ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ 12
ՄԻ ՆԱԽԱԳԻԾ
Կամքեր ու հոգիներ թրծող աշխատանք է
պէտք, որ պիտ ստեղծի վաղւայ համար
ազգովին նախապատրաստւելու
մեր հաւաքական ճիգը:
Դժւար թե գտնւի դիտելու եւ տեսնելու ընդունակ մի հայ մարդ, որ չտեսնէր Հայաստան երկրի վրա կախւած մեծ եւ աղիտալի գալիքի ստւերը:
Գիտենք, որ օրւայ Թուրքիոյ գոյութեան համար աւելի քան անհրաժեշտ է մեր ժողովրդի չգոյութիւնը: Գիտակցում ենք, թէ յանուն իր յանցաւոր գոյութեան, թրքութիւնը դաւել է եւ պիտ շարունակի դաւել մեր ամբողջական գոյութեան դէմ: Որ նա առիթ պիտի չփախցնի` ոչնչացնելու ե՛ւ Արարատեան դաշտում խճողւած մի բուռ հայութիւնը, հայկական հարցը բացասական լուծումի յանգեցնելու համար: Այլեւս միամիտ չենք կարծելու, թէ մի փոքրիկ եւ անզօր Հայաստանի գոյութիւնը — որպէս բուֆեր պետութիւն — անհրաժեշտ եւ ցանկալի է Տաճկաստանի համար, քանզի գիտենք, որ այդ վերջինի կողմից Հայաստանի անկախութիւնը ճանաչելը ժամանակաւոր մի զիջում էր` արւած հայութեան, մի բան, որ թելադրում էր մեր հակառակորդին պատմական վայրկեանը: Ժամ առաջ թրքական զօրամասերը պիտ նետւէին Բաքու` դաշնակիցներին զրկելու այն անհրաժեշտ նիւթերից, որոնք այնքան մեծ դեր խաղացին համաշխարհային պատերազմում: Այդ զիջումը պահանջում էին նաեւ զինակիցների ռազմագիտական եւ քաղաքական հաշիւները: Բաքուին տէր դառնալու համար թրքական ոյժերը պիտ ազատւէին հայկական ռազմաճակատներից. ահա՛ թէ ինչի հետեւանք էր տաճիկների կողմից մեզ արւած ժամանակաւոր եւ ակամայ զիջումը:
Դաշնակիցների համար` պատերազմի անյաջող ելքի դէպքում, Տաճկաստանը, մեր տկար Անկախութիւնը ստորագրելու փոխարէն, պիտի չտատանւէր գրելու Անդրկովկասում փակւած հայութեան տապանագիրը: Եւ մարդկութեան ծանօթ մասը — որ յաղթական լինելով հանդերձ թրքութեան ներեց հայութեան կէսի բնաջնջումը — իր պարտութեան դէպքում գուցէ եւ շնականութիւնն ունենար ոչ միայն սեղմելու, այլ եւ համբուրելու այն արնոտ ձեռքը, որ բռնամահ դարձրեց մեր ժողովրդի մի մասը:
Տաճկաստանը, չարաչար խրատւած բալկանեան ժողովուրդների ընթացքից, խորապէս համոզւած է, որ Հայաստանը — ինչ աշխարհագրական սահմաններով էլ լինի դա — իրեն համար ցանկալի թումբ — պետութեան դերը չի կատարի:
Տաճկաստանին պէտք է հայկական գերեզմանատուն եւ ոչ մի դէպքում կենդանի թումբ:
Վաղւայ Ռուսիոյ սարսափից խթանւած` իրերի թելադրանքով նա վերստին պիտ նետւի Անդրկովկաս, օգտւելով երրորդ Ռուսիոյ ժամանակաւոր, բայց անխուսափելի խռովայոյզ վիճակից: Նա պիտ առնի այդ քայլը, որովհետեւ նրա համար աւելի հեշտ է ռուսական վտանգից պաշտպանւել` յենւած կովկասեան լեռնային զանգւածին եւ իսլամ զանգւածներին, քան Արարատեան դաշտում, ուր հայ տարրը, հասկանալի պատճառներով, ո՛չ կը զինակցի Թուրքին, ոչ էլ կարող է հոգեբանօրէն չէզոք մնալ նրա նկատմամբ: Պարզ է, ուրեմն, որ բացի քաղաքական ձգտումը, Թուրքիան ունի զուտ ռազմագիտական պատճառ, վաղն առաջանալու դէպ Հայաստան, կոխելու Երեւանը եւ անցնելու հեռուները:
Այդ բոլորին հետ գիտենք եւ այն, որ կովկասեան իսլամ հանրապետութեանց մէջ քեմալական ազդեցութիւնն աւելի մեծ է, քան խորհրդային իշխանութեան. որ Անդրկովկասի ռազմագիտական բոլոր բանալիները այսօր գտնւում են Թուրքիոյ ձեռքին — Նախիջեւան, Ադրբէյջան, Դաղստան, շրջաններ, ուր, քեմալական սրի վաղւայ յաջողութեան համար, անաղմուկ գործի է լծւած համիսլամականների միտքն ու ձեռքը: Գիտենք այդ ամէնը: Պարզ է մեզ համար եւ այն, որ գալիքն աւելի ահաւոր պիտ լինի, քան այն, որ անցկացրինք 1918-ին: Թրքօ-պարսիկ մերձեցմամբ Հայաստանը պիտ կորցնի դէպ արտաքին աշխարհը բացւող իր փոքրիկ դռնակը: Վաղը մեզ սպասում է անհաւասար եւ դռնփակ գոյամարտը:
Գիտենք այդ ամէնը, տեսնում ենք, թէ ի՛նչպէս աստիճանաբար բարձրանում է թրքական տապարը` մեր ցեղի գոյութեան ծառի արմատին իջնելու համար:
Գիտենք այդ ամէնը, անհանգիստ ենք, բայց ոչի՛նչ, ոչինչ չենք անում գալիք վտանգը ժամանակին զինաթափել կարողանալու համար:
* * *
Եթէ դո՛ւ, հա՛յ երիտասարդութիւն, պիտ շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի եւ նոյնքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կայ մեր հաւաքական գոյութեան սպառնացող մեծ վտանգը. եթէ դու էլ — նման անցեալ սերունդների — պիտ շարունակես փորձել սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնութեան յոյսերով լուծել մեր լինել — չլինելու ահաւոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպէս եւ մարդկութեան արգահատանքից միանգամընդմիշտ ազատւելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի յոյսերը:
Եթէ ցանկութեան դէպքում դու պիտի չկարողանաս լինել աւելին, քան այն ինչ որ ես — այդ դէպքում վա՜յ ե՛ւ քեզ, ե՛ւ քո ժողովրդին: Ստեղծւած հոգեբանական մթնոլորտում հաւատաւորների եւ վրիժակների սերունդ դառնալու փոխարէն, դու նորանոր զոհեր կը հասցնես թրքական եաթաղանի համար: Սպասողական դրութիւնը ժողովուրդների կեանքում ժամանակաւոր զինադադար է էապէս եւ ոչ թէ զինաթափութիւն եւ non-agir, ինչպիսին է մերը: Ժողովուրդ, բանակ, կուսակցութիւն — սրանք երբեք այնքան ուժականական եւ լարւած չեն լինում, որքան իրենց սպասողական վիճակում, երբ այդ հաւաքականութիւնների մէջ կուտակւած կարողական ոյժերի մի մասը դառնում է կենդանի, ներգործօն, գիտակցական, որի ընթացքում հոգեպէս աճում են, հզօրանում այդ վերջինները:
Խորապէս գիտակցւած չէ մեր անցեալը, ստեղծագործ չէ մեր ներկան:
Դու տկար ես եւ անպատրաստ — ահա թէ ինչո՛ւմն է քո ժողովրդի դժբախտութիւնը:
Դու այսօր այն չե՛ս, ինչպիսին որ պիտ դառնաս հրամայողաբար: Տկարութիւնը, միշտ էլ պատժւում է` վաղ թէ ուշ: Եւ վաղը քո տկարութեան պատճառով, չարաչար պիտ պատժւի մեր ժողովուրդը: Չէ՛, չէ՛, դու իրաւունք չունես տկար լինելու, գօտելոյծ վիճակում` երբե՛ք, որովհետեւ քե՛զ պիտ վիճակւի վաղը վարելու հայութեան ճակատագիրը: Դու պիտ լինես հզօր` հրաշագործելու աստիճան, որպիսին դառնալու համար, իմաստութեամբ օգտւել պիտ կարողանաս Գիտութիւնից եւ Դաստիարակութիւնից, որոնք շարունակում են մնալ վերջին խաղաթղթերը մեզ նման ապագան վտանգւած ժողովուրդների համար:
Դու պիտ առաջնորդւես ցեղային բարոյականով, որ պահանջում է զարգացումը որոշ հոգեկան յատկութիւնների եւ արւեստագիտական կարողութիւնների` էապէս անհրաժեշտ մեր ժողովրդի գոյութեան պահպանման համար:
Թողած ներքին անփառունակ ճակատները, որոնց վրայ հայրերդ տարիներէ ի վեր ընդունայն կորովաթափ կը լինեն, դու բովանդակ ոյժերդ գործի պիտ դնես, գլուխ հանելու մեր ժողովրդի կատարեալ հոգեբանական եւ թեքնիքական սպառազինութիւնը:
* * *
Գիտեմ, ընթերցո՛ղ, երկարօրէն ինձ լսելուց յետոյ, պիտ ուզէիր, որ քեզ տրւէր մի գործնական նախագիծ:
Ահա՛ դա, ընդհանուր գծերով, որ գործի եւ փառքի ընդարձակ դաշտ պիտ բանայ քո սերունդի առջեւ:
* * *
1. — Վտանգը
Աւելի քան հաւանական է, վաղ թէ ուշ, թուրքերի ներխուժումը Անդրկովկաս, որի դէպքում երկրի հայութիւնը դարձեալ պիտ ապաւինի միայն եւ միայն իր ոյժերին` չգաղթելու եւ չբնաջնջւելու համար: Ներխուժումը հնարաւոր եւ հաւանական է.
Ա) Ռուսիոյ մէջ մեծամասնականների պարտութեան դէպքում:
Բ) Եւրոպական որոշ պետութեան կամ զինակցութեան կողմից Տաճկաստանը որպէս գործիք Խորհրդային Ռուսիոյ դէմ գործածւելու դէպքում:
Գ) Տաճկաստանի` իր արեւելեան սահմանները ռազմագիտօրէն ապահովելու փորձի դէպքում, որ ասել է` Երկրի հայութեան բնաջնջմամբ կամ տեղահանութեամբ, թաթար Ադրբէյջանին միանալու եւ այլ հաւանական դէպքերում:
2. — Վաղւայ մտահոգութիւնը
Վաղ թէ ուշ, հայութեան պիտ տրւի տաճկահայկական հողերի մի մասը, որի պաշտպանութիւնը կազմակերպելու եւ վարելու համար մեր ժողովուրդը պիտ յենւի նոյնպէս, նախ իր սեփական ոյժերին:
3. — Փոխվրէժի անհրաժեշտութիւնը
Սարսափի եւ պարտւողականութեան հոգեբանութիւնից սրբագրւելու համար — հետեւանք` դարեր տեւող օտար տիրապետութեանց մեր հայրենիքում, եւ մասնաւորապէս, տաճիկների` Հայաստանում պարբերաբար սարքած կոտորածների եւ ունեցած զէնքի յաջողութեան — հայութիւնը, մենակ թէ զինակցաբար, պիտ կազմակերպի իր փոխվրէժի պատմական գործը, հրամայականօրէն պարտութեան պիտ մատնի Տաճկաստանը, որպէսզի հոգեփոխւի ու ապահովի իր ֆիզիքական եւ հոգեւոր գոյութիւնը:
4. — Նախապատրաստութիւն
Տաճկական վտանգը, Արեւելքի եւ արեւմտեան իսլամների Հայաստանի վրայով իրար միանալու քաղաքական ձգտումը, հայութեան երկրամասային պահանջը Տաճկաստանից, մեր փոխվրէժի հոգեբանական անհրաժեշտութիւնը — այդ պատճառներից ամէն մէկն առանձին պահանջում է անյապաղ եւ լրջօրէն նախապարաստւել վաղւայ համար:
5. — Վաղւայ պատերազմը
Դա, ըստ ամենայնի, պիտ լինի գերազանցօրէն քիմիական:
Հոգեբանականից եւ թեքնիքականից զատ բոլոր տեսակի գերակշռութիւնները — թւական, քաղաքական, աշխարհագրական եւ այլն պիտ դադարին վաղը վճռական եւ բախտորոշ դեր կատարելուց: Վաղւայ ճակատամարտերի բախտը պիտ վճռի մարդկային հնարագէտ միտքը եւ ոչ կենդանի ոյժը: Արւեստագիտութեան, տարրաբանութեան, էլեկտրօարւեստագիտութեան արագ եւ հրաշագործ յառաջադիմութեան մեր օրերում, երբ այդ վերջինների օգտագործման կարելիութիւնները պատերազմում դառնում են անսպասելի, մահացու գործիքների եւ ռազմանիւթերի յարաճուն ճոխացումն ու կատարելագործումը հնարաւոր պիտ դարձնի մեզ նման թեքնիքապէս տկար ժողովրդի գլխովին բնաջնջումը:
6. — Գերազանցելու միջոցներ
Թրքութեան ծանօթ առաւելութիւնները կարելի է եւ պէտք է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական եւ թեքնիքական գերազանցութեամբ, որպիսին հնարաւոր է եւ պիտ ձեռք բերել`
Ա) Մեր գոյութեան եւ բնաշխարհի առարկայական պայմաններին համապատասխանող դաստիարակութեամբ: Վերադաստիարակութեամբ պիտ սրբագրել մեր ժողովրդի հոգեբանութիւնը, դարձնելով նրան իր ամբողջութեան մէջ ազգօրէն ինքնագիտակից, կորովի եւ մարտունակ:
Բ) Եւ անհրաժեշտ մասնագիտութիւններով: Մեր թեքնիքական գերակշռութիւնը պիտ ապահովենք, հասցնելով վաղւայ համար անհրաժեշտ քանակութեամբ հրարւեստագէտներ, մեքենագէտներ, քիմիագէտներ, ռազմագէտներ, հանքագէտներ, օդագնացներ, ինչպէս եւ ռազմամթերքի, թունաւոր կազերի, մահացու գործիքների արտադրութեանց մասնագէտներ:
7. — Վարիչ մարմին
Հայ զանգւածների վերադաստիարակութեան եւ անհրաժեշտ մասնագէտներ հասցնելու գործը վարում է Ազգային Ինքնապաշտպանութեան Վարիչ Մարմինը, ընտրւած` տեղական մարմինների կողմից:
8. — Տեղական մարմին
Ստեղծւում է ամէն մի հայաբնակ վայրում, նպատակ ունենալով`
Ա) Ժողովրդականացնել ազգովին նախապատրաստւելու անհրաժեշտութեան գաղափարը:
Բ) Հսկել տեղի հայ տարրի վերադաստիարակութեան գործին:
Գ) Հովանաւորել իր վայրի խոստմնալի եւ հայրենապաշտ պատանի երիտասարդներին:
Դ) Ստեղծել նիւթական միջոցներ:
9. — Զինւորական յանձնախումբ
Նշանակւում է վարիչ մարմնի կողմից, որի գործը պիտ լինի`
Ա) Հայ եւ օտար ռազմագէտների աջակցութեամբ մշակել Երկրի հայութեան քիմիական ինքնապաշտպանութեան ծրագիրը:
Բ) Եւրոպական եւ ամերիկեան քիմիարաններում, բարձր թեքնիք դպրոցներում, զինւորական ակադեմիաներում, հրարւեստագիտական գործարաններում հասցնել անհրաժեշտ թւով մասնագէտներ:
Գ) Իրազեկ լինել այն բոլոր ռազմարւեստային գիւտերին եւ նորոյթներին, որոնցով յարաճուն կերպով հարստանում է եւրոպական եւ նոր աշխարհի զինւորական միտքը:
Դ) Զինւորականացնել բոլոր տեսակի պատանի-երիտասարդական միութիւնները:
Ե) Ստեղծել զինւորական գրականութիւն:
10. — Հրատարակչական յանձնախումբ
Ունենում է իր օրգանը, որով`
Ա) Հայ միտքն զբաղեցնում է մեր ժողովրդի գոյութեան պաշտպանութեան խնդրով:
Բ) Պայքարում է պարտւողականութեան ոգու, անգրագիտութեան եւ օտարացումի դէմ:
11. — Ազգային ուխտի դպրոց
Անսահմանօրէն անձնւէր, հայրենապաշտ եւ գաղափարական երիտասարդ գործիչներ հասցնելու համար, հաստատել ազգային ուխտի եւ ոգու դպրոց, որի կողմից` մեր ցեղի նիւթական եւ բարոյական ինքնապաշտպանութեան գործը դասաւանդւէր եւ հռչակւէր որպէս նոր կրօն:
12. — Նիւթական միջոցներ
Մեր ժողովրդի փրկութեան գործը վարելու համար անհրաժեշտ նիւթական միջոցները պարտադրօրէն հոգում է ի՛նքը` հայութիւնը, հետեւեալ ձեւով:
Ամէն մի հայ մարդ, ազգային տուրքի անւան տակ, վճարում է գաղիական մի ֆրանկ: Ամէն հայ ընտանիք` այնքան ֆրանկ, որքան անդամ ունի*:
* * *
Անտառում նեղ ու դարձդարձիկ ճամբաների վրայ երես առ երես իրար կը հանդիպին առիւծն ու վագրը:
Նրանք կանգ կ’առնեն, գետնին մխւածի պէս, մարմինները կծկած ետեւի երկու ճկուն ոտների վրայ, պատրաստ ոստիւնի:
Ճիրանները դուրս, մազերը փշաքաղ, բերանաբաց, ամէն մէկը կամենում է զարհուրելի ծամածռութիւններով ահաբեկել, սրտաթափ դարձնել հակառակորդին եւ խեղդել…
Անսահման զգուշութեամբ, մէկը — միաժամանակ եւ միւսը — իր մի ոտը շարժում է քիչ ետ:
Քիչ անց, անաղմուկ եւ կամաց, նոյնն են կատարում մնացած ոտները: Եւ, գրեթէ աննկատելի` հակառակորդի համար, միաժամանակ հեռանում են իրարից: Սակայն, միշտ երես առ երես, մինչեւ որ երկուստեք նահանջը նրանց միջի տարածութիւնը կը դարձնի աւելի մեծ, քան պէտք է մի յանկարծական եւ դաւադիր ոստիւնի համար:
Այլեւս հակառակորդները դարձնում են իրենց թիկունքները, վերստանում իրենց բնական կեցւածքը, եւ, քաշւելով իրենց թագաւորութեան սահմաններից ներս, կորչում են անտառի մէջ:
* * *
Նոյնը, գրեթէ նոյն բանն է կատարւում եւ ազգերի կեանքում, երբ նրանք երես առ երես եւ սպառազէն հանդիպում են իրար, իրենց երկրի սահմանագլխին:
Վա՜յ նրան, ով տկարութիւն ցոյց տւեց. մա՛հ է:
Վա՜յ նրան, ով անկարող եղաւ անթարթափ ու շեշտակի նայելու հակառակորդի աչքի մէջ. մա՛հ է ստոյգ:
Կորած է այն կողմը, որ անզօր է սարսափ ազդելու, աւելին` աւելի սարսափելի լինելու, քան հակառակորդը:
Հա՛յ երիտասարդութիւն, վաղը, երբ թրքութիւնը փորձեց պղծել Հայրենիքիդ սահմանների սրբութիւնը, պիտ կարողանա՞ս աւելի սարսափելի լինել, քան թշնամին: Պիտ կարողանա՞ս վագրային կեցւածք ցուցադրել:
Պատասխանի՛ր, պիտ կարողանա՞ս…
* Չնչին տուրք, բայց հայրենասիրական, գիտակցական, փրկարար:
Կաթիլն ընկնելով ծովը` դառնում է ծով:
Նիւթականը չէ պակասելու: Օրւայ հայութիւնը հազարիցս աւելի մեռեալ ծախքեր է կատարում քան պէտք պիտ լինի` գծածս նախաշաւղի սահմաններում կազմակերպել ու վարել իր գոյութեան պահպանման գործը:
Միացրե՞ց Հայը իր չնչին նիւթական զոհաբերութեան` գիտակցութիւն եւ հայրենապաշտութիւն — ապահովւած է նրա փրկութեան գործը:
Նպատակադրւե՞ց` ցեղամիջեան պայքարում չկորչելու համար սպառազինւել հոգեբանօրէն եւ արւեստագիտաբար — հայութեան կը մնայ հայեացքը դարձնել դէպ վերեւ, տեսնելու համար հրեղէն նշանը — այն միջոցը, որով պիտ յաղթի դժւարութիւններին ու իր դարաւոր թշնամուն:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!