Հովիւի Եկեղեցիին Աւանդութիւնը

 

Հովւի եկեղեցու հատակագիծը։

Կովկասեան պատերազմների յայտնի պատմագիր գեներալ Պոտտոն մանրամասն խօսելով հին Հայաստանի եւ հայերի մասին, կանգ է առնում Անիի վրայ, որ ամենից գեղեցիկ կերպով է ներկայացնում Հայաստանը։ Հիացած նկարագրելով այդ յիշատակարանի գեղեցկութիւնները․ զինուորական գրողն է պատմում Անիի պարիսպներից դուրս գտնուող Չոբան-քիլիսէի լեգենդը։

«Անիի ծաղկած ժամանակները ապրում էր սարերում մի աղքատ հովիւ, որ միայն տարին մի անգամ, Քրիստոսի Յարութեան օրը, գալիս էր քաղաք աղօթելու եւ Աստծոյ տաճարի մէջ մոմ վառելու։ Ծերացաւ անապատական հովիւը, եւ յոգնած ոտները վատ էին ծառայում նրան։ Մի Զատիկ երեկոյ նա սովորականի պէս ճանապարհուեց դէպի փառահեղ Անին եւ ամբողջ գիշերը գնում էր լեռնային խուլ կածաններով։ Գարնանային գիշերը մութ էր, լեռնային կածանները շուտ-շուտ իջնում էին անդունդների վրայ։ Բազմաթիւ դեւեր, որոնք այս անգամ հեռաել էին Անիից, կպած ծերուկին եւ աշխատում էին թոյլ չտալ, որ նա հասնէ առաւօտեան ժամասութեան ասկզբին։ Կամ քարեր էին գցում նրա ոտների տակ,  կամ դուրս էին բերում նրան ճանապարհից եւ հրում էին դէպի մի որեւիցէ անդունդ։ Իր ամէն մի քայլը զոռով խլելով, անապատականը քաղաք եկաւ ուշ, երբ եկեղեցիներում արդէն  երգել էին «Քրիստոս յարեաւ»։ Բոլոր եկեղեցիները, որոնք յատակից մինչեւ  գմբէթները ողողուած էին ճրագների եւ կանթեղների լոյսերով, արդէն լեփ-լեցուն էին մարդկանցով։ Անապատականը ա՛յս եկեղեցին ուզեց մտնել, փորձեց միւսը, երրորդը, տասներորդը – ոչ մի տեղ ճանապարհ չեն տալիս նրան, ամէն տեղ սարսափելի նեղուածքութիւն է, իսկ ծերունին այնքան ուժ չունի, որ ամբոխը դէսուդէն հրէ, զոռով անցք ճղէ իր համար։ Գնաց Աստուծոյ բոլոր տաճարները եւ ամէն տեղ՝ իզուր։ Նա չլսեց զատկական արեւագալի ժամերգութիւնը, մոմ, ինչպէս ուխտել էր, չվառեց։ Իսկ Աստծուն մի բան խոստանալ ապագայում— արդէն մեղք է․ չգիտես թէ ինչ կը բերէ վաղուայ օրը։ Սաստիկ տրտմեց ծերունին, կանգնած է ճանապարհների մէջտեղ եւ լաց է լինում։ Ժողովուրդը դուրս է թափւում եկեղեցիներից, որը կառքով է գնում, որը ձիով, մեծամասնութիւնը ոտով է, երիտասարդները ոսկեթել բանուածքով շորեր ունեն, սիրուն աղջիկները դիպուկ են հագել եւ վզնոցներ ունեն։ Ամէնքը տեսնում են աղքատ հովւին, տեսնում են նրա քրձերը, սպիտակ մազերը, արտասուքները- եւ անցնում են։ Արտասունքները, ալիքները, քրձերը ոչ մի սիրտ չշարժեցին։ Գալիս է, վերջապէս, եպիսկոպոսը իր եկեղեցականներով եւ տեսնելով ողբացող ծերունուն, հարցնում է նրան քաղցրութեամբ․ «Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ, այս ուրախ առաւոտեան»։ Պատասխանում է ծերունին․ «Դառն օրերի եմ հասել, հայր, ժողովուրդը  չթողեց ինձ մտնել Աստծոյ եկեղեցին»։ Գաւազանը շարժելով, ասաց հոգեւոր հայրը․ «Ծերունիներին պէտք է ծուլութեամբ չվերկենալ գիշերային քնարանից եւ երիտասարդներից առաջ շտապել տաճարը աղօթելու»։ Եւ աղաղակեց ծերունին․ «Ես բոլորովին չեմ ծուլացել, հայր, ամբողջ գիշերը չարքերի հետ էի կռւում եւ ոտքով ճանապարհ էի կտրում։ Բայց վայ ինձ, անապատական ծերունուս, նուազել վերջացել է առիւծի մկանունքներիս պնդութիւնը եւ եղնիկի ոտների արագավազութիւնը։ Իսկ ժողովուրդը այժմ շատ խստասիրտ է դարձել, եւ նորաբողբոջ պատանիների մէջ այլեւս խնամք չկայ դէպի անկարող ծերունիները։ Թող նրանք աղօթեն իրենց եկեղեցիներում, իսկ դու, տէր, շինիր ինձ, աղքատ ծերունուս համար առանձին եկեղեցի»։ Հոգեւոր տէրը բարեհոգութեամբ ժպտաց եւ մոմից կակուղ խօսքով ասաց․ «Ո՛վ մարդ, շատ ու շատ ոսկի եւ արծաթ դրամներով են կառուցւում տաճարները մեծ Անի քաղաքում, քո քրձերով եւ քո արտասուքներո՞վ պիտի քեզ համար առանձին եկեղեցի շինեմ»։ Մինչեւ գետինը գլուխ տուեց ծերունին եւ ասաց․ «Բարի ասացիր, հայր, բայց կայ քուրձ ոսկու տակ եւկայ ոսկի քրձի տակ։ Առաւօտեան, նախքան թմբուկը երեք անգամ կթնդայ, մեծ արժէքաւոր հարստութիւն կը գայ քեզ մօտ աղքատիկ կողովի մէջ, վայրի ցիռի մէջքի վրայ։ Վերցրու այն հարստութիւնը, տէր, եւ աղքատ ծերունու համար եկեղեցի շինիր»։

Ասաց եւ հեռացաւ սարերը։

Որքան փայլուն աստղեր կան կապոյտ երկնքում, այնքան սուր պղնձի ձայներ առաւօտեան աղմկեցին լուսաբացիհանգստութիւնը փառաւոր Անի քաղաքում։ Թմբուկի երրորդ հարուածի հետ եպիսկոպոսը իջնում է սպիտակ մարմարեայ պալատի բարձր պատշգամբից եւ տեսնում է մի ցիռ, որ ջուր է խմում շատրուանի մօտ։ Ցիռի մէջքի վրայ մի հին կողով կայ, նման այն կողովներին, որոնց մէջ մուրացկանները դնում են այն հացը, որ տալիս են նրանց Քրիստոսի սէրին։ Այն կողովի մէջ ծանր հարստութիւն կար, երեք պատանիներ հազիւ կարողացան վերցնել նրան ցիռի մէջքից։ Բարեպաշտ եպիսկոպոսը սուրբ ջուր սրսկեց ոսկու վրայ, արտասանելով այսպիսի խօսքեր․ «Եթէ դու անմաքուր ուժից ես, հող ու ու մոխիր դարձիր»։ Հարստութիւնը ոչ հող դարձաւ, ոչ մոխիր։ Այն ժամանակ նա ճարտարապետներ կանչեց Բիւզանդիայից եւ մի հոյակապ տաճար կանգնեցրեց։ Չէ մեռնում ժողովրդի մէջ աղքատ հովւի, այդ հարուստ տաճարը շինողի յիշատակը, եւ այդ տաճարը Չոբան-քիլիսէ է անուանւում մինչեւ այսօր»։

Չոբան-քիլիսէն դիմացաւ Անիի երկրաշարժին, եւ արդէն Մեհեմմէդ Երկրորդի մուրճը կոտրել է նրա կլոր եւ գեեցիկ գմբէթը։

«ԱՆԻ»․ ԼԷՕ


  • Տպաւորութիւններ, Յիշատակներ, Անցածն ու Մնացածը։ 1963 Երեւան, Էջ 57-63։
  • Արտատպւում է Թորգոմ Արք․ Մանուկեանի «Հայ Եկեղեցւոյ Կորուստը Եղեռնին» գրքոյկից։ Նիւ Եորք, 1972

 

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով