ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 9

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Դաշնակցութեան շուրջն է դառնում

հայոց ճակատագիրը:

Մեր ըմբռնումը` ապագայի մասին, որով պայմանաւորւում է մեր տքնութիւնը ապագայի համար — ահա՛ թէ ի՞նչն է կառուցանում մեր ճակատագիրը:

Այդ ըմբռնումն է մեզ — որպէս անհատ եւ հաւաքականութիւն — քշել տալիս պատմութեան առջեւից կամ նրա յետեւէն: Դա՛ է մեզ դարձնում ստեղծագործ կամ անպտուղ, մարտիկ կամ դասալիք, մուրացկան կամ արքայ, ի մի բան` յաղթական կամ պարտեալ:

Ապագայի պրոբլե՛մը — հայ հայրենիքի, հայ ճակատագրի պրոբլե՛մն է մեզ համար. աւելի պարզ` դա հայ եւ թուրք յարաբերութեանց պրոբլեմն է. — երկու ժողովուրդների, որոնք այլեւս չեն թագցնում, որ իրենցից մէկի հետագայ գոյութիւնը պայմանաւորուելու է միւսի մահով: Այդ իսկ պատճառով` մեծապէս խռովուած է ազգայնական հայը, ամէն բանից առաջ, է՛լ աւելի` դաշնակցական հայը: Դաշնակցականը — դա հա՛յն է, որ ընթանում է պատմութեան առջեւից, որպէս զինուոր` իր ցեղի ձայնին հնազանդ: Իր ցեղի գոյութեան եւ ապագայի հետ կապուած խնդիրներով ապրող հա՛յն է դա: Ապագայի դրան արթուն հսկող, խռովքոտ հա՛յը հարազատ զաւակն իր քաղաքական նախահայրերի — նախադաշնակցութեա՛ն: Հայրենաբաղձ հա՛յն է դա` սեփական երկրի ճակատագիրը ազատօրէն տնօրինելու տենչանքով: Հայ մա՛րդը, որ իր ցեղի ճակատագիրը դարձրել է ի՛ր սեփական ճակատագիրը, որ կապուած է մնում իր ժողովրդին` նրա դժբախտութեան եւ պայքարի օրերին, անձնուիրաբար ծառայում, զոհաբերում եւ մեռնում նրա համար, երբ հարկն է պահանջում:

Հա՛յը, որ խորապէս ապրում է ողբերգութիւնը երկրի հայութեան` հերոսաբար կառչած Արարատի փէշերին, եւ` տարագիր հայութեան, որ Նազովրեցու պէս դեռ շարունակում է նախանձել բոյն ունեցող երկնքի թռչուններին: Հա՛յը, որ հայրենիք ասելով, միշտ էլ պատկերում է Եօթնիցս սրբազան մի երկիր, որը սիրաշատ մօր նման կանչում է իր զաւակներին «Եկէ՛ք, եկէ՛ք, ես ձեր մայրն եմ, իմ մշտաբուխ ստինքները կաթ ունեն բոլորի՛դ համար»:

* * *

Դաշնակցութեան ոյժն ու հմայքը Ամերիկայում ամէն բանից առաջ այն բարձր ըմբռնումի մէջ է, որ իր մասին արդարօրէն կազմած է ազգայնական հայութիւնը: — Չէ՛ կարելի հակադաշնակցական դառնալ, առանց ուրացող դառնալու : Այսպէ՛ս է մտածում ամերիկահայը եւ, որպէս քաղաքական աղօթք, ամէն օր կրկնում` «Աստուած երկու բան չտայ հայութեան — Արաքսին` կամուրջ, Դաշնակցութեան` պարտութի՛ւն»: Այո՛, թող ժամանակները այդ երկու բանը չտան մեզ, որովհետեւ Հայաստանը Պարսկաստանին միացնող մի կամուրջի գոյութեան դէպքում` այլեւս դժուար թէ մարդ մնայ մեր չեկայավար հայրենիքում, իսկ առանց Դաշնակցութեան` այլեւս ազգ չենք լինի, այլ` մարդկային փոշի:

Ազգայնական ամերիկահայը գիտակցում է, որ Դաշնակցութեան պարտութիւնը պիտի դառնայ հայ ոգու եւ դատի վերջնական պարտութիւնը — նա խորապէս գիտակցում է այդ, եւ այդ իսկ պատճառով կանգնած է Դաշնակցութեան կողքին:

Ի՞նչ է, սակայն, Դաշնակցութիւնը:

— Հայ ցեղի մշտնջենաւորման նախամտահոգութիւնը, նրա յաւիտենական տքնութիւնը, նրա ինքնահզօրացման, ինքնաազատագրման եւ լիարժէքաւորուելու ճի՛գն է դաշնակցութիւնը:

Ցեղերի ստեղծագործ ոգին անցումներ ունի` դէպի գոյութեան բարձր ձեւերը: Դաշնակցութիւնը հէնց այդ անցումն է մեր նորագոյն պատմութեան մէջ:

Դա ցեղի յաւիտենական անբաւականութիւնն է սեփական ճակատագրից, որ յատուկ է կենսաբանական բարոյականի տէր բոլո՛ր ժողովուրդներին:

Դա ցեղի ազնուութեան — նրա տքնաջանութեան, մարտունակութեան եւ ազատունակութեան բարձրագոյն աստիճանն է` ժողովրդի մէջ: Դա մեր ցեղի յիշողութիւնն է, որով ժողովուրդը չի՛ մոռանում անցեալի իր մեծութիւնը, չի՛ հաշտւում իրեն պարտադրուած անփառունակ վիճակի հետ: Ամերիկահայ ցեղակրօնի համար` հէնց այդ անհաշտուողականութիւնն է դաշնակցականութիւնը:

Մարդկութեան հանդէպ ազգն իր պարտականութիւնը չի կատարի, եթէ իր ձեռքից հանէ սեփական ճակատագրի ղեկը` եթէ դա յանձնէ օտարին: Իր ցեղի պատմութեան ընթացքը վարելու արիութի՛ւնն է դաշնակցականութիւնը:

Ո՞վ չգիտէ, որ դեռ սուրն է գծում ազգերի յաւիտենականութեան ճամբան: Իր ճամբի վրայ ցցուող վտանգներին եւ անիրաւութեանց կուրծք տալու քաջութիւնն է դաշնակցականութիւնը: Դա տուրքն է մտքի, սրտի եւ արեան, որ պահանջում է ցեղերի ինքնապաշտպանութիւնը: Դա այն հոգեբանական վահանն է, որով մեր ցեղը պաշտպանուեց դարերով:

Մեր ցեղի ինքնայաւիտենականացման ծարաւն է դաշնակցականութիւնը: Դա հայ մարդու անհանգիստ, մշտախռով մտածումն է Հայաստանի մասին:

Դա ցաւն է , որ ապրող հայ մարդն է զգում ի տես վիրաւոր Հայաստանի: Եւ վիշտը մեռնողի , թէ իրեն քիչ բան յաջողուեց կատարել հայրենիքի համար: Դա ճիչն է սրտաճաք Անդրանիկի, թէ «Գործս կիսատ մնաց»:

Եւ առաւելագոյն զոհաբերութիւնը , որ ցեղահոգ հայը ժպտադէմ կատարում է Հայաստանի համար:

Դա` պատմութեան հայացիր եւ Հայաստանակործան ընթացքը յաղթահարելու մեր ճիգն է: Մեր մղո՛ւմն է ցեղի ինքնակենտրոնացման եւ ինքնափրկութեան:

Դա` ցեղի ինքնանուաճումի ճի՛գն է, նրա արթնութիւնը, որ չի դադարում ամենակենտրոնախոյս տարրերին ուղղելու իր զգաստացուցիչ կանչը` «Եկէ՛ք առ իս» :

Դա գաղութահայութեան հոգեւոր ուղեհարթումն է` դէպի Հայաստան: Մեր ցեղի հայրենաստեղծումի խա՛նդը. օրուայ հայութեան ազատագրելու աննուաճ կա՛մքն է դաշնակցականութիւնը:

Այսպէ՛ս է հասկացւում դաշնակցականութիւնը Ամերիկայում:

Այս ըմբռնումը` դաշնակցականութեան մասին, հայ մարդուն մղել է դաւանելու թէ` ամէն մեղանչում Դաշնակցութեան դէմ` մեղանչում է ցեղի դէմ:

* * *

Ամերիկահայ դաշնակցականը սիրում է աշխատել իր անձի վրայ եւ իր վրայ կատարած աշխատանքով էլ նա չափում է դաշնակցականի իր պիտանիութիւնը: Նրա համար իր անձի վրայ աշխատելը — դաշնակցական աշխարհայեցողութեան եւ առաքինութեանց մշակումը — դարձել է հրամայական պահանջ, մասնաւորապէս այժմ, երբ հայ կեանքի ներքին չարիքը ` հակադաշնակցականութիւնը — դարձել է ակտիւ եւ անցել յարձակողականի:

Ամերիկայում ես չտեսայ ինքնաշխատութիւնը թերագնահատող ընկեր: Ամէնքը գիտակցում են, որ պատմութեան վայրկեանի` մեր առջեւ դրած ծանր խնդիրները պահանջում են կուսակցական աւելի՛ մեծ կուլտուրականութիւն: Ինքնաշխատութիւնը չէ՛ թելադրւում, ինչպէս տեղի է ունենում բոլշեւիկների մոտ: Դաշնակցականը զբաղւում է ինքնաշխատութեամբ, ոչ թէ օտար գաղափարախօսութեանց ազդեցութեան տակ ընկնելու երկիւղից, այլ իր տեսաբանական հորիզոնը ընդլայնելու ներքին ցանկութիւնից, ջանալու ներքին ուրախութեան զգացումից:

Այնտեղ, ամէն ընկեր ինքնիրեն զգում է որպէս արժէքաւոր միաւոր այն մեծ ուխտի մէջ, որ կոչւում է Դաշնակցութիւն: Բարձրօրէն ընկերական է նա: Ջերմ ընկերականութիւն, հաւատաւորութիւն եւ խանդավառութիւն ահա՛ նրա կուսակցական բարոյականի երրեակ սիւները: Նրա զոհաբերութեան չափը մնում է անծանօթ մեր շատ գաղութների համար:

Դաշնակցականը, Ամերիկայում, իր գործն ու զոհաբերութիւնը չափում է ոչ թէ իր կարողութիւններով, այլ իր պարտականութեան չափով, որ միշտ էլ աւելի մեծ է եւ աւելի՛ն է պահանջում :

Այսպիսով, դաշնակցականութիւնը Ամերիկայում դարձել է մի տեսակ միւրիդիզմ — աննահանջ պայքարի եւ աննուազ զոհաբերութեան խա՛նդ:

Քաղաքական խորհողութեան ընդունակ` նա անսխալ կերպով սահմանել է թրքօբոլշեւիզմի կողմից մեզ պարտադրուած պայքարը, նրա արժէքը եւ իմաստը: Նրա համար իրերի վիճակը լիովի՛ն պարզ է: Նա սիրում է եւ գիտէ խորհել, եւ ոչ թէ դատել պատրաստի բանաձեւերով: Պայքարի մէջ դրած է առողջ միտք, տաք սիրտ եւ Վարդանանց մարտական բարոյականը` «խիզախ քաջութեան վատութիւն չխառնել» : Մշտարթուն է, գիտէ, որ պայքարը «տօն օրեր» չունի: Ներկայացնելով ազգն ու ազգայնականութիւնը` նա միշտ էլ տիրապետող դիրքերի վրայ է, այսինքն` վայր չի իջնում իր կոչումի եւ պատմական արժէքների բարձունքից: Նա խստօրէն կարգապահ է: Նա նմանում է աւելի ֆրանսական զինուորին, քան` գերմանականին: Առաջինը` իր հրամանատարը կորցնելուն պէս` անցնում է նրա տեղը: Նման դէպքերում — իր պետերի վիրաւորուելու, սպանուելու դէպքում — գերման զինուորն իրեն զգում է անտէր, անգլուխ, ամբոխանում եւ դադարում կազմակերպուած ոյժ լինելուց: Ֆրանսականը, ինչպէս ասացի, փոխարինում է իր ամենաբարձր պետերին: Վերդենի շուրջը բորբոքուող ճակատամարտերում եղան դէպքեր, երբ շարքային պարզ զինուորը փոխարինեց իր գնդապետին եւ զօրամասի վերաբերմունքը մնաց նո՛յնը դէպի նոր հրամանատարը: Ա՛յս է ճշմարիտ կարգապահութիւնը: Դաշնակցականի կարգապահութիւնը մեքենական չէ, արտաքին չէ, դա` արտայայտութիւնն է մի բանաւոր անհրաժեշտութեան. դա արտայայտութիւնն է գիտակցօրէն ու կամաւորապէս ընդունուած պարտականութեան: Կարգապահութիւն ասելով` մեր ամերիկաբնակ ընկերը հասկանում է շարքերի բացարձակ վստահութիւնը դէպի իրենց ղեկավարները: Ռէմարկեան զինուոր չէ նա, եւ պատահական անյաջողութիւնները միշտ վերից վար չի փնտռում: Նա չի ասում` «սպանե՛րն առաջ», որովհետեւ գիտէ, որ իր մարմինները առաջնորդում են, եւ ոչ թէ ղեկավարում` հեռուից: Նա նպատակագիտակ է եւ դրական է իր նպատակադրութիւնը: Տանելով իրեն պարտադրուած անօրինակ պայքարը` նա, ինչպէս ամէն դաշնակցական, հետապնդում է ո՛չ թէ ապախորհրդայնացումը, այլ իրականացումը Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարի: Նա համակուած է ուժեղ հայրենաբաղձութեամբ: Նրա համար հակադաշնակցականութիւնը` այն ներքին պատմական չարիքն է, որ տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր անուան եւ ձեւի տակ, մեծապէս դժուարացրել է մեր ցեղի չուն` իր յաւիտենականի ճամբի վրայ: Ահա՛ թէ ինչո՛ւ նա ներքին չարիքին մօտենում է ոչ թէ մակերեսայնօրէն, այլ ապրելով մեր ողբերգութեան խորութիւնը, գիտակցում է, որ հայ կեանքի հազար գլխանի չարիքը կը վերանայ մեր ճակատագրի բոլոր հանգոյցների քակումով — Միացեալ եւ Անկախ Հայրենիքի ստեղծումով միայն:

Ամերիկահայ դաշնակցականը գաղափարական կեանք ունի, ինչպէս եւ զգացումների մե՛ծ հարստութիւն, բայց չի սիրում լաց լինել անցեալի վրայ եւ ամէն բանում անցեալն օրինակել: Նրա մէջ նկատւում է հոգեկան մեծ լարուածութիւն: Դրա հետ` նա անասելիօրէն ընկերահաղորդ է: Ծանօթ դատավարութեան օրերին մեր շարքերը — պատի՛ւ իրենց հսկումի ամիսներ բոլորեցին:

Նա չի հաւատում թուղթէ բանաձեւերի «փրկչական» զօրութեան, ինչպէս` նպաստաւոր պայմանների «կախարդական» ոյժին` — նա աշխատում է, աշխատում եւ աշխատո՛ւմ:

Իրեն պարտադրուած պայքարում նա ցուցահանեց հոգեբանական խորին հասունութիւն: Նա մի հատիկ չափանիշ ունի — դաշնակցական բարոյականը: «Դու պէտք չէ՛ անես այն, ինչ կարող է վնասել Դաշնակցութեան» — նրա համար ասել է` «դու պէտք չէ՛ անես այն, ինչ կարող է վնասել ազգիդ»:

Նրա կեանքի ամենախռովիչ հարցն է — Հայաստանից դուրս ես ապրո՞ւմ եմ այնպէս, ինչպէս որ պէ՛տք է ապրել յաւիտենական հայ մարդուն: Եւ նա գիտէ, որ այս հարցի լուծումը պէտք չէ փնտռել շրջապատի աննպաստ պայմանների, այլ` իր ցեղային գիտակցութեան մէջ: Նա գիտէ նաեւ, որ այդ հարցի լուծումից է կախուած իր վարած գոյամարտի ելքը` յաջող թէ անյաջող:

Նա անասելիօրէն հպարտ է իր երեք «Հայրենիք»ներով — երեք ազգային օրհնութիւններ ամերիկահայութեան համար — որոնցով յաջողել է օտար հեռաւոր ափերի վրայ իր աննիւթեղէն հայրենիքն ստեղծել:

Հոգեբանական յարմարումն անծանօթ է նրան — ցեղակրօնութի՛ւնը վկայ: Յարանուանականութիւն եւ հատուածականութիւն չգիտէ, նա համահայ է: Հայնէի հայրենապաշտ զօրականն է, որ հայրենիքից դուրս` տոչորւում է իր հողի կարօտով եւ դժուարանում է մեռնել: Մինչ հակադաշնակցականը վատաբար երգում է կոմունիստական գրականութիւնից առնուած հետեւեալ տողերը. «Միեւնո՛յն է — հանգիստ կը պառկեմ եւ օտարութեան մէջ, հողն այստեղ թէ այնտեղ — միեւնո՛յն է»: Հայրենի կարօտը ոչ միայն ամերիկահայ դաշնակցականին պահում է պանդխտի հոգեվիճակում, այլեւ մղում է նրան տառապել նաե՛ւ մեռած հարազատի գերեզմանի պանդխտութիւնից :

Դաշնակցական Բաբկէն Տէր Մանուէլեանի ցեղակրօն զաւակնե՛րն էին, որ իրենց հօր գերեզմանից ինձ «ափ մը հող» տալով, ասացին — «Եթէ հնարաւոր չէ Հայաստանի հողին` գէթ խառնէք Քրիստափորի գերեզմանի հողին»:

Հէնց ա՛յդ է դաշնակցականութիւնը:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով