ՀԱՅ ԶԷՆՔԻ ՓԱՌՔՆ ՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ
Բարոյապէս սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը — ծնունդ` ազգային ինքնաճանաչութեան, որ իր սնունդը առնում է մեր պաշտամունքից դէպի այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական Հայրենի Պատմութեան մէջ: Առանց այդ բարձր առաքինութեան, բարոյապէս պակասաւոր է անհատը, որպէս մարդ եւ որպէս անդամ հաւաքականութեան: Այդ նուիրական զգացումը ինձ համար շարունակում է մնալ լուսաւոր հայրենասիրութեան, ցեղային բարոյականի եւ երջանկութեան անսպառ աղբիւր: Դա՛ էր լեռնաշխարհում իմ ժողովրդական գնդերին թեւ ու թափ տուողը: Դա՛ է եւ այսօր` իմ վտարանդի կեանքի դառնութեանց միակ մեղմիչը:
Իմ օրն իր որոշ ժամն ունի, երբ մտածումս սիրաշատ մօր պէս կը դիեցնէ ազգային հպարտութեան իմ զգացումը:
Իր սրբազան պահն ունի իմ ամէն մի օրը, երբ մտովին անհուն կարօտով կը սկսեմ իմ պրպտումները Հայոց Պատմութիւնը կերտող դարերի մէջ, քաղցրութեամբ կ’ոգեկոչեմ հայ զինուորին ու զօրավարին, որոնք հոգեկան գեղեցկութեան, անդիմագրաւելի արիութեան ու մեծագործ վեհութեան համբուրելի հետքերն են թողել Հայոց աշխարհում: Եւ կ’ոգեխառնուիմ նրանց հետ, կը վերապրեմ նրանց գոռ յաղթանակները եւ կարօտով կը բաժանուիմ նրանցից, մի օր անց` նրանց ազնուացուցիչ ընկերութիւնը վերստին վայելելու ցանկութեամբ: Այսպէս կը սնուցանեմ ազգային հպարտանքի իմ զգացումը: Չտկարանալու համար` կը կատարեմ իմ ամէնօրեայ խորհրդաւոր զօրահաւաքը մեր պատմութիւնը զարդարող հոգիների, եւ կը խօսեցնեմ ու կը լսեմ նրանց:
Աստուա՛ծ իմ, որքան մեծ է արիների համաստեղութիւնը մեր պատմութեան երկնակամարի վրայ: Եւ որքա՛ն շլացուցիչ է նրանց փայլը: Պսակաւոր են, եօթնվէրք են բոլորը, փառքի սպիներ ունին բոլորը: Պարթեւ են, խայտակն, քաջագանգուր: Բիբերի մէջ շանթ ունին, ցասում, դառնութիւն:
Եւ ասում են նրանք.
— Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:
Պոռոտ Բաբելացին, Հռոմէացիները կաշառող, աղուէսաբարոյ Սասանները, Բիւզանդացիք նենգ, Արաբն ու Սկիւթացին ընչաքաղց, Ալանները, Քուշանները, Կովկասեան լեռնականները աւարառու — այդ բոլորի եւ շատ ուրիշների հետ, անհամար անգամ հարուածներ ու վէրքեր փոխանակեցինք: Եւ յաճախ յաղթեց մեր բազուկը:
Սակայն, քիչ անգամ մեր արիութիւնից լիուլի օգտուել կարողացաւ մեր ցեղը, քանզի կար ընտանի թշնամին, որի վատութեանց կը պարտի Հայոց աշխարհը իր դարերի քաղաքական խեղճութիւնը: Զինուորի եւ ռազմավարի մեր բազուկից աւելի օտարն օգտուեց, քան հարազատ երկիրը: Եւ դրա համար էլ մեր քաջութեան հռչակը տարածուեց շատ հեռուները` մինչեւ Ասորեստան, Հռոմ, Հրէաստան եւ լեռները Կովկասի: Տե՛ս, որքան շատ են մեր վէրքերը` ստացուած օտար հայրենիքների համար: Անպարտելի էր օտար բանակը, երբ նրա կողքին օտար զէնքի յաջողութեան համար կը կռուէր եւ Հայը, մանաւանդ, երբ դա կ’առաջնորդուէր հայ զօրավարի կողմից: Մասնաւորապէս Պարսիկն ու Բիւզանդացին չարաչար շահագործեցին հայ արիութիւնը: Այդ ազգերի անկայուն գահերի համար հայ արիութիւնը յաճախ հանդիսացաւ որպէս ուժեղ սիւն:
Մեզ զբաղեցնելով իրենց արտաքին թշնամիների դէմ, նրանք մեր արիութիւնը ծառայեցրին որպէս անխորտակելի պատուար իրարու դէմ: Պարսիկն իր փառքի կէսից աւելին մեզ, մեր արիութեանը կը պարտի: Խոշոր բաժին ունենք եւ յունական փառքի մէջ․․․
Այսպէս, որքան հպարտ, այնքան տխուր է շեշտը զէնքի իմ եղբայրների, զորս կ’ոգեկոչեմ եւ կը լսեմ ամէն օր:
* * *
Դատապարտելիօրէն տկար է ժողովուրդը առանց ցեղագիտակցումի:
Առանց ցեղակրօնութեան` այլ բան չէ դա, եթէ ոչ-կենդանի զգեստը ցեղի: Սակայն ժողովրդի մէջ արթնացա՞ւ ցեղը` մարդկային հոգին սրբւում է բոլոր տեսակի արատներից ու տկարութիւններից. դա դառնում է համակ սէր ու նուիրում դէպի մերձաւորը` միշտ պատրաստ մեռնելու այդ վերջինի համար: Այդ դէպքում, անհատը իր մերձաւորի մէջ տեսնում է իր անձը` այլ պատկերի եւ անուան տակ:
Արթնացա՞ւ ցեղը` ժողովուրդը կարելիութիւն է ստանում կուրծք տալու ամենամեծ վտանգներին եւ յաղթահարում ամենածանր փորձութիւնները, որովհետեւ այդ վիճակում նա իրենից ներկայացնում է մի հաւաքական հոգի` ինքն իր մէջ ազատագրուած, ամբողջացած ու յաղթական:
Երբ ցեղօրէն կ’ապրի ժողովուրդը` թշնամուց ստացած ամէն մի վէրքի ու անարգանքի մրմուռը խորապէս կը զգայ նրա իւրաքանչիւր անդամը:
Այսպէ՛ս է ստեղծւում այն հաւաքական Սիրտը, որից ծնունդ են առնում սրտով զօրաւոր Վարդանները, Գայլ Վահանները, Մուշեղները:
Իսկ յայտնուեցի՞ն նմանները` այլեւս ժողովուրդը դառնում է ցեղի բարկութեան գործիքը, այլեւս ժողովուրդ-բանակի մէջ իրար են հանդիպում եւ համբուրւում Ղեւոնդ Երէցներն ու Մամիկոնեանները — հայ լուսակիրը, սուրբն ու հերոսը — որոնց ղեկավարութեամբ` վտանգի բռնուած ժողովուրդը իր ամէն մի հակահարուածի մէջ դնում է իր ցեղի մխացող կատաղութեան ամբողջ թափը:
Եւ յաղթանակում է:
Ասածիս Հայոց Պատմութի՛ւնը վկայ:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!