ՀՐԱՄԱՆՆԵՐ — Ղափանի հանքեր 4

1920, 13 յունիս, Ղափանի հանքեր

ՀՐԱՄԱՆ

Ղափան-Գենուազի ռազմական ուժերին

Ղափանցիներ ենք մենք, եւ դա նշանակում է` որ էն մեր խենթ հարուածներից ընկան Օխչու ու Գեղուայ անառիկ ձորերը, որ էն մեր գոռ ուռան մաքրեց Որոտանի եւ Հաքարուի ափերը. որ էն մենք ենք, մենք, որ եօթն անգամ ուժեղ, մահից էլ ուժեղ գիտենք ատել մեր դարաւոր թշնամուն եւ եօթն անգամ չէ, կեանքից աւելի ուժեղ սիրել մեր հայրենի հողը…

Ղափանցիներ ենք մենք, եւ դա նշանակում է` որ էն մենք էինք, որ մահաշունչ ձմեռուայ կէսին, երբ քաղցած ու թափառ գայլն անգամ սարսափով էր մօտենում Ղափուջուղին` Ղափանի այդ փոքր Մասսին, մենք մեր հոգու կրակով հալեցրինք ձիւները, մեղմացրինք բնութեան արհաւիրքը եւ Գողթան իջանք` յանուն Քրիստափորի սրտից զարնուած նիւթական ծննդավայրի` թշնամու գիւղերի սեւ ու թանձր ծուխը բարձրացնելու…

Ղափանցիներ ենք, եւ դա նշանակում է` որ մեր հպարտ ու փառքի մէջ կորած դրօշակի վրայ հարիւրից շատ աւելի աւերուած թշնամու գիւղերի անուններ կան, որ մեր կռիւները` կանոնաւոր թէ անկանոն ուժերի դէմ, մի ձեւ, միայն մի ձեւ են ունեցել`

«Ուռա՜, յառա՜ջ, հրդե՛հ»:

Զօրավիգ ունենալով Աստծուն ու մեր ընտիր ռազմիկների` Դաւիթբէգի ու Թորոս-իշխանի հայրենանուէր ու վրիժակ հոգիները` ղափանցիներ ենք մենք` միշտ յաղթող ու անպարտ:

Ղափան-Գենուազ-Գողթանի ռազմական

ուժերի հրամանատար` ՆԺԴԵՀ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով