ՄԵՏԱՊՈԼԻՏԻԿԱ: ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ*
Մարդս չի ծնվում կատարյալ, դա դառնում է ինքնամշակմամբ, ինքնահաղթահարումով, որով` կյանքը առաքելություն է:
Կուլտուրական մարդը — դա ներքին կյանքի մարդն է (ամբոխներին պակասում է այդ ներքին կյանքը — նրանք ապրում են առանց ինքնաճանաչումի եւ աշխարհաճանաչումի, առանց ղեկավարող սկզբունքների` քաշված կյանքի եւ պատմության օրենքներից):
Պրոգրեսը կարելի է արագացնել անշուշտ, բայց ոչ այն չափով, ինչ չափով կարծում են, թե կարելի է արագացնել կաբինետային երազատեսները: (Բնությունը սոտեռններ չի սիրում), պրոգրեսը ենթարկվում է բնության այդ օրենքին:
Կյանքի դարաշրջանները այլ բան չեն, քան հոգեկան հասունության ֆազաներ: Ոչ մի հասունացում հնարավոր չէ արհեստական ձեւով, առանց խեղելու դա (այդպես է բնության մեջ, նույնը` մարդկության):
Մի ժողովուրդ զարգանում է բնականորեն եւ կանոնավոր կերպով, երբ աստիճանաբար անցնում է իր հասունության բոլոր ֆազաները (որոնցից ամեն մեկը հնարավոր է դարձնում մյուսը):
Պրոգրեսի նորմալ ընթացքը (ժողովրդի կյանքի կառուցման, պետական սարք ու կարգի հաստատման) — նախ օրենքները հաստատվում են ոգիների մեջ, վերջը` ընդունում սահմանադրության ձեւ:
Այսինքն` հոգեւոր պրոգրեսի ճամփով դեպի արտաքին պրոգրեսը: Հասարակական խղճմտանքը արդյունք չէ պետական օրենքների, ընդհակառակը, պատմությունը հաստատում է, որ օրենքներն են հայելին հասարակական հոգու, որ պետական ռեժիմը արտացոլում է ժողովրդական խղճմտանքը:
Օրենքը չէ ստեղծում մարդը, այլ մարդը` օրենքները:
«Օրենքները փոխելուց առաջ, անհրաժեշտ է փոխել մարդկանց» (Aug. Conte, Philosophie positive):
Օրենքը — դա ընկերային մի մեծ ուժ է, ժողովրդական մի հզոր պաշտպանություն, երբ ծնունդ է առնում մարդկանց ներքին կյանքում եւ ապա նվաճում նրանց արտաքին կյանքը:
Կատարյալ ներդաշնակություն հաստատությանց եւ մարդկանց միջեւ, հանրային իրավակարգի եւ ժողովրդի ոգեկառույցի միջեւ:
Երբ ժողովրդի հոգին ավելի կուլտուրական է, քան իրավակարգը, պետական ռեժիմը փոխվում է բռնությամբ, հեղափոխությամբ:
Երբ հակառակն է` պետության ղեկավարությունը անցնում է բախտախնդիրների ձեռքը, բռնակալների, որոնք օգտվելով զանգվածների հոգեկան կուրությունից, երկիրը դարձնում են իրենց կրքերի եւ անձն[ական] շահերի շահաստան (այդպես են Եվրոպայի հարավարեւելյան երկրները` Հունաստանը, Սերբիան, Ռոմանիան, Բուլղարիան, Թուրքիան):
Քաղաք[ական] ազատությունը ծնունդն է բարոյական ազատության:
Ազատ կյանք կա միայն այնտեղ, ուր անխաթար խղճմտանքներ կան (Ռենան):
Մարդս տալիս է իր մերձավորներին միայն այն, ինչ որ ունի:
Ազատության նախապայմանը — ինքնատիրապետումն է, ինքնահաղթահարումը, իր տկարությանց հաղթահարումը:
Ազատագրությունը — դա զենքի գործ է, հաջողության, հաղթանակի:
Ճշմարիտ ազատությունը — դա սկսվում է բարոյական վերանորոգմամբ, վերածնունդով:
Ամենաիմաստուն եւ ամենազորավոր հեղափոխականը ժամանակն է:
Դիպվածական եւ լրիվ ազատագրություն առանց հոգեւոր վերադաստիարակության եւ առանց քաղաքաց[իական] տղամարդացումի, գիտական անհեթեթություն է:
Սեկտանտն ասում է` գաղափարն ամեն ինչ է, մարդը` ոչինչ (հաստատությունները ամեն ինչ, անհատը` ոչինչ): (Հաստատությունը — դա կոնկրետացյալ գաղափար է): Դա ասել է` հաստատությունները չեն ստեղծված մարդու համար, այլ մարդը` հաստատության: Նմանները մոռանում են, որ ամենապայծառ գաղափարը մնում է իբրեւ չոր աբստրակցիա, երբ կապը կտրված է նրա [եւ] հասարակական ոգեկառույցի միջեւ:
Ռեժիմը չի ուղղում մարդկանց, ընդհակառակը` մարդիկ են սրբագրում, փոխում ռեժիմը:
Հաստատությունները պիտի արտահայտեն կենցաղը, ավանդությունները, հավատալիքները, ձգտումը ցեղային առանձնահատկությունների այն ժողովրդի, որի համար կյանքի են կոչված (քրդերին տալ շվեյցարական սահմանադրություն ! ?):
Ինձ կարելի է պարտադրել մի օտարոտի ռեժիմ, բայց ինձ չի կարելի դա դարձնել հասկանալի եւ ընդունելի: (Իսկ մարդս չի կապվում այն բանին, որ չի հասկանում):
Հաստատությունները հոգի ունեն: Հոգի ունեն նաեւ ժողովրդ[ական] զանգվածները: Անհրաժեշտ է սերտ կապ սրանց միջեւ: Միայն այդ դեպքում [է] բարերարը:
Օրենքը` նախ մտայնություն ոգու մեջ եւ ապա հետո` իբրեւ սահմանադրություն: (La loi ռcrite suppose la loi non ռcrite. Renan).
Պետություն, որ նման է ձեզ (Սոլոն):
Ոչ թե նորը, այլ նորոգում (Ցիցերոն) (Non nova, sed noviter!):
Օրենսդիրը ոչինչ պիտի ստեղծի, որ կկրեր աբսոլյուտ նորության բնույթ (չտեսնված, չլսված, չսպասված): Նա նախ պիտի ուսումնասիրե հասարակական պսիխիկան եւ յուր օրենքը պիտի հարմարացնե նրան:
Չի կարելի արագորեն հասունացնել: Գոյություն չունի արագ պրոգրես: Արհեստականորեն արագացված պրոգրեսը արհեստականորեն արագացված անկում է:
Պատմությունը մի բան գիտե — աստիճանական տրանսֆորմացիա:
Կատարելությունը չի կարելի իմպրովիզե՛ անել: Գազան-անասունը մարդու մեջ ավելի է ուժեղանում, երբ ուզում ենք մեկեն, առանց աստիճանական բարելավումի — դարձնել կատարյալ էակ:
Բոլոր վերանորոգումները պետք է հաշտեցնենք ավանդությունների հետ: (Հյուս[իսային] բեւեռում վարդեր չեն բացվում):
(Ժողովրդիս սոցիալիզմ տվի, կարծելով, որ դա էլեքսիր է երջանկության, բայց դուրս եկավ, որ սոցիալիզմը նրա համար մահաբեր թույն է:
Եվ այժմ մեռնում եմ այն սպանիչ գիտակցությամբ, որ սպանել եմ ժողովուրդս):
Ամեն քաղաքա-սոցիալական բռնացում` խեղում է ժողովրդի հոգին:
Պրոգրեսը փիլիսոփայության խնդիր չէ, այլ ժամանակի: Քաղաքականության եւ պատմության մեջ պետք է թիկունք դարձնենք տեսություններին եւ հենվենք փաստերին:
Իր աճումի մեջ բռնացումի ենթարկվող ժողովուրդը մեռնում է հոգեպես: (Բարին բնության մեջ աստիճանական բարին է — պտուղը, երեխան, աշակերտը դպրոցում…):
Ընդհանուր բարիքը դառնում է չարիք, երբ չի արտացոլում մասնավոր բարիքը:
Երբ ես լավ եմ — ասել է լավ է հասարակությունը: (! ? Չէ, երբ լավ է ժողովուրդը — լավ եմ եւ ես):
Նորվեգիացին` ամեն բանից առաջ հայրենիքս:
Շվեդացին — ես ազատ եմ (երգում է), բայց իմ ազատությունից պիտի օգտվեմ օրենքին ենթարկվելու համար:
Իտալացին եւ իսպանացին, երբ դժգոհ է, իրեն համարում է օտարական յուր սեփական երկրում (քաջությունը սրանց մոտ ճշմարիտ արիություն չէ, հերոսություն չէ: Դա մոտենում է այն համարձակության, որ արեւելցիները անվանում են փեհլեւանություն):
Նա, ով ասում է ես ամեն բանից առաջ, ամեն բանից վեր — չի կարող ծառայել ո՛չ գաղափարի, ո՛չ դրոշակի, ո՛չ ցեղի: Դա ծառայեցնում է իրեն ե՛ւ գաղափարը, ե՛ւ դրոշակը, ե՛ւ ցեղը:
Տկար կուլտուրայի տեր ժողովուրդների մոտ գոյություն չունի իդեական կուսակցական պայքար, այլ` կա պարտիզանականություն, իսկ պարտիզանականությունը ժխտումն է իդեականությանն:
Բուլղարիան — քաղաք[ական] սպանությունների դասական երկիրը:
Պարտիզանշչինան ենթադրում է խղճմտանքի եւ բարոյականի անկում:
Գիտությունը հաստատում է, որ քաղաքականության մեջ բացարձակը բացարձակորեն հարաբերական է:
Փաստերը իրավանց բարձրության վրա են — ուր ռեժիմը եւ օրենսդրությունը զարգանում են համաձայն ժողովրդի հոգեւոր մշակույթի:
Չկան մշտական կոնսերվատորներ եւ հեղափոխականներ: Իմաստուն գործիչը պիտի լինի միաժամանակ թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ես պահպանողական եմ, երբ վտանգ կա փողոցային անարխիայից, հեղափոխական` երբ հանրային մտածողության ու կյանքի քարացում կա: (Ես հանրապետական եմ, երբ գտնվում եմ Շվեյցարիայում, Խուժաստանում` մոնարխիստ):
Ժամանակի, տվյալ մոմենտի համար արժեք չունի այն բանը, որ արվում է առանց հաշվի առնելու ժամանակը:
Հոգով թաթարացած ռուսը ազատությունը հասկացավ այնպես, ինչպես որ հոգեհիվանդ Նիցշեն հասկանում է հզորությունը` «Իմ մեծության արձանը պիտի ցցվի փլատակներից եւ դիակներից կազմված մի լեռան վրա»:
De la doctrine Ո la pratique il y Ո du chemin.- Դոքտ[րինայից] մինչեւ պրակտիկան մեծ ճամփա կա (Գամեքարու):
Իմ նպատակն է մասնավոր փաստերից եւ երեւույթներից բարձրանալ մարդկության ընդհանուր օրենքներին: Դա question de fact — է, փաստի հարց է:
Ընդհանուր վտանգի ժամանակ միջկուսակցական կռիվները ազգասպանության են հավասար:
Իշխանությունը դառնում է օրինականացյալ անիշխանություն, երբ ընդհանուր խղճմտանքի կոնտրոլ չկա:
Փնտրիր պատճառը անցքերի եւ իմաստը փաստերի — հասարակագիտական մեծ սկզբունքների լույսի տակ:
Քաղ[աքական] ազատությունը ծնունդ է առնում բարոյականից:
Սոցիալական խնդիրը բարոյական խնդիր է: Օրենքը փոխելե առաջ, փոխիր մարդը:
Ergo**, քաղաք[ական] ռեժիմը պիտի ներդաշնակ լինի մշակույթին:
Ամբողջական էմանսիպացիան մեկեն գիտական պՐպրՖ*** է:
Ազատ օրենքները դառնում են տեւական, երբ զարգանում են հասարակ[ական] ոգուն զուգահեռ:
Օրենքները լինում են երկարատեւ միայն այն ժամանակ, երբ համապատասխանում են բարքերին:
Գրված օրենքի աղբյուրը չգրված օրենքն է (որ գրված է սրտում):
Բարքերը զարգանում են եւ ուշ թե <շուտ> պարտադրվում որոշումներով:
Ամեն բարեփոխում պետք է սկսվի խղճմտանքից:
Ահա այն սկզբունքները, որոնց վրա հանգչում է պատմության փիլիսոփայությունը:
Իմաստաբար դեն ենք նետում միայն այն, որը կարող ենք հաջողաբար փոխարինել:
Որքան արժեն մարդիկ, այնքան էլ արժեն նրանց տրված ֆունկցիաները:
Ազատությունը չի առնվում, այն սովորում են:
Ամեն մի աղետի, դժբախտության արմատում գտնում ենք մի սխալ կամ մի մոլորանք:
Միայն իրերի սիրտը թափանցելով կարելի է նրանք վերստեղծել:
Ինչ որ ընտրողներն են, այն էլ ընտրյալները:
Իրավունքն առանց ուժի պարզ աբստրակցիա է:
Իդեոլոգները սխալվում են կարծելով, թե ազատությունը կարող է իմաստություն ծնել, ընդհ[անուր] իմաստությունն է ծնում ազատությունը:
Կոպիտ բռնությունը միշտ էլ առաջացնում է ընդդիմություն:
Հանրապետություն սահմանադրելը հեշտ է, դժվար է սահմանադրականներ ստեղծելը:
Քաղաքականությունը հավասարակշռության գիտություն է:
Քաղ[աքական] իմաստությունը գտնվում է չափավորության մեջ:
Սրանք են պատմության պոզիտիվ դասերը, պրոգրեսի օրենքները:
(Գիզո, Շատոբրիան, Տիերի, Մինե, Տիետ, Միշել, Տոկվիլ, Կինե, Դյուրյուր, Ռենան, Տեն, Բարանտ, Կուլանժ, Օգ. Կոնտ):
*«Մետապոլիտիկա: Պատմության փիլիսոփայությունը», ինչպես նաև «Երջանկության պրոբլեմը» ձեռագիր տետրակներն առաջին անգամ տպագրվել են 2002 թվականին, Երեւանում: Ձեռագրերը գրվել են, հավանաբար, անցյալ դարի 30-ական թվականների վերջին ու թեեւ ավարտուն աշխատություններ չեն (այլ` գրառումներ), այդուհանդերձ, ունեն անգնահատելի արժեք:
** Ergo — (լատ.)` հետեւաբար:
***EՐպրՖ — հերձված:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!