ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ 6

Զ

Կուսակցութիւնները:

Հրամայողաբար պիտ հոգեփոխւեն նաեւ կուսակցութիւնները սրանք` մասնաւորապէս: Մեր ներքին հակամարտութիւնները զինակցում են արտաքին թշնամուն` ընդդէմ մեր ժողովուրդին եւ երկրին:

Դժւար է հաւատալ, թէ կուսակցամիջեան այլանդակ պայքարի կատաղութիւնը բղխում է միայն դէպ հարազատ ժողովուրդն ունեցած սիրուց. — ժողովուրդ, որի փրկութեան մասին տարբեր ըմբռնում ունեն պայքարող կողմերը:

Մեր կուսակցութեանց պայքարի միակ «մարտական միջոցը» պիտ լինէր բարոյական կշտամբումը եւ ո՛չ աւելին. ո՛չ սուտը, զրպարտութիւնը, իրողութեանց խեղաթիւրումը, եւ նման բարոյազուրկ ու դատապարտելի դէմքերը:

Մանկօրէն միամիտ են այն կուսակցութիւնները, որոնք ժխտելով բարոյականութիւնը քաղաքական պայքարի մէջ` կարծում են, թէ կարող կը լինեն բարոյական մաքրութիւն պահել իրենց շարքերում:

Բարոյականի աղքատութիւն — ասել է բարոյական ոյժերի աղքատութիւն:

Ժողովուրդի մի մասի անունից հայհոյել միւսին` հակառակորդին եւ տղայաբար ժխտել նրա գոյութեան իրաւունքը — դեռ չի նշանակում դաստիարակել իր շարքերը:

Անիմաստ եւ զզւելի է քննադատութիւնը, եթէ ստեղծագործութիւն չէ դա:

Ով օրն ի բուն զբաղւում է իր հակառակորդի թերութեանց քննադատութեամբ — նա առնւազն զիջումներ է կատարում իր սեփական յոռութիւնների հետ:

Այդպիսին կարող է շահել, բայց շահած կը լինի ի հաշիւ իր բարոյական առողջութեան:

Այդպիսին կարող է եւ վնասել իր հակառակորդին, բայց ինքը ոչինչ կը շահի:

Ստորնութիւնը մնում է ստորնութիւն անգամ այն դէպքում, երբ նա կատարւում է յանուն ամենանւիրական շահերի. դա նախ բարոյազրկում է եւ տկարացնում իրենից օգտւողին:

Անվերջ բարի խօսել իր կուսակցութեան եւ չար այլոց մասին — ե՛ւ ծիծաղելի է, ե՛ւ անարդար:

Հոգեպէս անառողջ է նմանը:

Խուժանավարել` չարաշահել զանգւածների մութ զգացումները եւ կոյր ատելութիւն ստեղծել հակառակորդների հանդէպ — չի նշանակում գաղափարական պայքար վարել:

Այդպիսին ընկածութեան է մղում իր շարքերը. այդպիսին չարիք է ե՛ւ իրեն, ե՛ւ իր հակառակորդի, ե՛ւ իր ժողովուրդի համար:

Կոյր ատելութեամբ հիւանդ` մեր կուսակցութիւններից ոմանք մոռացել են հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան սրբազան գործը. յանուն որի — իբրեւ թէ — կեանքի են կոչւած:

Նրանք շարունակում են նեղսիրտ եւ իրարամերժ կռիւը` տկարանալով եւ տկարացնելով մեր ժողովուրդը, խաթարում նրա հաւաքական հոգին` կատարում այն, ինչ որ պէտք է արտաքին թշնամուն:

Եւ այդ ամէնը միամտօրէն կոչում են ժողովրդասիրութիւն, երբ էապէս ժողովրդասպանութիւն է տեղի ունեցողը:

Այո, ժողովրդասպանութիւն:

***

Մտաւոր կարճատեսութիւն է չհասկանալ, թէ անվերջ ու անդադրում վերանորոգութիւն է կեանքը:

Հոգեւոր անշարժութիւն — ասել է բարոյական մահ, մահացում:

Անտարբերութիւն, յոռատեսութիւն, բարոյական մահացում — ժողովուրդների անձնասպանութեան դանդաղ ձեւեր են սրանք:

Վերանորոգւելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամէն ժամ, ամէն վայրկեան:

Այո՛, հոգեվարում են այն ժողովուրդները, որոնք հոգեպէս ծոյլ են ապրում, որոնք ղեկավարւում են պատահականութեամբ, խճճւած քաղաքական մոլորութիւնների եւ հոգեբանական սխալանքների մէջ:

Մեր կուսակցութիւնները կամ չեն հասկանում այդ, կամ ժամանակ չունեն հասկանալու:

Նրանց պակասում են ճշմարտութիւններ, որ փրկել գիտեն: Չկայ, չի նկատւում մտքի ու ոգու լարում, իսկ ճշմարտութիւնները կարելի է հասկանալ միայն այդ լարումով:

Չկայ ստեղծագործութիւն, չկայ բարոյական ոյժերի մթերում: Կայ ընդհակառակը, կայ հասկացողութիւնների քաոս եւ անիշխանութիւն, կայ հոգեկան լճացում, կայ բարոյական մակաբուծութիւն — հոգեբանական մի աղիտալի մթնոլորտ, որի մէջ չեն աճում, չեն փթթում բարոյական ոյժեր:

Իսկ նման մթնոլորտում կը դաստիարակւեն անարի, փոքրոգի եւ պարտւողական սերունդներ միայն — անարի ժողովուրդ, որի ոյժերի մեծագոյն մասը սպառւում է վախի եւ անհանգստութեան մէջ:

Կայ օտարահակ կողմնորոշումների գերագնահատումն եւ սրանց խելագար հակամարտութիւնը` ծնունդ թոյլերի հոգեբանութեան:

Կայ անվճռականութիւն — ասել է թուլութիւն, որը ցոյց տւող ազգը մեծապէս արագացնում է եւ ուժեղացնում թշնամու հարւածը:

Կայ այն ամէնը, ինչ որ անյոյս եւ վտանգւած է դարձնում մեր ժողովուրդի ապագան:

Մեղմ ասած` ստեղծւել է մի դրութիւն, որ մահւամբ է սպառնում մեր ժողովուրդին:

Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով