ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — IV

IV

ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ

Ժամանակին Աստուած էր նախահայրը — Աստուածը իր ցեղի, տոհմի, եւ իր պաշտամունքը` կրօ՛ն:

Թէեւ մի օր մարդը դադարեց Աստուած կոչել իր նախահօրը, վերջինը, սակայն, շարունակեց պահել իր սրբազան հանգամանքը:

Զատեցէք նախահայրերի աճիւնը հայրենի հողից եւ դուք կ’ունենաք երկիր մշակելի, բնակելի, բայց ոչ հայրենիք:

Հայրենիքը ստեղծւում է հողը, նիւթը յաղթահարելով, երկիրն արժէքաւորելով, իմաստաւորելով, նրան խորհուրդ եւ սրբազնութիւն հաղորդելով միայն: Իսկ սրբազանն աշխարհում նոյնպէս նախահայրերից է:

Նրանցից է գերագոյն քաջութիւնը` հերոսութիւնը, որի դափնիները չեն թառամում երբե՛ք:

Զօրավիգ ունենալով նրանց ոգին` յոգնութիւն չգիտեն ռազմիկը` կռւում, կուլտուրայի մշակը` խաղաղութեան մէջ:

Նրանք են ստեղծիչը մեր պատմութեան, նրանցից` մեր գիրն ու գիրքը, նրանք են մտաւոր լոյսը մեր կեանքի, նրանցն է գերագոյն իշխանութիւնը` յաւե՛րժ, առանց որին ե՛ւ թագ, ե՛ւ հանրապետութեան նախագահ, ե՛ւ դիկտատոր — աշխարհիկ ամէն մի իշխանութիւն մնում է անվաւեր եւ անզօր:

Ճշմարտութեան պէս ծերութեան անհաղորդ` նրանք խորհրդանշում են ո՛չ միայն իրենց ժողովրդի անցեալը, այլեւ` ապագան, վերայայտնուելով աշխարհ եկող ամէն հայ էակի մէջ: Անմահ` նրանք հանդիսանում են աղբիւրը մեր ազգային ոգու անմահութեան:

Նրա՛նք են սկզբնաւորողը հայկականութեան: Արդ, թէ ինչո՛ւ պաշտամունքի պակասը դէպի նախահայրերը ասել է` սիրոյ եւ յարգանքի պակաս դէպի հայկականութիւնը:

* * *

Գերազանցի՛ր նախորդներիդ: Կռուի՛ր այնպէս, որ քո ընթացքով հեշտացնես քեզնից յետոյ միեւնոյն նպատակի համար կռուողների գործը — ահա՛ մարտերի եւ մարտիկի բարոյական իմպերատիվը:

Այս բարոյականով մեր պատմութեան մէջ առաւելապէս Մամիկոնեան զօրավարներն են առաջնորդուել: Աւարայրը հոգեբանօրէն նախապատրաստուած էր Մուշեղի, Վասակի, Մանուէլի եւ այլոց հերոսականով: Վարդանն ու Վարդանանքը իրենց հերթին, նախապատրաստեցին, հեշտացրին Վահան Մամիկոնեանի պայքարը, որը պիտի հարկադրէր Տիզբոնին` հրաժարուել Հայաստանը իրանականացնելու մտքից:

Իբրեւ օրէնք` գերազանցի՛ր նախորդներիդ` խիզախութեամբ, նուիրումով, հայրենահոգութեամբ:

Գերազանցի՛ր — դա ոգու հրամայականն է, նրա յարաճուն զարգացման, կատարելագործման հրամայականը:

Ո՛վ չի գերազանցում իր նախորդներին` նա անարգում է նրանց անունը` մեղանչելով ոգու զարգացման օրէնքի դէմ:

* * *

Ամէն անգամ, երբ Մասիսներին եմ նայում, ներքին հայեացքիս առջեւ բարձրանում են վեհափառ ճակատները մեր նախահայրերի: Եւ, կրկնում եմ հանգոյն գոթական ռազմիկի. «Ես կ’ուզէի նրանց հետ լինել» — իմ փառապսակ նախահայրերի հետ:

* * *

Եթէ թերիներ ունեմ — այդ կը պարտեմ ինձ, իսկ այն, որ լաւ ու լաւագոյն է իմ մէջ` նախահայրերի՛ս:

Արդ, թէ ինչու ճակատամարտերում շահածս ամէն մի դափնին, երկիւղածօրէն, նրանց յայտնի թէ անյայտ շիրիմներին դրի ես:

 

Գարեգին Նժդեհ