիկը` ինչպէս ամէն հասարակ հաւատուրաց, 1925ին բռնեց քաղաքական ուրացումի ճամբան: Նա հրապարակային մի յայտարարութեամբ բոլշեւիկեան «Գաղափար» թերթի մէջ իրեն հռչակեց բոլշեւիկների բարեկամ, թշնամի` Դաշնակցութեան:

Եւ անմիջապէս, որպէս «երեսուն արծաթ», Երեւանից նրան տրուեց խորհրդային իշխանութեան համար քարիւղ գնելու այնքա՛ն շահաշատ պաշտօնը, որն ամենայն վարպետութեամբ ցայսօր վարում է Աստարայում:

Այդ օրէն ահա Գեդէոնը դողի մէջ է իր ոսկեբեր պաշտօնի համար: Եւ պատճառ ունի դողալու, որովհետեւ քաջ գիտէ, թէ իժի չափ յիշաչար բոլշեւիկները դեռ չեն մոռացել, որ ինքը ուղիղ երկու տարի «Նժդեհի ձիու ասպանդակներն է բռնել», ինչպէս «Յուսաբեր»ի մէջ ասել է Սիւնեցին:

Այդ օրէն նա դեգերում է հաւատացնել իր նոր տէրերին, թէ ինքը դէմ է եղել Զանգեզուրի հակաբոլշեւիկեան կռիւներին, որ ասել է` ե՛ւ Նժդեհին:

Սրանո՛ւմ պէտք է փնտռել` Հայաստանի խորհրդայնացման 15-ամեակի առթիւ, Տէր Մինասեանի թոյլ տուած քաղաքական շնութեան իմաստը:

Տեսէ՛ք, թէ ի՞նչ է կատարւում:

Երեւանում բոլշեւիկները տօնում են Հայաստանի անկման տարեդարձը:

Ա՛յդ օրը թրքօ-բոլշեւիզմը գերեզմանեց Հայաստանի անկախութիւնը` Թուրքիային կցելով մեր հողերի մեծագոյն մասը:

Թրքօ-բոլշեւիկ միացեալ յաղթանակի օրն է, եւ Երեւանում տօնական աղմուկ կայ:

Պէ՛տք է հաւատարմութեան նոր տուրք տալ Կարմիր իշխանութեան:

Պէ՛տք է հայհոյել, սեւացնել այդ իշխանութեան թշնամիներին – եւ ահա՛ Գեդէոն վարժապետն էլ շտապում է իր ձայնը միացնել կարմիր օրուայ առթիւ յարուցուած մեծ աղմուկին:

Իժի թոյնը շրթներին` նա գրում է, գրում է, որովհետեւ իրեն ապսպրուած է գրել, որովհետեւ չի կարող չգրել, որովհետեւ տօն օրերին իր խօսքը աւելի լաւ կը լսուի, աւելի հեշտ կը հասկացուի, եւ ամենէն գլխաւորը` լա՛ւ կը վարձատրուի:

Գրում է բոլշեւիկեան ծեր ծաղրածուն, գրում է ոչ թէ պատմութեան, այլ` իր կարմիր տէրերից ստացած հացի համար:

Սակայն, չարաչար սխալւում է Տէր Մինասեանը, կարծելով, թէ պատմութիւնը զբաղւում է ամէն կարգի աղուէսներով ու աղուէսութիւններով:

Ճիշտ է, դա յաւերժացնում է նաե`ւ «առիւծ խեղդող աղուէսներ»ին (որոնց մեծ փառասիրութիւնը, յանուն Հայաստանի թագի, յաճախ իրենց մղած է զինակցել անգամ արտաքին թշնամիներին) բայց ոչ եւ հաւագող աղուէսներին, որպիսին եղաւ Սիւնեաց նորագոյն հերոսականի դէմ, 15 տարի յետոյ, այն էլ արտասահմանից հաջող «հայ մարդուկը»:

Աշխարհը գիտէ, որ երբ մարդկային անկումը տեղի է ունենում հացի համար, ենթական մղւում է ամէն տեսակի հրէշութեան:

Հոգեբանական ճշմարտութիւն է դա:

Ճշմարիտ է եւ այն, որ ծերացած չարութիւնը աւելի հացախնդիր եւ շնական է լինում:

Երկրի, Գեդէո՛ն, երկրի եւ երկնքի միջեւ կարելի է բաժանել մարդկային սիրտը, բայց ոչ եւ` հայրենիքի ու բոլշեւիզմի:

Դժբա՛խտ մարդ, դու այդ վերջինը փորձեցիր, փորձեցիր ճշմարտութեան ընկոյզի վրայ փտած ատամներդ փշրել:

Չգիտէի՞ր, յիմա՛ր, որ քո ստութեան ետեւէն ճշմարտութիւնը կը հասնէր կրնկակոխ` փաստաթուղթերի ոյժով զինուած:

Հրէ՛շ, քեզ համար միեւնո՞յն է, թէ որի՞ն կը կցուէր Սիւնեաց աշխարհը, Հայաստանի՞ն, թէ թաթար Ադրբէջանին:

Գոհ չե՞ս, որ իմ վարած կռիւների շնորհիւ միայն Սիւնիքն այսօր կազմում է մայր երկրի անբաժան մասը:

Չե՞ս ընդունում, որ հայ բոլշեւիկն իսկ կարող է գարշել ապսպրանքով իմ դէմ թխածդ տողերէն:

Չէ՞ որ Լեռնահայաստանում ապրող ամէն մարդ գիտէ, թէ որքան ժամանակ որ ես Կարմիր բանակի դէմ արիւնալի կռիւներ եմ վարել, այնքան ժամանակ դու ծառայաբար իմ ձիո՛ւ սանձերն ես բռնել, ինձ համար յաղթական կամարներ բարձրացրել, իմ յաղթանակները երգել:

Եւ այսօր, երբ իմ արիւնով պաշտպանած դատի համար անգամ Խանջեաններ են նահատակւում, երբ ազգայնական հայը, մասնաւորապէս եղերաբախտ Խանջեանի մահէն յետոյ, պիտի կարողանար պատկերել Սիւնիքի կատարած գործի մեծութիւնը – դու քեզ ազատ ես համարել բանսարկելու իմ մասին:

– «Նա կապել էր կարմիր գօտի եւ ձգտում էր նոյն ժողովրդի արեան գնով թագ դնել գլխին»:

Թա՞գ – դժուար թէ թագի կարիք զգար նա, որի խօսքը, քո` իսկ վկայութեամբ, օրէնք էր ժողովրդի համար. նա, որն իր գլուխն ամենայն վստահութեամբ կարող էր դնել ամէն մի սիւնեցու ծունկին:

Թագ ու ձեւական իշխանութիւն փնտռում են այն ոչնչութիւնները միայն, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն:

Նա, որ Սիւնիք էր մտել առանց բանակի, առանց նիւթական միջոցների, անգամ առանց հացի եւ ռազմամթերքի, եւ զօրահաւաքի ենթարկելով ցեղի ոգին` յաջողած էր թրքութիւնից մաքրել Գեղւաձորի, Բարգուշատի եւ Հաքեառուի մօտ երկու հարիւր գիւղերը, դժուար թէ թագի կարիք զգար:

Իմ թագը` կրօնապէս ինձ կապուած զինուորն էր, որ իմ ձայնին մէջ իր ցեղի ձայնը լսեց եւ այնքան շուտ իւրացրեց կռւում մահուան հետ կատակելու աստուածային արուեստը:

Իմ թագը` դա Սիւնեաց ժողովրդի դէպի իր ղեկավարը ունեցած հաւատն էր:

«Իմ թագը գլխիս չէ, այլ` սրտիս մէջ»,- պիտի ասէր Գեօթէն: Հայաստանում, ուրացո՛ղ, թէկուզ այսօր, դաւանածդ լենինականութեան օրով, կը յանդգնէի՞ր խօսելու իմ անձի դէմ:

Եւ, բարոյապէս ազա՞տ ես խօսելու:

Որքա՞ն արդար կը լինէր, ապերա՛խտ, եթէ ձեր գիւղի ճամբաների վրայ փռուած անասնաղբի մէջ զեռացող միջատը մէկէն գլուխը վեր բարձրացնէր եւ հայհոյութիւններ ուղղէր արեւին:

Մոռացա՞ր, ուրացո՛ղ, որ դու էլ փրկուած ես իմ սրի շնորհիւ, մոռացա՞ր, որ «Նահանջ Բիւրոց»ի օրերին, հազարների հետ, դու էլ անարժէք կաշիդ փրկելու համար, կոխեցիր մէջքիս վրայ – որպէս փրկութեան կամուրջի – եւ անցար Պարսկաստան:

Երբ փրկուածն ապերախտում է իր փրկչին, մատնում է, որ ինքն արժանի չէր փրկութեան, արժանի չէ ապրելու:

Գեդէո՛ն, ես արգահատում եմ արարքիդ վրայ:

Եւ միաժամանակ` մտածում. իսկ եթէ` անձիս դէմ հաջելով մարդիկ իրենց ծերութիւնն են ապահովում: Միթէ՞ իւրատեսակ բարեգործութիւն չէ կարելիութիւն տալ մարդկանց, որ հաց ունենան, թէկուզ իրենց երէկուան տէրը մատնելով, ուրանալով:

* * *

Ըստ իր առաջադրութեան` յօդուածագիրը պիտի խօսէր Զանգեզուրի եւ Նժդեհի մասին, սակայն, գիտակցելով, որ դրանով չի բաւարարուի դժուարահաճ Երեւանը, նա անուանարկութեան իր քարերը վատաբար դարձնում է նաեւ հանրապետական Հայաստանի, նրա անկախութեան, կառավարութեան, ապա «Փրկութեան կոմիտէ»ի, Վրացեանի «փախցրած վալիւտա»ի, Ռուբէն Տէր Մինասեանի «Ճատրակ»ի եւ այդ կարգի հազար ու մէկ բաների դէմ:

Նա այսպէս է բանսարկում.

– «Հայկական հանրապետութիւնը, որ ծնունդ առաւ թուրք դիւանագիտութեան հարկադրանքի տակ եւ ընդամէնը երկուքուկէս տարուայ կեանք է ունեցել (1918 Մայիս 28ից մինչեւ 1920 Նոյեմբեր 28ը) շարունակ կռիւների մէջ է եղել արտաքին ճակատներում, Տաճկաստանի, Վրաստանի, Ադրբէջանի հետ, իսկ ներսում` Զօդում, Զանգիբասարում, ԲէիւքՎէդիում, Շարուր-Նախիջեւանում եւ Զանգեզուրում:

Այս բոլոր կռիւների մէջ նա պարտուել է եւ ապա գաղթի ճամբան է բռնել` տանելով իր հետ մի քանի հազար գիւղացիներ եւ զինուորներ»:

Տեսա՞ք, թէ ինչպէս է գրւում-կեղծւում մեր երէկուայ պատմութիւնը:

Մելիք Ֆրանգիւլի կաթնեղբայրն է յուշագրողը:

Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Ամէն ուրացող – ազգայնօրէն անբարոյացած ամէն էակ – իր ցեղը հռչակում է կենսաբանօրէն անբարոյական:

Ամէն դաւաճանող իր ժողովուրդը համարում է անարժան :

Նա այդ անում է իր անկումը արդարացնելու բնազդական հաշուով:

Նա այն հրէշն է, որ բռնուած անառաքինութեան մէջ, ասում է դատաւորներին. «Մեղքն իմս չէ, մայրս էլ առաքինի չէր»:

Ճշմարտութեան զգացումից զուրկ` ծեր ուրացողը օտարի չափ իսկ արդար չէ դէպի իր ժողովրդի անունն ու պատմութիւնը:

Նա էլ, հայոց պատմութեան կողմից անիծուած մեր դասական ուրացողների նման, նա՛ էլ միայն «պարտութիւն ու գաղթ» է տեսնում մեր ցեղի կեանքում, եւ լրբօրէն հեգնում «միայն երկուքուկէս տարուայ կեանք» ունեցող մեր անկախութիւնը:

Ուրացողին յատուկ չարութեամբ` նա ճգնում է արժէքազրկել այն ամէնը, որ վերջին տարիները դաւադրուած հայութիւնը ապրեց որպէս ազատագրական պայքար, որպէս հերոսութիւն եւ ողբերգութիւն:

Նա գիտէ, որ փառայեղ յաղթանակներ ունեցել ենք եւ մենք. նա, հէնց ինքը, յաճախ մեր զէնքի յաջողութեամբ գինով, իմ զինուորների ոտներն է համբուրել, եւ ներբողներից ամենաշքեղները հիւսել մեզ համար:

Նա գիտէ, նա չի մոռացել այդ բոլորը: Քիչ յետոյ կը կարդաք իր տողերն այդ մասին եւ կը տեսնէք մեզ համար հիւսած իր դափնիները, մեզ տուած իր փառակիր անունները:

Նա գիտէ, որ անմարդկային պայմանների մէջ, յուսահատ հերոսամարտերով անկախ հայրենիք ստեղծող ժողովուրդը արժանի է յաւիտենական փառաբանանքի ու խունկի, բայց եւ այնպէս ուրացողաբար նա թշուառաբանում է, թէ հայը իր անկախութիւնը կը պարտի թուրք դիւանագիտութեան:

Նա վկայ եղաւ Լեռնահայաստանի` թրքօ-բոլշեւիկ հորդաների դէմ վճռաբար ծառանալու այնքա՛ն հերոսական շարժուձեւին:

Հաւատափոխը գիտէ այդ բոլորը, գիտէ ճշմարտութիւնը, բայց խոստովանելու քաջութիւն չունի, որովհետեւ այսօր հաց տուողը խորհրդային իշխանութիւնն է, ո՛չ թէ ճշմարտութիւնը կամ տարագիր Նժդեհը:

* * *

Վերջապէս, տեսնենք, թէ ինչ է բարբաջում ուրացողը Նժդեհի մասին:

Ադրբէջանեան հորդաների,- ասում է նա,- եւ Ղափանի թիկունքում գտնուող Գեղւաձոր-Նախիջեւանի թրքութեան յաճախակի յարձակումները ու ոտնձգութիւննե՛րն էին պատճառ, որ Ղափանի ժողովուրդը եւ նրա ղեկավար մարմինները ճառեցին եւ երգեցին Նժդեհի գովքը եւ սինեմայի արագութեամբ բարձրացրին նրան գնդապետի, սպարապետի եւ գեներալի աստիճաններին» * :

Մեսրոպեան տառերին ծանօթ ամէն մարդ Տէր Մինասեանի այդ տողերից վճռապէս կ’եզրակացնէ, որ`

ա) գոյութիւն ունէր Սիւնիքին սպառնացող մի մեծ վտանգ:

բ) Նժդեհը յաջողած էր զինաթափել այդ վտանգը:

գ) Եւ այդ իսկ պատճառով, «ժողովուրդն ու նրա ղեկավար մարմինները» իր գովքը կ’երգէին:

Գիտէ ողջ լեռնահայութիւնը, որ Սիւնիք մուտք գործածս առաջին օրերից մինչեւ մեր այդ երկրամասի խորհրդայնացումը, Տէր Մինասեանը, որպէս ժողովրդի եւ նրա ղեկավար մարմնի մի անդամը, եղած է իմ խնկարկուն:

Պատասխանիս պիտի կցեմ պատմութիւնը կեղծելու աշխատող այդ թշուառականի մի շարք գրութիւններից մէկը-երկուսը, որ ընթերցողը տեսնէ, թէ վերջինս ինչո՞ւ եւ ինչպէ՞ս կը խնկարկէր նրան, որին խորհրդային իշխանութեան կողմից այսօր խծբծելու է կոչուած:

Աղուէսանուն «հայ մարդուկ»ը, ուղիղ 15 տարի յետոյ, ինքնամատչօրէն, լոյս ընծայելով ժամանակին իրեն գրածս երկտողը**, ինձ անուանում է «խռովարար»:

Խռովարա՞ր. այո՛, երկու տարուայ ընթացքում չորս անգամ տուած եմ բարձր «խռովարարութեան» ապացոյցը:

– Երբ Խատիսեանի կառավարութեան կողմից հրամայուած էր գաղթեցնել պաշարուած Գողթանի հայութիւնը, ես «խռովարարաբար» անգիտացայ այդ հրամանը, եւ Գողթանի հայութեան փոխարէն սրբեցի, տեղահանեցի թրքութիւնը, որով ոչ թէ միայն փրկուեց այդ շրջանի հայութիւնը, այլեւ գողթանցուն կարելիութիւն տրուեց կառչած մնալ Հայաստանի ամենաառաջնակարգ ռազմագիտական կէտերէն մէկին:

– Զօրավար Ղազարովը, տեղեկանալով, որ ես պատրաստւում եմ Ղափանի իմ ոյժերով շարժուել դէպի Գողթան` այդ վերջինը թրքական սրէն ու սովէն փրկելու համար` արգիլեց իմ արշաւանքը:

Նա իր արգելքը կ’արդարացնէր ռազմամթերքի պակասի եւ ձմեռ ժամանակ Կապուտճիկ լեռէն անցնելու անկարելիութեան կրկնակ պատճառներով:

Ես անգիտացայ եւ ա՛յդ հրամանը:

– Լեգրանի եւ Հայաստանի կառավարութեան միջեւ կնքուած պայմանագրի հիման վրայ` Հայաստանի զինուորական նախարարը, Դրոյի միջոցաւ, կը հրամանագրէր` թողնել Սիւնիքը եւ վերադառնալ Երեւան:

Վերին իշխանութեան ա՛յդ հրամանն էլ արժանացաւ իմ «անհնազանդութեան»:

– Վերջապէ՛ս, երբ վիրաւոր էի, եւ Երեւանեան զօրամասի հրամանատարութիւնը ինձ կ’առաջարկէր թողնել Սիւնիքը եւ վերադառնալ Հայաստան, ես «խռովարար»աբար Հայաստանի մայրաքաղաքի փոխարէն ընտրեցի լեռները, քաշուեցի Խուստուփ, որպէսզի հետագայում ստեղծուէր ինքնավար Լեռնահայաստանը, որպէսզի Ադրբէջանին թողնուած մեր Լեռնաշխարհը ոյժով կցուէր Հայաստանին, եւ որպէսզի հոգեբանօրէն կարելի դառնար փետրուարեան հակաբոլշեւիկեան պոռթկումը ու հայ մտաւորականութիւնը փրկուէր գլխովին ոչնչացումից:

Այսպէ՛ս, Սիւնիքում, մէկից աւելի անգամներ ես «խռովարար» հանդիսացայ, որպէսզի ճշմարտապէս կարողանամ ծառայել մեր հայրենիքին:

Թէ իմ «խռովարարութիւն»ից ի՞նչ շահեց Հայաստանը` գաղտնիք չէ ե՛ւ ուրացողի համար:

Տէր Մինասեանը չգիտէ, որ իմացականութեամբ ու սրտով փոքրիկ էակներին է միայն յատուկ` կուրօրէն կատարել վերէն տրուած ամէն հրաման:

Սրբագրելի է մարդկային ամէն հրաման, թէկուզ դա տրուած լինի մի երկրի կառավարութեան կողմից:

Կարող է սխալուել, տկարանալ ամենաբարձր իշխանութիւնն անգամ:

Մարդկային իմացականութեան դէմ խորապէս մեղանչում է նա, ով իրեն տրուած հրամանը չէ գործադրում ստեղծագործաբար:

Վտանգի ժամանակ, մասնաւորապէս, երբ մի երկրի եւ ժողովրդի լինել-չլինելու խնդիր կայ, դաւաճանութիւն է` զինուորական կանոնագրի այս կամ այն յօդուածի տակ վատօրէն թաքնուելը կամ անձնական պատասխանատուութիւնից փախչելը:

Նման պատմական պայմաններում` ղեկավարի չափանիշը, նրա հարցումը պէտք է լինի` ի՞նչ կը թելադրէ երկրիս ու ցեղիս յաւիտենական շահը, եւ ոչ թէ միայն` օրուայ իշխանութիւնը:

Կան վայրկեաններ, կան քաղաքական անցքերի այնպիսի ձախող դասաւորումներ, երբ իշխանութիւնները իրենց անզօր են զգում, աւելին` դառնում են տատանուող, զիջող, պարտուողական:

Իշխանութիւններ կան, որոնք իրենց ենթակայ պետերից սպասում են մարդկօրէն կարելին միայն:

Կան այնպիսիները, որոնք, անծանօթ մարդկային հոգեւոր մեքենան շարժող ոյժերին, ձեր անձի մէջ կարող են տեսնել սոսկական պետը, ինչպէս եւ ձեր ղեկավարութեան յանձնուած զօրքերի ոյժը նրա թուով, նրա տեխնիկայով միայն:

Վերջապէս, կարող են ափսոսալ ձեզ, խնայել, ձեզ պահել վաղուայ համար: Այդ բոլոր դէպքերում ձեզ կը մնայ, որ դուք, եթէ ճշմարիտ ղեկավար էք, որ դուք չափսոսաք ձեր անձը, որ դուք ներշնչէք ձեր զօրքին, ձեր ժողովրդին, թէ միայն թուական հաշիւներով կռիւ մղելը կամ կռուից խուսափելը ` պղծութիւն է մարդկային պատմութեան եւ զայն շարժող հրաշագործ ոգու դէմ:

Պե՞տ էք, ապա ուրեմն, ձեզ կը մնայ,- վստահ ձեր ցեղաշնչութեան,լուծել «նիւթ – ոգի» անտիթէզը, եւ նետուել դէպի վտանգը, մնալ պատնէշի վրայ, որ ասել է` դառնալ «խռովարար»: Հասարակ հացկատակներին տրուած չէ հասկանալ, որ իր երկրին, իր հոգին, իր ժողովրդի իրաւունքին կառչողին – վտանգը դիմագրաւողին, միայն մտքով անբարոյացածները կարող են խռովարար կոչել:

Նրանց տրուած չէ հասկանալ այդ կարգի խռովարարութեան վեհութիւնն ու փրկարարութիւնը: Գեդէոններին տրուած չէ նաեւ` տարբերել առաջնորդը պաշտօնեայից, ասպետը` հասարակ ձիաւորից:

Ճշմարիտ առաջնորդներ չեն նշանակւում – նրանք փնտռւում են, յայտնւում, պարտադրւում: Նշանակւում են պաշտօնեանե՛րը միայն, որոնք մի բան գիտեն` մեքենաբար կատարել վերից տրուած ամէն հրաման:

Եթէ Սիւնեաց աշխարհում, ես ինձ պետ, պաշտօնեայ համարէի, ես կատարած պիտի լինէի բարձր իշխանութեան ծանօթ հրամանները, որ ասել է` ես պիտի հաշտուէի Սիւնիքը Ադրբէջանին կցուած լինելու փաստի հետ:

Եւ այդ դէպքում, ի՛նչ խօսք, որ ուրացողները ինձ «խռովարար» անունը չէին տայ:

«Նա, Նժդեհը, չէ ուզել ոչ ոքի հաշուի առնել. նա Լեռնահայաստանի երկրորդ համագումարում յայտարարել է.

«Օրէնքն իմ կամքն է եւ իմ զինուորի նիզակը» :

Այսպէս է նկարագրում անցքերը ու վարքագրում ինձ բոլշեւիկեան ծեր գործակալը:

Անաչառութեան դէմ չմեղանչելու համար` Գ. Տէր Մինասեանի մասին վկայ կանչենք հէնց իրեն` Գ. Տէր Մինասեանին:

Թողնենք, որ այդ մարդը ինքնավկայութեամբ մերկացնէ ու դատէ իր անձը:

Այժմ դիմենք մի քանի վաւերաթղթերի` նախ տեսնելու համար, թէ նա, իսկապէս, դէ՞մ է եղել իմ վարած հակաբոլշեւիկեան կռիւներին, թէ՞ ոչ:

 

¹ Ուրացողի բառերն են:

² «Հայաստան», թիւ 185, Ֆիլիպէ. Հայաստանի «Նահանջ Բիւրոց»ը ինքնավար Սիւնիքի ընդմէջէն. Թռչնիկ, 1921, 10 Յունիս, Թաւրիզ: ** «Ազգ», թիւ 43, 1920, Նոյ. 15, Թաւրիզ:

³ «Ազգ», թիւ 43, 1920, Նոյ. 15, Թաւրիզ:

* Տէր Մինասեանի տգիտութեան ներելի է սպարապետութիւնը աստիճան
համարել: Դա պաշտօն է. այդ չգիտէ ուրացողը, բայց գիտէ, որ գնդապետի
աստիճանը ինձ տրուած է Հանրապետական Հայաստանի խորհրդարանի, իսկ
զօրավարի աստիճանը` Լեռնահայաստանի խորհրդարանի կողմից:

** «Առաջ քաշելով քեզ, կարծեցի, թէ քեզնից մի բան դուրս կը գայ, բայց
սխալուեցի. Նժդեհ»:


Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով