ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 7

ԱՆԴՐՕՇԱԿ ԶԻՆՈՒՈՐԸ

Չէ՛, դաշնակցական չեղած, չի կարելի

ճշմարիտ զինուոր լինել:

Հռչակաւոր նկարիչ` Լէօնարդօ դա Վինչին կ’աշխատէր իր «Խորհրդաւոր Ընթրիքը» պատկերի վրայ, սակայն, աշխատանքը դանդաղ կ’ընթանար:

Երբ նրան խնդրեցին արագացնել նկարի աւարտումը` պատասխանեց — «Պատկերս աւարտելու համար պակասում է մի հատիկ գլուխ, այն է` Յուդա Իսկարովտացու գլուխը, հէնց որ գտայ այդ գլուխը, պատկերս կ’աւարտեմ մի օրէն»:

Եւ, իսկապէս, մի քանի օր անցած, Լէօնարդօն գտնում է փնտռած մարդը եւ նրա վրայ գծում Յուդայի գլուխը — մի դէ՛մք, որի վրայ կարելի է կարդալ երեսուն արծաթի ահաւոր պատմութիւնը, մի հրէշային դէ՛մք, որի վրայ ուրացումն ու մատնութիւնը իրենց յաւիտենական կնիքն են զարկած:

Զգում եմ, ընթերցո՛ղ, խորհրդածութիւններս` հակադաշնակցութեան մասին երկարեցին, սակայն, զգում եմ եւ ա՛յն, որ պատկերս պակասաւոր պիտի լինէր, եթէ նրան չաւելացնէի «Յուդայի գլուխը»:

— Ամերիկայում ես տեսայ ե՛ւ անդրօշակ զինուորը ` նախկին լեգէոնականը: Հայ Լեգէոնական Միութիւնը նոյնպէ՛ս հոգեւոր ճեղքուածք էր տուել` պառակտուել: Լենինի շունչը` անապատէն եկած խորշակի նման` զարկել էր ե՛ւ Հայ Զէնքի մարդուն: Վերջին տարիները կարմիր սատանան քար էր խառնել ե՛ւ այդ Միութեան մէջ: Ճեղքուածքը առաջացել էր լեգէոնականների մի մասի ուրացումով — Եռագոյնից հրաժարուելու վատութեա՛մբ:

Անդրօշա՛կ զինուոր — անիծապարտ բոլշեւիզմը մեզ պիտի պարգեւէր ե՛ւ այդ անմարդկային ամօթանքը:

Ունէինք անաստուած եկեղեցականը — Դուրեա՛ն, ունէինք Սուրբ Գիրքը, բոլշեւիզմը եւ թրքութիւնը հաշտեցնելու աշխատող խմբագիրը Քիւրքճեա՛նը, Լենինին եւ weesky -ին մեծ պատիւ ընծայող «Բանւոր» ը, իր զաւակները լափելու տրամադիր կինը, եւն.: Ի լրումն չարեաց — ունեցանք ե՛ւ անդրօշակ զինուորը:

Գիտենք, որ ժողովուրդների ոգին աբսօլիւտ չէ, որ դա ենթակայ է վերելքի եւ անկումի, որ դա կախուած է մի շարք գործօններից` հոգեւոր, ընկերային, քաղաքական, եւն.: Գիտենք այդ, բայց եւ այնպէս չէ՛ կարելի հաշտուել այն մտքի հետ թէ` զինուորն էլ կարող է այսպէս ընկնել: Իր ծիրանին ծախու հանած արքա՛ն — իր սուրը սակարկող զօրավա՛րը — իր դրօշակը պատռող զինուո՛րը` հաւասարապէ՛ս զզուելի են, բոլո՛րն էլ: Անդրօշա՛կ — անցե՛ղ, անպատի՛ւ, անհայրենի՛ք:

Անդրօշա՛կ — անսի՛րտ, անսո՛ւրբ, անհոգի՛: Անդրօշա՛կ — անարի՛, աներկի՛նք, անդէ՛մ:

Միջազգային այդ անդիմութիւնը — անդրօշակ հայութիւնը — սիրում է կապկել օտարին եւ յաճախ գերազանցել նրան: Նա անդրալեռնակա՛ն է, ծայրայեղապաշտ, ի հարկէ, բացասական իմաստով: Երբ օտարը, զգաստացած, մի օր թիկունք է դարձնում իր երէկուայ կուռքերին` օտարին աշակերտող հայը շարունակում է կառչած մնալ իր փոխառիկ յիմարութեանց: Նա քարանում է: Դարձի, զղջումի ճամբով հոգեւոր հերոս դառնալու փոխարէն` նա յամառում է մնալ ցեղային դասալիք: Հայ մարդու այս հոգեւոր քարացումը հետեւանք է` նախ իր քաղաքական տգիտութեան եւ պարտուողական ոգուն: Նա կոյր է` չի տեսնում, թէ ի՞նչ է կատարւում իր շուրջը: Այսօր ոչ ոք է գլուխ կոտրում ընկերային հին վարդապետութեանց վերաբերող վերջակէտի կամ ստորակէտի վրայ: Այսօր ընկերվարական Մագդոնալդը այնպէս է ծառայում բրիտանական կայսրութեան, ինչպէս զինուորն` իր դրօշակին: Բրիա՛նը — ո՞ր բռնապարտապաշտ ֆրանսացին սրանից աւելի ջերմօրէն սիրեց Ժան դ’Արկի եւ Նապոլէօնի ծածանած դրօշը:

Իտալիայում — ուր նորահաս սերունդը սնւում է կլասիկ Հռոմի պաշտած էգ գայլի կաթով — հայրենապաշտութիւնը կազմում է պետական դաւանանքի հիմքը: Գերմանիայում, հայրենապաշտութիւնը հասել է զայրուցքի: Այնտէղ ցե՛ղն է Աստուած: Ճամբա՛յ ցեղիս, ճամբա՛յ տւէք, կամ կուրծքովս կը բանամ — գոռում է գերման զինուորը: «Զա՛րկ թշնամիներին եւ պաշտպանիր Ունգարիան»` ասում է ունգար վերաքննչականը: Հայրենի՛քն է օրուայ աստուածութիւնը` Լեհաստանում, Չեխիայում, Բալկանեան երկրներում, Ասիայում — ամենուրե՛ք: Նո՛յնը կարմիր ցարերի երկրում, ուր ընկերային յեղափոխութիւնը սկսուեց միջազգայնականութեան անունով, իսկ այսօր հայրենասիրութեան մշակումը պարտադրւում է պետական դեկրէտներով, ուր Ստալին, Տուխաչեւսկի, Վորոշիլով քնարական գինովութեամբ ճառեր են ասում ռուս հողի եւ հայրենիքի մասին: Այսպէ՛ս է ամենուրեք — աշխա՛րհն ազգայնանում է :

Մարդկութիւնը — եւ ամէնից առաջ եւրոպական ազգերը թիկունք են դարձրել այն անիրականանալի քիմերաներին — մաքսիմալիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ — որոնք իրենց համարձակ, բայց կեղծ մարգարէութիւններով աւելի քան կէս դար մոլորանքի մէջ պահեցին երջանկութեան ծարաւի աշխարհը: Արեւմուտքն այսօր հնչեցնում է իր ահազանգը ուտոպիստները մեզ հասցրին անդունդի եզրը, յե՛տ, յե՛տ, դէպի իրական կեանքը, յե՛տ, սո՛ւտ է, խաբուսի՛կ է, էլ մի՛ անսաք սոցիալիզմին — լինի դա մարքսեան թէ լենինեան: Պէ՛տք է ծառայել մարդկութեան, այո՛, սակայն, դա պիտի տեղի ունենայ մեր ցեղի միջոցաւ` մեր ցեղին ծառայելով:

Ա՛յս է օրուայ իրականութիւնը` համաշխարհօրէն: Բայց, հակադաշնակցական տականքի համար ոչինչ է փոխուել եւ փոխւում — ինչպէս իր հոգում: Եւ հասկանալի է դա, չէ որ մարդս իրենից դուրս տեսնում է միայն այն, ինչ որ կայ իր հոգու մէջ: Անդրօշակ տականքը մնում է անտարբեր, երբ աշխարհում դարագլխային անցքեր են տեղի ունենում: Ռուս բոլշեւիկը իր հողն ու հայրենիքն է երգում, իսկ բոլշեւիզմի այբուբէնին հազիւ ծանօթ հայն Ամերիկայում իր ազգային դրօշակն է պատռում:

Գիտե՛նք, գիտե՛նք, որ հայկական բոլշեւիզմը` հացի խնդիր է, ծուլութեան իրաւունք` կեանքի պայքարի համար վատ զինուած թշուառականների համար: Գիտենք այդ, բայց եւ այնպէս մահու չափ դժուար է հաշտուել անդրօշակ հայ զինուորի գոյութեան հետ: Հայը, հասկանալի պատճառներով, պիտի մնայ իր վահանի, իր դրօշակի տակ, անգա՛մ այն դէպքում, եթէ հոգեբանական հրաշքով թուրքն իսկ բոլշեւիկանայ:

Մասարիկն ասում է` «Ասացի՞ր` ես չեխ եմ — պէտք է գիտնաս, թէ ի՞նչ պէտք է անես, պէտք է ծրագիր ունենաս: Ի՞նչ անելդ գիտնալու համար պէտք է յստակ ըմբռնում ունենաս ազգիդ առաքելութեան մասին: Իսկ այդ առաքելութեան մասին ուսուցանում է պատմութիւնը»:

Ասացի՞ր` հա՛յ եմ — պէտք է ուխտ ունենաս. եւ Կատոնի պէս ամէն օր պիտի կրկնես` Cartago delenda est! Եւ Կարթագինէ ասելով` պիտի հասկանաս Թուրքիան: Եւ պիտի պատրաստուես մի օր — աշխարհը միշտ էլ բարեկամ չի մնայ թուրքին — մի օր պատուհասելու թրքութիւնը: Ինչպէ՞ս` հարցիդ կը պատասխանեն երկու իմաստուն խորհրդականներդ — Սիրտդ ու Ժամանակը: Առ այդ` հայ մարդը յետ այսու մի հատիկ արժէք պիտի ունենայ — թէ որքա՞ն նա վտանգաւոր է Թուրքիոյ համար: Այո՛, այսպէ՛ս, չկեղծենք. «ջայլամի քաղաքականութիւնը» չի՛ փրկի մեզ: Եթէ թուրքն իրեն ազատ զգաց Արաքսն անցնելու, նա կը կատարի ե՛ւ արեւելահայութեան թաղումը: Ահա՛ թէ ինչո՛ւ հայ անհատի գերազանցութիւնը թուրք մարդու վրայ` դառնում է պատմական անհրաժեշտութիւն: Ահա՛ նաեւ թէ ինչո՞ւ հայ զինուորի անունը կրելու արժանի է նա՛, ով հայ արիւնի վրէժխնդիր է, ով դաւանում է թէ` թրքութիւնը պէ՛տք է եւ կարելի է պատժել Թուրքիոյ սահմաններէն ներս:

Անդրօշակը` զինուոր չէ՛: Ամերիկաբնակ հայ սակաւաթիւ դրօշուրաց լեգէոնականները իրենց ընթացքով հաստատեցին ա՛յն, որ զէնք կրել` չի նշանակում ճշմարիտ զինուոր լինել : Զէ՛նքը չէ մարդս զինուոր դարձնողը: Կայ մի ա՛յլ բան — ոգի՛ն, մարտական խմո՛րը, արիութի՛ւնը, հայրենի հողի զգացո՛ւմը, սրբութեա՛ն զգացումը, իր կեանքէն աւելի՛ իր դրօշակը սիրելու եւ նրա համար ամէն վայրկեան մեռնելու յոժարա՛նքը:

Եռագոյնը պատռող նախկին լեգէոնականները մատնեցին երեք բան`

— Որ իրենք ճշմարիտ զինուոր չեն եղել.

— Որ իրենք արժանի չեն դրօշակ կրելու.

— Որ իրենք, ընդհանրապէս, անդրօշա՛կ են, անարի՛, անզօ՛ր — որեւէ դրօշակ պաշտպանելու իրենց կեանքի գնով:

Հակադրօշակեան այս վատութիւնը, հարուածելով ճշմարիտ լեգէոնականների հպարտութեանը, աւելի՛ եւս դղրդեց նրանց ազգայնական մոլեռանդութիւնը եւ մղեց դէպի մեզ: Արձագանքելով Դաշնակցութեան կանչին` նրանք Եռագոյնը իրենց աչքի մէջ, եկան` վիշապն զգետնող հերոսի վճռականութեամբ կանգնելու Դաշնակցութեան կողքին, ազգայնական պատնէշի վրայ:

Եկան եւ հաստատեցին`

— Որ չէ՛ կարելի ճշմարիտ զինուոր լինել` դաշնակցական չեղած.

— Որ միայն մե՛ծ սրտերը գիտեն, թէ ի՞նչ ասել է դաշնակցական լինել.

— Որ միայն արիները գիտեն, թէ ի՞նչ է դաշնակցականութիւնը:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով