ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ 13

ԲԱԽՏՈՐՈՇ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Երբեք տեսնւած չէ, որ ժողովուրդն աւելին չտար,

քան կարող են պահանջել իր առաջնորդները:

Ժողովուրդներն այն են, աւելի ճիշտը` դառնում են այն, ինչպիսին որ համարւում են իրենց մտաւորականութեան կողմից:

Մի ժողովուրդ, որ իր ղեկավար տարրերի կողմից համարւում է «փափկամարմին» կենդանիների տեսակից, երբեք չի լինի յաղթական ու յարգւած: Տկար, քաղաքականապէս մուրացիկ եւ դիպւածով գոյութիւնը քարշ տւող — ահա՛ նման ժողովուրդը:

Պարտւում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտւած է զգում իր մտաւորականութիւնը:

Կորած է այն ազգային դատը, որի ղեկավարները կորած են համարում զայն: Պայքարում տեղի է տալիս այն կողմը, որի առաջնորդող տարրերն առաջինն են յուսահատւում:

Այո՛, յանձին ժողովուրդների, միշտ էլ չափւում են իրենց մտաւորականութիւնները, յաղթում կամ պարտւում իրենց առաջնորդող տարրերը: Եւ չի պարտւում այն կողմը, որ չի ուզում պարտւել:

* * *

Պիտի չպարտւէր հայ ժողովուրդը եւ հոգեբանօրէն, եթէ նրա մտաւորականութեան մի խոշոր մասը չնետւէր պարտւողական ոգու գիրկը: Դժբախտաբար, այսօր նա ոչ թէ իրեն պարտւած է զգում, այլ եւ պարտւողական:

Նրա որոշ տարրերը մեր պարտութեան եւ բարոյալքումի օրերին ոչ թէ չկարողացան բարոյական շանթարգել հանդիսանալ զանգւածների համար, այլեւ պարտւողականութեան քարոզիչներ եւ բարոյալքիչներ դառան: Զուրկ` ապագայի զգացումից, ինչպէս եւ ազգային բարոյականից, նա առանց մի հատիկ իսկ հարւած փոխանակելու փորձի, թշնամուն յանձնեց իր դիրքերը, որին այնքա՜ն մեծացրել էր տկարի իր երկչոտ երեւակայութիւնը: Նա բառացիօրէն բաժանեց ճակատագիրը ծանօթ առակի այն դժբախտ եղնիկի, որը օդի մէջ քամուց տարուբերւող փետուրից սարսափահար, նետւում է… ուղղակի որսորդի գիրկը:

Նա նմանւեց այն զօրամասին, որ ոչխարների հօտի բարձրացրած փոշու ամպը թշնամի համարելով, փախչում է գլուխը կորցրած եւ ընկնում… թշնամու ամրացրած բանակատեղին:

* * *

Ամենակարող է այն առաջնորդը, որ կարողանում է անպարտելիութեան հաւատ ներշնչել իր ժողովրդին:

Ժողովրդասպան է նա, որ իր նկուն կեցւածքով տկարացնում է իր ժողովրդի ոյժի եւ կարողութեան գիտակցութիւնը:

Վերջինին նմանւեց մեր մտաւորականութեան մի մասը: Տեղի տւեց առանց մի հատիկ պատւոյ վէրք ստանալու, նա փախաւ եւ ոչ նահանջեց կռւադաշտից եւ իր դասալիքի հոգեբանութեամբ բարոյալքեց թիկունքը:

«Վա՜տ է մեր ժողովուրդը, տգէտ, անարի»,- ամենուրեք յայտարարեց մեր սրտաթափ եղած մտաւորականը:

«Նա չի կռւում, նա չկռւեց եւ ի՞նչպէս կարող էր կռւել տաճիկ բանակի դէմ»,- գրեց ու տարփողեց ծանօթ մտաւորականը:

«Լինենք համեստ եւ բաւականանանք քիչով, ո՞վ ասեց, որ անպայման պէտք է անկախ լինել` ապրելու համար, ապրենք այնպէս, ինչպէս որ կ՛ուզեն թուրքն ու բոլշեւիկը եւ ոչ թէ այնպէս, ինչպէս որ հայ ժողովուրդն է ուզում»… ահա՛ այսպէս գրեց, խօսեց եւ դեռ չարախօսում է անմիտ պարտւողականը:

Տխուր, մեռօրէն տխուր է պարտւողական մտաւորականի պատկերը: Գլուխը կորցրած, նա այսօր ոչինչ չի խնայում վերջնական դարձնելու հայ ժողովրդի պարտութիւնը: Ազգային աստւածութիւնները մի աման ապուրի հետ փոխելուց յետոյ, նա այժմ իր վատութիւնը փիլիսոփայելով է զբաղւած:

* * *

Այլազան են, ընթերցո՛ղ, պարտւողական հայ մտաւորականի հոգեւոր դիմադրութիւնները:

Մէկն այդ փաղանգից հոգեւոր ստրկութիւն է քարոզում, յորդորելով հայութեան ապրել «խոնարհութեան հովտում» եւ էլ չերազել անկախութեան մասին:

Երկրորդը գտնում է, թէ թուրքից լաւը բոլշեւիզմն է, որի կարմիր փորձարկութեանց համար հայութիւնը հաւատարմօրէն պիտ նիւթեր մատակարարի:

Երրորդը` կենդանի հողմացոյց, ե՛ւ այս է, ե՛ւ այն:

Չորրորդը չգիտի, թէ ինչ է ուզում, ամէն ինչ է եւ ոչինչ:

Հինգերորդը… Նոյնն են բոլորն էլ էութեամբ` ստրկամիտ, տկար, պարտւողական:

Սրանք կ’ուզեն ապրեցնել հայութիւնը որպէս կենդանի ողորմելիութիւն, արտաքին ողորմութիւններով:

Խօսէ՛ք հետները, լսէ՛ք իրենց եւ պիտ հասկանաք սրանց խորշակահար հոգին, զոր մատնում են իրենց ամէն մի խօսքի եւ շարժուձեւի մէջ:

Սրանք ասում են, — եթէ ամէն ինչ դեռ կորած չէ, եթէ կարելի է եւ պէտք է որեւէ բան անել հայ ժողովրդի ճակատագրի դաժանութիւնը մեղմելու համար, այդ պիտ արւի վաղւայ սերունդների ձեռքով, եւ ոչ մեր, որովհետեւ այլեւս չենք ուզում մեր կերն ու հանգիստը զոհաբերել:

Օ՜, այդ եսապաշտ ու անարի արարածները: Եթէ սրանք հնարաւորութիւն ունենային հայ ժողովրդի գոյութիւնը զրընգ դրամի վերածելու եւ տրամադրելու իրենց հոգեպէս հաշմ եւ դիւրասէր սերունդին` այդ վերջինի հացն ու անդորրը ապահովելու համար, պիտի չնեղւէին ասելու` «մեզնից յետոյ թէկուզ ջրհեղեղ»:

* * *

Ուր մարդիկ խոստովանում են իրենց տկարութիւնը, բայց չեն ամաչում տկար լինելուց — հոգեւոր ստրկութիւն է տիրում այնտեղ: Այդպիսին են մերոնք, մեր պարտւողականները, տկար, բայց տկարութիւնից չամաչող:

Հոգեպէս կաթնեղբայր, իրար նման, որոնց մէջ կայ, սակայն, ամենավտանգաւորը: Դա ջատագովն է թրքական կողմնորոշման: Հոգեբանօրէն հասկանալի է եւ այդ ամօթալի երեւոյթը հայ մտաւորականութեան որոշ մասի մէջ: Վախը, սարսափը թշնամուց` սպանում է դէպ այդ թշնամին տածած մեր ատելութիւնը: Պիտ ներել թրքութեան եւ մօտենալ նրան,- ասում է այդ վերջինը,- քանզի մեզ ճակատագրւած է նրա անմիջական դրկիցը լինել, տկար հարեւանը:

Մտքի եւ հոգու ինչպիսի՜ աղքատութիւն:

Հեռատես դիւանագէտ չէ խօսողը, այլ` ծանօթ պարտւողականը, որ չի ամաչում ծիծաղելի դառնալ իր ողբերգանքի մէջ:

Ներե՜լ նրան, որից ծեծւել ես, թքւել, անարգւել:

Ներե՜լ նրան, որին քեզնից ուժեղ ես զգացել եւ ծունկի եկել նրա առջեւ:

Ներե՜լ իր տիրոջը, իր բռնակալին, իրեն յաղթողին: Ինչպիսի՜ մահացու տգիտութիւն եւ բարոյական անկում:

Իսկ եթէ թրքութիւնը, հա՛յ պարտւողական, կարիք չզգաց քո ներումի ստրկական արտայայտութեան եւ թքեց քո եւ քո ներումի երեսի՛ն: Իսկ եթէ թրքութիւնն ասեց. «Սրի քաշելով հայութեան կէսը` ես արձանի ու պսակի արժանի գործ եմ կատարել իսլամի համար: Եւ եթէ վաղը սուրս երկարեց քո միւս կէսի վզին, քո ստրկական ներումը չի փրկի քեզ»:

Եթէ այսպէ՛ս խօսեց Արեւելքի մարդատիպ բորենին:

Եթէ լեզուն դրւած լինէր միայն ճշմարտութիւններ ասելու համար` թրքութիւնը պիտ ասէր մեզ.

— Գիտեմ, որ իմ ներկայութիւնը Եւրոպայում շատ կարճ ժամանակի խնդիր է: Գիտեմ, որ այսուհետեւ առաջանալու մի հատիկ ճամբայ ունեմ` ռուսահայութեան գերեզմանի վրայով դէպ Անդրկովկաս: Գիտեմ, զգում եմ եւ այն, որ յետ այսու իմ գործը պիտ լինի — ծեծւել եւրոպական ոյժերից եւ ծեծել հայութիւնը, ծեծել ձեզ` վերջնականօրէն պարտւածի սպանիչ հոգեբանութիւնից զերծ մնալու համար: Աւելացնեմ եւ այն, թէ յաղթականի իրաւունքն է` զրկել պարտւածին փոխվրէժի դիմելու, ինձ վնասելու հնարաւորութիւնից:

Եթէ դարաւոր թշնամիդ այսպէ՛ս խօսեց քեզ հետ: Եւ կարիք կա՞յ խօսքի` թրքութիւնը ճանաչելու համար: Մի՞թէ խօսուն եւ հասկանալի չէ նրա հայադաւ լռութիւնը: Միջազգային բարոյակա՞նը: Բայց այդ երբւանի՞ց է որ գոյութիւն ունի դա: Արեւելքի խուժն ու ստրո՞ւկը, հակաբարոյական թուրքն ու հայ պարտւողակա՞նը հիմքը պիտի դնեն ցեղամիջեան բարոյականութեան: Վա՜յ ե՛ւ այդ բարոյականին, ե՛ւ հայութեան:

* * *

Երբեմն աշխարհի կարեկցութիւնը, երբեմն ծիծաղը շարժող մեր պարտւողականները կիսով չափ քաւած պիտ լինէին իրենց մեղքը, եթէ հայութիւնը ծիծաղելի չդարձնէին իր խոր դժբախտութեան մէջ: Այո՛, ծիծաղելի է տկարի ներումը, ինչպէս եւ նրա հաշտարար ոգին: Մարդկութիւնը, եւ ամէնից առաջ թրքութիւնը, իրաւացիօրէն, մեր ներումն ու հաշտ ոգին պիտ վերագրի մեր նւաստութեան եւ ոչ մեր մեծահոգութեան: Տկարին իրաւունք չէ տրւած մեծահոգի լինելու: Նա չի էլ կարող այդպիսին լինել: Մեր ներումը կը շարժէր աշխարհի նողկանքը միայն: Ներելով, մենք հաստատած կը լինէինք, թէ մենք արժանի էինք այն ամէնին, ինչ որ ապրեցրեց մեզ թրքութիւնը: Ապացուցած կը լինէինք եւ այն, թէ իսկապէս անկախութեան անարժան հաւաքականութիւն ենք, գոհ` մեր վիճակից:

Ներելով, մենք մատնած կը լինենք մի այլ բան, թէ մահացիօրէն տկար ենք, եւ թէ այդպիսին էլ պիտ մնանք յաւէտ: Իսկ նմանը պիտի չյանդգնի անկախ Հայրենիքի մասին երազելու, ինչպիսի աշխարհագրական սահմաններով էլ որ լինի դա:

Ներե՞լ էք ուզում — յաղթէ՛ք նախ:

Բայց թող չանհանգստանան մեր պարտւողականները: Մի օր հայութիւնը պիտ ների թրքութեան, բայց ոչ ծունկի եկած նրա առջեւ, պարտւելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ:

Պիտ ներենք մի օր Արեւելքի չարագործին, բայց նրան պարտութեան մատնելուց յետոյ:

Ասւած է` «յաղթի՛ր եւ ապա անցիր պարտեալի կողմը»:

Մի յաղթութիւն — եւ մենք կը ներենք թրքութեան:

Կասկածո՞ւմ է մեր անօրինակ մարդկայնութեան մասին հայ պարտւողականը: Թող լսի, ուրեմն, մեր յաղթական նահապետի խօսքը.

«Բայց Հայկ վեհանձն ու բարեպաշտ, կուտայ դիականց պատւաւոր գերեզման բլուրին վրայ: Իսկ Նեբրովթայ մեծազանգւած մարմինը դիապատելով մեծաճոխ հանդերձանօք կը տանեն ի Հայս լեռնակեաց յաղթական արծիւք, ուր հիմա Թորգոմայ արքայական տան մօտ կը ննջէ զքուն յաւիտենական ազատազգաց ոխերիմ թշնամին»:

Ճիշտ այսպէս, հայկաբա՛ր պիտ վարւենք եւ մե՛նք թրքութեան մեռելոտիի հետ, նրա «մեծազանգւած դիակի» հետ, երբ որ յաղթեց մեր սուրը:

Մենք չենք ջախջախի մեր սւինից վիրաւոր թուրք զինւորի գանգը, որովհետեւ մերը չէ այն շնական վարդապետութիւնը, որ տարբերութիւն չի դներ չարի եւ բարու միջեւ:

Մենք չենք շնանայ նրա գեղեցկուհիների հետ, չենք կրօնափոխի նրա որբերը, քանզի մերը չէ այն ցեղը, որի մէջ դարերով եւ դարերով շունը աւելի՛ ոյժով է եղել, քան մարդը:

Մենք մարդ, աւելի քան մարդ կը լինենք թրքութեան հանդէպ, երբ մեր սուրը նրան ծունկի բերեց մեր առջեւ:

Իսկ մինչեւ այդ օրը, նա մեր գլուխը, իսկ մենք նրա գարշապարը պիտ փնտռենք: Որովհետեւ նա չի կարող մարդ լինել մեր նկատմամբ: Նա չի զղջայ մեզ հասցրած անլուր չարիքների համար, իսկ մենք ներելու համար պիտ ճգնենք լինել նրանից ուժեղ:

Ա՜հ, գիտեմ, չկայ աստւածօրէն աւելի վսեմ եւ գեղեցիկ շարժուձեւ, քան մեր սրից ու գնդակից զարնւած հակառակորդի վէրքերը կապելը: Ինչպէս չկայ աւելի բարբարոս արարք, քան վիրաւորներին նոր վէրքեր հասցնելը:

Գիտե՜մ, գիտե՜մ, արժի ներել, իրեն ուժեղ զգալու համար: Գիտե՜մ, աստւածային արարք է ներումը, բայց ուժեղի, յաղթականի:

Ներե՞լ էք ուզում — արիացէ՛ք, հզօրացէ՛ք, յաղթէ՛ք նախ:

* * *

Ասում են` մեր տխուր Արեւելքում նւաստութիւնը ծառայել է որպէս ինքնապաշտպանութեան միջոց:

Հայ պարտւողականները այդ զազիր զէնքից զատ այլ բան չեն գտել յանձնարարելու մեր ժողովրդին:

Չեն հասկանում կարծէք, որ նւաստութիւն — ասել է շպարւած թուլութիւն, որ միշտ էլ — վաղ թէ ուշ — պատժւում է չարաչար:

Մեր միամիտները չեն հասկանում, որ նւաստութիւնը ժողովուրդների համար աւելին չէ, քան փտած եղէգն, որին կռթնել են հրաւիրում հայութեանը:

Նւաստութիւն, ներողամտութիւն, խոնարհութիւն. — սրանցով գուցէ եւ կարելի լինի երկարել հիւանդութիւնը, բայց այս բարոյազուրկ միջոցները չեն փրկի նրան ո՛չ հիւանդութիւնից, ո՛չ էլ մահից:

Փրկութիւն չէ հոգեվարքի երկարումը: Ինչպէս եւ ցաւերի ժամանակաւոր մեղմացումը, երբ հիւանդութիւնը պիտ շարունակի մնալ եւ սպառնալ մահւամբ:

Ցաւերը վերացնելու համար` հիւանդութիւնը, պատճառներն են, որ պէտք է բառնալ:

Թուլութիւնն է, որ պէտք է խաչ հանւի:

Անիծւած թուլութիւնը, որի պատճառով դարերով տառապանքի եւ ստորացումի դառն բաժակն է դատարկել մեր ժողովուրդը:

Գիտակցենք վերջապէս, որ ժողովուրդների բախտաւորութեան եւ անբախտութեան, հզօրութեան եւ տկարութեան աղբիւրը գտնւում է իրենց մէջ: Հայ հոգուց դուրս չէ եւ հայ տառապանքի, անլուր քաղաքական զրկանքների աղբիւրը: Հարազատե՛նք այդ ճշմարտութիւնը, հա՛յ երիտասարդ, հասկանա՛նք` փրկւելու համար:

Բայց մի՞թէ տկար ժողովուրդ է օրւայ հայութիւնը: Մի՞թէ նա կարող էր եւ տկար մնալ` իր կէսը թրքական վայրագութեան սրին յանձնելուց յետոյ: Մինչեւ մեր ցեղի մի մասի ողջակիզումը, դեռ հոգեբանօրէն հասկանալի էր մեր տկարութիւնը: Իսկ այսօր, երբ կայ թրքութեան կողմից մի միլիոն հայութեան ոչնչացումի աղաղակող փաստը, իրեն այսօր էլ տկար զգալ կը նշանակի ապրելու անարժան լինել:

Չէ՛, չէ՛, չի կարելի հազար եւ հազար զոհեր տալ եւ մնալ նոյնը հոգեպէս: Չի՛ կարելի հազար եւ հազար մեռելներ ունենալ եւ բարոյական անզօրութեամբ տառապել: Դա կը նշանակէր մարդկային ցեղից չլինել:

Ա՜հ, մեռելների անչափելիօրէն զարհուրելի ոյժը:

Մի միլիոն անհանգիստ եւ վրէժխնդիր ուրւականներ — ահա՛ մեր ոյժը, որի նմանը չի ունեցել աշխարհի ոչ մի ժողովուրդ:

Բայց — ամօ՜թ մեզ — հայութիւնը չօգտւեց այդ ոյժէն, չօգտւեց, որովհետեւ շուտ, շատ շուտ մոռացաւ իր մեռելները:

Աշխարհը կը սպասէր, որ այն հրէշային չարչարանքներից, որոնց դատապարտեց մեզ «վայրագութեան, ծուլութեան եւ գողութեան միայն ընդունակ ցեղը», աշխարհը կը սպասէր, որ, ահա՛, հայ մտաւորականութեան շարքերից դուրս կը գան ծայրայեղապաշտներ, անհաշտներ` գայլի հոգեբանութեամբ. կը սպասէր, որ ահա՛ հայ տառապանքը կը ծնի ուխտւածներ, դեմոնական տիպեր` սրբազան խենթութեամբ: Կը սպասւէր, որ այլեւս հայութիւնը պիտ սովորի խօսել մարդկութեան հետ այնպէս, ինչպէս որ կարող էր եւ պէ՛տք է խօսէր բազմաբիւր ողջակէզների տէր ժողովուրդը: Բայց, աւա՜ղ, հայութիւնը, աննշան բացառութեամբ, շարունակեց մնալ նոյնը — տկար ու մուրացող:

Հայութեան ճակատագրի վարողները չգիտցան խօսել աշխարհի հետ, որ բնազդական արհամարհանք ունի դէպ տկարն ու լալկանը:

Գերմարդկային ցաւերից խելագարւածի լեզւով խօսելու փոխարէն, նա խօսեց կանացի քրիստոնէութեան լեզւով: Գերագոյն վշտի մէջ կատղելու փոխարէն, նա մնաց միեւնոյն «բնականոն ջղեր»ի տէր ժողովուրդը: Նա չխօսեց բռնամահ եղած հայութեան կէսի լեզւով: Նա, որ կարող էր այնպէս վարւել, որ թուրք պետութեան ներկայացուցիչները, Թուրքիոյ սահմաններից դուրս չերեւան. նա, որ կարող էր մի միլիոն չարչարամահ եղած Հայերի ուրւականներով — առանց բանակների եւ մարտանաւերի սարսափով պաշարել Թուրքիան, կտրելով նրա յարաբերութիւնները արտաքին աշխարհի հետ. նա, որ կարող էր ահաբեկել մարդկութեան խղճմտանքը վարող հրէշների երեւակայութիւնը, որի վրէժխնդրական ամէն մի շարժուձեւը հիացումով պիտ լցնէր մարդկութեան սիրտը — նա ոչինչ արեց իր գերագոյն վշտից մղւած:

Եւ աշխարհը հիացում ու սարսափ զգալու փոխարէն, զզւանք ու զայրոյթ զգաց մեր նողկալի կանացիութեան հանդէպ:

Ինչո՞ւ այդպէս: Ինչո՞վ բացատրել այդ տխուր երեւոյթը:

— Մեր կուլտուրականութեամբ,- պիտ աճապարեն պատասխանել մեր պարտւողականները:

Կե՜ղծ եւ թքելի՛ կուլտուրականութիւն, որ կայանում է անհամ ոտանաւորներ գրելու եւ մի քանի եւրոպական լեզուներ գործածելու կարողութեան մէջ:

Ծիծաղելի՜ կուլտուրականութիւն, որ մեր ժողովուրդը դարձրել է որբ եւ որբախնամ:

* * *

Զայրոյթից չե՞ս դողում դու, հա՛յ երիտասարդութիւն, որ մի միլիոն արենակիցներիդ ողջակիզումն իսկ չկարողացաւ խռովել հայրերիդ մի մասի հոգեւոր մրափը: Դու չե՞ս դողում սրբազան կատաղութիւնից, որ մեր ցեղի միտքն ու բազուկը, իրենց վրէժխնդրական մոլուցքի մէջ, սատանայի հետ իսկ զինակցելու փոխարէն, մնացին գերին քաղաքական թոլսթոյականութեան:

Վրէժի ու քանդումի — աշխարհին ծանօթ եւ անծանօթ արւեստներին աշակերտելու փոխարէն, որ վաղը ի վիճակի լինի հրով եւ երկաթով պատժելու բարբարոսութեամբ հիւանդ թրքութիւնը, քո սերունդն այսօր, իր հայրերի շնչով թրծւած, հետեւում է մի կտոր հաց ապահովող գիտութեանց:

Սթափւի՛ր, հա՛յ մարդ, ուշքի՛ եկ, քանի դեռ ուշ չէ, այլապէս` մարդկութիւնը, որ դեռ սպասում է քո սրբազան խենթութեան, մի օր, յուսախաբ, պիտ թքի մեր ժողովրդի անունին:

* * *

Մարդը, որ ստրկացած է պարտւողական հայու մէջ, պիտ մարդկայնանայ:

Հայ մտաւորականութիւնը իր ամբողջութեան մէջ պիտ ազատւի ստրկական եւ սարսափի հոգեբանութիւնից:

Պիտ արիանայ նա:

Պէտք է ազատւել եւ ոչ թէ միայն ազատագրւել:

Մինչեւ որ հայ մարդը չզգայ իր ոյժի գերազանցութիւնը, չի ազատւի պարտւողական հոգեբանութիւնից, չի փրկւի նա:

Թրքական կողմնորոշում, ներում, հաշտութիւն — այդ ամէնը կոչւած է սնուցանելու մեր տկարութիւնը եւ նախապատրաստելու թուրք զէնքի վաղւայ յաղթանակը Հայաստանում:

* * *

Այսպէս, մեր մտաւորականութեան թեւաբեկ մասը, իր առաջնորդութեան ապաւինած ժողովուրդը վաղւայ յաղթանակի համար նախապատրաստելու փոխարէն, կլանւած է մի ամօթալի խնդրով.

— Օտար լուծերից ո՞րն է տանելին, ցանկալին, — ահա՛ հարցը, որով նա զբաղեցրել է հայութիւնը: Օտար տիրապետութեան դէմ անողոք պայքար կազմակերպելու եւ վարելու փոխարէն, նա առաջարկում է իր ժողովրդին ընտրել այս կամ այն օտար լուծը: Փոքրոգութի՜ւն, տգիտութի՜ւն, ստրկամտութի՜ւն:

Այդ հրէշները, միացած` հայ պարտւողականի մէջ, նրան մղել են ժողովրդասպանութեան:

Ժողովրդասպանութիւն, այո՛:

* * *

Ներսէս Մեծը, լսելով Հայաստանի գլխին եկած դժբախտութիւնների մասին, յունական օժանդակ զօրքերով կը մտնի Հայաստան:

Մերուժանը, հրամայելով բերդի պատերից կախ տալ հայ նախարարների կանանց, կը թողնի Հայաստանի սահմանները եւ օգնութիւն կը խնդրի Շապուհից: Կը հասնեն պարսից զօրքերը եւ դաւաճանը կը շարժւի Հայաստանի դէմ:

Կռիւը կը սկսւի Ձիրաւի տափարակի վրայ… երբ Ներսէս Մեծը կը բարձրանայ Նպատ լեռը, ձեռքերը կը բարձրացնէ դէպ երկինք եւ աղօթելով, կ’իջեցնի ձեռքերը, մինչեւ որ չեն յաղթի Հայերը:

Ահա՛ յաղթելու գաղտնիքը:

Ներսէս Մեծը լեռան վրայ! Ինչպիսի՜ վեհ պատկեր:

Ինչպիսի՜ վսեմական նիւթ հանճարեղ վրձինի եւ մտահայեցութեան համար:

Իսկ առաջնորդի համար` սկիզբն ու վախճանը իմաստութեան:

Ռազմավարի համար` յաղթելու գաղտնիքը, նշանակը այդ աստւածային գաղտնիքի, որ շարունակում է արձանացած մնալ մեր պատմութեան ոսկէ էջերից մէկի վրայ:

Մեծ Պարթեւը լեռան վրայ! Սիրում եմ ապրել ու վերապրել այդ կախարդիչ պատկերի գեղեցկութիւնն ու վեհութիւնը:

Նրա` իմ մէջ առաջացրած խոկումներից թելադրւած, ես յաճախ մտովի կ’այցելեմ մեր հին ու նորագոյն ռազմավայրերը, մեր պարտութեանց եւ յաջողութեանց պատճառներն ինձ համար պարզելու ցանկութեամբ:

Եւ գտել եմ, որ այն բոլոր դէպքերում, երբ Ներսէս Մեծի նման մէկը «բարձրացել է լեռը», երբ մեր ցեղը լարել է իր բովանդակ ոյժերը եւ չի տկարացել հոգով, մինչեւ որ տեղի կը տար թշնամին — մի՛շտ էլ յաղթութեան դիցուհին իր ոսկէ մատներով պսակադրել է հայ զինւորի ճակատը:

Իսկ երբ չի գտնւել պարթեւատիպ առաջնորդը, որ կարողանար լարւած պահել ժողովրդի ոյժերը, չթուլացնել ժողովրդի բազուկը, մինչեւ որ կը տկարանար թշնամին — երբ պակասել է կատարեալ առաջնորդը, պարտութիւնն ու ամօթն են եղել հայ զօրքի բաժինը:

* * *

Մի ժողովուրդ, որ եղել է եւ կարող է լինել ուժեղ, բայց իր մտաւորականութեան մի մասի հոգեւոր ծուլութեան բերումով շարունակում է մնալ տկար:

Եւ աշխարհը ասում է նրան — արիացի՛ր կամ մեռի՛ր:

Ոչ մի չար աստւածութիւն յաւիտենական թուլութեան չի դատապարտել քեզ, հա՛յ պարտւողական:

Դու տկար ես, որովհետեւ քեզ պակասում է գիտակցութիւնը ուժեղ լինելու կարելիութեան:

Քեզ տկար ես զգում, որովհետեւ հոգու արիութիւն չես ունեցել թրքութիւնը տկար տեսնելու:

Ոյժը չի պակասում քեզ, այլ` ուժեղ լինելու կամքը:

Պակասում է հայրենապաշտութիւնը, որ հզօրացնել գիտի:

Քեզ պակասում է բարձր նպատակը եւ ոչ զայն իրագործելու միջոցները:

Գարշի՛ր, գարշի՛ր թուլութիւնից — եւ պիտ ուզենաս լինել, եւ պիտ լինես ուժեղ:

Իսկ երբ քեզ հոգով ուժեղ զգացիր, պիտ տկարանայ թրքութիւնը, որին եւ պարտութեան պիտ մատնես, ներելու համար:

* * *

Ապառաժ լեռան կռթնած չեն մեր մտաւորականութեան եւ այն տարրերը, որոնք օրւայ անելիքները թողել են` մասամբ գալոց սերունդներին, մասամբ էլ` եւրոպական դիւանագիտութեան:

Կարծէք, սրանք էլ դեռ համոզւած չեն, թէ եւրոպական մարդկութեան համար միշտ էլ գետին փռւածը, միշտ էլ ընկածն է մեղաւոր:

Տկարը մեղաւոր է, որ տկար է — ահա՛ դատավճիռը:

Իր պետութեան շա՛հը, — ահա՛ գերբարոյականը պետական գործիչների համար: Սրանց սիրտը — Նապոլէոնի արտայայտութեամբ — գլխումն է լինում: Սրանց համար, նպատակը բարոյականացնում է այն բոլոր միջոցները, որոնք իրենց պետութեան ուժեղացման եւ բարեկեցութեան կը ծառայեն: Ազգային եսականութեան հզօրացումը — սա՛ է տիրող իրապաշտ քաղաքականութիւնը:

Ահա՛ թէ ինչու այս կամ այն պետութեան ճակատագիրը վարողները երբեմն իրենց թոյլ են տալիս արարքներ, որ թոյլ չէին տայ որպէս սոսկական մարդ: Արդ, թէ ինչու պիտ հասկանալ, եւ ոչ թէ դժգոհել եւ անիծել աշխարհը:

Ergo, միամտօրէն չպահանջենք որ աշխարհը լինի այն, ինչպէս որ մենք ենք ուզում, այլ` ազգովին մենք դառնանք այն, ինչպիսին լինել դա՛ է թելադրում:

— Եղի՛ր աւելի բարձր էակ, քան մարդը:

Ի՞նչ, երիտասա՛րդ հայութիւն, պիտ դառնա՞ս մեր դիւցազնախառն սերունդը, պիտ կարողանա՞ս կատարել ժամանակի պահանջը ու փրկել` ապագան վտանգւած մեր ժողովուրդը:

Ցանկութեան դեպքում` ԱՅՈ՛:

Գարեգին Նժդեհ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով