ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — ԹՐՔՕ-ԲՈԼՇԵՒԻԶՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԷՄ

ԹՐՔՕ-ԲՈԼՇԵՒԻԶՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԷՄ

Խորհրդային իշխանութեան, նրա թերթերի, բազմապիսի փողհարների եւ ջատագովների կողմից, թերեւս, ազգայնական ոչ մի գործիչ այնքան կրքոտ յարձակումների եւ զրախօսութեանց չէ ենթարկուել, որքան տողերս գրողը:

Մէկ ու կէս տասնեակ տարի է անցել այն ողբերգական օրից, ինչ մենք թողեցինք Հայաստան երկիրը, բայց եւ այնպէս, կարմիր իշխանութիւնը չէ՛ մոռացել, չէ՛ մոռանում, եւ դժուար թէ մի օր ի սպառ մոռանայ ինձ:

Եւ հասկանալի է դա, աւելի քան հասկանալի: Առաջին գնդակը` Կարմիր բանակի դէմ, արձակեց իմ զինուորը. եւ բովանդակ Ռուսաստանում եւ Անդրկովկասում վերջինը լինելով, նա թողեց կռուադաշտը:

Իմ ժողովրդական վաշտերն էին, որ ջարդեցին, զինաթափեցին եւ գերեցին XI Կարմիր բանակի գրեթէ բոլոր զօրամասերը, եւ, հակառակ հանրապետական Հայաստանի կառավարութեան եւ Մոսկուայի ներկայացուցիչ Լեգրանի միջեւ կնքուած պայմանագրին – որով Զանգեզուրը թողնուած էր Ադրբէջանին – իմ ժողովրդական բանակը, զէնքի ոյժով, խորհրդային իշխանութեան պարտադրեց իր կամքը – Սիւնիքի կցումը Հայաստանին:

Հայաստանի առաջին խորհրդայնացումից յետոյ, գրաւելով եւ ամբողջացնելով հայկական լեռնաշխարհը` ես ստեղծեցի ինքնավար Սիւնիքը, որը պիտի հանդիսանար որպէս հոգեբանական հրահրիչը Հայաստանի փետրուարեան համաժողովրդական ընդվզումի: Իսկ Երեւանի երկրորդ անկումից յետոյ` դա ծառայեց որպէս փրկութեան կամուրջ թրքօբոլշեւիզմի գազանից մազապուրծ եղած հայ մտաւորականութեան համար:

Հայոց պատմութեան ամենապատասխանատու մէկ վայրկեանին, երբ թուրքն ու բոլշեւիզմը կը դաւէին մեր ցեղի գոյութեան դէմ, դա հերոսական Սիւնիքը — որպէս հեքեաթային տիտան, իր մի բազուկը պահեց իր լեռների վրայ` թշնամու դէմ, իսկ միւսը նախախնամաբար երկարեց Արաքսի վրայ, որ Արարատեան դաշտէն պոկուած բազմահազար մտաւոր եւ մարտական ընտրանին անվնաս ու անաղէտ անցնի Պարսկաստան:

Այսպէս, այն կորովի դիմադրութիւնը, որին Կարմիր բանակը չէր հանդիպած Ռուսաստանում, տեսաւ մեր լեռնաշխարհում, ուր նա տասնեակ հազարներով սպանուածներ, գերիներ ու մեծաքանակ ռազմական աւար թողեց:

Մի ամբողջ տարի, մեր ժամանակներին գրեթէ անծանօթ դիւցազնութեամբ, Սիւնիքը հեգնեց Մոսկուայի անդրկովկասեան ոյժերը, նրան պատճառելով ծանրածանր կորուստներ, ջղայնութիւն եւ ամօթանք:

Ահա՛ թէ ի՞նչն է պատճառը, որ մինչեւ օրս էլ խորհրդային վարչաձեւի եւ հացի ամէն կարգի եւ երանգի բարեկամները ու գովիչները բանաւոր ու գրաւոր խօսքի թոյն են փսխում իմ հասցէին:

Մենք — ես եւ խորհրդային իշխանութիւնը — հին, կէս մոռացուած թշնամիներ չենք:

Ես էի եւ շարունակում եմ մնալ լենինեան գաղափարաբանութեան անհաշտ թշնամին: Մենք միայն զէնքի թշնամիներ չէինք, չե՛նք: Նմանները շատ շուտ են մոռանում թշնամանքը, եւ երբեմն էլ գիտակցում:

Մենք թշնամիներ ենք նաե՛ւ քաղաքական դաւանանքով, աշխարհայեցողութեամբ:

Եթէ այսօր դադար են առել զէնքերը, զարնւում են, չափւում են գաղափարները:

Եւ, որովհետեւ բոլշեւիկները պայքարում մարդկայնութիւն եւ բարոյական չեն ճանաչում — նրանց համար չկան իդէական հակառակորդներ, այլ` դասակարգային թշնամիներ միայն — նրանց թուղթէ գրոհները դեռ շարունակւում են եւ պիտի շարունակուեն:

Մեր փոխադարձ թշնամանքը ունի իր երրորդ սնուցիչը – թո՛ւրքը, որի հետ զինակցած Կարմիր բանակը երեւաց մեր դէմ, ռազմաճակատներում, Հայաստանում:

Մեր ողբերգութիւնը պայմանաւորուեց Լենինի «թրքացեղութեամբ» իմա՛ Բոլշեւիզմի թրքաշնչութեամբ, որ ասել է` նրա հայատեացութեամբ:

«Խորհրդ. Ռուսաստանը,- ժամանակին կը շեփորէր «Զանգեզուրի Կոմունիստ» հայատառ թերթը,պէտք է պաշտպանի եւ պաշտպանելու է Տաճկաստանի ազատագրական շարժումը: Դրա համար էլ Խորհրդ. Ռուսաստանը պէտք է ունենայ մշտական եւ անմիջական կապ Տաճկաստանի հետ, որի ճանապարհը Զանգեզուրն է, Նախիջեւանի վրայով» ¹:

Խորհրդ. իշխանութիւնը, ի մասնաւորի հայ մեծամասնականը գիտէ, զգում է, որ թրքօ-բոլշեւիկեան զինակցութեամբ հայութեան եւ հայ հայրենիքին հասցուած չարիքը հեշտութեամբ չի՛ ներուի, չի՛ մոռացուի:

Մոսկուան եւ իր հայանուն գործակալները գիտեն, որ կենսաբանական բարոյականի տէր հայութիւնը չէ կարող ներել նրանց, որոնք օգնութեան ձեռք երկարեցին թուրքին` իր պատմութեան ամենադժուարին մէկ վայրկեանին, եւ հայոց նորագոյն ողբերգութեան գնով իրականութիւն դարձրին թրքօ-բոլշեւիզմի հայադաւ եղբայրակցութիւնը:

Բաքւում, Երրորդ Ինտերնացիոնալի նախաձեռնութեամբ, 1920, Սեպ. 1-8 գումարուած Արեւելեան ժողովուրդների համագումարը եկաւ հաստատելու երեք բան`

Ա — Որ Մոսկուայի մէջ կնքուած թրքօ-սովետ գաղտնի զինակցութիւնը ստորագրուած էր վերոյիշեալ համագումարից առաջ.

Բ — Որ Մոսկուան վճռած էր Հայաստանը նուաճել Թուրքիոյ զինակցութեամբ, եւ

Գ — Որ Մոսկուա՛ն թուրքերին քաշեց, բերեց Հայաստան:

Մի քանի մէջբերումներ, առնուած այդ համագումարի սղագրուած արձանագրութիւններից, կը հաստատեն խօսքերիս բացարձակ ճշմարտութիւնը.

Զինովեւ . «Դուք գիտէք, ընկերնե՛ր, որ սովետական կառավարութիւնը օգնում է Քեմալին»:

Էնվէր փաշա . «Ընկերնե՛ր, ես սեղմում եմ այն բոլորի ձեռքը, որոնք մեզ հետ կ’աշխատեն մինչեւ սկսուած կռուի վախճանը…

Մենք ընդունում ենք, թէ Ադրբէջանը պատկանում է ադրբէջանցիներին»²:

Իբրահիմ Թալի . Անգորայի ներկայացուցիչը, որը համագումարը Հայաստանի դէմ գրգռելու եւ նախապաշարելու հաշուով ասում է. «Համաշխարհային իմպերիալիզմը իր ձեռքն երկարեց Թուրքիոյ կենսական շնչերակին եւ միանգամայն ուժասպառեց նրան:

Արեւմտեան կապիտալիստները վճռեցին թուրք գիւղացիութեան դէմ դարձնել իրենց օժանդակողներին — արեւմուտքէն` վենիզելիստներին, իսկ արեւելքէն` հայ դաշնակներին:

Անատոլիան վճռած է պաշտպանել իր ճակատագիրն ու անկախութիւնը մինչեւ իր վերջին զաւակի մահը, որով Ս ո վ ե տ Ռ ո ւ ս ի ո յ կ ո ղ մ ի ց ի ր ե ն երկարած բարեկամական ձեռքը նա ընդունում է կատարեալ անկեղծութեամբ» :

Զինովեւ . համագումարի վերջին նիստում. «Այստեղ յաճախ է լսւում Հայաստանի մասին: Գոյութիւն չունի մի եւ անկախ Հայաստան:

Մի կողմից կայ բանուորագիւղացիական Հայաստանը, որին մենք եղբայրական ձեռ ենք երկարում, միւս կողմից` անիծեալ, դահճական, դաշնակցական, բուրժուական Հայաստանը» (փոթորկային ծափահարութիւններ):

Եուսուֆ Քեմալ – թրքօ-բոլշեւիկ զինակցութեան ստորագրողը — այդ միեւնոյն օրերին, Բաքուէն կը հեռագրէր իր կառավարութեան, թէ այլեւս վճռուած է Հայաստանը նուաճել պատերազմով, որի դէպքում նախայարձակ պիտի լինի Թուրքիան, Կարմիր բանակին թողնելով` Հայաստանը նեղել հիւսիսէն:

Այդ մասին Մոսկուայէն տրուած հրահանգի մանրամասնութիւնները Քեմալը կը հաղորդէ Քեազիմ Գարապէքիր փաշային:

Թրքօ-սովետ զինակցութիւնը արագ կերպով իր բաղդին թողնուած Հայաստանի դէմ դարձնելու նպատակով, այդ օրերին Մոսկուայէն Բաքու եւ Բաքուէն Ղարաբաղ ու Նախիջեւան կ’երթեւեկէին մի շարք դաւադիր զինուորա-քաղաքական թուրք գործակալներ – նախկին ջարդարարներ:

Վերջինները կապ կը պահէին Ադրբէջանում կենտրոնացած Կարմիր բանակի, Ադրբէջանի յեղկոմի նախագահ Նարիմանովի եւ Հայաստանի ճակատի վրայ գործող թրքական ոյժերի զօրահրամանատարութեան հետ:

Մոսկուան այդ ջարդարարների ձեռքով պիտի գրէր մեր հայրենիքի նոր ճակատագիրը` եղերական:

Լսենք սրանցից մի քանիսին.

Դոքտ. Նազըմ . «Մոսկուայի կառավարութեան դիմելով` օգնութիւն եւ զէնք ուզեցինք»:

Քիւչիւք Թալէաթ . «Ես յանձնարարեցի Քեազիմ Գարապէքիր փաշային, որ բոլշեւիկների հետ շփման մէջ մտնէ: Այդպէս էլ եղաւ»:

Նայիմ Ջեւաթ բէյ . «1920 Յուլիսին, Գարապէքիր փաշային դիմելով, նրա հաւանութիւնը ստացայ:

Երբ Ղարաբաղ հասայ` նամակ մը ստացայ: Այդ նամակը ուղղուած էր Ջաւիտ բէյին, որ այդ ատեն Պայազիտ կը գտնուէր: Նամակը կը յանձնարարէր շփման մէջ մտնել նահանջող բոլշեւիկեան ոյժերու հետ: Կացութիւնը Պայազիտ հաղորդեցի:

Ասոր վրայ Գարապէքիր փաշայէն հեռագիր մը ստացայ, որով կը հրամայէր` «Նայիմ Ճէվատ բէյ ինչ կ’ուզէ թող ընէ բոլշեւիկեան նահանջող բանակը ³ Նախիջեւան թող բերէ» :

Գարապէքիրի հրամանի վրայ` Նուրի փաշան, թուրք եւ թաթարներից բաղկացած իր ոյժերը կը քաշէ Նախիջեւան եւ այսպէսով կը կապուի թրքական Բայազիդի հետ:

Կարմիր բանակը վերստին կը շարժուի Զանգեզուրի դէմ, եւ այսպիսով Հայաստանը կը դրուի երկու կրակների միջեւ:

Օրեր յետոյ` միեւնոյն Նայիմ բէյը կը հեռագրէ Գարապէքիր փաշային. «Զէնք եւ ռազմամթերք առնելով, յառաջացէ՛ք» :

Ջեւատ բէյ . «Յետոյ շփման մէջ մտայ բոլշեւիկեան հրամանատարութեան հետ:

Գարապէքիր փաշան` Խալիլ փաշային, Նարիման Նարիմանովին եւ բոլշեւիկեան բանակի հրամանատարութեան ուղղեալ երեք նամակներ գրած էր:

Այդ նամակներով բոլշեւիկներուն հետ գործակցութեան անհրաժեշտութիւնը կը ջատագովէր, եւ Խալիլ փաշայի կողմէ կատարուած ծառայութիւնների համար անոր շնորհակալութիւն կը յայտնէր:

Ասկէ զատ, թնդանօթի, զէնքի եւ ռազմամթերքի փոխադրութեան ատեն, օգտագործելու նպատակաւ, Ադրբէջանի մէջէն ճամբայ բանալու անհրաժեշտութիւնը պարզող երեք նամակներ ստացայ:

Ապահովեցի, որ Օգոստոսին, թրքական եւ բոլշեւիկեան բանակները իրարու միանան:

Յետոյ իմ ստացած հրահանգներու համաձայն, Խալիլ փաշայի հետ աշխատեցայ, որ երկաթուղիով ալ ապահովուի երկու բանակներու միացումը եւ Հայաստանը չկարենայ ասոր ընդդիմանալ:

Այս նպատակով Մոսկուա գացինք: Էնվէր փաշան արդէն հոն կը գտնուէր»4:

Ահա՛ եւ XI Կարմիր բանակի զինուորայեղափոխական խորհրդի անդամ` Հեկկերի վկայութիւնը Լենին-Քեմալ զինակցութեան մասին.

«…Զանգեզուրում յիրաւի տեղի է ունեցել մի ամօթալի դէպք, որի համար մենք մեզ չենք գովում: Խօսքս տաճկական գնդի մասին է, որ մենք ուղարկել ենք Զանգեզուրով Քեմալի մօտ:

Այդ ժամանակ ուրիշ ճանապարհ չկար: Գնդին կարգադրուած է եղել անցնել Նախիջեւան:

Ո՞վ կարող էր ենթադրել, որ տեղի կ’ունենան դժբախտ դէպքեր կամ թիւրիմացութիւններ, որ թէ ազգաբնակչութիւնը եւ այդ գունդը միմեանց դէմ զէնք կը բարձրացնեն այն էլ Կարմիր բանակի անուան տակ: 1921, 15 փետր.»:

Թրքօ-սովետ հակահայ դաւի մասին, վերջապէս, վկայելու կանչենք նաե՛ւ հայ քաղաքական հոսանքներից մէկին.

«Քողը — Զանգեզուրի եւ Ղարաբաղի ժողովրդին ուղղուած իր կոչի մէջ ասում է հայ սոցեալ-դեմոկրատ բանուորական կուսակցութեան կենտրոնական կոմիտէն,- պատռուել է եւ մերկանդամ իրողութիւնը հրապարակ է նետուել:

Կեղծիքը բացուել է եւ ցինիկ խաբեբայութիւնը թագցնել անկարելի է:

Մայիսեան խառնակութիւնների օրերին հայ բոլշեւիկները չէին հաւատում եւ պրովոկացիա էին համարում այն ուլտիմատում հեռագիրը, որ նոյն խորհրդային դարձած Ադրբէջանն ուղղել էր Հայաստանի կառավարութեան` Ղարաբաղն ու Զանգեզուրը մաքրելու համար հայկական ուժերից. այժմ ոչ միայն Ադրբէջանն է թրքական եւ ռուսական մեծ ոյժեր կենտրոնացրել Ղարաբաղի եւ Զանգեզուրի ուղղութեամբ, այլեւ հայ բոլշեւիկ կոչուած տականքները իրանց եռանդուն ծառայութիւնն են մատուցանում օտար ոյժերին:

Առաջ հայ բոլշեւիկները չէին ընդունում եւ աշխատում էին հերքել այդ փաստը, որ ռուսական բոլշեւիզմը գիտակցել եւ դաշնակցել է տաճիկթաթարական պանիսլամիզմի հետ — արեւելքում միացած գործելու համար:

Այժմ ոչ միայն չեն հերքում կամ ուրանում այդ փաստը, այլ եւ Բաքւում բուն դրած հայ տականքները, իրանց «Կոմունիստ»ի մէջ, օրն ի բուն ագիտացիա են մղում եւ ոյժեր կազմակերպում Հայաստանի դէմ, որպէս պետական անկախ միաւորի, եւ ջերմ փափաք յայտնում Հայաստանի վրայով ճանապարհ հարթել դէպի Անատոլիա եւ կամուրջ ձգել Ադրբէջանի եւ Տաճկաստանի միջեւ:

 

Հայ դեմոկրատիայի բոլոր թշնամիները խմբուեցին մէկտեղ հայ պետականութեան մահացու հարուած տալու համար:

Ռուսական բոլշեւիզմի եւ թուրք-թաթարական պանիսլամիզմի մերձարեւելեան նպատակները զուգադիպում եւ համերաշխում են իրար:

Այդ դիւային ծրագիրների իրականացման զոհ է բերւում հայ երկիրը:

Այդ իմաստով, հայկական դատին ու ազատագրութեան հաւասար թշնամիներն են ե՛ւ բոլշեւիզմը, ե՛ւ պանիսլամիզմը:

Բոլշեւիզմը, եւրոպական դեմոկրատիայից կատարելապէս նախատուած ու արհամարհուած, յուսախաբ` փարել է արիւնռուշտ պանիսլամիզմին եւ նրանից է օգնութիւն աղերսում:

Ապստամբ պանիսլամիզմը` մահուան դատապարտւած միջազգային յաղթանակով հզօրների կողմից, գալարուելով իր հոգեվարքի ժամերին, յոյսը դրել է ռուսական բոլշեւիզմի վրայ:

Երկուսն էլ պատմութեան չար անէծքի դատավճռին են ենթարկուած:

Ահա՛ սեւ դաւը, ահա՛ դիւային զինակցութիւնը, որի գործակալների կողմից Անդրկովկասում թափուած հակահայ աշխատանքների շնորհիւ, Բաքւում կենտրոնացած XI Կարմիր բանակը, մի օր, պիտի շարժուէր Զանգեզուրի դէմ, թրքական ոյժերի հետ` հարաւէն ու հիւսիսէն ռազմագիտական աքցանի մէջ առնելու Հայաստանը:

Ահա՛ հայադաւ զինակցութիւնը` թրքօ-բոլշեւիկ վկայութեանց լոյսի տակ:

Այլ վաւերագրերի եւ վկայութիւնների կարիք կա՞յ: Չեմ կարծում:

Մեր դաւադրուած հայրենիքի համար ստեղծուած այդ ծանրածանր պայմանների մէջ թոյլատրելի՞ է հարցնել, թէ Սիւնիքը պիտի ծառանա՞ր Կարմիր բանակի դէմ, թէ՛ ոչ:

— Այո՛, դա վճռաբար պիտի կտրէր քեմալական ոյժերին օգնութեան փութացող Կարմիր զօրքերի ճամբան, եթէ հաշուի առնելով ոյժերի փոխյարաբերութիւնը, անգա՛մ համոզուէր, թէ գերազանցապէս անհաւասար այդ կռւում իր լեռնոտ բոյնը ամբողջապէս կը վերածուի Լեոնիդասեան մի կիրճի, եւ որպէս նուիրական կտակ ու յիշատակ, նա դարերին իր աճիւնը կը թողնի:

Նա պիտի կռուէր եւ կռուեց դիւցազնաբա՛ր, որովհետեւ չէր կարող տկարանալ, երբ իր հայրենիքն էր դաւադրուած:

Նա կռուեց, որովհետեւ թուրքը, Երրորդ Միջազգայնականի սադրանքներով, մահուամբ կը սպառնար Հայաստանին եւ անոր անկախութեան:

Եւ, ի՞նչ խօսք, որ նման պայմաններում մի սիւնեցի, մի նոր Մելիք Ֆրանգիւլ կարող էր տկարանալ, վաճառուել, դաւաճանել: Սիւնիքը` երբե՛ք:

Նա միշտ էլ եղած է հաւատարիմ իր ցեղին — հայոց պատմութի՛ւնը վկայ:

Մի վսեմ փառասիրութեամբ` նա պատնէշի վրայ մնաց եւ ա՛յն օրերին, երբ իր ճակատագրի ղեկավարութիւնը յանձնած էր ինձ:

Փա՛ռք իրեն:

¹ «Զանգեզուրի կոմունիստ», N 2, 1920, 20 Նոյեմբեր:

² Էնվէրի խօսքը վերաբերում է Զանգեզուրին, որի մեծ մասն այդ ժամանակ գրաւուած էր Կարմիր բանակի կողմից:

³ Զանգեզուրէն:

4 Այս յայտարարութիւնները տրուած են Էնկիւրիի անկախութեան դատարանի առջեւ դատուող հակաքեմալականների կողմից, 1926ին:

 

Գարեգին Նժդեհ