ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 10

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

IX

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

Ինքնապաշտպանութիւն – դա միակն է

արւեստներից, որի թերութիւնները գրչի,

վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է

թշնամու արնոտ սուրը:

 

Ինքն իրեն յարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանութեան յոյսը դնում է նախ իրբազուկի, իր զէնքի վրայ:

Իր ոյժերից զատ ամէն ինչի ապաւինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:

Ահա՛ թէ ինչու անկախութեան բարիքներից լիուլի օգտւելու իրաւունքը ձեռք բերելու համար, ժողովուրդները նախ հրամայողաբար ձեռք են բերում ինքնապաշտպանութեան բարդ արւեստը, որը պահանջում է լինել ուժեղ, էլի՛ ուժեղ եւ մի՛շտ ուժեղ:

Եղի՛ր այնքան ուժեղ, խրատում է պատմութիւնը, որ թշնամիդ չյանդգնի յարձակւելու:

Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վայրկեան պատրաստ ես պատերազմելու, եւ նա կը հրաժարւի զինու ոյժով քեզ անհանգստացնելու մտքից – ահա՛ սկիզբն ու վախճանը քաղաքական իմաստութեան:

***

Ինքնապաշտպանութիւն –  դա միակն է արւեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը:

Ապահով չէ այն ժողովուրդը, որը կատարելապէս չի տիրապետում այդ արւեստին:

«Մի զինւոր սպանում է Արքիմեդին»:

Ոչինչ արժէ բազմարւեստ ժողովուրդը, եթէ նա անվարժ է, թոյլ է այդ արւեստի մէջ:

Տխուր ապացոյց ասածներիս – արեւմտահայութեան մի մասի կրաւորական ոչնչացումը:

Մի ժողովրդի՝ անկախ կեանքի բարիքներից յարատեւօրէն օգտւելու համար անհրաժեշտ է երկու բան, առաջինը՝ ինքնայարգանք, երկրորդը՝ ռազմունակութիւն:

***

Մեր պատմութեան մէջ մի բան միշտ էլ ինձ ցաւով եւ ամօթով է լցրել: Դա մեր ժողովրդի մի մասի կրաւորական նահատակութիւնն է: Հարիւր հազարաւորները հեզաբար առաջնորդւել են դէպի ձորերն ու ծովափերը՝ ոչնչացւելու:

Արգահատելի է կրաւորաբար նահատակւող ժողովուրդը: Նա տուժում է եւ բարոյապէս: Նա իր նկատմամբ առաջացնում է արգահատանք եւ ոչ յարգանք: Նրա համար գուցէ եւ ցաւեն, բայց նրան չեն զինակցի: Թոյլերը զինակից չեն ունենում: Անբարեկամ են մնում այն ժողովուրդները, որոնց մէջ մեծ թիւ են կազմում անհայրենասէրները, անմարտունակները, անարիները – տարրեր, որոնց վտանգի ժամանակ միշտ էլ վիճակւում է աճեցնելու կրաւորական զոհերի թիւը:

***

Մի ժողովրդի բարոյա՜քաղաքական արժէքը մատնում է նրա ինքնապաշտպանութիւնը:

Նա այն է, ինչ որ են իր որդիները՝ կռւում, կռւադաշտում: Նրա մարտիկները գիտե՞ն հեգնել մահը – նա ուժեղ է եւ արժանի յարգանքի:

Նա կարող է ժամանակաւորապէս պարտւել, տեղի տալ, բայց չի կորչի: Նրա բարեկամութիւնը կը փնտռեն բոլորը, նրան կը զինակցեն բոլորը:

Անփառունա՞կ է նրա մարտիկների մահը – նա թոյլ է, յարգանք չներ- շնչող, անբարեկամ, անզինակից եւ յաճախ՝ ողբերգօրէն մենակ: Արիութիւնը, Կարլայլիանմահ արտայայտութեամբ, եղել եւ շարունակում է մնալ որպէս «յաւիտենական պարտականութիւն»: Այս բարձր յատկութիւնն է փրկում ազգերը ֆիզիքական եւ բարոյական անկումից: Արիութիւնը – դա այն արժէքն է, որով ժողովուրդները գնում են իրենց անկախութիւնը: Ազատ եւ անկախ հայրենիք ունենալու, ազատ եւ անկախ ապրելու իրաւունքն է արիութիւնը:

***

Ամէն մի կռւից յետոյ պարզւում է հետեւեալը. սպանւած՝ այսքան, վիրաւոր՝ այսքան, անյայտ կորած՝ այսքան:

Անյայտ կորածները – դա վատասիրտ դասալիքներն են, թշնամու բարեկամները: Տարբերութիւնը սրանց եւ կրաւորական զոհերի միջեւ այն է, որ սրանք մեռնում են միայն բարոյապէս:

Ողբալի է այն ժողովուրդը, որն իր ինքնապաշտպանութեան կռիւներում կրաւորաբար մեռածների – ֆիզիքապէս թէ բարոյապէս – մեծ թիւ է տալիս:

Խղճալի՛ է նման ժողովուրդը, որի մէջ «անյայտ կորածները» վտանգի ժամանակ լեգէոն են կազմում:

Նման ժողովրդի ամէն մի պարտութիւնը դառնում է նրա Վատերլօն, նրա վերջնական պարտութիւնը:

Դա կարող է մի օր անյայտանալ, կորչել, տալով իր տեղը զօրաւորին, ռազմունակին, արիին:

***

Եթէ քաջ ես, ժողովուրդ, քեզ հետ են անգամ քո երկրի դէմ պատերազմական գործողութիւներ սկսած թշնամիներդ, քեզ հետ է նրանց համակրանքը: Ահա՛ ոյժնու արժէքը արիութեան, քաջութեան: Եթէ քաջանուն ես, ժողովուրդ, քեզ հետ են շատերը, քեզ հետ են բոլորը:

«Մի օր մեզ պէտք կը գայ»,- մտածում են քաջ ժողովրդի հարեւանները եւ խախտելով իրենց չէզոքութիւնը, նետւում են կռւադաշտ նրա համար եւ նրա հետ կողք-կողքի կռւելու թշնամու դէմ:

Չքանալու դատապարտւած անարի ժողովրդի հետ ոչ ոք է կապում իր ճակատագիրը: Ոչ ոք թոյլերի անխուսափելի պարտութիւնը բաժանելու յիմարութիւնը ունի: Ոչ ոք է իր զէնքի պատիւը վտանգի դնում մարդասիրաբար:

ժողովուրդները եւ սրանց կառավարութիւները մարդասէր չեն եւ չեն լինում: Եւ ոչ ոք իրաւունք ունի պահանջելու սրանից՝ մեռնել մեռնողի հետ:

Ահա՛ թէ ինչու ժողովուրդներն անկախ ապրելու համար պարտադրօրէն նախ ցոյցեն տալիս, որ իրենց մէջ երկաթ կայ, որ իրենց որդիները արիաբար մեռնել գիտեն, որ կրաւորական զոհերը՝ գերեզմանում, իսկ դասալիքները՝ իրենց երկրում տեղ չունեն:

Աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին, որոնց առաջ խոչերն ու խոչընդոտները վերածւում են մարմարիոնէ սանդուխների դէպ առաջ ու վերեւ, դէպ յուսալի ապագան:

Լինենք ուժեղ:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով