ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 7

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

VI

ԿՈՒՍԱԿՑԱՄՈԼՈՒԹԻՒՆ

Կուսակցամոլը – դա թշնամին է իր ժողովրդի,

բարեկամը՝ իր ժողովրդիթշնամիների:

 

Չկայ աւելի մեծ չարիք, աւելի մեծ աղէտ ժողովրդի համար – մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար – քան կոյր կուսակցամոլութիւնը: Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտութիւններ, նրա համար չկայ հասարակական շահ, պետական բարոյական: Նրա համար օտար է այն ամէնը, ինչ որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ – անընդունելի է եւ անհանդուրժելի: օափահարելի է միայն այն, ինչ որ բղխում է իր կուսակցու թիւնից: Կուսակցականօրէն կոյր այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հաւասար է ամէն ինչի, միայն ոչ չորսի:

Նմանը ե՛ւ տեսնում է ե՛ւ չի տեսնում, ե՛ւ հասկանում է ե՛ւ չի հասկանում:

Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակցնել, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը, օրինակ՝ համոզել թէ ամբողջութիւնը մեծ է, շատ է իր մի մասից:

Կուսակցամոլութեան չար ոգին աստիճանաբար մթագնում է սրանց բանականութիւնը, կլանում խիղճը, եւ, վերջ ի վերջոյ, ի սպառ սպանելով այդ դժբախտի բարոյական կարողութիւնները, դարձնում է սրան բարոյական ապուշ:

Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր – ահա՛ սրա «կուսակցաշէն գործունէութիւնը»:

Նա թունաւորիչն է ազգային կեանքի: Նա թշնամանք, ատելութիւն, անհամբերողութիւն է սերմանում միեւնոյն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցութիւնների միջեւ:

Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ոյժերը: Նա հասարակութեան թշնամին է, բարեկամը իր ժողովրդի թշնամիների: Դա անէծքն է մեր կեանքի: Կուսակցամոլութեան թունալի ախտով բռնւած ժողովրդի ներկան տխուր է, ապագան՝ անյուսալի:

Այդ ախտով հիւանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտւած է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարեւանների համար:

Կուսակցամոլութիւն, կուսակցական եսականութիւն, անհամբերողութիւն – այս զզւելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը՝ հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը՝ ազգային եւ հասարակական զգացումների տհասութեան.

Հոգեպէս անառողջ է կուսակցամոլը: Ամէն ինչ կուսակցութեանս համար – ահա՛ սրա հասարակական բարոյականը:

«Պետութիւնը՝ դա ես եմ»,- ահա՛ նրա պետական բարոյականը:

Սրա կուսակցական «զարգացումը», ասացինք, վերջ ի վերջոյ պսակւում է բարոյական ապշութեամբ. տխո՜ւր վախճան, որին դեռ ձգտում են հազարաւորները, որը, ի դժբախտութիւն հայ ժողովրդի, մեր որոշ կուսակցութիւնների կողմից դեռ համարւում է քաղաքական առաքինութիւն:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով