ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՈՉԸ ԹԻՒՐՔԱՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒՆ

Ռուսական զօրքը՝ պատերազմի երկարատև զրկանքներէն և վերջին անցուդարձերէն լքուած՝ կը թողու Հայաստանը և կը հեռանայ՝ անպաշտպան թողնելով մեր հայրենիքի սահմանները և խաղաղ ազգաբնակութիւնը, որի համար ստեղծուած է օրհասական դրութիւն։

Թշնամու բանակները և քիւրդական կարգ մը աւազակային խումբեր, արդէն իսկ գիտակ այս վիճակին, կը պատրաստուին օգտուիլ հանգամանքէն՝ դարձեալ արիւնով ողողելու մեր հայրենիքը, սրէ անցնելու խաղաղ հայ և ուրիշ ժողովուրդները և հայաստանը կցելու Թիւրքեային։

Հայութիւնը կապրի այսօր ճգնաժամային րոպէներ։

Թիւրքահա՛յ եղբայրներ, հայրենիքը վտանգի մէջ է։

Մեր բերանով ողջ հայութիւնը և մեր բազմաչարչար նահատակներու ստուերն է, որ ձեզ կը դիմէ։

Ձեզ կը դիմենք, բոլոր կուսակցութիւններ, անխտիր․ դադար տուէք ձեր վէճերուն և մղեցէք ձեր ետևէն եկող երիտասարդութիւնը դէպի հայրենիքի վտանգուած սահմանները։

Ձեզ կը դիմենք, հայրենակցական միութիւններ, գործի գլուխ անցէ՛ք և ձեր ետևէն եկող հայրենակիցները անմիջապէս առաջնորդեցէք դէպի հայրենիքի պաշտպանութեան գործը։

Ձեզ  կը դիմենք, երիտասարդ մտաւորականութիւն, ի սպաս դրէք ինքնապաշտպանութեան գործին ձեր ընդունակութիւնները և ձեր բոլոր ուժերը։

Ձեզ կը դիմենք, ուսուցիչներ, բժիշկներ, իրաւաբաններ և այլ տեսակի մասնագէտներ, տրամադրեցէք ձեր գիտութեան պաշարը հայրենիքի պաշտպանութեան օգտին։

Արհեստաւոր, գիւղացի և բանւոր, ձե՛զ կը դիմենք․ դուք միշտ եղած էք զգայուն և զոհաբերող, օգնութեան հասէք վտանգուած հայրենիքին։

Եւ ձեզ ամէնքին, ո՛վ զգացում ունի և գիտակցութիւն հայրենիքին սպառնացող վտանգին, ձեզ կըդիմենք, շտապեցէ՛ք, ով ինչով կարող է, պաշտպանելու համար հայրենիքի սահմանները և անոր ազգաբնակութիւնը։

Միջոցներ ձեռք են առնուած ապահովելու երկրապահ զօրաշարքի  մէջ մտնող զինուորներու ընտանեաց ապրուստը։

Մենք չենք հաւատար որ գտնուի մէկը, որ այս շայրագոյն ճգնաժամին նախընտրէ իր հանգստութիւնը և արձագանք չտայ այս կոչին։ Թող գիտնան բոլորը, որ այդպիսիները դաւաճան պիտի համարուին սերունդներու, մարդկութեան և պատմութեան առջև, և ոչ մի կուսակցութիւն, միութիւն և ընտանիք չպիտի ուզէ հիւրընկալել իր ծոցին մէջ այդպիսիները, որոնց սիրտը քար պէտք է լինի և խիղճը մեռած։

Հայրենիքը վտանգի մէջ է։

Արձագանք տուէ՛ք մեր զօրակոչին։

 

Հայաստանի Ապահովութեան Խորհուրդ

Հայաստանի երկրապահ զօրամասի հրամանատար

ԱՆԴՐԱՆԻԿ

«Արմէնիա», ԼԳ Տարի, Թիւ 45, 1918 Յունիս 5

1 reply

Trackbacks & Pingbacks

  1. […] Կարդալ Նաև ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՈՉԸ ԹԻՒՐՔԱՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒՆ […]

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով