ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 12

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

XI

ԲԱՐՈՅԱՇՈՒՆՉ ՄԹՆՈԼՈՐՏ

Ազգերին, որպէս իրենց ստւերը,

հետեւում է իրենց արժանի բախտը: 

 

Իր ճակատագրի դարբինն է ամէն մի ժողովուրդ: Վաղ թէ ուշ, նա դառնում է այն, ինչ որ ուզում է լինել այսօր:

Այսօրուայ նրա իդէալը – դա միաժամանակ եւ մարգարէացումն է, եւ խոստումն այն բանի, ինչ որ վերջ ի վերջոյ պիտ դառնայ նա:

Անհատ, խմբակցութիւն, ժողովուրդ – հոգեբանօրէն այլ բան չեն այդ բոլորը, քան իրենց իդէալի ստեղծագործութիւնը:

Մարդկային բոլոր ցեղերը բոլոր ժամանակներում ունեցել են մի որոշ իդէալ – որպէս մի իւրատեսակ ոգի, որը իմաստ եւ վեհութիւն հաղորդելով նրանց կեանքին՝ փրկել է նրանց բարոյական փտութիւնից:

***

Չկա՛յ աւելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյութիւնը:

Յանցանք է դա, մահացու յանցանք:

Նպատակն է թելադրում գերագոյն պարտականութիւններ. նա պահանջում է ճիգեր ու զոհողութիւններ, որոնց մէջ կոփւում են անհատի եւ ժողովրդի լաւագոյն առաքինութիւնները, որոնց կատարումը, Աքիլլէսի նիզակի նման, բուժում է իր հասցրած վէրքերը:

Նպատակն է բարոյապէս շարժում անհատներն ու ժողովուրդները: Նա փրկում է մահացու ճահճացումից եւ բարոյական անկումից: Անհատի եւ ազգի գոյութեան արեւն է նպատակը: Նա լուսաւորում է եւ ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը: Նա համախմբում է մեր ոյժերը, լարում մեր կամքերը, եւ անդիմադրելիօրէն քաշում մեզ դէպ իրեն՝ դէպ յաղթանակ:

Դժւարին, բայց թագաւորական է իդէալի ճանապարհը: Նրա ծայրին՝ դէպ իդէալի հեւիհեւ առաջացող ժողովրդին թագն է սպասում: Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագաւոր – ժողովուրդ:

***

Գերագոյն նպատակ ունի եւ մեր ժողովուրդը՝ միացեալ եւ անկախ հայրենիք:

Բայց շնորհիւ տիրող հասկացութիւնների, տեսակէտների, ձգտումների քաոսի եւ սրա առաջացրած առօրէական աննպաստ հոգեբանութեան, նրա մի մասի մէջ սկսել է գունատւել այդ նպատակը: Նրա մէջ թուլանալ է սկսել ձգտումը դէպի նպատակը: Եւ նա, որ գոյութեան կռւում չկորչելու համար հրամայողաբար պիտ լինէր անխորտակելի ժայռ, իր աննպատակ գոյութեամբ պիտ դառնայ փոշէ բլուր:

***

Խոզերն ու նիւթապաշտները չեն սիրում կտրել իրենց հայեացքը ցեխից:

Մենք, որ նիւթակրօն խոզութեան մէջ անհատի եւ ժողովրդի բարոյական անձնասպանութիւն ենք տեսնում, աւելի յաճախ նայենք վերեւ եւ հեռուն:

Մարքսից գերադասենք Կարլէյլը, Հեգէլից՝ էմերսընը:

Լինե՛նք գաղափարապաշտ:

Նիւթապաշտութեան առջեւից ընթանում է զզւելի ֆիլիստերականութիւնը (քաղքենիութիւնը – խմբ.), իսկ այդ վերջինը նախապատրաստում է բարոյական անկումը անհատի, ազգի:

***

Փրկարար դեր պիտ կատարէին մեր թերթերն ու գրողները, եթէ իրենց  ընթերցողներին յաճախ հնարաւորութիւն ընձեռնէին, մոռացութեան տալու անփառունակ եւ տխուր ներկան եւ ապրելու անցեալի փառքերով ու ապագայի յոյսերով:

Հոգեպէս մանրանում եւ ճահճանում են միայն ներկայով կլանւած հասարակութիւնները: Կէս կեանքով են ապրում այն ժողովուրդները, որոնք – հեռու անցեալի եւ ապագայի ազդեցութիւններից – իրենց կեանքին չեն խառնում իրենց անցեալի փառքերն ու ապագայի յոյսերը: Այդպիսիները վտանգում են իրենց  պագան, փորում իրենց սեփական գերեզմանը:

***

Կայ բարոյական մթնոլորտը, ուր, ինչպէս եւ մեզ շրջապատող մթնոլորտում, տեղիեն ունենում մակընթացութիւններ ու տեղատւութիւններ մտքերի, գաղափարների, զգացումների, որոնք շնչում է մարդս, իւրացնում եւ փոխանցումիր նմաններին:

Վսեմ ու ազնիւ գաղափարներով լցնենք այդ մթնոլորտը – գաղափարներ, որոնքսրբէին, մաքրէին մեր կեանքը, արի եւ առաքինի դարձնէին մեզ, մեծ եւ փառահեղ գործերի մղէին մեզ:

Գաղափարներ, որոնք հակաթոյն լինէին բոլոր տեսակի անբարոյացուցիչ եւ քայքայեցուցիչ ազդեցութիւնների դէմ:

Գաղափարներ, որոնք փրկել ու փրկում են անհատներն ու ժողովուրդները բարոյական նեխութիւնից:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով