ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 3

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

II

ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՈՒԱԾ

«Թուլութիւնն ստեղծւած է սնուցանելու ոյժը»:

Պիտ ապրի՛ եւ հայ ժողովուրդը: Պիտ ապրի՛, որովհետեւ այդպէ՚ս է ուզում ինքը:

Բայց ի՞նչպէս, ինչի՞ շնորհիւ, ի՞նչ տւեալներով, գրաւակա՞նը:

Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թէ երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպէս այսօր:

Գիտակցո՞ւմ է, թէ անցեալում իր վիճակը, իր ֆիզիքական գոյութեան ապահովութեան տեսակէտից աւելի նւազ մտահոգիչ է եղել, քան այսօր:

Մինչեւ իր ազատագրական ընդվզումները օտար լծերի տակ, մի տեղ որպէս պարզ ստրուկ, մի այլ տեղ՝ հաւատարիմ հպատակ եւ ամէն տեղ՝ իր քրտինքով տիրող տարրը կերակրող – նա հանդուրժելի էր իշխող ժողովուրդների կողմից: Աակայն այսօր նա այն չէ, ինչ որ էր երկու-երեք տասնեակ տարի առաջ: Նրա հոգեբանութեան հետ փոխւել է եւ իր վիճակը:

Թրքահայկական նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպէս մեծ գերեզմաններ: Արարատեան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը, ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրայ – մի կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի մահմեդականութեան համար:

Այժմ նրա աշխարհագրական դիրքը աւելի մտահոգիչ է, քան իր քաղաքական ճակատագիրը:

***

Հանրածանօթ իրողութիւն է, որ ռուսական տիրապետութիւնից ազատւելու ցանկութեամբ թաթար Ադրբէյջանն երազել է եւ պիտ երազի մի օր տաճիկներին տեսնելու Անդրկովկասում:

Ծանօթ իրողութիւն է եւ այն, որ Տաճկաստանը փորձել է եւ պիտի փորձի մի օր Ադրբէյջանի եւ Դաղստանի իսլամութիւնը, ինչպէս եւ Անդրկովկասի բնական ամրութիւնները դարձնելու պատնէշ Ռուսաստանի դէմ:

Ասել է՝ մեզ, մեր ժողովրդին վիճակւած է մի օր կենաց ու մահու կռիւ մղելու համիսլամ երկրների՝ մեր վրայով իրար միանալու ձգտման դէմ:

Դժւարի՛ն պայքար:

***

Բացէ՛ք քարտէսը եւ ձեր տեսողութիւնը սեւեռէ՛ք այն փոքրիկ տարածութեան վրայ, որը կազմում է այսօրւայ Հայաստանը՝ Արարատեան դաշտի մի մասը եւ Սիւնեաց երկիրը:

Աչքի անցկացրէք այն գիծը, որը նրա արդի սահմաններն է կազմում: Տաճիկները Իգտիրում՝ էջմիածնի պատերի տակ: Թաթարը Շարուրում՝ Երեւանի պատերի տակ: Նոյնը Նախիջեւան-Օրդուբադում՝ դարանամուտ՝ Սիւնիքի թիկունքում: Արեւելքից էլ՝ Ադրբէյջանը: Տեսնո՞ւմ էք. դա այլ բան չէ, քան մի երկաթէ օղակ հայ երկրի շուրջը:

***

Կայ՝ մեր երկրի եւ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը դժւարացնող եւ մի այլ պարագայ:

Դիմէ՛ք քարտէսին, նա կը պարզի ձեզ եւ այդ դժբախտ պարագան: Վտանգի դէպքում թշնամին ժամերի ընթացքում կը բաժանի Ալէքսանդրապօլը Երեւանից, իսկ վերջինը՝ Սիւնիքից: Քարտէսը ցոյց կը տայ եւ հետեւեալը. Արաքսի ափով Ադրբէյջանին միանալու համար մահմեդականութեանը հարկաւոր է 2-3 ժամ:

Նոյնը մի այլ գծով՝ Սիսիանի վրայով, կարող է միանալ Ադրբէյջանին գրեթէ նոյնքան ժամանակի ընթացքում: Նոյնը ժամերի ընթացքում կարող է անել եւ Կապանի վրայով: Սեղմ ասած՝ Արեւելքի եւ Արեւմուտքի մահմեդականութիւնը ժամերի ընթացքում առնւազն եօթը տեղով կարող է զատել իրարից հայկական գաւառակները եւ միանալ, ի հարկէ, հայ ժողովրդի վրայով:

***

Եթէ Հայաստանի աշխարհագրական դժբախտ դիրքի եւ նրա փոքրիկ ծաւալի հետ հաշւի առնէք նաեւ մեր ժողովրդի քանակը, նրա հատւածականութիւնը, նրա քաղաքական իդէալը, նրա եւ իր իսլամ հարեւանների փոխյարաբերութեանց առանձնայատկութիւնը, ձեզ համար իր բովանդակ սպառնալիութեամբ կը պարզւի մեր ժողովրդի վտանգւած ապագան:

Ծանօթ վիճակի մէջ հայ ժողովուրդը իր արդի հոգեկան կառուցւածքով կարող է իր գոյութիւնը հրաշքով պահել: Այդ դրութեան մէջ վտանգւած է նրա ապագան: Բայց եւ այնպէս նա ուզում է ապրել որպէս ազգ եւ պիտ ապրի:

Բայց ինչպէ՞ս, ի՞նչ տւեալներով: Չկորչելու համար, մեր դարը եւ մեր աշխարհագրական դիրքն ու ծանօթ դժբախտ պայմանները, որոնց մէջ ապրում է մեր ժողովուրդը, պահանջում են լինել ուժեղ, էլի՛ ուժեղ եւ մի՛շտ ուժեղ:

Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ ազգովին:

Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին. ահա՛ հրամայականը:

Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիութիւնը առ ոչինչ դարձնի մեզ ծանօթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժւարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանութեան գործը:

Թւական, թեքնիք, ընդհանրապէս նիւթական տեսակէտից մեր ժողովուրդը, հասկանալի պատճառներով, երբեք չի կարող ուժեղ լինել իր հարեւաններից: Սակայն ոյժը՝ միայն նիւթական ազդակները չեն, այլ եւ մի ժողովրդիառաքինութիւնները:

Կայ հոգեբանական գերադասութիւնը, կայ բարոյական ոյժը – աշխարհի պէս հին, բայց միշտ էլ թարմ եւ հրաշագործ, որին տիրապետող ազգը քիչ անգամ է գլուխծռել իրենից նիւթապէս տասնապատիկ ուժեղ թշնամու առաջ:

Բարոյական ոյժն է գօտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներինանհաւասար կռւում. նա՛ է դէպի յաջողութիւն ու յաղթանակ առաջնորդումթւապէս թոյլերին՝ մեծամեծ հակառակորդների դէմ: Նա՛ եղել է եւ է՛ այսօր միակապաւէնը մեզ նման փոքր ժողովուրդների:

Եւ այսօր, մեր դրութեան մէջ, միայն նա՛ – բարոյական ոյժը, կարող է ապրեցնելմեզ: Ուրեմն, ճանաչենք նա որպէս մի ընդհանուր Աստւածութիւն, լինենք ուժեղ – արեւի տակ մեր տեղն ու գոյութեան իրաւունքը պահելու համար:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով