Փառապսակ Աշուղին
— Յո՞ երթաս:
— Հռոմ` նորեն խաչվելու:
…«Այնտեղ, Մասսի էն ստորոտում կա մի երկիր, ուր դարեր է, ինչ օրենքի ու Արդարության տեղ գործում են երկաթն ու յաթաղանը, ուր դարեր է, ինչ հայ ցեղի յոթն անգամ խաչված մասի օրը սեւով է սկսվում, գողգոթայով վերջանում»…
Այսպես սկսեց Նա իր պատմությունը Տաճկահայաստանի մասին, Արաքսի ափին ընկած գյուղերից մեկում…
Ու այն օրեն «Մասսի էն ստորոտը» վառեց իմ երեւակայությունը, իրեն քաշեց սիրտը, իր հողին, իր անունին կապեց իմ էությունը…
Ու այն օրեն` շատերի պես ես էլ ուխտեցի էն չարաբախտ ժողովրդի օր ու արեւին մեռնել…
* * *
«Աշխա՜րհը. ո՜հ, այդ՜ անսիրտ մայրը, որի լի ստինքները միայն կարող հզորները կծծեն…
Աշխարհը, ուր մերկն ու սովածը, ուր ճակատագրի խորթ ու զրկված որդիները տեղ չունեն, փայ չունեն»…
Այսպես վերջացրեց իր խոսքը աշխարհի անարդարության` անարդար կարգերի ու օրենքների մասին…
Ու այնուհետեւ մարդկությունը կերակրող, աշխարհը հարստացնող իրավազուրկ բանվորն ու գյուղացին դարձան իմ աստվածությունը, իսկ Աշուղի քարոզած սոցիալիզմը` իմ ավետարանը…
* * *
Առաքյալ, բառիս ամենավսեմ իմաստով` հեղափոխական առաքյալ էր Աշուղը:
Չկա, Գողթանի երկնքի տակ, Արաքսի ափերում չկա մի գյուղ, ուր լսված չլիներ Աշուղի ձայնը:
Ու միշտ էլ` բիբլիական առաքյալների պես պարզ, ու միշտ էլ` ոտքով շրջելիս:
Ու այդ այն սեւ շրջանում, երբ անեզր Ռուսաստանի միակ զարդերը կազմում էին ժողովուրդների երեւակայությունն ահաբեկող դժոխատիպ բանտերն ու զնդանները, կախաղաններն ու կառափնարանները, երբ ցարի խավարի թագավորության մեջ ազատ ու բարձր խոսքի տեղ ավելի ազատորեն բարձրանում ու իջնում էր ոստիկանական մտրակը:
Այն մղձավանջային շրջանում, երբ շատերն էին փախչում Հռոմից ու հանդուգն քչերին ուղղում իրենց «Յո՞ երթաս»-ը` Աշուղը, վերջին անգամ, հեղափոխության կարմիր ավետարանը գրկած, մտավ Հռոմ ու… խաչվեց…
Փա՜ռք….
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!