ՈՅԺԻ ՊՐՈԲԼԵՄԸ
Հատւած Գ. Նժդեհի վերանորոգչական ճառէն
Ազգերի առջեւ այսօր վճռապէս դրւած է ոյժի պրոբլեմը: Կորչում է մի ժողովուրդ, երբ նա խուսափում է այդ պրոբլեմից կամ էլ դժւարանում է լուծել դա:
Ոյժի պրոբլեմը դրւում է եւ լուծւում ժողովուրդների հոգեվերանորոգութեան պրոբլեմի կապակցութեամբ: Ուժեղ, հաւատաւոր եւ պայքարունակ դառնալու համար, անհատների նման, ժողովուրդները եւս պիտի վերանորոգւեն մշտապէս: Կորցնելով վերանորոգւելու ընդունակութիւնը` ժողովուրդները կորցնում են իրանց ապրելու, ստեղծագործելու, պայքարելու հաւատը:
Ազգովին դժբախտ է հայը, որովհետեւ իր մտաւորականութեան մի մասը դեռ չի հասկանում, որ օրւայ ցեղախռով ազգերի կեանքում էականը քաղաքական վարչաձեւը չէ, այլ անհատի եւ զանգւածների վերածնունդը, հոգեփոխութիւնը: Այլեւս հոգեվերանորոգւած են, կամ աւելի ճիշդը` հոգեվերանորոգչական ճիգեր են կատարում բոլոր ժողովուրդները եւ հէնց այդ է պատճառը, որ օրւայ իտալացու, գերմանացու, հունգարացու ուղեղում տեղի է ունեցել մի խոր յեղափոխութիւն: Այդ է պատճառը նաեւ ա՛յն բանի, որ օրւայ մարդը աւելի ակտիւ է, արդիւնագործ, խանդավառ:
Անցէ՛ք երկրէ երկիր եւ պիտի տեսնէք, որ ապրելու, պայքարելու, զոհաբերելու անխառն ուրախութիւն, ինչպէս իրանց գոյութեան արտաքին եւ ներքին չարիքները յաղթահարելու համակարգւած աշխատանք կայ միայն ցեղավար ժողովուրդների մէջ: Այն ամէնը, որ երէկ կը թւէր անորոշ, մթին ու անտրամաբանական, այժմ, վերանորոգւածի համար դարձել է որոշ, պարզ, հասկանալի: Այլեւս արարածը գտել է իր արարիչը — իր ներքին յենարանը — եւ այդ իսկ պատճառով նա այսօր աւելի՛ յուսալի է ու անդորր: Այս է ընդհանրապէս օրւայ ազգերի հոգեվիճակը: Բացառութիւն է մեր ժողովուրդը միայն կամ նրա խոշոր մի մասը, որ շարունակում է մնալ հիւանդ կոչւելու աստիճան անզօր եւ անյոյս: Նրա կեանքում միահեծան կերպով իշխում են չարութիւնը, նախանձը, գռեհկութիւնը, որովհետեւ վերանորոգչական ճիգի, խանդի, ուրախութեան պակասը նրան դարձրել է զոհ հոգեւոր վաղաժամ ծերութեան (չարութի՛ւն), երկչոտութեան (նենգութի՛ւն), սկեպտիկութեան (ժխտամոլութի՛ւն): Անբուժելիօրէն յոռետես է օրւայ հայը: Չարիք, դժբախտութիւն, Ղարսի կորուստ — սրանք յաւիտենական բաներ են նրա համար: Մի խուլ պատ է չվերանորոգւած հայը, որին ուղղւում է հայ խօսքը: Նա ատակ չէ զիջելու, հակառակորդին հասկանալու, համերաշխելու, որովհետեւ շարունակում է մնալ հին, քարացած Ադամը: Նրան պակասում է նո՛ր գիտակցութիւնը, նո՛ր աշխարհըմբռնումը: Ճի՛շդ է, հայը յեղափոխութիւն տեսաւ իր երկրում, բայց իր տկարութիւնները յաղթահարելու վերանորոգչական ճիգեր չարեց: Նա չհասկացաւ, որ յեղափոխութիւն ասել է հինէն` նորը, նոր մարդ ստեղծել, նոր գիտակցութիւն, նոր կենսազգացողութիւն: Միայն ակտիւ վերանորոգչականը կարող է յեղափոխական լինել: Վերանորոգում է ամէն մի ճշմարիտ յեղափոխութիւն: Հայրենիքին եւ իր ազգին օգտակար ծառայութիւն կարող է մատուցել միայն եւ միայն վերածնւած անհատը: Ամէն բանից առաջ հոգեվերանորոգւած հայ անհատը — ահա՛ օրւայ հրամայականը:
Վերանորոգչական լուրջ փորձ էր դաւադրւած Ցեղակրօնութիւնը: Միայն սրտով վատերն ու տգէտները չգիտեն, որ մի ժողովրդի վերանորոգումը հնարաւոր է միայն ու միայն իր նորահաս սերունդի կամ էլ իր նախնիքների միջոցով:
Վերանորոգչական է Տարօնականութիւնը. դա նմանւելու մի սկզբունք է. դա ասել է` նմանւի՛ր Մամիկոնեան հային, որ զօրաւոր էր դէպի հայրենի երկիրն ու ցեղը տածած սրբազանութեան զգացումով եւ նրանց համար մեռնելու իր աննահանջ կամքով:
Վերանորոգում ասել է մեր ներքին մարդու կաղապարումը, ըստ մեր նախասիրած պատկերի: Տարօնականութի՛ւն — դա հայ մարդու կաղապարումն է` ըստ Մամիկոնեան հայու պատկերի:
Վերանորոգումի ընդունակ է իր նախահայրերի ոգու զօրութենականութեան ծանօթ եւ օրւայ իր տկարութիւններից ամաչող ժողովուրդը:
Որի՞ն, ինչի՞ն դիմենք մեր ամօթանքի եւ ցաւի մէջ այնքան ծանր ու պատասխանատու այս օրերին — թո՛ղ Հայաստանը ների մեզ մինչայժմեայ մեր տկարութիւններն ու տգիտութիւնը, թո՛ղ ներեն մեզ Մամիկոնեան նախահայրերը, որ այդ տկարութիւնները եւ տգիտութիւնը հայը դեռ շեղւած են պահում իրենց գծից:
Մեր ժողովուրդը, որ կորցրել է հայ եւ հայրենատէր մնալու իր հաւատը, որ աշխարհում այլեւս ելք, կեանքում հացից զատ այլ նպատակ չի տեսնում այսօր, փրկւել կարող է միայն ճշմարիտ վերանորոգումի ճամբով: Դա Մամիկոնեաններին նմանւելու ճամբան է, Տարօնականութիւնը:
«Տարօնի Արծիւ», Սոֆիա
1939թ., թիւ 11
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!