ՌԱԶՄԻԿԸ ՉԷ՛ ՄԵՌՆՈՒՄ
* * *
Մարդը գիտէր իրերի կարգը, գիտէր, որ երբ կայ կեանքը` չկայ մահը, նա գիտէր այդ, եւ անխռով կը վայելէր իրեն տրւած օրն ու արեւը:
Ի՛նձ, սակայն, ինձ էր ճակատագրւած կեանքն ու մահը ապրել միաժամանակ:
Վաղուց է, ինչ աշխարհն ինձ մեռած է կարծում, թէեւ ես դեռ կոխում եմ երկրի երեսին, թող որ երկրագնդից, անծայր ու անծիր, ինձ թողնւած է մի տարածութիւն — կալանաւորի մի կոյր խցիկ, որը դժւար թէ կարողանար երկու մեռելների գերեզման տալ:
Ես մեռայ` դեռ չմեռած: Աւելի ստւեր քան ապրող էակ, ես ե՛ւ կամ, ե՛ւ չկամ: Թէեւ կայ կեանքի անօթը` կեցութեան ձեւը, բայց չկայ կեանքը, կեանքի զգացումը չկայ:
Ես ապրում եմ` կեանքն ու մահն իրար խառնած: Ա՜հ, կարող է, մարդ կարող է փոխել բնութեան կարգը: Կեանքն առանց կեանքի՜… Ո՞վ էր ապրել այդ:
Ես կամ եւ չկամ… Եւ, բաբէ՜, այդ իսկ վիճակում կ’ուզէի մեռնել մարտական մահով, եւ կանգնել Յաւէրժութեան սեմին` դեռ չսպիացած վէրքերով… Չէ՛, ռազմիկը չի՛ մեռնում: Մեռնե՞լ… Բայց մի՞թէ դեռ կամ, դեռ ապրում եմ ես…
* * *
Ես ասում եմ`
— Ժամանա՛կն է ամենածանր բեռն աշխարհում, եւ` ամենաթեթեւը, միաժամանակ: Եթերի պէս անզգալի նրանց համար, որոնք երանօրէն ժպտում են երկնքի վճիտ ովկիանին, կամ դաշտերում բացւած ծաղկին, մի այլ հոգեվիճակում` դա տիեզերաշէնքի ծանրութեամբ է ճնշում մեր էութեան ամէն մի հիւլէի վրայ:
Կալանաւոր եմ, եւ ահա՛ լսում եմ սրտիս զարկը — մէ՛կ, ե՛րկու… Ո՛չ, ո՛չ, դա սիրտս չէ, այլ ժամանակի ծանր ձեռքը, որն իր երկաթէ մուրճն է իջեցնում գանգիս վրայ — մէ՛կ, ե՛րկու…
Ես կամ,- ասում է ժամանակը,- նրանց համար, որոնք պատճառ ունեն զգալու իմ առկայութիւնը, համրելու իմ օրերը, ժամերը, վայրկեանները` ես կամ…
* * *
Կայ Պրոմեթէյը տառապող — կան նաեւ նրա ցաւերն ամոքող ովկիանիդները: Տրւում է ցաւը մարդուն, նրա հետ` նաեւ այն մեղմելու կարելիութիւնը:
Յաղթահարել նիւթը — զրկել ժամանակն իր կապարից, ցաւն` իր սրութիւնից, լեարդ պատառոտող անգղին` իր ճիրաններից — ահա՛ գերագոյնն արւեստներից` մայրը բոլոր արւեստների, որոնց ծնունդ է տւել մարդը: Ատարաքսիա` պիտի ասէր դասական դարերի յոյնը. ստեղծագործ խանդ` ասում է մերօրեայ արւեստագէտը. ներքին երկուացում, որի դէպքում զատւում ես քեզ մտրակող ցաւից, եւ մտահայեցողաբար այն դիտում իբրեւ իմաստասիրական նիւթ` ասում եմ ես:
Յաղթահարել ժամանակը` այն անզգալի դարձնելու աստիճան աստւածային այդ արւեստին հաւատարիմ` ամէն օր մտովի ես անցնում եմ այն ճամբաներով, որ կոխել են աստւածները հին, այցելում եմ Հելլադան` ճեմում ու վիճում Աթէնքի իմաստասէրների հետ, յայտնւում պատմութեան ծանօթ ռազմադաշտերում, թեւս երկարում զինաթափւելու պատրաստ մարտիկին, վիրաւորին եւ, վերջապէս, սրիս եւ Մասսին կռթնած — արթուն հսկում եմ Հայաստանի սահմանների վրայ…
P.S.
* * *
Չհասկանալ նրան, ով խօսում է Հայաստանի համար ստացած վէրքերի լեզւով, նշանակում է ո՛չ հայ, ո՛չ էլ հայրենասէր լինել:
* * *
Ամենասրբազանը խաչերից, միաժամանակ եւ ամենածանրը — դա ճակատագիրն է հարազատ ժողովրդի:
Այն կրողին ե՛ւ վա՜յ, ե՛ւ պատի՜ւ եօթնիցս:
* * *
Հերո՞ս ես, ապա ուրեմն, տուր ապացոյցը, որ աշխարհէն — կեանքէն ու մահէն էլ զօրաւոր ես դու:
1955, մայիս
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!