Գարեգին Նժդեհ

ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ

Դեռ այսօր էլ, երբ մահու եւ կենաց պայքարի մէջ են ազգաքանդ մարքսականութիւնն ու ազգի գաղափարը, երբ հին աշխարհը կերպարանափոխելու աստիճան վերաքննւում են բոլոր արժէքները, դեռ այսօր էլ հայ երիտասարդութեան մի մասը շարունակում է սնուել հայ էութեան եւ գոյութեան հետ որեւէ կապ չունեցող վարդապետութեանց փշրանքներով:

Գաղափարաբանօրէն մոլորուած` նա դեռ չի հասկանում, որ անհատը, կտրւելով իր ցեղից, խորթանում է իր էութիւնից եւ բաց աչքով նաւարկում դէպի վատասերումի անդունդը, դէպի կորուստը:

Նա չի հասկանում, որ մի ժողովրդի համերաշխութիւնը պայմանաւորւում է նրա ցեղաշնչութեամբ, որ անցեղահաղորդը միշտ էլ անմիաբան է, որ ցեղի գաղափարն է հոգեբանօրէն միատարրում ժողովուրդը` մի նպատակի շուրջ համախմբելով բոլորի՛ն, բոլորի՛ն:

Ցեղը — ժողովրդի կենսաբանական անփոփոխելի տարրը — վերջինի համար խաղում է այն դերը, ինչ դեր որ կատարում է ուղեղը օրգանիզմի համար: Ցեղը, ցեղայինը ներդաշնակում է ազգային օրգանիզմի գործունէութեան գլխաւոր տարրերը, համադրում նրա բովանդակ ոյժերը:

Ցեղը հաւաքիչ է, ցեղային ապրումը` կենտրոնաձիգ:

* * *

«Մեր պապերից մեր ականջն է ընկել, մեզնից մեր որդիքը կ՚իմանան»… ահա՛ ցեղային օրգանական մտածողութիւնը, որ այսօր պայքարի մէջ է ազգալուծիչ եւ ապականարար սեմիտական ոգու հետ:

Սեմիտականութի՛ւն — ահա՛ այն հոգեւոր քաղցկեղը, որ թունաւորում է ազգերի հոգին, կեղծում ամէն արժէք, կասկածի տակ դնում բարոյական ամէն ճշմարտութիւն, տրորում ազգային ամէն հեղինակութիւն եւ ծիծաղելի յայտարարում մարդկային ամէն սրբութիւն, կատարեալ դարձնելով մարդկային էակի վերջնական նաւաբեկութիւնը:

Այդ ահաւոր ախտով բռնուածները — առաջին հերթին ցեղային անլիարժէքութեամբ տառապողները — յիմարանում են ազգովին, խորթանում, ստրկանում, իրենց իսկ հայրենիքում ձեռքից հանելով սեփական ճակատագրի ղեկը:

Հոգեւոր միութիւնը խախտուած նման հասարակութեան մէջ անհատը` անհաղորդ ցեղին, իր ազգային ընդհանրութեան, ճանաչում է մի հատիկ իրականութիւն միայն — նիւթակա՛նը, ժխտում ամէն կարգի գերագոյն արժէք եւ բարոյական պատասխանատուութիւն: Նման հասարակութեան մէջ բարոյապէս հրէշանում է անհատը եւ դառնում գործակալը իր ազգին սպառնացող վատասերումի եւ մահուան:

Ուշի ուշով դիտէ՛ք նման ազգերի կեանքը եւ պիտի տեսնէք, որ այդ դժբախտներին ամէն բանից առաջ պակասում է մի մեծ առաջնորդող գաղափար, մի մահացու պակաս, որի դէպքում բազում երկրորդական պարազիտային գաղափարներ շարունակում են ծծել այդ ազգերի հոգեւոր կորովը, նրանց ոյժերը: Այդ երկրներում իշխում են միջակութիւնը, տգիտանքն ու նախանձը — բռնակալութիւններից ամենակործանարարն ու ամօթալին:

* * *

Նման ժողովուրդների ճշմարիտ փրկութիւնը սկսւում է այն վայրկեանից, երբ մի մեծ եւ դինամիկական գաղափար, մի արեւ — գաղափար գալիս է իրեն ենթարկելու գոյութիւն ունեցող բոլոր երկրորդական ու երրորդական գաղափարները:

Կա՞յ մեծ գաղափարը — դա ասել է` այլեւս վե՛րջ խոտոր ճամբաներին, անպտուղ ճիգերին, խարխափումներին, ներքին թշնամանքին, իրերակերութեան:

Նման գաղափարը` միշտ էլ վերանորոգչական` իր հետ բերում է խոր հաւատ, լաւատեսութիւն, անսպառ կորով, ոգու լիութիւն, միութեան ծարաւ, որով եւ` վերակառուցում է քանդիչ ոյժերի կողմից պառակտուած ազգը:

Այդ մեծ, փրկարար գաղափարը հայ կեանքում հանդիսանում է ցեղակրօնութիւնը, որի միջոցաւ միայն կարելի պիտի լինի պառակտուած ժողովուրդը վերածել ազգի, փրկելով վերջինը իր բացասական տարրերի չարաշահութիւնից:

Ցեղաշեղ խուժանավարը — ծնունդ հոգեբանութեամբ սիմիտականացած կուսակցութիւնների — հասարակութեան մէջ փնտռում է տգէտը, միամիտը, չարարուեստը, եւ նրանց տկարութեան վրայ կառուցում իր հոգեւոր իշխանութիւնը: Ցեղավարն, ընդհակառակը, իր ժողովրդի ծոցի մէջ փնտռում է հայօրէն եւ մարդկօրէն անշահասէրն ու առաքինին, եւ նրանց վստահում ազգի գործը, դատը, ճակատագիրը:

Մեր իրականութեան մէջ ցեղակրօնութիւնը լոյսի տակ դրեց հայօրէն չարն ու բարին, արժէքաւորն ու անարժէքը, եւ հենց այդ է պատճառը, որ չարութեամբ ու կեղծիքով գործողները թշնամանեցին նրան:

Հի՛ն է, աշխարհի չափ հի՛ն է այդ երեւոյթը: Մեր Երկրագնդի վրայ ամէն մեծ գաղափար ունեցել է իր մանր թշնամիները: Տարբեր ճակատագիր չէ՛ր կարող ունենալ նաեւ ցեղակրօնութիւնը, որ ասել է` ցեղաձգտում, ցեղանմանում, հաւատարմութի՛ւն մեր սեփական էութեան:

Մեզ թշնամանեցին`

Նրա՛նք, որոնց մասին երկու հազարամեակ առաջ ասել է Նազովրեցին. «Միայն նա՛ կը հասկանայ, որին տրուած է հասկանալ»:

— Նրա՛նք, որոնց համար ազգ պառակտելը համազօր չէ՛ ազգասպանութեան — կուսակցականացածնե՛րը:

— Եւ նրա՛նք, որոնք մեզ դեռ չեն հասկանում, որովհետեւ զուրկ են հասարակագիտական անհրաժեշտ պատրաստութիւնից:

Մենք հայօրէն ցաւում ենք Նազովրեցու կողմից աստուածօրէն արգահատուած դժբախտի համար, որին տրուած չէ մեզ հետ համազգալ ցեղը եւ հարազատել մեր քարոզած այն ճշմարտութիւնը, թէ առանց ցեղապրումի չկա՛յ վերանորոգում, չկա՛յ ճշմարիտ մշակոյթ, իսկ առանց այդ վերջինին` մեզ նման ոգեսպառ ժողովուրդների համար կայ ու կը մնայ ստոյգ մահը:

Մենք միամիտ չենք լաւ բան սպասելու հատուածականացածներից, որոնցից ամենայետինը կարող է Հայաստանի կէսի կործանման պատճառ դառնալ եւ ո՛չ միայն անպատիժ մնալ, այլեւ` խօսել ազգի անունից:

Մեր խօսքը ուղղուած է միայն նրանց — հայ երիտասարդութեան` կուսակցական ախտից զերծ մնացած ա՛յն իննսուն տոկոսին, որը վաղուց է ճշմարտել, թէ հայ կեանքի մահաբեր քաոսի յաղթահարումը ու հայ մարդու վերանորոգումը հնարաւոր է միա՛յն ցեղակրօնութեան միջոցաւ:

«Ռազմիկ», 1943թ., թիւ 159

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով