ԻՄ ՄԱՐԳԱՐԵՆ

Փառապսակ Զավարյանին

(Ecce homo!-Ահա՛ մարդը)

Զոհաբերի՛ր…

Զոհաբերի՛ր անվերջ, առանց մնացորդի:

Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել` բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ… եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված…

Այսպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը…

Մոռացի՛ր քեզ…

Հանուն թշվառների` մոռացի՛ր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում…

Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան…

Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան. թող քո ցավը` թշվառի ցավը, քո Աստվածը թշվառի Աստվածը լինի…

Այսպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը:

Եղի՛ր հպարտ…

Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստի՛ր…

Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց…

Եղի՛ր ազատ…

Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալիդ առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր…

Եղի՛ր բացարձակ…

Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել…

Այսպես է պատգամում իմ մարգարեն իր աստվածաշունչ խոսքը, եւ հոգիս` նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թեւերն է պարզում…

 

Գարեգին Նժդեհ