Գարեգին Նժդեհ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ

1. Բուլղարիայի Դաշնակցությունն այդ կուսակցության հնագույն շրջանային կառույցներից է:

Հիմնադիրներ Քրիստափոր Միքայելյանը եւ Ռոստոմ Զորյանն իրենց առաջին հեղափոխական քայլերն արել են այս երկրում: Բուլղարիան որպես հենակետ է ծառայել Դաշնակցության հակաթուրքական գործունեության համար: Այստեղ է առաջացել հայ-մակեդոնական եղբայրությունը` որպես սուլթանական Թուրքիայի դեմ ընդհանուր ճակատ:

Օտոմանյան բանկի ստամբուլյան բաժանմունքի զինված ներխուժման եւ սուլթան Աբդուլ Համիդի դեմ մահափորձի բոլոր նախապատրաստական աշխատանքներն անցկացվել են Բուլղարիայում: Հենց այդ ժամանակահատվածում էլ տեղի ունեցավ առաջին պառակտումը Դաշնակցությունում: Ստամբուլյան հայտնի չհաջողված մահափորձից հետո նրա մասնակիցներից երկուսը` Սաֆոն* ու Քրիսը, դժգոհ կուսակցության գործողությունների ոճից, սկսեցին շարքային դաշնակցականներին լարել Բյուրոյի դեմ: 1906թ. Վառնայում հայտնի հեղափոխական գործիչ Վարդ Պատրիկյանի խմբագրությամբ սկսեց լույս տեսնել «Շարժում» թերթը (բացահայտորեն ուղղված Բյուրոյի դեմ): Զգալի թվով շարքային անդամներ հեռացան Դաշնակցությունից եւ հարեցին Վարդ Պատրիկյանի շարժմանը: Վերջինս 1917թ. սպանվեց դաշնակցական ահաբեկչի կողմից: Այսպիսով, Դաշնակցությունում տեղի ունեցավ ճեղքվածք:

2. 1906թ. Բուլղարիան դեռ Թուրքիայից կախված վասալ երկիր էր: Բուլղարական կառավարության թույլտվությամբ Դաշնակցությունը պատմական Ռիլա վանքում կազմակերպեց իր զինվորական դասընթացները, որոնցում բուլղար սպաները սկսեցին պատրաստել շուրջ 50 երիտասարդ հեղափոխականների: Դասընթացների խնդիրն էր նրանց` որպես զինվորական հրահանգիչների, նախապատրաստական աշխատանքներ տանելու համար ուղարկել Թուրքիայի հայերով բնակեցված եվրոպական ու ասիական շրջանները:

Այդ դասընթացների ղեկավարներից Փանովը (Նժդեհի համագյուղացի Ռաշիդ Տեր-Մաթեւոսյան — խմբ. ) կուրսանտների շրջանում սկսեց քննադատել դաշնակցական ղեկավարության գործելաոճը: Նրան հաջողվեց բաժանել նրանց երկու մասի` Բյուրոյի կողմնակիցների ու հակառակորդների: Նշանակված քննությամբ պարզվեց, որ Փանովը համագործակցում է Թիֆլիսի մշակականների հետ, որոնք այդ ժամանակ կրքոտ պայքար էին մղում Դաշնակցության դեմ: Բյուրոն որոշեց Փանովին պատժել մահվամբ: Փանովը հեռացավ Ռիլայից ու անհետացավ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, գործելով բուլղարական բանակի շարքերում, նա իրեն դրսեւորեց որպես առաջնակարգ մարտավար: Պատերազմից հետո նա նորից անհետացավ:

3. 1907թ., Բուլղարիայի ռազմական նախարարության թույլտվությամբ, ես ընդունվեցի սպայական ուսումնարան` չնայած այնտեղ օտարահպատակների ընդունման արգելքին:

Նպատակը. ավարտելուց հետո նվիրել ինձ հակաթուրքական պայքարին: 1912թ. Բուլղարիայի կառավարությունը հանձնարարեց ինձ կազմավորել հայկական կամավորական վաշտ, որն իմ հրամանատարությամբ եւ Անդրանիկի զինվորական ղեկավարության ներքո, բուլղարական բանակի հետ կողք-կողքի, գործեց Բալկանյան պատերազմում: Վաշտը մեծ հաջողությունների հասավ, որոնց արձագանքը հանդիսացան այդ ժամանակ Սոֆիայում որպես էմիգրանտ ապրող Տրոցկու` հայ կամավորների սխրանքների մասին գովասանական հոդվածները: Այս հայկական վաշտը չուներ կուսակցական բնույթ: Այն ստեղծել էին բուլղարահայերը: Սակայն, վաշտի հեղինակությունից զգալիորեն օգտվեց Դաշնակցությունը:

Լոնդոնում, բուլղարա-հունական նախնական բանակցությունների ժամանակ, Ֆերդինանդ թագավորը, հաշվի առնելով հայ կամավորների մասնակցությունը Բալկանյան պատերազմին, հայասեր ժեստ արեց. առաջ քաշեց նաեւ Թուրքիայում ապրող հայերի անվտանգության հարցը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, համաներում ստանալով ցարական կառավարությունից, ես եւ Անդրանիկը մեծ թվով կամավորների հետ վերադարձանք Անդրկովկաս` մասնակցելու Թուրքիայի դեմ սկսվելիք պատերազմին: Մինչեւ 1914թ. Անդրանիկն ապրում էր Բուլղարիայում, Վառնայի մոտակայքի բնակավայրերից մեկում` մեկուսացած ու խորապես դժգոհ դաշնակցական ղեկավարությունից: Նրա հետ շփվում էին դաշնակցական գործիչներ Ե. Ալաջաջլին ու Ղուկաս Մինասյանը` նույնպես դժգոհ դաշնակցական վերադասից: Արդեն կարելի էր նկատել, որ Անդրանիկը հոգեբանորեն հետզհետե հեռանում էր Դաշնակցությունից: Նա ժամանեց Կովկաս որպես Բյուրոյի անհաշտ հակառակորդ: Նրա հետագա հակադաշնակցական ելույթներն ու պայքարը հարկ է բացատրել Բուլղարիայում ապրած խորը հիասթափությամբ:

4. 1919թ. Սոֆիայում բացվեց Հայաստանի Հանրապետության առաջին հյուպատոսությունը: Հասկանալի է, որ դա պիտի բարձրացներ Դաշնակցության հեղինակությունը: Սակայն, նրա վարկի բարձրացումը շարունակվեց միայն մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը, որի հետեւանքով Բուլղարիայի հակադաշնակցական տարրերը վերակենդանացան եւ ավելի ակտիվացան: Նորից երեւան եկավ եկեղեցու ու դպրոցի, ծխական ու հոգաբարձական խորհուրդների շուրջ մղվող միջկուսակցական մանրախնդիր պայքարը: Խմբային կրքերի բորբոքմանն առավել նպաստեց թեմական խորհուրդը: Սկսվեցին խժդժությունները հնաբնակների ու նորեկների (փախստականների), բուլղարահպատակների ու նանսենականների (նրանց Ազգերի Լիգային կից Նանսենյան բյուրոյի կողմից տրված էին անձնագրեր, որոնցով քաղաքացիություն չէր ճանաչվում) միջեւ:

Որեւէ ազգային հաստատությունում գերիշխանության ձգտող խմբավորումներն առաջնորդվում են ոչ թե այս կամ այն քաղաքական դոկտրինայով, այլ լոկ մտածում են սեփական կապերի ու շահերի ապահովման մասին: Շնորհիվ իրենց պաշտոնական բնույթի, թեմական ու ծխական խորհուրդները միշտ կարողանում են բուլղարական իշխանությունների հետ իրենց կապերը ծառայեցնել սեփական սոցիալական բարեկեցությանը: Բուլղարիայում այդ տարրերը հայտնի են իրենց երեսպաշտությամբ` ձեւանալով ցանկացած վարչակարգի բարեկամ ու գաղափարական համախոհ` անկախ նրա որդեգրած սոցիալական քաղաքականության էությունից:

Այս կարգի ականավոր տիպար է հանդիսանում Գրիգոր Զաքարյանը` մի անկիրթ հարուստ, որը, որպես թեմական խորհրդի նախագահ, 15 տարի Բուլղարիայի հայկական գաղութի անդամներին զրկեց ազգային անձնագրերից` ընտրություններին մասնակցելու տարրական իրավունքից եւ դրանով նրանց բուլղարական իշխանությունների աչքին ներկայացրեց որպես քաղաքականապես անվստահելի անձեր: Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը, նա հանդուրժեց թեմական խորհրդում հնչակյանների ներկայությունը, բայց հենց երեւացին գերմանացիները, առանց ձեւականության, վռնդեց հնչակներին ու փոխարենը հրավիրեց դաշնակցականներին:

Հայերը Բուլղարիայում ունեն նաեւ իրենց մշակութային, մարզական, բարեգործական կազմակերպությունները. անօթեւան աղքատների օգնության անկուսակցական միությունը, որի շուրջ հավաքվել են ունեւոր խավի կանայք, կին արհեստավորների միությունը, «Քնար» երգչախումբը` կազմված բոլոր հոսանքների ներկայացուցիչներից, Կովկասի հայերի եղբայրությունը, որը ջանում է օգնել իր ընչազուրկ անդամներին, հայկական մարզական միությունը` ներառյալ սկաուտները, որը պառակտված է, բայց ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ այս կամ այն ղեկավարի շուրջ համախմբվելու արդյունքում` անկախ նրա կուսակցական պատկանելությունից:

5. Դաշնակցությունը Բուլղարիայում միշտ ունեցել է իր Կենտրոնական կոմիտեն եւ մամուլի օրգանը` շաբաթաթերթ կամ օրաթերթ: Վերջինը եղել է «Ազատ խոսք» թերթը, որը խմբագրել է Օնիկ Մխիթարյանը: Այդ ժամանակահատվածում ներքին դժգոհություններին ու գժտություններին վերջ չկար:

1926թ. տեղի կուսակցական կազմակերպությունները բաժանվեցին Նժդեհի եւ Բյուրոյի կողմնակիցների: Բուլղարիայում Դաշնակցության այս պառակտումն ազդանշան հանդիսացավ նաեւ մյուս շրջաններում (Ամերիկա, Ֆրանսիա, Հունաստան) կուսակցության պառակտման համար: Այդ օրերին, որպես Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ-թուրքական կնճիռը» գրքի պատասխան, լույս տեսավ իմ «Որդիների պայքարը հայրերի դեմ» գիրքը: Դաշնակցական բյուրոյի քարտուղարն իր այդ գրքում պաշտպանում է հետեւյալ դրույթը. Թուրքիայի հետ լեզու գտնելը կարելի է եւ ցանկալի: Ես պաշտպանում եմ տրամագծորեն հակառակ տեսակետը, որն է. մեր ժողովրդի ապագայի ու շահերի տեսանկյունից` Թուրքիայի հետ ցանկացած հաշտություն կբերի աղետալի հետեվանքների: Այսպիսով է արտահայտվում կուսակցությունում «եռացող» դժգոհության պատճառը, որի հետեւանքով Դաշնակցության ներսում հրապարակավ դրվեց կողմնորոշման հարցը. ո՞ւմ հետ` Խորհրդային Միությա՞ն, թե՞ Թուրքիայի, որի թիկունքում, որպես խոշոր հովանավոր ուժ, կանգնած է Անգլիան: Միայն անգլիասեր հայն է ձգտում լեզու գտնել Թուրքիայի հետ:

Իսկ հայը, որ ընդդեմ Թուրքիայի կեցվածք է ընդունում, այդպիսի դիրք է բռնում նաեւ Անգլիայի նկատմամբ: Լեզու գտնել, հաշտվել Թուրքիայի հետ` նշանակում է բացահայտ լծվել Անգլիայի իմպերիալիստական կառքին, նրա դրդմամբ կռիվ հայտարարել Խորհրդային Միությանը, այսինքն` ինքնասպանության մատնել մի բուռ ժողովրդին:

Իմ «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքի հետ լույս տեսան Զարեւանդի «Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ», եւ «Պանթուրանիզմ» գրքերը: Այս վերջինները նույնպես գտնում են, որ մերձեցումը Թուրքիայի հետ մահացու վտանգավոր է հայ ժողովրդի համար: Հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցերը գրքերից անցել են հայկական մամուլի էջերին: Փոխվե՞լ է Թուրքիան, թե՞ ոչ. ահա հարցը, որին ջանում են պատասխանել մեր թերթերը:

Նրանք, ովքեր գտնում են, որ Թուրքիան առաջընթաց է ապրել, էապես փոխվել, որ նա արդեն հին Թուրքիան չէ, խորհուրդ են տալիս շուտ բարեկամություն հաստատել նրա հետ: Հակառակ հայացքի կողմնակիցները զգուշացնում են հայ ժողովրդին` հեռու մնալ Թուրքիայից: Դաշնակցական հրապարակախոսությունը շուրջ երկու տասնամյակ` մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը, քննարկում էր այդ նույն հարցը. փոխվե՞լ է Թուրքիան, թե՞ չի փոխվել:

6. Ես հեռացա Դաշնակցությունից 1937թ.` Բյուրոյի դեմ ծանր մեղադրանքներ ներկայացնելով կուսակցության համագումարին: Սոֆիայում սկսեցին լույս ընծայվել Դաշնակցությունից հեռացածների օրգան «Ռազմիկ» թերթը եւ Տարոն-Տուրուբերան հայրենակցական միության (մի քանի տասնյակ հազար անդամներով) պաշտոնական օրգան «Տարոնի արծիվ» ամսագիրը: Երկու օրգանների քարոզչությունն էլ կրում էր բացահայտ ռեւիզիոնիստական բնույթ` խնդիր դնելով արտասահմանի հայերի մեջ ստեղծել «Հայկական Իռեդենտա» բազմաքանակ հզոր կազմակերպություն, որն, իր վրա վերցնելով Թուրքիայում հայկական տարածքների խնդրի լուծումը, Դաշնակցության գոյությունը կդարձներ ավելորդ եւ, այդպիսով, արտասահմանի հայության բոլոր տարրերին հոգեպես կկապեր Խորհրդային Հայաստանի հետ: Դաշնակցական բյուրոն սկսեց գործի դնել իր սովորական սպառնալիքները. մեր «Ռազմիկ» թերթի ու նաեւ «Տարոնի արծիվ» ամսագրի խմբագիր, փիլիսոփայության դոկտոր Հայկ Ասատրյանի անվամբ ստացվեցին սպառնալից նամակներ` այդ երկու օրգանների հրատարակությունների դադարեցման պահանջով, որոնք, սակայն, դրանից հետո ավելի ակտիվացան` տանելով զուգահեռ քարոզչություն: Իմ կողմից որոշակի գործնական աշխատանքներ տարվեցին Դաշնակցությունից հեռացածների ու Բալկաններում, Հունաստանում (Սալոնիկի շրջան), Ամերիկայում, Իրանում, Ֆրանսիայում, Ռումինիայում մեր շարժման համակիրների առաջին համագումարի նախապատրաստման եւ անցկացման համար: Թուրքական մամուլը մեր շարժման հանդեպ ցուցաբերեց հասկանալի վերաբերմունք: «Ջումուրիեթ» ու «Զաման» թերթերը հարձակվեցին ինձ վրա. «Օձը գործում է», «Գեներալ Նժդեհը ջանում է ստեղծել Մեծ Հայաստան»: Այս երկու հոդվածներով թուրքական թերթերն իրենց կառավարությանը խորհուրդ էին տալիս դիմել բուլղարական իշխանություններին` Բուլղարիայից ինձ վտարելու պահանջով: Իրողությունների այսպիսի դասավորության պայմաններում էլ բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը:

7. Պատերազմի առաջին իսկ օրերին Բուլղարիայում սկսվեց հակահայկական շարժում: Որոշ բուլղարական ազգային կազմակեր-պություններ` «Կուրբատը», «Լեգեոներները» (պահեստի սպաների), «Ենթասպաների միությունը» եւ ուրիշներ, իրենց տարեկան համագումարում ընդունեցին հակահայկական բանաձեւեր` իշխանություններից պահանջելով հրեաների նկատմամբ կիրառվող օրենքները գործադրել նաեւ հայերի նկատմամբ: Ազգային ժողովում որոշ պատգամավորներ հանդես եկան հակահայկական ելույթներով (պրոֆեսոր Ստոյանովը եւ ուրիշներ): Առավել տարածված «Զարա» թերթը հարձակվեց հայերի վրա` որպես բոլշեւիկյան տարրերի:

«Ռազմական միտք» ամսագիրը գրում էր. «Վտարե՛լ հայերին երկրից»: Տագնապալից վիճակ էր ստեղծվել հատկապես Թրակիայի հայերի համար, որտեղ նրանց տալիս էին օրական 150 գրամ հաց: Հայերին արգելված էր մի շրջանից մյուսը տեղաշարժվել:

Այդ օրերին Ռումինիայի հայերն իրենց եկեղեցիներում կազմակերպեցին սգո խաղաղ ցույցեր, որովհետեւ վարչապետ Անտոնեսկուն, մի քանի ֆրանկմասոնների ձերբակալման կապակցությամբ, հրամայել էր Բուխարեստից եւ այլ հայկական մեծաքանակ բնակչություն ունեցող քաղաքներից վտարել հայերին:

Ֆրանսիայում պրոֆեսոր Մարշալը պահանջում էր «հավաքել հայերին ու նետել ծովը»:

Գերմանական «Վիներ թագեբլատ» եւ «Ալգեմայնե ցայտունգ» թերթերը հրապարակեցին հայերին ծայրաստիճան վարկաբեկող հոդվածներ` արդարացնելով նախորդ պատերազմում հայերի կոտորածներն ու տեղահանությունները: Թուրքական ռադիոն հեռարձակում էր մտացածին լուրեր, թե իբր Երուսաղեմի հայոց պատրիարքն ու Խորհրդային Հայաստանից ժամանած մեկ այլ հոգեւորական Սիրիայում կազմավորում են կամավորական լեգեոններ, որոնք սովետների ու անգլիացիների դրոշների ներքո պիտի պայքարեն գերմանական բանակի դեմ:

Գերմանիայում հայերի ոչ արիական ծագման մասին պաշտոնապես հարց հարուցվեց: Եվ վերջապես, որպես այդ հակահայկական սադրանքների արդյունք, Բեռլինում պաշտոնապես հայտարարվեց, թե հայերը վերջնականապես անցել են Գերմանիայի թշնամիների կողմը, եւ որ համապատասխան նախարարությունն այժմ Բեռլինում ուսումնասիրում է այդ հարցը, ու եթե պարզվի, որ բոլոր հայերը հակագերմանական տրամադրություններ ունեն, ապա գերմանական կառավարությունը հայերի նկատմամբ կկիրառի առավելագույնս խիստ միջոցներ (հրապարակվել է բուլղարական թերթերում. նայիր 1942թ. Պլովդիվի «Վոլյա» թերթը):

Վտանգի կանխման համար բուլղարա-հայկական մշակութային կոմիտեն (նախագահը պրոֆեսոր Կացարովն էր, փոխնախագահը` ես) կազմեց հայերի համար նպաստավոր հուշագիր` ստորագրված բուլղարական հայտնի պետական ու հասարակական գործիչների կողմից, եւ ներկայացրեց Սոֆիայում գերմանական դեսպանատուն:

Այս հուշագրում խոսվում էր հայ ժողովրդի արիական ծագման, մարդկության քաղաքակրթության գործում նրա ունեցած մեծ ավանդի մասին:

Հուշագիրը խնդրում էր Հիտլերին միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհնարին դարձվեն հայերի տեղահանություններն ու կոտորածները, որոնք տեղ էին գտել անցած պատերազմում:

Գերմանիայի դեսպանն ու բուլղարական իշխանությունները խորհուրդ տվեցին որեւէ մեկին Բեռլին ուղարկել, որպեսզի նա տեղում անհրաժեշտ բացատրություններ տա եւ հայերին ազատի հրեաների ճակատագրին արժանանալուց: Բուլղարա-հայկական կոմիտեի ու Սոֆիայի հայերի ցանկությամբ, ես մեկնեցի Բեռլին:

8. Հենց սկսվեց գերմանա-սովետական պատերազմը, որպես Բյուրոյի անդամ, Դաշնակցության անունից ասպարեզ ելավ Դրո Կանայանը: Նախ եւ առաջ, նա Բուխարեստում ժողով հրավիրեց, որին մասնակցում էին պատվիրակներ Հունաստանից, Բուլղարիայից: Ժողովին ներկա էին Արամ Հակոբյանը եւ Հակոբ Ինջեյանը:

Այդ ժողովից հետո հայ բնակչության հետ աշխատանքներ տանելու համար Ռումինիայից Բուլղարիա ժամանեց Դրոյի մտերիմ աշխատակից Հովհաննես Դեւեջյանը: Նա սկսեց ցուցակագրել զինվորներին, արհեստավորներին, բժիշկներին եւ այլ մասնագիտություն ունեցողների` միաժամանակ տանելով գերմանասեր քարոզչություն: Ռումինիայում ստեղծվեց քաղաքական կոմիտե, որն էլ ձեռնամուխ եղավ դեռ գոյություն չունեցող հայկական կորպուսի համար (որի հրամանատարն էր նշանակված Կանայանը) մեծ գումարներ հավաքելուն: Այս միջոցառումներն իրականացնելուց հետո, Դրոն մեկնեց Գերմանիա, որտեղ շուտով իր գերմանամետ գործունեությանը միացրեց իրեն այնքան հատուկ խարդախությունը:

Իրեն մեծ կշիռ տալու նպատակով, նա սեփական նախաձեռնությամբ անում էր ավելին, քան պարտավորվել էր կատարել քաղաքական կոմիտեն: Նա ժամանակին հաշվի չնստեց Հյուսիսային Կովկասի հայության վիճակի հետ: Ազգային շահի տեսանկյունից` Դրոն շարունակում էր ձեռնարկել անազնիվ ու աղետաբեր քայլեր:

Գործակցելով գերմանական որոշ սպաների հետ` նա խրվեց խոշոր առեւտրային, թալանչիական գործողությունների մեջ: Դրոն ձեռնամուխ եղավ ոսկու եւ արծաթի հավաքմանը ու միլիոններ կուտակեց: Բացի այդ, որոշ գերմանական հաստատություններում նա ցույց էր տվել կեղծ փաստաթուղթ` դաշնակցական բյուրոյի կեղծած ստորագրությամբ: Իմանալով Դրոյի այս մութ մեքենայությունների մասին` Արարատյանը ընդհարվեց նրա հետ ու հայտնեց այդ մասին Դաշնակցության Ֆրանսիայի կենտրոնական կոմիտեին, որից հետո վերադարձավ Ռումինիա, հեռացավ քաղաքական կոմիտեից ու հանդես եկավ Դրո Կանայանի անօրինակ արկածախնդրության դեմ:

Որոշ ժամանակ անց, Դրոյի դեմ հանդես եկավ նաեւ Դաշնակցության Ֆրանսիայի կենտկոմի մեծամասնությունը:

Ինքնապաշտպանության նպատակով, Դրոն Բեռլինում Դաշնակցության երեք շրջանային կազմակերպությունների պատվիրակների մասնակցությամբ նորից ժողով «սարքեց»:

Այդ օրերին, Դրոյին սանձահարելու նպատակով, մենք դոկտոր Հայկ Ասատրյանի հետ ստորագրեցինք ու Արարատյանին ուղարկեցինք (այդ ժամանակ վերջինս դեռ չէր հեռացել Դաշնակցությունից) Կանայանի դեմ ուղղված մեղադրական ակտ` սպառնալով փոխանցել այն հանրային դատարանին, եթե Դրոն չվերադառնա արեւելյան ռազմաճակատից: Մեր այս նամակը քաղաքական կոմիտեի անդամ Դավիթ Դավիթխանյանի միջոցով փոխանցվել էր Դրո Կանայանին: Որպեսզի բարձրացնի իր վարկը գերմանացիների մոտ եւ, ունենալով մեզ ու Ս. Արարատյանին նրանց ձեռքով ոչնչացնելու ստոր ցանկություն, Դրոն մեր նամակը հանձնեց էսէսականներին:

Խելահեղորեն տարվելով հարստություն դիզելու ցանկությամբ` Դրոն այդպես էլ սանձարձակ մնաց:

Արարատյանը հեռացավ Դաշնակցությունից:

* Սաֆո — Մարտիրոս Մարգարյան, ՀՅԴ գործիչ, Քր. Միքայելյանի զոհվելուց հետո ստանձնում է սուլթան Համիդի սպանության գործը, որի ձախողման պատճառով 1907թ. հեռացվում է Դաշնակցությունից:

Գ. Տեր-Հարությունյան (թարգմ. ռուսերենից) 1947թ. Հայկական ՍՍՀ ՊԱՆ ներքին բանտ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով