Նիկողայոս Ադոնց
Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան) ծնվել է 1871թ. հունվարի 10-ին Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում (Սիսիան): Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև` 1892-94թթ. Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 1899թ. ոսկե պարգևանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները: Աշակերտել է Նիկողայոս Մառին: 1899-1901թթ. Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ: 1903-ին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, ածխատել է Էջմիածնի մատենադարանում: Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ: 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915թ. ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում: 1916-ին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին: 1917թ. ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր: 1920թ. մեկնել է Լոնդոն, ապա` Փարիզ: 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը: «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները: Ադոնցը մահացել է 1942թ. հունվարի 27-ին, Բրյուսելում: Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարարնին, իսկ գրքերը Բրյուսելի հայ գաղութին:
Ադոնցը թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ` նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը: Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են: «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է: Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի և հայ գյուղացիության մի շարք հարցեր:
Հետագայում Ադոնցը գյուղացիության պատմության խնդիրներն ավելի համգամանորեն քննել է «Հայ հին շինականությունը» (1927թ.) ուսումնասիրության մեջ: Մյուս ծավալուն աշխատությունը` «Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին», հայ-հունական բանասիրության մասին առաջին խոշոր գործն է: Գիտական բարձր մակարդակով Ադոնցը վերլուծել է Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը և նրա վեց հայ մեկնիչների բնագրերը, կատարել բանասիրական կարևոր շտկումներ: Մի շարք հոդվածներում վեր է հանել հայ-բյուզանդական անվանի ընտանիքների և Բագրատունիների տոհմաբանությունը: Ի մի բերելով հույն հեղինակների կցկտուր տեղեկությունները` բացահայտել է բյուզանդական զորավար Արտավան Արշակունու, նրա եղբայր Վարդ Մամիկոնյանի, Վասիլի 1-ին և Մորիկ կայսրերի ու այլ հայազգի գործիչների կերպարները («Պատմական ուսումնասիրություններ», 1948թ.): Մեծ արժեք ունեն նաև Ադոնցի աղբյուրագիտական ու բանասիրական ուսումնասիրությունները` նվիրված Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն:
«Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925թ.) աշխատության մեջ Ադոնցը ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը` մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382-392-ի միջև: Ադոնցը ձեռնարկել է գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս է տեսել ֆրանսերեն և հայերեն (1946, 1972): Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները: Նա նաև հմուտ գրականագետ էր, գրել է մի շարք հոդվածներ, 1903-1904թթ. Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության և արվեստի» պարբերականը:
Աղբյուր՝ Հայկական սովետական հանրագիտարան, I հատոր.