ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 9

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

VIII

ԴԱՍՏԻԱՐԱԿԻՉ ՏՕ՛ՆԵՐ

«Ամենափառաւորը տեսարաններից –

դա ժողովն է մի ժողովրդի»:

 

Իմ օտարազգի բարեկամներից մէկը մի օր հարցնում էր ինձ. «Մի՞թէ հայերդ ազգային որեւէ տօն չունէք: Հրեաների խանութները կարելի է յաճախ փակ տեսնել, իսկ հայերինը միշտ էլ բաց են»:

Նոյն զարմանքը կարող է յայտնել ե՛ւ յոյն ե՛ւ ռոման ե՛ւ եւրոպացի մտաւորականը:

Մեր ազգային տօները շարունակում են մնալ մեր Եկեղեցու սեփականութիւնը:

Հայ ժողովրդի նիւթականապէս ապահով եւ նիւթականացած մասը իրեն ազգայնօրէն եւ մարդկօրէն պարտական չի զգում յարգելու իր ազգային տօները:

Այդ նւիրական օրերին հանդիսատեղիներում կարելի է տեսնել մեր ժողովրդի խոնարհ տարրերին միայն, իսկ նիւթականացած բարեկեցիկը, հարուստը – չնչին բացառութիւնով – չի երեւայ այդ օրերին: Նա միջոցներ ունի, օտար երկնքի տակ ապրելու լայն հնարաւորութիւն ունի նա:

Նրան պէտք չէ հայրենասիրութիւնը: Կա՞յ հայրենիք – լա՛ւ, չկա՞յ – ոչի՛նչ, առանց նրան էլ կարելի է ապրել:

***

Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին: Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում: Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են: Մրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից:  Պարտականութիւններ չունեն սրանք: Մարդ չեն սրանք:

Ա՜հ, այդ «վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ, որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն: Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. «Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ»:

***

«Կայ մի կարգադրութիւն,- ասում է հռչակաւոր Ռոբեսպիէրը – որը պէտք է համարել որպէս էական մասը ընդհանուր դաստիարակութեան»: Խօսքս ժողովրդական տօների մասին է: Հաւաքէ՛ք մարդկանց ե  դուք նրանց կըդարձնէք աւելի բարի: Հաւաքւած մարդիկ պիտ աշխատին հաճոյանալ իրար, իսկ հաճոյանալ կարող են միայն գործերով, որոնք նրանց դարձնում են յարգանքի արժանի: Տւէ՛ք նրանց միութեան մի ուժեղ մղում – բարոյական, քաղաքական – եւ սէրը դէպի ազնիւ գործերը, բաւականութեան հետ, կը թափանցեն նրանց սրտերի մեջ… Ամենափառաւորը տեսարաններից՝ դա ժողովն է մի մեծ ժողովրդի:

Տօները անկասկած կը լինեն միաժամանակ եւ ամենահաճելի կապը եղբայրութեան եւ ամենաուժեղ միջոցը վերածնութեան:

Ունեցէ՛ք ընդհանուր տօներ հանրապետութեան համար:

Ունեցէ՛ք մասնաւոր տօներ ամէն տեղի համար, որոնք պիտի վերականգնեն այն, ինչ որ եղծել են, կործանել անցքերը:

Թող բոլորը ճգնեն արծարծել ազնիւ զգացումներ – հրապոյրն ու զարդը մարդկային կեանքի  -ազատասիրական ոգեւորութիւն, հայրենասիրութիւն»…

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով